Ի՞նչ խաղաղություն… Որ չեն կրակում, ուրեմն խաղաղությո՞ւն է… Հենց պետք եղավ, կկրակե՛ն. Սա շարունակական կապիտուլյացիա է. Տիգրան Թորոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Պետությունը պետք է տարանջատել իշխանությունից: Պետությունը բարձրագույն իրավակազմակերպման ձև է: Երեկ իշխող ուժի պատգամավորներից մեկը՝ Սասուն Միքայելյանը, ասաց՝ մենք սահմաններ չունենք, և դրա հետ կարելի է համաձայնել, որովհետև երբ թշնամիդ մտել է քո տարածք ու պաշտոնապես օկուպացրել է 240կմ/ք–ից ավելի տարածք, ուրեմն դու իշխանություն չունե՛ս:
- Իրականում մենք գործ ունենք շարունակական կապիտուլյացիայի հետ: 8 տարի է՝ այս ամենը տեղի է ունենում, և հարց է ծագում՝ ինչպե՞ս է, որ այս իշխանությունը դեռ կառավարում է: Թե 2021թ., թե 2026թ. ԱԺ ընտրությունների արդյունքներով՝ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը չի ընդունում սրանց: Հետևաբար, ի՞նչ են անում խորհրդարանական ընդդիմությունը և այլ քաղաքական ուժերը, որպեսզի այս իրավիճակը փոխվի:
- Եթե մեկն ինչ ուզում է՝ տալիս են, որևէ դիմադրություն չկա, ապա ինչո՞ւ պիտի Ադրբեջանը հիմա կրակի, նա կարիքը չունի այս պահին, ինչ ուզում է՝ տալիս են: Չի եղել մի բան, որ այնտեղից ուզեն, ու այս իշխանությունը չտա: Արդեն վաղուց Ադրբեջանից հայտարարում են մեքենաներով Հայաստան գալու մասին, ոչ թե տանկերով:
- Այսօր ամեն օր Երևանում, այլ քաղաքներում, բանակում մարդ են սպանում… Սա անիշխանություն է՝ կապիտուլյացիայի պայմաններով:
- Նրանք, ովքեր խոսում են սահմանները վերանայելու մասին, պիտի ասեն՝ ինչի՞ հիման վրա պետք է դրանք վերանայվեն: Սահմանները հենց այնպես չեն վերանայվում, դրանց ճշտումը չափազանց լուրջ խնդիր է, որը պետք է կարգավորվի այն հիմնական նորմերով, որոնք միջազգային իրավունքում գոյություն ունեն: Այո, միջազգային իրավունքը լավ վիճակում չէ հիմա, բայց այն չի չեղարկվել ու չի չեղարկվելու նոր աշխարհակարգի ժամանակ: Հակառակ դեպքում աշխարհը քաոսի կվերածվի… Երբ ազդեցության գոտիները վերջնականապես բաժանվեն, ամեն ինչ կվերադառնա իր հիմքին՝ միջազգային իրավունքին, այլապես կլինի քաոս, որը վտանգավոր է և՛ մեծ, և՛ փոքր պետությունների համար:

- Տավուշում սայլը դրեցին եզներից առաջ՝ նախ սահմանները փոխեցին, տարածքներ տվեցին Ադրբեջանին, հետո սկսեցին փաստաթուղթ մշակել: Չի կարելի փաստաթուղթը մշակել գործողությունից հետո:
- Հայաստանը հպարտորեն հայտարարում է, որ ինքն Ադրբեջանի հետ առանց միջնորդների կկարգավորի իր հարաբերությունները: Բայց ի՞նչ է կարգավորել. Դա կարգավորում չէ, այլ իրական կապիտուլյացիա:
- Եթե խոսում են ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու մասին, պետք է հարց տանք՝ ինչո՞վ ենք այն փոխարինելու: Հայտարարությունները, որ այդ ռազմաբազան մեզ համար նշանակություն չունի, դատարկ խոսքեր են: Եթե պետք չէ, որոշեք ու հանեք… Տեսնենք՝ ինչ կլինի դրանից հետո. կխախտվի մի համակարգ, իսկ նոր համակարգի հիմքերն անգամ չկան, ու կլինի քաոս: Նույն վիճակն է Եվրամիությանն անդամակցելու հարցում, որի մասին մարդկանց մոտ կեղծ սպասումներ են առաջացնում և քննարկումներ ծավալում: Մարդիկ չեն հասկանում, որ 40-50 տարի է պետք, որ դու դառնաս ԵՄ լիարժեք անդամ:
