Ինչու Փաշազադեի խոսքը կոնֆլիկտածին չէ, իսկ Գարեգին Երկրորդի «շեղումով» աղոթքը կոնֆլիկտածին է
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Անգոլայում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի կազմակերպած միջոցառմանը խոսելով Մերձավոր Արևելքում առկա և ռուս-ուկրաինական հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության մասին, այս անգամ ևս չի շրջանցել հայերին, Հայաստանը և խաղաղությանը նվիրված գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է «Խոջալուի ցեղասպանության» վրա և պնդել, թե «ադրբեջացի ժողովուրդը զանգվածային կոտորածի զոհ է դարձել»:
«Համաշխարհային հանրությունը պետք է իմանա այս սոսկալի ճշմարտությունը և «Խոջալուի ցեղասպանությանը» տա արդարացի գնահատական»:
Այսօր, երբ աշխարհում շարունակվում են պատերազմները, մենք պետք է՝ հենվելով միջազգային իրավունքի վրա, աշխատենք և աղոթենք հանուն արդարության հաղթանակի և կայուն խաղաղության, և ոչ թե հրադադարի փխրուն ռեժիմների, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ «զանգվածային սպանությունները, որոնք կատարվել են ազգային, ռասայական և կրոնական հողի վրա, և ընդմիշտ դաջվել մարդկության հիշողության մեջ, դասվում են մարդկանց կամ մարդկության դեմ մեծագույն և աններելի հանցագործությունների շարքին»:
Եվ սա ասում է մի երկրի հոգևոր առաջնորդ, որը հայերի նկատմամբ իրականացրել է այն, ինչ նկարագրվում է այստեղ՝ ազգային և կրոնական հողի վրա: Բավական է նշել Բաքվի, Սումգայիթի ջարդերը, Մարաղայի ցեղասպանությունը, որը բարոնուհի Քերոլայն Քոքսն անվանել էր «20-րդ դարի գողգոթա», 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված էթնիկ զտումը և նախքան այդ տարբեր ժամանակներում կատարված ռազմական հանցագործությունները: Դեռ չենք խոսում Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականին կատարված Հայոց ցեղասպանության մասին:
Իսկ Փաշազադեի այս հայտարարությունը հաստատում է մեր այն պնդումը, որ Ալիևը «Խոջալուի ցեղասպանության» հարցը քաղաքական օրակարգից չի հանել և չի էլ հանելու, այլապես հուշահամալիր չէր կառուցի, սա վերաբերում է նաև «Գյանջայի դեպքերին»:
Օրերս գրել ենք Բաքվից հնչած ուղիղ խոստովանությունների մասին, որ ղարաբաղյան հակամարտության դաշտում պայքարը Երևանի դեմ չի ավարտվել:
Եվ ուշագրավն այստեղ այն է, որ, մասնավորապես, Փաշազադեի հայտարարությունը Հայաստանի հետ գնացող Ալիևը չի համարի կոնֆլիկտածին, մինչդեռ ՀՀ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ցանկացած հարց Նիկոլ Փաշինյանը համարում է կոնֆլիկտածին: Ավելին, այս տարվա մարտին Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատերազմաբեր էր համարել անգամ եկեղեցում պատարագների և աղոթքի ժամանակ «Արցախ» անուն տալը:
«Անդրադառնալ այն հարցին, թե ինչի եմ ասում, որ Եկեղեցին՝ Կտրիճ Ներսիսյանը և իր խումբը, ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդություն, դա շատ պարզ բացատրություն ունի: Ես գնում եմ պատարագների, և տեսնում եմ, որ պատարագի ժամանակ հղում են անում՝ Արցախի Հանրապետություն և այլն, ընդ որում, պատարագի տեքստում էդպիսի բան չկա, պատարագի տեքստից շեղվում են: Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է կոնֆլիկտ, այսինքն՝ հղում ենք անում Արցախի Հանրապետություն և այլն, դա նախ նշանակում է կոնֆլիկտ, և հետո, եթե էդ տեսությունն ենք որդեգրում, այդ տեսության ճանապարհին պետք է գնալ կոնֆլիկտի, բա ո՞նց ենք լուծում:
Ամեն էդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ՝ էսօր, վաղը, մյուս օրը, էն մյուս օրը, ես չգիտեմ, բայց դա նշանակում է պատերազմի կոչ: Երբ ամեն ամբիոնից ասում են՝ Արցախի Հանրապետություն, էդ պատերազմի ճանապարհին ոտք դնել է:
Ամեն անգամ մենք տենց ասում ենք, Ադրբեջանն էլ իր հերթին՝ իր խոսույթն է զարգացնում: Էդ որ ասում են՝ վերադարձ, ի՞նչ վերադարձ, որտեղի՞ վերադարձի, կա՞ փախստականների վերադարձի թեմա, բա Ադրբեջանն էլ նույն ձևով նույն բանն է առաջ քաշում: Էդ թեմաները զարգանալու են, զարգանալու, բախվելու են իրար և դառնա պատերազմ»,- հայտարարել էր Փաշինյանը՝ շեշտելով, որ արտաքին քաղաքականությունը իրենք են որոշում, և, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չի արվելու:
Իսկ «Խոջալուի ցեղասպանության» ճանաչման ադրբեջանական պահանջը բացարձակ պայմանավորված չէ, թե արդյո՞ք ՀՀ-ում կխոսեն Արցախից, Հայոց ցեղասպանությունից, այլապես՝ հայելային կերպով բոլորովին այլ պատկեր կտեսնեինք՝ ՀՀ գործող իշխանությունների պահանջներին և խոսույթին համահունչ կամ համարժեք:

