Ներկրվում է կաթի փոշի, սակայն տուփի վրա գրվում է՝ անարատ կաթ
«Հայաստանում շարունակում են ներկրել չոր կամ, այսպես կոչված՝ փոշի կաթ, սակայն այդ մասին չեն նշում: Տուփերի վրա գրված է՝ անարատ կաթ: Այսինքն, եթե համարենք, որ այսօր մեր երեք միլիոն բնակչությունը լիարժեք ապահովված է կաթնամթերքով, և ամեն մարդուն հասնում է 200-250 գրամ կաթ, ուրեմն մենք ինչքա՞ն կովեր պետք է ունենանք: Չեմ կարծում, որ մեր հանրապետությունում կաթնատու կովերի քանակն այդքան մեծ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:
«Արտադրողը պարտավոր է այդ մասին գրել, ինչպես նաև նշել, թե որտեղի՞ չոր կաթն է: Հայաստան հիմնականում էժան չոր կաթ ներկրում են Ուկրաինայից, իսկ այս երկրից ոչ մի պետություն սննդամթերքի հումք չի տանում: Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո ընդերքը վնասված է»,- հավելեց Ռուբեն Հայթյանը:
Իսկ Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց. «Կաթի փոշին վատ բան չէ, նորմալ կաթն է՝ մի քանի վիտամինների կամ միկրոէլեմենտների կորստով: Ընդհակառակը, ինչ-որ տեղ զոնոս հիվանդություններից զերծ է պահում, օրինակ՝ բրյուցելյոզ և այլն: Ո՞վ է ասում, որ չոր կաթը վատ է, բայց եթե օգտագործում ես, ուրեմն՝ գրի՛ր այդ մասին, ինչպես նաև նշիր, թե որտեղի՞ց ես ներկրել»:
Նրանց խոսքով՝ այլ երկրներում, օրինակ, շատ պարզ գրված է, նույնը՝ նաև մսի դեպքում:
«Լիտվայում էի, գրված էր, թե տավարի միսը որ հատվածինն է, հետո նշված էր քաշը, ինչպես նաև այն, թե ո՞ր տարածաշրջանից է բերված, ո՞ր արոտավայրում է նա սնվել, ու շատ ուրիշ բաներ»,- մանրամասնեց Մելիտա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ կարևոր են նաև օգտագործված հավելումները:
«Կարող է՝ այնքան նատրիումի նիտրիտ են օգտագործում, միսը կարմրում է, սպառողն էլ տեսնում՝ ասում է, թե վա՜յ, այս ի՞նչ լավ, թարմ միս է: Մենք տարեկան 5-6 կիլոգրամ ներկ ենք ուտում: Մեր լյարդը չի դիմանում: Լեղաքարային, երիկամաքարային հիվանդությունը շատ է տարածված»,- նկատեց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը:
Անի Կարապետյան