Թրամփի նվիրատուն՝ Կոնստանտին Սոկոլովը, կգլխավորի Պետդեպարտամենտի՝ Հայաստանի համար նախատեսված 200 մլն դոլարանոց հիմնադրամը. Ո՞Վ Է ՆԱ
Կոնստանտին Սոկոլովը, որը նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել և Թրամփի նախընտրական ֆոնդին անհայտ չափի գումար է նվիրաբերել, նշանակվել է «Tripp+» առևտրային նախագծի ղեկավար։
Ինչպես հայտնի է դարձել «The Guardian»-ին, Չիկագոյում գործող մասնավոր բաժնետոմսերի ներդրող, ռուսական ծագումով Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է Պետդեպարտամենտի նորաստեղծ ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ: Հիմնադրամը վերահսկելու է Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար հատկացված ավելի քան 200 մլն դոլարը, որն ուղղվելու է տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների և կրիտիկական հանքանյութերի ոլորտում ներդրումներին: Պետդեպարտամենտը նշանակումը պաշտոնապես հաստատել է ուրբաթ օրը։
Սոկոլովը այն 36 դոնորներից է (21 կորպորացիա և 15 անհատ/հիմնադրամ), որոնք, ըստ Դոնալդ Թրամփի հայտարարության, ավելի քան 350 մլն դոլար են հանգանակել նրա «ballroom» նախագծի համար։
Ըստ կառավարական վերահսկող «Public Citizen» խմբի հետազոտության՝ կորպորատիվ դոնորների երկու երրորդն այդ նվիրատվությունից հետո պետական պայմանագրեր է ստացել։ Մի շարք անհատ դոնորներ ևս ստացել են բարձր պաշտոններ, օրինակ՝ առողջապահական մագնատ Բենջամին Լեոն կրտսերը, որը նշանակվել է ԱՄՆ դեսպան Իսպանիայում, և օկլահոմացի նավթային գործադիր Հարոլդ Հեմը, որը հարկային արտոնություններ է ստացել իր ընկերության համար և ազդել է Թրամփի էներգետիկ քաղաքականության վրա։
Սոկոլովի նվիրատվության չափը չի բացահայտվել, իսկ պետական կառավարման ոլորտում նա նախկինում փորձ չի ունեցել։ Քարոզարշավի ֆինանսական հաշվետվությունները վկայում են, որ Թրամփի երկրորդ ժամկետում Սոկոլովը ավելի քան 12 մլն դոլար է նվիրաբերել հանրապետականների քաղաքական խմբերին (այդ թվում՝ 11 մլն դոլար՝ «Maga Inc» սուպեր-փակին):
Սոկոլովը հրաժարվել է մեկնաբանություններից։ Սպիտակ տունը հարցերը վերահասցեագրել է Պետդեպարտամենտին։
«Tripp+» ձեռնարկատիրական հիմնադրամը կրում է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի» անվանումը, որը 27 մղոնանոց առևտրային միջանցք է՝ Հայաստանի հարավով և Ադրբեջանով։ Պետդեպարտամենտի տվյալներով՝ 201 մլն դոլարանոց հիմնադրամը լիազորված է վարկեր և ներդրումներ տրամադրել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան):
Փետրվարին Երևան այցի ժամանակ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հիմնադրամը որակել է որպես «պատմական վերափոխում», իսկ մայիսին Մարկո Ռուբիոյի և Արարատ Միրզոյանի կողմից ստորագրված համաձայնագիրը, ըստ հայ նախարարի, պետք է հիմք դնի տնտեսական այնպիսի գործընկերության, որը թույլ կտա հայերին և ամերիկացիներին հասնել բարգավաճման:
Թեև Սոկոլովի անձնական շահերի մասին հստակ տվյալներ չկան, նա հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցային օպերատոր «Վիվա Արմենիա»-ի խոշոր բաժնետերը և պաշտոններ է զբաղեցնում «Northern Pillar Energy Consortium»-ում ու «Pelagos Data Centres»-ում։
ԱՄՆ արտաքին օգնության փորձագետների կարծիքով՝ քաղաքական նշանակումները ձեռնարկատիրական հիմնադրամներում սովորական պրակտիկա են, սակայն հիմնախնդիր է առաջանում, եթե նշանակված անձը չունի համապատասխան փորձ ներդրումային բանկային գործունեության կամ մասնավոր կապիտալի կառավարման ոլորտում։ USAID-ի նախկին ադմինիստրատորներից մեկի խոսքով՝ գլխավոր հարցն այն է, թե արդյոք նշանակված անձը հնարավորություն կունենա՞ անձնապես շահելու ներդրումային որոշումներից, ինչը պետք է բացառվի։
Անցյալ օգոստոսից՝ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրից հետո, ԱՄՆ-ը կտրուկ խորացրել է կապերը Հայաստանի հետ՝ 9 մլրդ դոլար հատկացնելով էներգետիկայի ոլորտին և վաճառելով 11 մլն դոլարի հետախուզական անօդաչու թռչող սարքեր։
Ակնկալվում է, որ Սոկոլովի կողմից ղեկավարվող ֆինանսավորման ծավալները կաճեն. Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջերեմի Լյուինը ապրիլին հայտնել էր, որ հիմնադրամի համար արդեն ապահովվել է 400 մլն դոլար՝ որպես արտաքին օգնության նոր ձևաչափի փորձնական նախագիծ։
Ի դեպ, հիշեցնենք, որ Կոնստանտին Սոկոլովը «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր է, և դեռևս 2024թ. մարտին նա և «ՄՏՍ-Արմենիա»-ի խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանը հանդիպել էին Նիկոլ Փաշինյանին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել էին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, որի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, գործունեությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Կոնստանտին Սոկոլովը Այ Ջեյ Էս Ինվեսթմենթս (IJS Investments) ընկերության հիմնադիրն է։ Այն Չիկագոյում գործող մասնավոր կապիտալի ներդրումային ընկերություն է, որը կենտրոնացած է տեխնոլոգիաների, ֆինանսների և ռազմավարական ենթակառուցվածքների հատման կետում։
Նա նաև Վիվայի (Viva)՝ Հայաստանի խոշորագույն բջջային և հեռահաղորդակցական ընկերության, խոշոր բաժնետերն է և ղեկավարում է ընկերության ներդրումային ծրագրերը՝ ուղղված 5G ցանցի և բարելավված ամպային ծառայությունների զարգացմանը։
Բացի այդ, նա Հյուսիսային հենասյուն էներգետիկ կոնսորցիումի (Northern Pillar Energy Consortium) նախագահն է՝ մաքուր էներգիայի և ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխների անցկացման նախաձեռնությամբ, որը կապում է Եվրոպան և Աֆրիկան։ Կոնստանտինը նաև «Պելագոս» Դատա Սենթերսի (Pelagos Data Centres) նախագահն է՝ նախաձեռնություն, որը նպատակ ունի բավարարել արագ զարգացող թվային միջավայրի պահանջները և աջակցել տեխնոլոգիական զարգացման հաջորդ փուլին։
Նա Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադրամի (Munich Security Conference Foundation) հոգաբարձուների խորհրդի անդամ է, որը համարվում է միջազգային անվտանգության հարցերի շուրջ բարձր մակարդակի քննարկումների և երկխոսության առաջատար հարթակներից մեկը։ Նա նաև Մյունխենի անվտանգության համաժողովի «American Friends»-ի խորհրդի անդամ է։
Կոնստանտինը իր կարիերան սկսել է հեռահաղորդակցության ոլորտում՝ հիմնվելով իր նախկին փորձի վրա որպես Քուեսթ Քոմյունիքեյշնս (Qwest Communications, ներկայում՝ Լյումեն Թեքնոլոջիս / Lumen Technologies) ընկերության ձեռնարկությունների ճարտարապետության տնօրեն։ Այդ պաշտոնում նա նպաստել է ԱՄՆ կառավարության հեռահաղորդակցային ենթակառուցվածքի արդիականացմանը և մշակել նոր սերնդի լուծումներ հեռահաղորդակցության ու ֆինանսական ծառայությունների ոլորտներում։
Հիշեցնենք նաև, 2024թ. հունվարին «ՄՏՍ Հայաստանը» դուրս եկավ ռուսական «ՄՏՍ» խմբի կազմից։ Ընկերության նոր սեփականատերը կիպրական «Fedilco Group Limited»-ն է, որի վերջնական շահառուներ են հայտարարվել Ժե Ժանգը (Zhe Zhang) և Կոնստանտին Սոկոլովը։
«Հետքը» պարզել էր, որ գործարքի նախնական փուլում հանդես են եկել անձինք (Մանոլիս Թարխանիդիս, Անդրեաս Օուրիս), որոնք, ըստ հետաքննության, չեն ունեցել ֆինանսական համապատասխան կարողություններ՝ Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը ձեռք բերելու համար։ Նրանք եղել են ընդամենը «թղթի վրա» սեփականատերեր՝ կապված ծառայություններ մատուցող միևնույն ընկերությունների հետ։
Միայն ամիսներ անց, երբ գործարքը վերաձևակերպվեց, հայտարարվեցին նոր անուններ՝ Ժե Ժանգ և Կոնստանտին Սոկոլով։
Նույնիսկ երբ նրանց անունները հայտնի դարձան, գումարների ծագումը մնաց «մութ»։ Այս նույն անձանց (Ժե Ժանգ) առնչությունը մի այլ խոշոր գործարքի՝ «Հայբիզնեսբանկի» վաճառքին և դրա կառավարմանը, ցույց է տալիս, որ գործ ունենք փոխկապակցված, օֆշորային կառույցների միջոցով գործող մի խմբի հետ, որը մասնագիտացած է ակտիվների թաքնված կառավարման մեջ։
Օրերս նաև հայտնի դարձավ, որ ռուսական «ՎՏԲ» բանկը պաշտոնապես դուրս է եկել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի կառավարումից՝ վաճառելով իր բաժնեմասը։ Հանքի նոր սեփականատերերի կազմում է ԱՄՆ գործարար Կոնստանտին Սոկոլովը, որը նաև «ՄՏՍ Հայաստանի» (այժմ՝ «Վիվա Արմենիա») սեփականատերերից է։ ՎՏԲ-ի դուրս գալը պայմանավորված է եղել Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներով, որոնք խոչընդոտում էին բանկի պատկանող ընկերության ֆինանսական գործարքներն ու արտահանումը։
Հիշեցնենք, բանկը հանքի նկատմամբ վերահսկողությունը ստացել էր 2018-ին՝ «Վալլեքս Գրուպի» վարկային պարտավորությունները չմարելու արդյունքում։ Թեղուտը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ակտիվներից է և 2025-ին պետբյուջե է վճարել 14,4 մլրդ դրամ հարկ։

