ԱՄՆ-ը քննարկում է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ ամբողջ Դոնբասը Ռուսաստանին հանձնելու դիմաց
ԱՄՆ-ը քննարկում է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ Դոնբասը, ներառյալ այն տարածքները, որոնք Կիևը դեռ վերահսկում է, Ռուսաստանին հանձնելու դիմաց, գրում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ նման առաջարկ են ներկայացրել ԱՄՆ ներկայացուցիչները եվրոպացի պաշտոնյաների հետ բանակցությունների ընթացքում։
Ինչպես գրում է WSJ-ը, ԱՄՆ-ն առաջարկել է երկու հնարավոր սցենար։ Առաջինը ենթադրում է, որ Ուկրաինան կհրաժարվի նաև Դոնբասի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածից՝ ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցության դիմաց։ Երկրորդը նախատեսում է հակամարտության սառեցում ռազմաճակատի ներկայիս գծով, որի դեպքում Դոնբասի մի մասը կմնա Կիևի վերահսկողության տակ, հաղորդում է DW-ն։ Այս դեպքում Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն ԱՄՆ-ի և, հնարավոր է, եվրոպացի դաշնակիցների հետ պայմանագրի հիման վրա։
Ամերիկացի ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ բազմաթիվ գաղափարներ են քննարկվում, իսկ վերջնական համաձայնագիր կնքելու համար կպահանջվի թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի համաձայնությունը։
Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ հարցը բարձրացվել է բանակցությունների ընթացքում։ Ըստ նրա՝ ամերիկյան կողմը հարցրել է․ «Իսկ եթե Ուկրաինան անդամակցի՞ ՆԱՏՕ-ին։ Արդյո՞ք Ուկրաինան կհրաժարվի Դոնբասից»։ Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր չէ հանձնել իր տարածքները, իսկ ցանկացած համաձայնագիր պետք է արժանանա ուկրաինացի ժողովրդի հավանությանը։