- Պետք է հասկանալ աշխարհաքաղաքական իրավիճակը: Համաշխարհային աշխարհակարգը հիմա այնպիսին է, որ ցանկացած երկրի կարող են զոհաբերել, ու մեղքը զոհաբերողինը չէ, այլ զոհաբերվողինը, որը չի հաշվարկում իր քայլերը: Անգամ Արցախի վերջին պատերազմից առաջ բանակցելու և իրավիճակը փոխելու հնարավորություն կար, որը չարեցին այս իշխանությունները: Ինչո՞ւ էր պետք գնալ Պրահա ու հայտարարել, որ Արցախն Ադրբեջան է: Խոսքս Մակրոն–Փաշինյան–Ալիև–Շառլ Միշել քառակողմ համաձայնության մասին է, որի շուրջ թուղթ ստորագրեցին: Արցախը մի երկիր է, որի ինքնորոշման իրավունքը ճանաչել են Ֆրանսիան, ԱՄՆ–ը, Ռուսաստանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները: Ֆրանսիան այս հարցում էլ խնդիր ունի:
- Փոքր պետությունները պետք է օգտագործեն իրենց բոլոր գործիքները, հակառակ դեպքում դառնում են խաղալիք:
- Ինքնորոշվողն Արցախն էր՝ ո՛չ Հայաստանն էր ինքնորոշվում, ո՛չ Ադրբեջանը, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարեցին՝ առանց ինքնորոշվողի կարծիքը հաշվի առնելու:
- Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ–ը, իհարկե, անելիք ունեին Արցախի հարցում. նրանք ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ էին, այլև ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներ: Այդ շրջանում Ֆրանսիայի նախագահությամբ էր Անվտանգության խորհուրդը գործում: Հայաստանը պետք է բանաձև բերեր ու այն համաձայնեցներ Ֆրանսիայի հետ: Ելույթներ հնչեցին, զգալի մասը դատապարտում էր Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումը, բայց երբ դու բանաձև չունես, այդ քննարկումներն ընդամենն օդ են: Եթե չկա բանաձև, ամեն ինչ մնում է ելույթների մակարդակում: Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներն այդ օրը կարողացան այնպես անել, որ այդ քննարկումները հանգեցնեն ոչնչի: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ–ը, ո՛չ մյուս երկրները մեզ թշնամի չեն, բայց երբ դու տեր չես կանգնում քո հարցերին, ուրիշներն ինչի՞ պետք է տեր կանգնեն: Քեզ կօգտագործեն իրենց հարցերը լուծելու համար: Քեզ կօգտագործեն անգամ Մակրոնի ու Շառլ Միշելի նման ծաղրածուները, ում անգամ Եվրամիությունում բանի տեղ չէին դնում:
- Ի՞նչ խաղաղություն… Որ չեն կրակում, ուրեմն խաղաղությո՞ւն է… Հենց պետք եղավ, կկրակեն: Մեր հարցերը մենք մեր ներսում պիտի լուծենք: Ես չեմ ասում՝ մինչև 2018 թվականը խնդիրներ չեն եղել, բայց չմոռանանք, որ Արցախի հարցում նախկին իշխանությունները հասել էին մի իրավիճակի, երբ Արցախի ինքնորոշման իրավունքը գերակա էր, ու խնդիրը պետք է լուծվեր այդ սկզբունքի հիման վրա:

- Խնդիրն այն չէ, որ ռուսներն անփոխարինելի են: Բայց այլ բան է վերացական տարբերակը, մեկ այլ բան՝ արդեն մշակած ու այդ ուղղությամբ քայլեր արված տարբերակը: Եթե դու ուզում ես գնալ ԵՄ, ունե՞ս խորը և համապարփակ վերլուծություն՝ ի՞նչ է քեզ տալիս ԵԱՏՄ-ն, և ի՞նչ է տալու ԵՄ–ն: Թուրքիան նախորդ դարի 60-ականներից ուզում է դառնալ ԵՄ անդամ ու չի կարողանում: Որևէ մեկը հարցրե՞լ է՝ ինչո՞ւ:
- Մի՞թե տգիտություն չէ հայտարարել՝ մենք դեռ չենք որոշել՝ պատրա՞ստ ենք գնալ ԵՄ, թե՞ չէ: բայց դիմացիններն էլ հո հիմա՞ր չեն: Դիմացինին չի կարելի թերագնահատել և ապուշի տեղ դնել: Այդպես բոլորին խաբելով՝ մեկ էլ տեսնում ես, որ բոլորը դարձել են եթե՝ ոչ քո թշնամին, ապա գոնե՝ ոչ քո բարեկամը: Միջազգային հարաբերություններում խաբեությունը, սուտը դաժան է պատժվում:
- Դժբախտաբար, խորհրդարանական ընդդիմությունն իր անելիքը լավ չի պատկերացնում, իրենք չեն տեսնում, որ ակամայից իշխանությունների կողմից գծված ընթացքի մաս են կազմում… Արցախ վերադարձի իրավունքի հարցը երբեք չես կարող լուծել նստել–սպասելով: Եթե աշխատանք չտարար, 7-8 տարի հետո այլևս չես կարող ոչինչ անել: Վերադառնալու համար 3 կարևոր հարց կա՝ անվտանգություն այնտեղ, ուր պիտի վերադառնաս, ապահովես այն հարցի լուծումը, որից ծագել է խնդիրը, հիմք նախապատրաստված լինի այդ հարցերը լուծելու համար: Չի կարելի նստել ու սպասել, մինչև հարմար պահ ստեղծվի:
- Ալիևն այս աշխարհի ու երկրագնդի տերը չի: Եթե էդքան ուժեղ էր, թող այն ժամանակ Արցախի հարցը լուծեր: Ինքն ուղղակի օգտագործեց Հայաստանի այս իշխանությունների կողմից բանակցությունները դադարեցնելը, թուլությունը: Մինչ 2018-ը նույն այդ Ալիևը բողոքում էր, որ փակ դռների հետևում միջազգային կազմակերպություններն ու կառույցներն իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
- Ընդդիմությունը նախ պետք է հասկանա՝ իր առաքելությունը ո՞րն է: Ընդդիմադիր ցանկացած ուժ պիտի կայանա որպես կուսակցություն: Պետք է ընկալել, որ Խորհրդարանը երկրի գլխավոր քաղաքական մարմինն է, հետևաբար՝ անընդհատ տնտեսական հարցերից խոսելը տեղին չէ: Խորհրդարանում այսօր տեղի ունեցողն իշխանության շոուն է, և ընդդիմությունն ակամա այդ շոուի մաս է դառնում: Քաղաքական ուժը պետք է կարողանա խնդիրներ ձևակերպել ու լուծումներ առաջարկել: 2021թ. ընտրություններին իշխանությունը չի հաղթել, պարտվել է ընդդիմությունը: Նույնը տեղի է ունեցել 2026թ.:
- Աշխարհաքաղաքական մրցակցությունը հասել է իր գագաթնակետին, երբ այլևս աջուձախ չեն նայում, կարող են զոհաբերել ցանկացած բան: Դու պետք է մտածես քո մասին, որ քեզ էլ չզոհաբերեն: Մենք 100 տարի հետո թույլ տվեցինք, որ մեր նկատմամբ էլի ցեղասպանություն իրականացնեն… Մենք թույլ ենք տվել, չենք հասկացել մեր սխալի պատճառները:
- Ես հետևել եմ Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրական արդյունքների բողոքարկման գործընթացին: Սահմանադրական կարգի տապալում է, երբ թույլ չեն տալիս կոնկրետ քաղաքական ուժին խմբակցություն ձևավորել ու իրավիճակ փոխել: Ընդդիմադիր ուժերը չէի՞ն կարող մեկ թիրախով ներկայանալ Սահմանադրական դատարանի այդ լսումներին: Արդյունավետ չէր նրանց գործունեությունը:

- Արմեն Աշոտյանը շատ ճիշտ առաջարկ է արել խորհրդարանական ընդդիմությանը՝ Տիգրանաշենի հարցով քաղաքական և մասնագիտական լսումներ, քննարկումներ կազմակերպելու մասին:
Հիշեցնենք. օրեր առաջ ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքի մեջ գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հանդես էր եկել առաջարկով՝ ուղղված խորհրդարանական ընդդիմությանը: «Եթե խորհրդարանական ընդդիմությունն ուզում է, և կարծում եմ՝ պետք է ուզենա, եթե չի ստացվում միասնական շտաբ ունենալ, առաջարկում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը հրավիրի փակ քննարկում իր համար նախընտրելի քաղաքական-հասարակական, հանրային ուժերի հետ՝ «Ի՞նչ անել Տիգրանաշենի հետ կապված» հարցով: Շատ լավ օրակարգ է»,- ասել էր Աշոտյանը:
- Ընդդիմադիր առաջատար ուժը պետք է կոնսոլիդացնի մասնագիտական, գիտական միջավայրը, որովհետև սա շատ ավելի մեծ արդյունք կարող է տալ, քան առանձին–առանձին գործելը: Մեծ աշխատանք պիտի տարվի նաև հասարակության հետ:
- Ոչ մեկն իր արած հանցանքից չի կարող մաքրվել, որովհետև կան փաստեր:
- Չկա որևէ երկիր, որ Եվրոպայի խորհրդում իր հարցերը չլուծած՝ դառնա Եվրամիության անդամ: Առանց աշխատելու նոր արդյունքներ չեն գրանցում: Եթե չի արվել այն, ինչ նախատեսված է առկա փաստաթղթերով, մնացածը դատարկախոսություն է:
- Իրականում Ադրբեջանն արտադաշինքային պետություն չէ: Նա դաշինքից էլ վեր հարաբերություններ ունի Թուրքիայի և Իսրայելի հետ: Անգամ թուրքերն են ժամանակ առ ժամանակ հայտարարում, որ Իսրայելի աջակցությունը 44-օրյա պատերազմի ժամանակ ավելին է եղել, քան թուրքերինը: Այլ հարց է, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, կայուն դաշնակցություն ոչ մեկի հետ չի ձևավորում:

- Իրանն այն պետությունն է, որը միշտ կարողացել է տեր կանգնել իր շահերին, և երբ լինի իրավիճակ, երբ Իրանի շահերը հակասեն Հայաստանի շահերին, Իրանը, բնականաբար, պաշտպանելու է իր շահը: Անմտություն է մտածել, որ Իրանը կպաշտպանի մեզ, եթե մենք ինքներս չպաշտպանենք մեզ: Հայաստանն, իհարկե, պետք է Իրանին, բայց պետք է ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրավիճակը, Իրանի հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ: Իրանը հանգիստ, հանդարտ աշխատելու երկարատև, դարավոր փորձ ունի: Դա մեզ զգուշավոր պետք է դարձնի նույն TRIPP-ի հետ կապված: Եթե այդ նախագիծն աշխատի այնպես, ինչպես փաստաթղթերում է գրված, մենք Հայաստանի տարածքում կունենանք ամերիկյան բազա, որի անունը միգուցե բազա չի լինի, բայց որի առկայությունն Իրանը թույլ տալ չի կարող:
- Չպետք է պատեպատ խփվել, որ ամեն պատից հարված չստանաս: Պետք է ճիշտ կողմնորոշվել, ավելորդ քայլեր չանել՝ ոտնատակ չընկնելու համար, ու բարելավել դիրքդ:
Մանրամասները՝ տեսանյութում:

