Ռուսաստան-Հայաստան պատերազմը դեռ չի սկսվել. այսօր Սյունիքի անվտանգության երաշխավորն Իրանն է. Իրանին պետք չէ TRIPP-ը, ուզում է լինել «Միջին միջանցքի» մաս. Սերգեյ Մելքոնյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական ինստիտուտի գիտաշխատող, միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանն է:
Արդեն քանի օր է՝ հայկական մեդիապերսոնաժը Կոնստանտին Սոկոլով անունով անձնավորությունն է:
Ռուսաստանում ծնված, Չիկագոյում բնակվող մասնավոր ներդրող Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է ԱՄՆ Պետքարտուղարության նոր ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի համար նախատեսված 201 միլիոն դոլարի ներդրումները։ Այդ մասին հայտնել է The Guardian-ը։
Հիմնադրամը նախատեսում է ֆինանսավորել տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների և կարևորագույն հանքանյութերի ոլորտների նախագծեր Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում։
Ըստ պարբերականի՝ Սոկոլովը նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել, սակայն Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում հանրապետականներին և քաղաքական խմբերին նվիրաբերել է ավելի քան 12 միլիոն դոլար, որից 11 միլիոնը՝ նախագահի Super PAC MAGA Inc-ին։
Սոկոլովի հիմնադրած Tripp+ հիմնադրամն անվանվել է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» պատվին. խոսքը Հայաստանի և Ադրբեջանի հարավով անցնող 27 մղոնանոց առևտրային միջանցքի մասին է։ The Guardian-ի փոխանցմամբ՝ դեռ պարզ չէ, թե նա անձամբ ի՞նչ օգուտ կարող է ստանալ հիմնադրամի գործունեությունից և արդյո՞ք այդ պաշտոնի համար վարձատրվելու է։
Հիշեցնենք, 2024թ. հունվարին «ՄՏՍ Հայաստանը» դուրս եկավ ռուսական «ՄՏՍ» խմբի կազմից։ Ընկերության նոր սեփականատերը կիպրական «Fedilco Group Limited»-ն է, որի վերջնական շահառուներ են հայտարարվել Ժե Ժանգը (Zhe Zhang) և Կոնստանտին Սոկոլովը։
«Հետքը» պարզել էր, որ գործարքի նախնական փուլում հանդես են եկել անձինք (Մանոլիս Թարխանիդիս, Անդրեաս Օուրիս), որոնք, ըստ հետաքննության, չեն ունեցել ֆինանսական համապատասխան կարողություններ՝ Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը ձեռք բերելու համար։ Նրանք եղել են ընդամենը «թղթի վրա» սեփականատերեր՝ կապված ծառայություններ մատուցող միևնույն ընկերությունների հետ։
Միայն ամիսներ անց, երբ գործարքը վերաձևակերպվեց, հայտարարվեցին նոր անուններ՝ Ժե Ժանգ և Կոնստանտին Սոկոլով։
Նույնիսկ, երբ նրանց անունները հայտնի դարձան, գումարների ծագումը մնաց «մութ»։ Այս նույն անձանց (Ժե Ժանգ) առնչությունը մի այլ խոշոր գործարքի՝ «Հայբիզնեսբանկի» վաճառքին և դրա կառավարմանը, ցույց է տալիս, որ գործ ունենք փոխկապակցված, օֆշորային կառույցների միջոցով գործող մի խմբի հետ, որը մասնագիտացած է ակտիվների թաքնված կառավարման մեջ։
Օրերս նաև հայտնի դարձավ, որ ռուսական «ՎՏԲ» բանկը պաշտոնապես դուրս է եկել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի կառավարումից՝ վաճառելով իր բաժնեմասը։ Հանքի նոր սեփականատերերի կազմում է ԱՄՆ գործարար Կոնստանտին Սոկոլովը, որը նաև «ՄՏՍ Հայաստանի» (այժմ՝ «Վիվա Արմենիա») սեփականատերերից է։ ՎՏԲ-ի դուրս գալը պայմանավորված է եղել Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներով, որոնք խոչընդոտում էին բանկին պատկանող ընկերության ֆինանսական գործարքներն ու արտահանումը։
Հիշեցնենք, բանկը հանքի նկատմամբ վերահսկողությունը ստացել էր 2018-ին՝ «Վալլեքս Գրուպի» վարկային պարտավորությունները չմարելու արդյունքում։ Թեղուտը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ակտիվներից է և 2025-ին պետբյուջե է վճարել 14,4 մլրդ դրամ հարկ։
Ո՞վ է նա, ինչպիսի՞ կապեր ունի Թրամփի փեսա Ջարեդ Քուշների, ամերիկյան և իսրայելական քաղաքական, տնտեսական էլիտաների հետ:
Սերգեյ Մելքոնյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ես չեմ կարծում, որ Կոնստանտին Սոկոլովի նշանակումը կոմպրոմիս է Ռուսաստանի հետ, որովհետև վերջինս կապեր ունի Թրամփի ընտանիքի հետ:
- Ես վատատես եմ TRIPP-ի ճակատագրի հարցում, որովհետև դրա կառուցման համար մեծ խոչընդոտ է Իրանը: Իրանի դեսպան Շիրղոլամին հայտարարեց, որ TRIPP-ի հարցում Հայաստանը չի կարող հատել Իրանի կարմիր գծերը: Սա շեղում է Իրանի ԱԳՆ-ի նախկին հայտարարությունից:
- Իրան-ԱՄՆ պատերազմի արդյունքում Հայաստանի համար կարևոր բան փոխվեց: Մերձավոր Արևելքում Իրանին անվանում էին անատամ շուն, որը հաչում է, բայց չի կծում: Այս պատերազմը ցույց տվեց, որ երբ խնդիրը հասնում է Իրանի ազգային անվտանգությանը, նա հարվածում է նույնիսկ այն երկրներին, ում հետ Իրանը տնտեսական շահեր ունի: Նույնը հիմա է: Իրանն անվտանգային լուրջ մտահոգություններ ունի Հարավային Կովկասի և, մասնավորապես, TRIPP-ի հետ, և այդ մասին բազմիցս հայտարարել է:
- Իրանին պետք չէ TRIPP-ը։ Իրանը, իհարկե, ուզում է լինել «Միջին միջանցքի» մաս. այսինքն՝ բեռները Չինաստանի սահմանից գան Ղազախստան, այնտեղից Թուրքմենստանով ու Իրանով հասնեն Թուրքիա, կամ էլ Նախիջևանով ու Հայաստանով՝ Վրաստան և Սև ծով։ Այդ երկաթգիծը կա և գործում է։
Ի դեպ, հենց դրա համար էլ պատերազմի ընթացքում հարվածել էին Իրան-Թուրքմենստան ուղղությամբ գտնվող երկաթգծի կամրջին, որպեսզի մատակարարումներ չստանան ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ Չինաստանից։ Սակայն իրանցիները մի քանի օրվա ընթացքում այն արդեն վերականգնեցին:

- Նույնիսկ Իրանի հյուսիսում տեղակայված մեծաքանակ ադրբեջանցիները պատերազմի ընթացքում ավելի հակաադրբեջանական դիրքորոշում ունեին:
- Իսրայելը շահագրգռված է, որպեսզի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացվեր: Եթե դա իրականություն դառնա, Իրանը կմեկուսանա հյուսիսից, և Իրանում սա շատ լավ հասկանում են:
- Թուրքիայի դերը տարածաշրջանում բարձրանալու մասին վկայում են փաստերը: Վերջին ժամանակաշրջանում տարածաշրջանային երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից ու Վրաստանից, բացասական հայտարարություններ չեն եղել՝ ի տարբերություն Իրանի: Ռուսաստանը շատ սխալ է մտածում, որ Թուրքիան իր խաղն է խաղում և Արևմուտքի հետ կապ չունի: Ռուսաստանի վերաբերմունքը փոխվեց 2025թ. դեկտեմբերից, և դրա թրիգերը Մարթա Կոսի հայտարարությունն էր այն մասին, որ Հայաստանի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերը պետք է միավորվեն: Այդ պահից Ռուսաստանի մոտեցումը փոխվեց: Իրանը, սակայն, միշտ է Թուրքիային այս տարածաշրջանում հակառակորդ դիտարկել:
- Ես չեմ կարծում, որ Թուրքիան ուզում է գնալ դեպի ԱՄՆ կամ ՆԱՏՕ, որովհետև իրենք գիտեն՝ երկարաժամկետ պայմանավորվածություններն իրենց հետ չեն աշխատում: ԱՄՆ-ի հետ իրենց շահերի բախման կետը Սիրիան էր, այլ հարցերում հակասություններ չունեն:
- Մակրոնը նաև հասկանում է, որ չի կարող լծակներ կիրառել Անկարայի վրա՝ հայ-թուրքական սահմանը բացելու կամ չբացելու հարցում։ Հետևաբար, նրանք պետք է այլ միջոցներ գտնեն Թուրքիային համոզելու համար։ Ըստ իրենց՝ հիմնական խոչընդոտը Ալիևն է։ Շատերը, թերևս, կհիշեն այն սկանդալը, որը ծագեց Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի արած հայտարարության պատճառով։ Նրան կանչեցին ԱԳՆ. թուրքական կողմի մի մասն աջակցեց նրան, իսկ մյուս մասը կտրուկ դեմ արտահայտվեց։
Այնուամենայնիվ, ավելի շատ դեպի Արևմուտք կողմնորոշված թուրք դիվանագետներն ու փորձագետները համոզված են, որ Թուրքիան պետք է որոշակի դիստանցիա պահպանի Ադրբեջանից և բացի Հայաստանի հետ սահմանը։ Սակայն կա նաև մեկ այլ՝ ավելի լայն շրջանակ. եթե նայենք Թուրքիայի խոշորագույն ազգայնական ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, նախագահ Էրդողանի քաղաքական դաշնակից Դևլեթ Բահչելիի հայտարարություններին, ազգայնական փորձագետներին և AKP-ին (Արդարություն և զարգացում կուսակցությանը) մոտ կանգնած որոշ վերլուծաբանների խոսույթին, կհամոզվենք՝ նրանք կարծում են, որ Ադրբեջանը չափազանց կարևոր դաշնակից է, և չարժե կասկածի տակ դնել կամ մասամբ զոհաբերել այդ հարաբերությունները՝ հանուն Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման կամ սահմանի բացման:

- Պարզ է, որ Հայաստանը չի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ. Նույնիսկ, եթե հիմա դուրս գանք ՀԱՊԿ-ից, և անցնի 20 տարի, դա գրեթե բացառվում է (հավանականությունը 1%-ից էլ ցածր է)։ Նույնը վերաբերում է նաև Եվրամիությանը։ Եթե Հայաստանը հենց հիմա դուրս գա ԵԱՏՄ-ից, տեխնիկապես մենք այնպիսի երկար ճանապարհ պիտի անցնենք ԵՄ անդամ դառնալու համար, որն առնվազն տասնյակ տարիներ կտևի։ Մենք ունենք Վրաստանի օրինակը. Վրաստանը, որը 2014 թվականից ունի ԵՄ-ի հետ Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA), միևնույն է՝ իր գյուղատնտեսական ապրանքների մեծ մասը չի կարողանում արտահանել ԵՄ երկրներ։ Ընդ որում, Վրաստանն աշխարհագրական առումով ավելի մոտ է ԵՄ-ին. նրանք ապրանքը հասցնում են նավահանգիստ, այնտեղից անցնում Բուլղարիա կամ Ռումինիա և արդեն մտնում եվրոպական շուկա։ Մինչդեռ մենք այդ տեսանկյունից էլ շահեկան դիրքերում չենք և նույնիսկ մի քանի քայլ հետ ենք։
Դրա համար մենք պետք է ավելի ռեալիստ լինենք և մտածենք չափազանց պրագմատիկ։ Որո՞նք կլինեն հետևանքները տնտեսության և անվտանգության ոլորտներում, եթե դուրս գանք ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, և ո՞րն է լինելու մեր հաջորդ քայլը։ Չէ՞ որ այս կառույցներից դուրս գալը չպետք է լինի ինքնանպատակ. դա պետք է լինի միջոց կոնկրետ ուղղությամբ շարժվելու համար։ Մենք պետք է հասկանանք՝ որքանո՞վ է իրատեսական մեր նպատակակետին հասնելը և ե՞րբ կհասնենք դրան։
Հիմա, երբ Հայաստանում ոմանք պնդում են, որ երկիրը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, որդեգրի արտադաշինքային, չեզոք կարգավիճակ, դա նշանակում է դուրս գալ ՀԱՊԿ-ից և հեռացնել ռուսական ռազմաբազաները (102-րդ ռազմաբազան Գյումրիից և Էրեբունիի ռազմակայանը)։ Բայց պետք է հասկանալ, թե դա ի՞նչ հետևանքներ կունենա։ Արդյո՞ք Հայաստանն այսօր ունի բավարար ներուժ՝ դառնալու արտադաշինքային չեզոք պետություն։
Երբ մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից և հանում ռուսական ռազմաբազան, ստեղծվում է անվտանգային վակուում։ Այդ վակուումը երկար տևել չի կարող. այն պետք է լցվի։ Մենք ինքներս կարող ենք դա անել միայն այն դեպքում, եթե կտրուկ մեծացնենք մեր զինված ուժերի քանակը, ունենանք բավարար քանակի ու բարձր որակի սպառազինություն, և ունենանք անվտանգային այլ պայմանավորվածություններ, որոնք իրապես գործում են։ Միայն այդ ժամանակ վակուումը կլցվի։ Այլապես, եթե ստեղծվի դատարկություն, այլ ուժեր անպայման կփորձեն օգտվել այդ հնարավորությունից։

Ակնհայտ է, որ Ռուսաստանն այլևս չի կարող լինել անվտանգության այն լիարժեք երաշխավորը, որի մասին խոսում էինք մինչև 2022 թվականը. 2022-ից հետո աշխարհում շատ բան է փոխվել։ Բայց խնդիրն այն է, որ զուգահեռաբար ոչ մի այլ երկիր պատրաստ չէ թղթի վրա նույնպիսի անվտանգային պարտավորություններ ստանձնել Հայաստանի նկատմամբ։ Ստացվում է՝ մենք ունենք պայմանավորվածություններ, որոնք չեն գործում այնպես, ինչպես կցանկանայինք, բայց այլ երկրներ էլ պատրաստ չեն փոխարինել դրանց։
Կար ընդամենը մեկ երկիր, որը պատրաստ էր այդ ուղղությամբ գործնական քայլեր անել, և դա Իրանն էր, քանի որ դե ֆակտո այսօր Սյունիքի հիմնական անվտանգային երաշխավորը հենց Իրանն է։ Նույնիսկ Հայաստանը՝ ԱԳՆ-ի մակարդակով, պաշտոնապես հայտարարել է, որ 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման ժամանակ ադրբեջանական հետագա առաջխաղացումը կասեցվել է Իրանի միջամտության շնորհիվ։ Իրանի համար այստեղ ամեն ինչ պարզ է. նրանք բացահայտ հայտարարել են, որ Հայաստանի սահմանները կարմիր գիծ են իրենց համար և ուղղակիորեն կապված են Իրանի անվտանգության հետ։ Ուստի, Թեհրանում ոչ ոք չի կասկածում, որ իրենք կոնկրետ քայլեր կձեռնարկեն, եթե այդ ուղղությամբ որևէ խնդիր առաջանա։ Հետևաբար, չափազանց կարևոր է պահպանել այս կապը, քանի դեռ մենք ինքներս չենք վերականգնել ուժերի հավասարակշռությունը»։
- Ռուսաստանի հետ պատերազմ դեռ չի սկսվել։ Քանի դեռ այդ պատերազմը չկա, մենք այս պահին ունենք դիվանագիտական հարաբերություններ, որոշակի ուղղություններով առևտուր, ուղիղ կապ և այլն, ինչպես նաև որոշ ապրանքներ ենք ներկրում Ռուսաստանից։ Իհարկե, Ռուսաստանն ունի բազմաթիվ այլ միջոցներ, որոնք կարող է կիրառել մեր դեմ, և խոսքը միայն գազի ու ցորենի մասին չէ։
