Գնում եմ պատարագի, շեղվում են ու Արցախի անունն են տալիս՝ սա նշանակում է պատերազմ, ի՞նչ վերադարձ. Նիկոլ Փաշինյան

Երեկ Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել էր Բագրատ Սրբազանի շարժմանը և Եկեղեցու բռնած դիրքին՝ մասնավորապես, նշելով.

«Որոշ հոգևորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով՝ իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար (ի դեպ՝ նրանցից ոմանց ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով), ահա այդ հոգևորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ և բելսռուսամետ օլիգարխների, և փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։

Մենք նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չենք տալու, մենք թույլ չենք տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռք բերված գիտակցությունը, խաղաղությունն ու անկախությունը մատաղ արվի հակաքրիստոնեական նպատակների համար։

Մեր՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագի տեքստում ավելի քան 40 անգամ հիշատակվում է խաղաղություն բառը, ու դա ոչ միայն մարդու, ոչ միայն հոգու, այլև համաշխարհային խաղաղության մասին է, որի մասին մեր պատարագի կանոնական տեքստում տասնյակ աղաչանքներ կան, մեր տեր եւ փրկիչ Հիսուս Քրիստոսին, իսկ այսօր ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ և/կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար՝ հատելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանները»:

Կարդացեք նաև

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ավելի բաց խոսեց, թե ինչ նկատի ունի, երբ Եկեղեցուն կամ որոշ հոգևորականների մեղադրում է պատերազմի կուսակցություն լինելու կամ ստեղծելու համար:

«Անդրադառնալ այն հարցին, թե ինչի եմ ասում, որ Եկեղեցին՝ Կտրիճ Ներսիսյանը և իր խումբը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդություն, դա շատ պարզ բացատրություն ունի: Ես գնում եմ պատարագների, և տեսնում եմ, որ պատարագի ժամանակ հղում են անում՝ Արցախի Հանրապետություն և այլն, ընդ որում, պատարագի տեքստում էդպիսի բան չկա, պատարագի տեքստից շեղվում են: Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է կոնֆլիկտ, այսինքն՝ հղում ենք անում Արցախի Հանրապետություն և այլն, դա նախ նշանակում է կոնֆլիկտ, և հետո, եթե էդ տեսությունն ենք որդեգրում, այդ տեսության ճանապարհին, պետք է գնալ կոնֆլիկտի, բա ո՞նց ենք լուծում:

Ամեն էդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ՝ էսօր, վաղը, մյուս օրը, էն մյուս օրը, ես չգիտեմ, բայց դա նշանակում է պատերազմի կոչ: Երբ ամեն ամբիոնից ասում են՝ Արցախի Հանրապետություն, էդ պատերազմի ճանապարհին ոտք դնել է:

Ամեն անգամ մենք տենց ասում ենք, Ադրբեջանն էլ իր հերթին իր խոսույթն  է զարգացնում: Էդ որ ասում են՝ վերադարձ, ի՞նչ վերադարձ, որտեղի՞ վերադարձի, կա՞ փախստականների վերադարձի թեմա, բա Ադրբեջանն էլ նույն ձևով նույն բանն է առաջ քաշում: Էդ թեմաները զարգանալու են, զարգանալու, բախվելու են իրար և դառնա պատերազմ»,- հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով, որ արտաքին քաղաքականությունը իրենք են որոշում:

Այնուհետև Մայր Աթոռի հետ կապված շարունակեց.

«Կտրիճ Ներսիսյանը և իր խմբակը կառավարվում է Պետական անվտանգության կոմիտեի գործակալի խողովակով և տրամաբանությամբ, ես սա երբեք չեմ էլ թաքցրել։ Հոգևոր ոլորտում այդ խոցերը խոցելի են դարձնում, որ մարդկանց հեշտությամբ հավաքագրեն և օգտագործեն, ոնց ուզում են։ Սա պետական անվտանգության հարց է։ Կրկնում եմ՝ ես էն օրը գնացել եմ պատարագի և պատարագից հնչում է Արցախի Հանրապետություն, ընդ որում, ոչ մեկ անգամ: Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է պատերազմի կոչ, ուրիշ բան չի նշանակում։ Բա դրա համար ենք ասում, որ Կտրիճ Ներսիսյանը և իր խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն է ստանձնել։ Պետք է չլինի այդպիսի բան»:

Նիկոլ Փաշինյանը նաև այս համատեքստում հայտարարեց, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չի արվելու:

Հ.Գ. Ի դեպ, հետաքրքիր  է, որ պատարագի տեքստից շեղումից դժգոհող Փաշինյանը պահանջում էր պատարագի ժամանակ զեղչել Վեհափառի անունը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս