Իշխանության օլիգարխը կմենաշնորհի շուկան

Վարչապետի աթոռին նստելուց հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, թե Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան։ Սակայն այդ հայտարարությունից ուղիղ 8 տարի անց ստիպված էր խոստովանել, որ մենաշնորհները բոլորովին էլ չեն վերացել։ Վերջերս արդարանում էր, որ 8 տարի պահանջվեց, որպեսզի կարողանանք քանդել բենզինի շուկայի մենաշնորհը։ Նրան այդպիսի «հանճարեղ» եզրակացության էր բերել այն, որ Հայաստանում բենզինի գները նվազել էին։

Բենզինի գների նվազումը թե ինչքանո՞վ կապ ուներ այդ շուկայում մենաշնորհները քանդելու հետ, մասնագետները լավ կիմանան։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանին առիթ էր պետք՝ հերթական «աննախադեպ ձեռքբերումներով» խաբել ժողովրդին և իրեն վերագրել բենզինի գների նվազումը։

Թե ի՞նչ տեղի ունեցավ կարճ ժամանակ հետո, բոլորն էլ տեսնում են։ Արդեն բավական ժամանակ է, բենզինը կրկին համատարած թանկացել է։ Գները նույնիսկ ավելի բարձր են, քան մինչև վերջին էժանացումն էր։

«Մենաշնորհները քանդելն» էլ ոչնչով չօգնեց, որովհետև բենզինի գների վերջին էժանացումն իրականում կապ չուներ մենաշնորհները քանդելու հետ։

Կարդացեք նաև

Մենաշնորհները քանդելու փոխարեն, այսօր իշխանություններն ու նրանց փոխկապակցված օլիգարխներն իրենք են զբաղված նոր մենաշնորհներ ձևավորելով ու շուկաներն իրենց ձեռքում կենտրոնացնելով։

Օրերս էկոնոմիկայի նախարարը մի ոգևորիչ գրառում էր կատարել այն մասին, թե ինչպիսի խոշոր ներդրումային ծրագիր է իրականացվում թռչնամթերքի արտադրության ոլորտում։ Առաջին հայացքից ողջունելի թվացող այդ ծրագիրն իրականում խիստ մտահոգիչ է. Այն բերելու է թռչնամթերքի շուկայի բացարձակ մենաշնորհացմանը։ Այն էլ իմանաք՝ ո՞ւմ ձեռքում։

Բայց մինչ այդ՝ նախ մեջբերենք գրառումը։

«Այցելեցի «Շիրակ» թռչնաբուծարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ընկերության կողմից նախատեսվող ներդրումները հասնում են 250 մլն դոլարի, որից ավելի քան 60 մլն դոլարն արդեն իսկ կատարվել է։ Ծրագիրն իրականացվելու է 420 հա մակերեսի վրա՝ Շիրակի և Կոտայքի մարզերում։ Նախատեսվում է 2500 աշխատատեղի ստեղծում, որից 750-ը՝ Շիրակում։ 300 աշխատատեղ արդեն իսկ ստեղծվել է Շիրակում, 350-ը՝ Կոտայքում։

Ծրագրի իրագործման արդյունքում նախատեսվում է ավելացնել արտադրական ծավալները՝ ապահովելով օրական շուրջ 100 տոննա թռչնամսի և 15-20 տոննա խոզի մսի արտադրություն։ Արտադրված թռչնամիսը բավարարելու է Հայաստանի կարիքները, արտադրանքի մի մասն էլ կարտահանվի։ Ընկերությունում արդեն իսկ օրական արտադրվում է 400 հազար ձու։

Ընկերության սեփականատեր Նարեկ Նալբանդյանի ուղեկցությամբ շրջեցի թռչնաֆաբրիկայում, ծանոթացա պայմաններին, ներդրված սարքավորումներին և արտադրական գործընթացին։ Շրջայցի ընթացքում ներկայացվել են թռչնաբուծարանի զարգացման ծրագրերն ու առաջիկա անելիքները»,- գրել էր էկոնոմիկայի նախարարը։

Խոսքը նույն Նարեկ Նալբանդյանի մասին է, ով՝ վայլելով իշխանության հովանավորությունը, վերջին տարիներին հասցրել է բարեհաջող տեղավորվել բազմաթիվ բիզնեսներում և թանկարժեք օբյեկտների ու գույքերի տեր է դարձել։ Սա այն նույն Նարեկ Նալբանդյանն է, որի որոշ բիզնեսի հետ, մամուլում պարբերաբար շրջանառվող տեղեկություններով, կապվում է Նիկոլ Փաշինյանի նախկին-ներկա կնոջ անունը։

Նարեկ Նալբանդյանին են պատկանում բազմաթիվ բիզնեսներ, այդ թվում՝ «Շիրակի» թռչնաֆաբրիկան։ Այս ընկերությանը մեկ անգամ չէ, որ մեղադրել են շուկայում անբարեխիճ մրցակցության ու չհիմնավորված գնային քաղաքականություն իրականացնելու մեջ։ Ժամանակին շրջանառվում էին տեղեկություններ, որ Նարեկ Նալբանդյանին պատկանող «Շիրակի» թռչնաֆաբրիկայի կողմից ձվի չհիմնավորված ցածր գին սահմանելու հետևանքով այլ ընկերություններ են սնանկանում ու փակվում։

Իհարկե, դեմպինգային քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ տեղեկությունները մրցակցության հանձնաժողովն անհիմն համարեց։

«Ինչ վերաբերում է հավի ձվի շուկայում արձանագրված գնի իջեցմանը, որը կապվում է «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ, հայտնում եմ, որ շուկայում ունեցած նրա մասնաբաժինը չի հասնում 10 տոկոսի։ Հետևաբար, ընկերությունը, շուկայում չունենալով գերիշխող դիրք, չէր կարող մրցակցության օրենսդրություն խախտել և դեմպինգ իրականացնել»,- ձվի շուկայում տեղի ունեցող իրավիճակը գնահատել էր հանձնաժողովի նախագահը, հերքելով «Շիրակ» թռչնաֆաբրիկայի վերաբերյալ հնչող մեղադրանքները։ Ոչինչ, որ ձվի գնի այդ չհիմնավորված իջեցումը պատճառ դարձավ, որպեսզի որոշ արտադրողներ սնանկանան։

Ընդամենը 3-4 տարի առաջ ձվի շուկայում հազիվ 10 տոկոս մասնակցություն ունեցող ընկերությունը, էկոնոմիկայի նախարարի հայտարարած ծրագրի իրականացումից հետո, ըստ էության, կմենաշնորհի թռչնամթերքի արտադրության ոլորտը՝ դուրս մղելով մյուսներին։

Թե ո՞ւմ միջոցով ու ի՞նչ ֆինանսներով է իշխանական օլիգարխի համարում ստացած «Շիրակի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Նարեկ Նալբանդյանն իրականացնում իր 250 մլն դոլարանոց ծրագիրը, հայտնի չէ։ Ամեն մի գործարարի չէ, որ կարող է բախտ վիճակվել այդպիսի մեծ գումար ներգրավել, թեկուզ և այն լինի վարկային միջոցների տեսքով։ Չնայած այդքան խոսվում է հայաստանյան բանկերի բարձր լիկվիդայնության մասին, այնուհանդերձ, բանկերը միշտ չէ, որ պատրաստ են այդպիսի մեծ գումարների վարկային միջոցներ տրամադրել։

Ժամանակին «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի իրականացման նպատակով, հայաստանյան բանկերից 150 մլն դոլարի վարկային միջոցներ ստանալու համար՝ պահանջվեց կառավարության բյուջետային երաշխիքի տրամադրում։ Իշխանափոխությունից կարճ ժամանակ անց բիզնեսում անուն հանած նորահայտ գործարարի 250 մլն դոլարանոց ծրագիրն ո՞վ է պատրաստվում ֆինանսավորել։ Թե՞ այստեղ էլ իշխանությունների մատը խառն է։

Այս հարցերի պատասխանը թողնենք առկախված ու բավարարվենք՝ մեջբերելով էկոնոմիկայի նախարարի գրառման տակ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի թողած ստատուսից մի հատված։

«Հերթական լուսանկարչական «շոուն» և թվերի կախարդանքը, որոնց հետևում թաքնված է իշխանության և նորահայտ օլիգարխիայի սերտաճումը։ Պետական շահի տեսանկյունից սա ոչ թե տնտեսական հաջողություն է, այլ մոնոպոլացման և ռիսկերի կենտրոնացման դասական օրինակ։

Մոնոպոլացում՝ «ներդրման» քողի տակ. 250 մլն դոլարի ներդրումը մեկ անձի ձեռքում նշանակում է, որ վաղը մեկ ընկերություն է թելադրելու թռչնամսի և ձվի շուկայի գները։ Սա ոչ թե ազատ շուկա է, այլ սննդային անվտանգության կախվածություն մեկ օլիգարխիկ միավորից։ Իսկական պետական շահը պահանջում է հազարավոր փոքր և միջին ֆերմերների զարգացում, այլ ոչ թե մեկ «արտոնյալի համար ջերմոցային պայմանների ստեղծում»,- գրել էր էկոնոմիկայի նախարարին արձագանքած օգտատերը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930