Պեկինում ավարտվեց Միջազգային աստղագիտական միության գլխավոր ասամբլեան

 

Պեկինում իր աշխատանքն ավարտեց աստղագիտական աշխարհի խոշորագույն իրադարձությունը` Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, IAU) XXVIII գլխավոր ասամբլեան (համագումարը): Նման համագումարներ անցկացվում են 3 տարին մեկ անգամ` սկսած 1922թ.: Համագումարին, որը տևեց երկու աշխատանքային շաբաթ` օգոստոսի 20-31, ներկա էին մոտ 3000 աստղագետներ և հարակից մասնագետներ, բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ շուրջ 70 երկրներից: Խիստ հագեցած էր գիտական ծրագիրը. զուգահեռաբար տեղի ունեցան 8 ՄԱՄ գիտաժողով (IAU Symposia թիվ 288-295), 18 հատուկ նստաշրջան (Special Session), 7 համատեղ քննարկում (Joint Discussion), հրավիրված և պլենար զեկուցումներ, ինչպես նաև մի շարք վարչական նիստեր, մրցանակների հանձնում, խորհրդակցություններ, քննարկումներ և այլն:

 

Կարդացեք նաև

Գիտաժողովների և այլ նստաշրջանների թեմատիկան ընդգրկում էր աստղագիտության և աստղաֆիզիկայի բոլոր ոլորտները` Արեգակից, մոլորակներից և Արեգակնային համակարգի թոքր մարմիններից մինչև աստղեր, միջաստղային միջավայր, գալակտիկաներ և տիեզերաբանություն, ինչպես նաև ապագայի խոշոր ծրագրերը, վիրտուալ աստղագիտությունը, աստղագիտության զարգացման համաշխարհային ռազմավարությունը, աստղագիտության պատմությունը, աստղագիտական վայրերի պահպանումը և լուսային աղտոտվածությունը, աստղագիտական կրթությունը, սիրողական աստղագիտությունը և հասարակության հետ կապերը: Հատուկ հանդիպումներ ունեցան նաև կին և երիտասարդ աստղագետները` քննարկելու իրենց առանձնահատուկ խնդիրները:

 

Համագումարին մասնակցեցին 6 հայազգի աստղագետներ Հայաստանից (Ռ.Ռ. Անդրեասյան և Ա.Մ. Միքայելյան), ԱՄՆ-ից, Գերմանիայից և Մեքսիկայից, ովքեր մի շարք զեկուցումներ և ցուցապաստառներ ներկայացրեցին տարբեր գիտաժողովներում և նստաշրջաններում` նվիրված իրենց գիտական հետազոտություններին, ինչպես նաև Հայաստանի աստղագիտությանն ընդհանրապես:

 

Համագումարն ընտրեց ՄԱՄ ղեկավար մարմիններ` պրեզիդենտ, գլխավոր քարտուղար, փոխպրեզիդենտներ, ՄԱՄ առաջադրող, անդամության, որոշումների և ֆինանսական հանձնաժողովներ: ՄԱՄ գիտական բաժանմունքները վերակազմակերպվեցին 9-ի և ընտրվեցին դրանց նախագահներ և փոխնախագահներ: Հաստատվեց առաջիկա երեք տարիների (2013-2015) ՄԱՄ բյուջեն` ընդհանուր առմամբ 2 միլիոն 915 հազար եվրո, ինչպես նաև ՄԱՄ անդամավճարները: Ընտրվեցին նաև ՄԱՄ նոր անդամներ, այդ թվում երկուսը` Հայաստանից:

 

Համագումարը կայացրեց մի շարք որոշումներ, այդ թվում օպտիկական և ենթակարմիր լուսաչափական շերտերի, աստղագիտական միավորի ճշտման և երկրամերձ վտանգավոր մարմինների մոտեցման վաղ նախազգուշացման միջազգային համակարգի ստեղծման վերաբերյալ: Մասնավորապես, աստղագիտական միավորը, այսինքն Երկիր-Արեգակ հեռավորությունը վերահաշվված է և հավասար է 149 597 870 700 կմ-ի:

 

Մասնակիցներն այցելեցին Քսինգլոնգի աստղադիտարան, որտեղ վերջերս տեղադրվել է Շմիդտի համակարգի աշխարհի ամենամեծ` 4մ հայելու տրամագծով, դիտակը և ծանոթացան Չինաստանի աստղագիտության մյուս հնարավորությունների և նվաճումների հետ, որի վերջին տարիների թռիչքաձև հաջողությունները պայմանավորված են պետության կողմից խոշոր ներդրումներով և մեծ հոգատարությամբ, ինչի մասին համագումարի բացմանը մանրամասն պատմեց երկրի փոխնախագահը:

 

Համագումարի օրերին լույս էր տեսնում «Երկնքի հարցադրումները» անվանումը կրող թերթը, որի համարներում նյութեր էին տպագրվում համագումարի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների, գիտական ծրագրի, աստղագիտական խոշոր նախագծերի, Չինաստանի և այլ երկրների աստղագիտության վերաբերյալ, ինչպես նաև հարցազրույցներ ՄԱՄ ղեկավարության և այլ հայտնի աստղագետների հետ: Համարներից մեկում լույս տեսավ նաև Արեգ Միքայելյանի հոդվածը` նվիրված հայ աստղագիտությանը:

 

ՄԱՄ հաջորդ երկու համագումարները տեղի կունենան 2015թ. Հոնոլուլուում (Հավայան կղզիներ, ԱՄՆ) և 2018թ. Վիեննայում (Ավստրիա):

 

Արեգ Միքայելյան

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ

Չինաստանից՝ հատուկ 168.am-ի համար

Տեսանյութեր

Լրահոս