Ռուսական շուկան փակ է, նոր պարտքի դուռը՝ բաց․ տնտեսագետը՝ տնտեսության դեռևս մշուշոտ հեռանկարի մասին
Կառավարության հերթական նիստի օրակարգում չզեկուցվող 2 նախագծով պատրաստվում են հերթական վարկերը ներգրավել։
Ըստ Ֆինանսների նախարարության մշակած նախագծի՝ 150 միլիոն դոլարի բյուջետային վարկ է նախատեսվում ստանալ Ասիական զարգացման բանկից, որը կտրամադրվի 15 տարով, կլինի 4.58 լողացող տոկոսադրույքով։ Վարկային այս համաձայնագրի առաջին բաղադրիչով նախատեսվում է աջակցել Հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացմանը, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդմանը։ Երկրորդ բաղադրիչը ենթադրում է պետական արժեթղթերի շուկայի կատարելագործում, երրորդը՝ ֆինանսական գործիքների ու ներդրողների շրջանակի ընդլայնում, ինչպես նաև ուղղվելու է ընկերությունների թափանցիկությանը։
Երկրորդ վարկային համաձայնագիրն էլ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև է կնքվել․ վարկի ծավալը 170 մլն դոլար է։ Այս վարկային միջոցներն էլ նախատեսվում է ուղղել ներդրումների, առևտրի ազատականացմանն ու մրցակցության խրախուսմանը, ավելի կանաչ ու ավելի դիմակայուն աճի ապահովմանը։ Վարկի ժամկետը 28 տարի է, տարեկան տոկոսադրույքը՝ 3.9 տոկոս։
Ասել է թե՝ նոր ՊԱՐՏՔ են վերցնում, որ կառավարեն, օրինակ, պետական պարտքի ռիսկերը, կամ՝ ուղղեն ներդրողների շրջանակի ընդլայնմանը՝ մինչդեռ այդ ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից վարվող քաղաքականությունն ամենևին օրինակելի չէ․ 2 խոշոր ներդրողներ այս պահին քաղաքական հետապնդումների են ենթարկվում. կալանավորված են։
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության պետական պարտքի ընդհանուր ծավալը, ըստ վերջին տվյալների, հատել է 14 միլիարդ դոլարի սահմանագիծը: Հատկանշական է, որ 2018 թվականի հայտնի թավշյա հեղափոխությունից հետո պետական պարտքի բեռը մոտ երկու անգամ ավելացել է։
Իսկ այդ պարտքային բեռում արտաքին պարտքը, որն, ըստ վերջին ցուցանիշի՝ 6.7 միլիարդ դոլար է, գոյանում է նաև վարկերից, որոնք տրամադրել են միջազգային դոնոր կազմակերպությունները՝ ինչպես, օրինակ, Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ և այլն։
«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանը, անդրադառնալով հերթական վարկային ներգրավումների մասին 168․am-ի հարցադրումներին՝ նկատեց, որ թեև պրակտիկա կա, որ բյուջետային ռիսկերը պլանավորելու համար վարկային միջոցներ ներգրավեն, սակայն դրա նկատմամբ պետք է վերահսկողությունն ուժեղացվի։
«Ենթադրվում է, որ որոշակի ռիսկեր մեղմելու համար է վերցվել։ Տնտեսության հետ կապված որոշակի ճյուղեր կան, որոնք այս սահմանափակումների հետ կապված վնասներ են կրում, և, ամենայն հավանականությամբ, բյուջեով չնախատեսված հավելյալ սուբսիդավորում իրականացնելու նպատակադրում ունի»,- նշեց Դավիթ Անանյանը։
Առհասարակ, պարտքային բեռի արագընթաց աճի մասին մեր հստակեցումներին ի պատասխան՝ տնտեսագետը թեև շեշտեց, որ մասնագիտական տեսանկյունից պետական պարտքը, ըստ պարտք/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի, դեռ կառավարելի շրջանակներում է, բայց խնդիրներ կան տնտեսության կառուցվածքի որակի հետ կապված։
«Իսկ պատճառն այն է, որ տնտեսության կառուցվածքում արդյունաբերությունը չէ դոմինանտ ուժը։ Եվ եթե այս պահին նույնիսկ արդյունաբերությունն է, ապա հանքարդյունաբերությունն է, ինչը պայմանավորված է միջազգային բանկերում պղնձի գների բարձրացմամբ, բավականին բարձր պղնձի գների առկայությամբ։ Այսինքն` անգամ այն պարագայում, երբ արդյունաբերությունն այսօր որոշակի աշխուժություն ունի (խոսքը վերամշակող արդյունաբերության մասին չէ, այլ հանքարդյունաբերության, որը հիմնված է խտանյութի արտահանման վրա և ոչ ավելի բարձրարժեք պատրաստի արտադրանքի), միևնույն է, տնտեսությունն իր կառուցվածքով լավը չէ, թեև ունի որոշակի մեծություն։ Հետևաբար, եթե մենք թվաբանությամբ ենք խոսում, ապա մակրոդատողության առումով պարտքը կառավարելի է, բայց որակական առումով՝ապագայում բավականին մշուշոտ է»,- մանրամասնեց նա։
Խոսելով մեկ այլ գործոնով՝ ՌԴ սահմանափակումներով պայմանավորված տնտեսական մշուշոտ հեռանկարների մասին և մեր դիտարկումներին ի պատասխան՝ անդրադառնալով մերձիշխանական որոշ պաշտոնյա-փորձագետների գնահատականներին, թե ՌԴ կողմից տնտեսական տոտալ սահմանափակումների պայմաններում ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-1,5 տոկոս, Դավիթ Անանյանը նկատեց․
«Օրինակ, Ռուսաստանի անվտանգության խորհուրդն էլ հրապարակել է 15.1 տոկոս տնտեսական և 26.3 տոկոս արդյունաբերության անկման, ինչպես նաև՝ 14 տոկոս գնաճի մասին ցուցանիշներ։ Սրանք, ինձ թվում է՝ ծայրահեղ գնահատականների շրջանակներում են, բայց թե ՌԴ ԱԽ կողմից ներկայացված թվաբանության տակ ի՞նչ մեթոդաբանություն է, կամ՝ մեր ռուս գործընկերների նպատակները որո՞նք են, ի՞նչ հաշվարկ են արել, գազի գինն ինչքանո՞վ են բարձրացնելու․․․ դեռ անորոշություններ կան, որոնք հայտնի չեն մեզ։ Ես կարծում եմ, որ Կենտրոնական բանկի և կառավարության կողմից հնչող դատողությունները կարող են լինել մտածված և լավատեսական, իսկ, օրինակ, Ռուսաստանի Դաշնության գործընկերներինը՝ մտածված և վատատեսական։ Իսկ այդ ամպլիտուդի մեջ բավականին տնտեսական ցուցանիշներ կան, որոնք դեռևս անհայտ են։ Մենք չենք կարող ասել, թե ո՞ր դատողությունն է ավելի ճշմարտությանը մոտիկ, ո՞րն է իրատեսականը»,- ասաց նա։

