Հայաստանում հուլիսյան մարտերը շատ ավելի խորքային համատեքստում չքննարկեցին. Տիգրան Աբրահամյան

6 տարի առաջ այս օրերին հայաստանյան ֆեյսբուքյան օգտատերերի մեծամասնության էջերին կարելի էր հանդիպել TavushStrong հեշթեգը։

2020-ի հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մարզի ուղղությամբ, թեժ մարտեր սկսվեցին, որոնք ամենաթեժը համարվեցին 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո. թիրախում նաև խաղաղ բնակչությունն ու բնակավայրերն էին:

Պաշտոնական տվյալներով՝ ամեն ինչ սկսվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձից։

Դեպքը տեղի էր ունեցել հայկական Մովսես և ադրբեջանական Աղդամ գյուղերի միջև ընկած միջդիրքային տարածությունում:

Կարդացեք նաև

Ընդ որում, երբ հուլիսի 13-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել էր տեղի ունեցածը, վերջինը, չգիտես ինչու, որոշել էր՝ «հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են», ինչին նախարարն արձագանքել էր, որ նրա ստացած տպավորությունը սխալ է:

Կարճ ժամանակ անց ոչ պաշտոնական խողովակներով հայտարարվել էր հայկական կողմի նոր, ավելի բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին։ Խոսքը, մասնավորապես, «Անվախ» կոչվող դիրքն ազատագրելու մասին է, որը գտնվում է «Ղարադաշ» բարձունքի վրա, որի վրա հետո ադրբեջանական անհաջող գրոհներ են եղել:

2020 թվականի հուլիսի 14-ին Փաշինյանին ՀՀ պաշտպանության նախարարությունում ներկայացվել էին ՀՀ ԶՈՒ, հատկապես Գրիգորի Խաչատուրովի գլխավորությամբ 3-րդ բանակային կորպուսի պատժիչ քայլերը:

Ի դեպ, 2024 թվականի մայիսին 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ «Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից»:

Իսկ 2020 թ. հուլիսի 16-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ուներ 13 զոհ (թվով 12 զինվորական և 1 խաղաղ բնակիչ), իսկ հայկական կողմը` 4 զոհ՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանն ու Սմբատ Գաբրիելյանը։

Ավելի ուշ՝ հուլիսի 27-ին, հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհվել էր նաև պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը, ով լուրջ դերակատարում է ունեցել հուլիսյան մարտերում և «Անվախ» դիրքի ազատագրման գործողություններում:

Հուլիսյան մարտերի և ադրբեջանական բարձրաստիճան զինվորականների ոչնչացման թեման քննության առարկա էր անգամ Բաքվի «դատավարության» ժամանակ:

Նշենք, որ Ադրբեջանը հուլիսյան մարտերի ժամանակ, մասնավորապես, կորցրել էր իր երրորդ բանակային կորպուսի շտաբի պետին՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին, ինչպես նաև՝ 3-րդ բանակային կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզաևին և այլ սպաների:

Իսկ ավելի ուշ ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովի մայրը հայտարարել էր, որ իրականում իր տղային «սպանել է» Ադրբեջանի ԳՇ այսօրվա պետ Քերիմ Վելիևը, ով այդ ժամանակ երկրի պաշտպանության փոխնախարարն էր, այսինքն, տարբեր շարժառիթներից ելնելով՝ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը Փոլադ Հաշիմովին ուղարկել է մարտական գործողությունների վայր՝ հաշվարկով, որ նա այնտեղից չի վերադառնա:

Տևական ժամանակ է՝ Ալիևն ու իր ընտանիքը հատուկ ուշադրության են արժանացնում ոչնչացված ադրբեջանցի գեներալի մորը, իսկ նրա սուր հարցազրույցները գրեթե հնարավոր չէ գտնել համացանցում:

Հարկ է հիշեցնել, որ հուլիսյան մարտերի օրերին Ադրբեջանը սպառնում էր հարվածել Մեծամորի ատոմակայանին:

Իսկ ՀՀ իշխանությունը հրաման էր իջեցրել ՀՀ ԶՈՒ-ին, Արցախի ՊԲ-ին՝ չթիրախավորել Ադրբեջանի կամ այնտեղի օտարերկրյա ենթակառուցվածքները:

Այդ օրերին այլ ուշագրավ դրվագներ են եղել: Հուլիսյան մարտերի օրերին առաջին իսկ պահից Թուրքիան իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանին՝ արտաքին գործերի և ռազմական գերատեսչությունների միջոցով:

Այդ ժամանակ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը Հայաստանին սպառնացել էր պատասխան միջոցներ ձեռնարկել, թե «ադրբեջանցի զինվորների մահն անպատիժ չի մնա»:

Իսկ Աքարի նախապատերազմյան սպառնալիքին գրեթե անմիջապես հաջորդել էին 2020 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 12-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունները Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում, որոնց «ազդեցությանը» 44-օրյա պատերազմի համատեքստում, ինչպես նաև Թուրքիայի ուղիղ մասնակցությանը պատերազմին և հենց Հուլուսի Աքարի դերակատարմանը մենք անդրադարձել ենք։ Նույն ժամանակ Հայաստանը կասեցրել էր ԵՍԶՈւ պայմանագրով և Վիեննայի փաստաթղթով Թուրքիայի տեսչական այցերը Հայաստան:

Հավելենք, որ մի առիթով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոստովանել էր, որ Արցախում լայնածավալ պատերազմ, ինչպիսին եղավ 2020 թվականի սեպտեմբերին, ինչ-որ պահի սպասել են նույն թվականի ամռանը՝ «հուլիսյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը նպատակ է ունեցել միանգամից ռազմական գործողությունները տեղափոխել Արցախի շփման գիծ»:

Այս տարիներին հայաստանյան քաղաքական դաշտում հուլիսյան մարտերը նաև սադրանքի համատեքստում են դիտարկվել, այդ թվում՝ հաշվի առնելով 44-օրյայից մեկ ամիս առաջ Սարդարապատում հուլիսյան հաղթանակի մասնակիցներին պարգևատրելու Նիկոլ Փաշինյանի որոշումը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ՝ ռազմական առումով ի՞նչ է կատարվել 2020 թվականի հուլիսին, արդյո՞ք շատ ավելի լուրջ բան է կանխվել, որի մասին մինչ օրս հայտնի չէ, հատկապես, երբ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոստովանել էր, որ լայնամասշտաբ պատերազմ Արցախում կարող էր լինել հենց հուլիսին:

– Մեծ առումով 2020 թվականի հուլիսյան մարտերը ստուգատես էին կողմերի համար՝ հասկանալու, թե լայնամասշտաբ գործողություններում ով իր ռեսուրսներով ինչ խնդիր կարող էր լուծել:

Դրան մասնակցում էին տարբեր զորատեսակներ, և կողմերը, եթե անկեղծ լինենք, նաև փորձարկում էին իրենց ուժերը՝ և՛ հատուկ նշանակության ստորաբաժանումների, և՛ անօդաչու համակարգերի, և՛ կառավարման որոշակի մոտեցումների առումով: Եվ այս ստուգատեսում ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսը բավականին լավ արդյունքներ է գրանցել, և դրանում բավականին մեծ դեր ուներ կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը:

Որովհետև կորպուսն իր ընդհանուր մարտունակության մեջ և օպերատիվ խնդիրների կատարման առումով բավականին մեծ խնդիր լուծեց:

Այլ հարց է, որ թեման ՀՀ-ում ոչ թե քննարկվեց շատ ավելի խորքային համատեքստում՝ Ադրբեջանի հետ դիմակայության և հետագա իրադարձությունների զարգացման, այլ իշխանությունը վերցրեց պարզապես դրա քարոզչական բաղադրիչը, փորձեց դրա վրա կառուցել «ուժեղ գերագույն հրամանատար», փորձելով դրանով քողարկել իշխող ուժի արկածախնդիր վարքագիծը, ռազմաքաղաքական ղեկավարության իրավիճակին ոչ համահունչ գործելը: Եվ հետագայում 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ իշխանության համար դա եղել է ոչ թե վերլուծելու, ուսումնասիրելու, գիտակցելու այդ իրադրության, քաղաքական, ռազմական և ավելին գնացող պլանները, այլ պարզապես նրանց պետք էր դա քարոզչական փուչիկ փչելու և բացառապես ներքին կյանքում օգտագործելու համար:

Իրականում հուլիսյան մարտերը և բանակի գործողությունները որքանո՞վ են ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես մեկ անգամ ակնարկեց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` սլաքն ուղղելով զինվորականության վրա։ Արդյո՞ք ճիշտ է այդ մարտերը դիտարկել միայն սադրանքի տեսանկյունից, երբ լուրջ խնդիր է լուծվել, թե՞ սադրանքը դրա քաղաքական մատուցման մեջ էր։ Ի դեպ, այս պահին 3-րդ կորպուսը, 2 շաբաթ է՝ հրամանատար չունի։

– 3-րդ բանակային կորպուսն իր վրա դրված խնդիրը կատարել է, և բոլոր շահարկումները, որոնք կապված են այդ կորպուսի, նրա զինվորականների հետ, հիմքում ունեն ներքաղաքական բաղադրիչ: Որովհետև երբ որ այս իշխանության համար պետք է իրենց քարոզչության համար՝ զինվորականներին մեծարում են, երբ հակառակն է պետք՝ թիրախավորում են, ինչը բազմիցս տեսել ենք նաև այլ դեպքերում:

Անդրադառնանք սահմանազատման և սահմանագծման գործընթացին, որը սպասվում է դեռ Տավուշում: Ավելին,  հուլիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ շատ վտանգավոր ձևակերպում է արել՝ լեգիտիմացնելով Ջերմուկ ադրբեջանական ներխուժումը և այնտեղ Բաքվի «իրավունքները», երբ, մասնավորապես, նշել է, թե «չենք կարա մկրատով այդ քարտեզը կտրենք և ասենք՝ էս հատվածն արտահայտվում է, չի արտահայտվում, եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի»:

Սա ինչի՞, ի՞նչ ռիսկերի մասին է:

– Կարծում եմ, որ Փաշինյանն այս փուլում շատ ավելի քողարկված դիմում է շանտաժի այն մեթոդներին, որն ինքը բազմիցս կիրառել է, և հատկապես 2024 թվականին Տավուշում իրականացված «սահմանազատման» ժամանակ: Փաշինյանի հիմնական մեսիջները, ընդհանուր առմամբ, թեև փոքր-ինչ տարբեր ձևակերպումներով, բայց նույնն են՝ եթե մենք չտանք այն, ինչ պահանջում է Ադրբեջանը, ապա նա այդ հարցը կլուծի՝ ըստ իր հայեցողության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031