Տվե՛ք դատախազություն, Քննչական կոմիտե․ Վստա՛հ եղեք, որ կգտնեն այդ բազմամիլիոնանոց չարաշահումները․ Տնտեսագետ
Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության գագաթնաժողովի (COP17) հայաստանյան կուլիսներում աղմկահարույց հայտարարություններ են արվում միջոցառման կազմակերպման գնման գործընթացի առնչությամբ։
«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները հանրայնացնում են կոնկրետ փաստաթղթային օրինակներ՝ մատնանշելով պետական բյուջեի աննախադեպ ուռճացված ծախսեր ու կոռուպցիոն ռիսկեր․ պայմանագրեր, որտեղ միայն բեյջի մեկ թելը գնվել է 1248 դրամով, տրանսպորտային միջոցների վարձակալության գները եռակի գերազանցում են շուկայականին, իսկ հատուկ փաթեթավորման ընդամենը մեկ միավորի արժեքը սահմանվել է 25,000 դրամ, և այլն։
Ընդդիմությունը շեշտում է, որ դեմ չէ միջազգային այս կարևոր միջոցառման անցկացմանը, սակայն դատապարտում է դրա շղարշի տակ միլիոնավոր դոլարների միանձնյա պայմանագրերի կնքումն ու միջոցների վատնումը։ Իսկ պատասխանատու գերատեսչությունները հակադարձում են, որ 18.5 միլիարդ դրամի ընդհանուր բյուջեից կատարվող բոլոր գնումներն արվում են բացառապես ՄԱԿ-ի պարտադրած խիստ չափորոշիչներով։
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի գնահատմամբ՝ գնումների ամբողջ գործընթացը, առհասարակ, շուրջ 30 տարի թաթախված է հնարավոր սուբյեկտիվ վարքագծով և միջամտության հնարավորություններով։
168․am-ի հետ զրույցում նա մանրամասնեց․ «Դրա համար, առնվազն, որպես առաջին քայլ՝ 1 անձից կատարվող գնումների շեմը պետք է սահմանել, որովհետև մենք խնդիր ենք ստանում նաև կապալառուների և ենթակապալային չարաշահումների հետ կապված։ 2-րդ պայմանն այն է, որ ապահովագրական վճարը, դեպոզիտային վճարը պետք է իջեցվի, որովհետև դեպոզիտային վճարը բավականին բարձր է, և շատ տնտեսվարողներ, որոնք մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչ են, չեն կարողանում տենդերներին մասնակցել։ Մեծ փողով մասնակցում են նույն մարդիկ, մեծ փողով մասնակցող՝ նույն մարդիկ, տանում են իրենց հետ տենդերների իրավունքը, բնականաբար, նրանց հետ կապված այդ սուբյեկտիվ վարքագիծը շատ ավելի շահեկան է»։
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ փաստերը հանրայնացնելու նախաձեռնությանը՝ տնտեսագետը նկատեց, որ այդ թեմայով հակադրվելու փորձ անողները կարող են հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնել։
«Ի՞նչ խնդիր․ տվե՛ք դատախազություն, տվե՛ք Քննչական կոմիտե․ վստահ եղեք, որ կգտնեն այդ բազմամիլիոնանոց չարաշահումները, պարզապես, գողությունը»։
Սա մասնագիտական շրջանակները զուգահեռում են պետության վերցրած վարկային պարտավորություններիր թեմայի հետ՝ նկատելով, որ վերցված վարկերն ու պետական միջոցները ոչ թե ծառայում են տնտեսության երկարաժամկետ զարգացմանը, այլ մսխվում են ուռճացված գնումների (ինչպես, օրինակ, COP17-ի 290 մլն դրամանոց հուշանվերների կամ բրենդային նվերների) վրա։
«Օրինակ, 2026 թ․-ին Հայաստանը 2 միլիարդ դոլարի չափով միայն վարկի սպասարկում պետք է վճարի․ այդ 2 միլիարդը, չեք պատկերացնում՝ ինչ կարգի գումար է, որ այդ գումարը, պարզապես, տնտեսական գործունեությունից դուրս է գալիս, դրա հետ դուրս են գալիս նաև պետության հնարավորությունները՝ սոցիալական կարիքների բավարարման հետ կապված, սոցիալական պահանջմունքների հետ կապված,- թեմային անդրադառնալով՝ նշեց Հրայր Կամենդատյանը և հավելեց, որ այդ վարկերը վերցնելու հետևանքներից են թաղման նպաստների կրճատումը, սոցփաթեթների՝ 2027 թվականի վերացումը,- Այս ամեն ինչն ինչի՞ց է․ վատ կյանքից է, այդ ահռելի գումարից, որը կախված է Հայաստանի Հանրապետության վզին»։
Ըստ նրա՝ ահռելի պարտքային բեռն ունի սպասարկման երկու ճանապարհ՝ կամ որոշակի ժամանակով հետաձգել սպասարկման վճարների իրականացումը, կամ սոցիալական ու անվտանգային հնարավորությունների վրա գումարը ծախսելու փոխարեն՝ գումարն ուղղել պարտքի սպասարկմանը, «ուղարկել արտասահմանյան զանազան կապիտալիստական կորպորացիաներին, որոնք Հայաստանը և՛ կառավարում, և՛ քաղաքական իմաստով՝ Հայաստանում ստեղծում են իրենց համար հարմարավետ, իրենց համար աշխատող կառավարություն, իշխանություն»։