Եթե լիներ քաղաքական որոշում, և Ռուսաստանը ցանկանար կոլապսի ենթարկել Հայաստանը, նրանք դա կանեին շատ պարզ գործիքակազմով՝ ընդհանրապես զրոյացնելով առևտուրը։ Օրինակ՝ ոչ թե պարզապես կթանկացնեին գազը, այլ միակողմանիորեն դուրս կգային պայմանագրերից ու ընդհանրապես կդադարեցնեին մատակարարումը, նույնը կանեին ցորենի մասով, լիովին կսառեցնեին ֆինանսական գործարքները (տրանզակցիաները) և ամբողջությամբ կչեղարկեին ավիահաղորդակցությունը։ Այդ դեպքում, այո՛, մենք կկանգնեինք տնտեսական կոլապսի շեմին, և հենց դա կլիներ իրական տնտեսական պատերազմը։
Այն, ինչ հիմա է տեղի ունենում, ընդամենը Ռուսաստանից ազդակներ են այն մասին, թե ինչպիսի հետևանքներ կարող են լինել 2026 թվականի դեկտեմբերից հետո (ԵԱՏՄ-ն մինչև դեկտեմբեր ժամանակ է տվել)։ Այժմ Ռուսաստանում սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Այդ գագաթնաժողովի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրներն ու կառույցի ներկայացուցիչները պատրաստվում են զեկույցներ ներկայացնել այն մասին, թե ինչ հետևանքներ կարող են լինել, եթե Հայաստանը շարունակի իր ճանապարհը դեպի ԵՄ։ Եթե այնտեղ կոնսենսուսային մոտեցում ձևավորվի, որ սա տնտեսական խնդիր է ԵԱՏՄ-ի համար, ապա Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումներն այլևս միակողմանի չեն լինի։
Հիմա այդ քայլերը լեգիտիմ չեն դիտվում, քանի որ միակողմանի են որոշվել, բայց եթե ԵԱՏՄ մյուս անդամ երկրներն էլ հայտարարեն, որ այստեղ խնդիրներ կան, ապա արդեն կոլեկտիվ որոշումներ կկայացվեն թե՛ գազի, թե՛ ցորենի, և թե՛ մնացած բոլոր հարցերի վերաբերյալ։

- Այո՛, Ռուսաստանի սանկցիաները քաղաքական են, ոչ թե տնտեսական, բայց ընտրելով այդ սանկցիաների համար այդ ժամանակահատվածը, ընկալում եղավ, թե դրանք կապ ունեն Հայաստանում ընթացող ԱԺ ընտրությունների հետ, ինչն իրականում այդպես չէ, և այդ սանկցիաներն առնվազն մինչև դեկտեմբեր կշարունակվեն: Խնդիրը Հայաստանի՝ դեպի Եվրամիություն գնալու քայլերն են: Ռուսաստանն ու Եվրոպան միմյանց բացեիբաց որպես հակառակորդ են դիտարկում, և Ռուսաստանը Հայաստանի մերձեցումը Ռուսաստանի հետ դիտարկում է՝ որպես թշնամու կողմն անցնել: Ռուսաստանում կա ընկալում, որ Հայաստանն արդեն ինքնիշխան չէ և չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել:
- Ադրբեջանում չկա բավարար քանակությամբ գազ։ Թեև նրանք կարող են պայմանավորվել թուրքական գազը փոխանակմամբ ստանալ Իրանի կամ հենց Ադրբեջանի տարածքով, սակայն տեսականորեն հիմա չենք կարող վստահաբար ասել, որ դա գործնականում կաշխատի։
Ինչ վերաբերում է նավթին, ապա Իրանը մեզ նույնիսկ առաջարկում էր սահմանին նավթավերամշակման տարբեր գործարաններ հիմնել և վերամշակել նավթը։ Դա մեզ թույլ կտար դառնալ ինքնաբավ և ունենալ սեփական կարողությունները։ Սակայն խնդիրն այն է, որ դիվերսիֆիկացիան կարող է նաև նոր կախվածություններ ստեղծել։ Դիվերսիֆիկացիան չափազանց կարևոր երևույթ է, բայց այն չպետք է սխալ մեկնաբանել։
Իհարկե, աշխարհում չկան լիարժեք ինքնաբավ երկրներ: Երբ ՀՀ իշխանություններն ասում են, թե ինքնիշխանությունն այն է, երբ կախված ես շատերից, արդյունքում ստացվում է, որ դու Հայաստանին կախվածության մեջ ես դնում Թուրքիայից ու Ադրբեջանից։ Փաստացի մենք որոշ ոլորտներում ուղղակի փոխարինում ենք մի երկրից ունեցած կախվածությունը մեկ այլ երկրով, և տվյալ դեպքում այդ երկրներից մեկը հենց Թուրքիան է։
Օրինակ՝ ռազմատեխնիկական ոլորտում այդպիսի գործընկեր է դարձել Հնդկաստանը։ Եթե նախկինում մեր զենքի մոտավորապես 80-90%-ը ստանում էինք Ռուսաստանից, ապա այժմ դրա շուրջ 70%-ը ստանում ենք Հնդկաստանից։ Աստված մի արասցե, եթե լայնածավալ պատերազմ սկսվի երկու միջուկային տերությունների՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև, կամ, եթե Իրանում պատերազմն ավելի երկարաժամկետ ու լայնածավալ դառնա, մենք լուրջ խնդիրներ կունենանք Հնդկաստանից զենքի մատակարարման հարցում։
Հետևաբար՝ դիվերսիֆիկացիան կարևոր է, բայց դա չի նշանակում պարզապես փոխարինել մեկ գործընկերոջից կախվածությունը մյուսով։ Դրա համար էլ ես պնդում եմ, որ լավագույն լուծումն ինքնաբավությունն է, երբ բոլոր ռազմավարական ակտիվները՝ երկաթգիծը, գազամուղը և այլն, գտնվում են բացառապես Հայաստանի ձեռքում։ Իսկ այնտեղ, որտեղ մենք ինքնուրույն չենք կարող ապահովել մեր ինքնաբավությունը (օրինակ՝ ատոմակայանի հարցում), այո՛, պետք է լինի արտաքին գործընկեր։ Սակայն վտանգավոր է, երբ դու ամեն ինչ պարզապես բաժանում ու տալիս ես մեկ կամ մի քանի տարբեր երկրների։

- Պակիստանը միշտ եղել է Ադրբեջանի կողքին ու մշտապես բացասաբար է տրամադրված եղել Հայաստանի նկատմամբ: Հայաստանի կողմից դիվանագիտական հարաբերությունների ստեղծումը Պակիստանի հետ, կարծում եմ, կապված է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամության հավակնությունների հետ: Իրանի համար Պակիստանը կարևոր գործընկեր է, բայց այնտեղ հասկանում են, որ Պակիստանի ակտիվությունը տարածաշրջանում ուժեղացնում է Թուրքիային և Ադրբեջանին: Մեզ չպետք է թվա, որ ուրիշները չեն հասկանում՝ այստեղ ինչ է տեղի ունենում:
- Ռուսաստանի վերջին պատժամիջոցները Հայաստանի նկատմամբ ավելի շատ վնասում է հայ ժողովրդին, քան իշխանությանը: Եվ եթե գազի գնի վերաբերյալ որոշում ընդունեն, մենք դա մեր մաշկի վրա կզգանք ձմռանը: Կարելի է պատրաստ լինել ցուրտ ձմեռների, պատրաստ ենք անցնել այս ճանապարհը, եթե դրա արդյունքը 1994թ. հաղթանակը կլինի: Կարևոր է նպատակը: Բայց ինչո՞ւ անցնել այդ ճանապարհով՝ ուղղակի Ռուսաստան-Արևմուտք հակամարտության մեջ բախման կետ լինելու համար: Ռուսաստանում, ցավոք, Հայաստանի նկատմամբ հատուկ վերաբերմունք չկա արդեն:
- Ադրբեջանի վերջնանպատակն այստեղ «Արևմտյան Ադրբեջան» հաստատելն է: Ադրբեջանը միայն «անկլավները» չի ուզում, այլ դեպի դրան տանող ճանապարհները: Սա կոչվում է «սալյամիի տակտիկա»: Միակ տեղը, որտեղ պաշտոնապես բացվել է «Արևմտյան Ադրբեջանի» գրասենյակ, Թուրքիան է: Հետևաբար՝ չի կարելի միմյանցից տարանջատել նրանց նպատակները և իլյուզիաներ ունենալ, որ Թուրքիան ու Ադրբեջանը տարբեր խաղեր են խաղում:
- Ադրբեջանում քննարկումներ կան այն մասին, որ գուցե Հայաստանին, Վրաստանին ու Տաջիկստանին արժե մտածել Թյուրքական պետությունների կազմակերպությունում (ԹՊԿ) դիտորդի կարգավիճակ ստանալու մասին։ Ըստ նրանց՝ քանի որ մենք հարևան երկրներ ենք, և մեր տարածքով պետք է անցնեն որոշակի կոմունիկացիաներ, որոնք կապելու են այդ պետությունները, Հայաստանին կարող է տրվել դիտորդի կարգավիճակ։ Ադրբեջանական փորձագիտական շրջանակներում այս գաղափարը պտտվում է արդեն առնվազն մեկ-երկու տարի։
Նշենք, որ այս գաղափարը Հայաստանի համար քաղաքական, տնտեսական, ինքնության և ինքնիշխանության հետ կապված մեծագույն ռիսկեր է պարունակում: ԹՊԿ-ն հիմնված է թյուրքական ինքնության և մշակութային ընդհանրության վրա: Այս կառույցին Հայաստանի մասնակցության դեպքում կզոհաբերվեն սեփական ազգային ինքնությունը և ազգային արժեքները։ Կխաթարվեն տարածաշրջանի կարևոր երկրներ Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ ԹՊԿ-ի նպատակն է՝ տարածաշրջանում ազդեցիկ դեր ստանձնելը։ Բացի այդ, Հայաստանի նկատմամբ թշնամական տրամադրված Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային ազդեցությունն ընդլայնելու, Հայաստանն ամբողջապես կլանելու համար։
ԹՊԿ համար նոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի կամ Վրաստանի ներգրավումը նպատակ ունի ոչ միայն տնտեսական ինտեգրում ապահովել, այլև աշխարհաքաղաքականորեն մեկուսացնել Հայաստանը՝ այն դնելով իրենց ազդեցության գոտում գործող կառույցի շրջանակներում։

- Եթե Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվի, դա միայն օգուտ կտա: Իսրայելի ինտելիգենցիան կողմ էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը, բայց երբ տեսան, որ դա վտանգում է իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, հետ քաշվեցին: Ամեն դեպքում հիմա Քնեսեթում այդ օրակարգը մինչ օրս չկա:
- Այն, ինչ տեղի է ունում հիմա Իրանի շուրջ, պատերազմ է Պարսից ծոցում ստատուս-քվոն փոխելու համար: Այս փուլի պատերազմի ունիկալությունն այն է, որ Իսրայելը չկա այս գործընթացում: Այս պահին ԱՄՆ-ը առանց Իսրայելի պատերազմում է Իրանի դեմ: Սա, իհարկե, հաջողություն է Իսրայելի համար: 2025թ. պատերազմում ԱՄՆ-ը չհասավ ստատուս-քվոյի փոփոխության, բայց Իրանը հասավ նրան, որ Պարսից ծոցը դարձավ Պարսից ծոց, և Իրանը վերահսկողության տակ առավ Հորմուզի նեղուցը: ԱՄՆ-ում տեսան, որ Իրանի ժողովուրդն իրեն ատում է, և միլիոնավոր մարդիկ դա ցույց տվեցին Այաթոլլա Խամենեիի հուղարկավորության արարողությունը: Իրանում հասկանում են, որ հուշագիր ասվածը դադար էր պատերազմի նոր ռաունդից առաջ:
- Թրամփի ռեյտինգներն ընկնում են, իսկ դիմացը ընտրություններ են, բայց հիմա Թրամփը առաջնորդվում է զուտ տնտեսական շահերով:
- Նախիջևանի ուղղությամբ հարվածները Իրանի սիգնալն էր Ադրբեջանին, որ՝ եթե դուք մի հատ էլ քայլ անեք, ապա հետևանքներն ավելի ծանր կլինեն: Իրանում ասում են՝ մենք թույլ չենք տա, որ մի Արաբական Միացյալ Էմիրություններ էլ ունենանք Իրանի հյուսիսում, որն այս պատերազմում օգտագործվեց Իրանի դեմ: Իրանում Ադրբեջանի դեմ խոր անվստահություն կա:
Մանրամասները՝ տեսանյութում:

