Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության միջազգային օրն է
168.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը նշեց, որ սեռական խնդիրները Հայաստանում բազմազան են: «Ըստ տղամարդկանց այցելությունների թվի`տղամարդկանց մոտ առավել տարածված սեռական խնդիրներից առաջինն էրեկցիայի խանգարումներն են, որոնք ժողովուրդը հաճախ անվանում է իմպոտենցիա: Տղամարդու սեռական խնդիրներից տարածված է նաև վաղաժամ սերմնաժայթքումը, երբ սերմնաժայթքումը տեղի է ունենում ավելի վաղ, քան տղամարդը ցանկանում է, և նա չի կարողանում կառավարել այդ երևույթը»,- ասում է սեքսապաթոլոգը:
Սևադա Հակոբյանի խոսքով՝ տղամարդկանց շրջանում շատ տարածված են նաև սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդությունները, որոնք առաջ են բերում ինչպես՝ ֆունկցիոնալ սեռական, այնպես էլ՝ վերարտադրողական համակարգի խանգարումներ, այդ թվում՝ արական անպտղություն:
«Այժմ սեռավարակների և քրոնիկական բորբոքային հիվանդությունների դերն ավելի է արդիական դառնում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ միկրոբներն ու ինֆեկցիաները դառնում են դեղակայուն և շատ դժվար են ենթարկվում անտիբիոտիկների ազդեցությանը»,- ասում է Սևադա Հակոբյանը:
Սեքսապաթոլոգի փոխանցմամբ՝ կանանց շրջանում առավել տարածված սեռական խանգարումներից է սեռական ցանկության բացակայությունը, որն այլ կերպ կոչվում է ֆրիգիդություն. «Կանանց մոտ հաճախ են հանդիպում նաև օրգազմի խանգարումները, որոնք ներկայումս ավելի արդիական են դարձել` պայմանավորված այն հանգամանքով, որ կանայք ներկայումս դերակատարություն են տալիս նաև իրենց օրգազմի ֆունկցիային: Եթե տարիներ առաջ կինն այդ ասպարեզում այդքան պահանջկոտ չէր, ապա ներկայումս կնոջ կողմից կարևորվում է նաև օրգազմի առկայությունը»:
Սեքսապաթոլոգը նշում է, որ կանանց շրջանում առավել տարածված սեռական խանգարումներից մեկն էլ վագինիզմն է. «Սա առավել հաճախ պայմանավորված է հոգեբանական գործոններով, դրա ժամանակ տեղի են ունենում հեշտոցի արտաքին մեկ երրորդի ակամա կծկումներ, որոնք անհնար են դարձնում սեռական հարաբերությունը»:
Ս. Հակոբյանը նշում է, որ նշված սեռական խանգարումները գրեթե նույն տարածվածությունն ունեն նաև Եվրոպայում: Սեքսապաթոլոգը նկատել է, որ վերջին շրջանում մարդիկ առավել հաճախ են դիմում մասնագետներին` սեռական խանգարումներ ունենալու դեպքում: Ս. Հակոբյանը սա պայմանավորում է հասարակության`սեռակրթության մակարդակի բարձրացմամբ: «Եթե նախկինում մարդիկ համակերպվում էին իրենց սեռական խնդիրների հետ, ապա այժմ՝ գիտակցելով, որ կա լուծում, կա մասնագետ, հետևաբար՝ ընտանիքները կլինեն շատ ավելի ամուր»,- ասում է սեքսապաթոլոգը: