Հուլիսյան մարտերի օրերին Ադրբեջանը սպառնում էր հարվածել Մեծամորի ատոմակայանին, Փաշինյանն էլ Ադրբեջանին համարում էր ահաբեկիչ պետություն. ի՞նչ է փոխվել

Մարտի 6-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, որտեղ նրան զեկուցել են, որ ատոմակայանի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագիծն ընթացքի մեջ է։

Այցին նախորդած օրերին Ադրբեջանի նախագահը և արտաքին գերատեսչության ղեկավարն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանն անդրադարձել են Մեծամորի ատոմակայանի գործունեությանը՝ կարևորելով ատոմակայանի շահագործման ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի կողմից սահմանված չափանիշների պահպանումը։

Մասնավորապես, Ալիևն ընդգծել է, որ Հայաստանը Մեծամորի ատոմակայանում օգտագործում է հնացած տեխնոլոգիաներ, և, որ հայկական ատոմակայանը «միջուկային վտանգ» է իրենից ներկայացնում:

Կարդացեք նաև

Ավելի վաղ՝ 2021-ին, Բաքուն կոչ էր արել միջազգային հանրությանը համախմբել ջանքերը Մեծամորի ատոմակայանը փակելու հարցում:

Հետաքրքիր է՝ այսօր Ադրբեջանին դարձյալ սկսել է մտահոգել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը՝ որպես «միջուկային վտանգ» ներկայացնող օբյեկտ:

Մինչդեռ նույն Ադրբեջանը 2020 թվականի հուլիսյան մարտերի օրերին սպառնում էր հարված հասցնել Մեծամորի ԱԷԿ-ին:

«Հայկական կողմը չպետք է մոռանա այն մասին, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ առկա ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը Հայատանի համար մեծ աղետի կհանգեցնի»,- հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան՝ հայտարարել էր. «Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները:

Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար»:

Հայաստանի արտգործնախարարությունը նշել է, որ խստորեն դատապարտում է Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք «վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին»: «Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից»:

Ավելի ուշ Ադրբեջանի այս սպառնալիքին արձագանքել էր նաև Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը: Այս սպառնալիքը, ի դեպ, պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը»,- ասել էր Փաշինյանը՝ հավելելով, որ միակ երկիրը, որը փորձում էր բռնություններ հրահրել, Թուրքիան էր, որին այսօր թշնամի չեն համարում և փորձում են բարեկամություն հաստատել:

Իսկ 44-օրյա պատերազմից մոտ 10 օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին, Իտալիայում ՀՀ դեսպանը իտալական «Լա Վերիտա» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր.

«Ադրբեջանի կողմից հնչեցրած սպառնալիքը՝ հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է: Նմանօրինակ սպառնալիքները լավագույնս են ի ցույց դնում այդ պետության իրական դեմքը։ Մենք այդ հայտարարությունը դիտարկում ենք որպես պետական և միջուկային ահաբեկչության դրսևորում:

Այդ հայտարարությունը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, ինչպես նաև հենց նույն Ադրբեջանի ժողովրդին։ Ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից փորձ է արվել «արդարացնել» ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից արված հայտարարությունը՝ որպես «էմոցիոնալ» ֆոնին արված հայտարարություն: Իհարկե, դա որևէ կերպ չի նվազեցնում Ադրբեջանից եկող սպառնալիքը Հայաստանի, հայ ժողովրդի, ինչպես նաև՝ Ադրբեջանի ժողովրդի համար:

Մեկ դիտարկում ևս՝ տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային տարբեր կազմակերպություններում մտահոգություն էր հայտնում ատոմակայանի անվտանգության կապակցությամբ՝ նշելով, որ այն գտնվում է սեյսմիկ գոտում, իբր հնացած է և այլն:

Իսկ այժմ Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել ատոմակայանը: Կարծում ենք, որ սա հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի բոլոր, այսպես կոչված, մտահոգությունները ունեն խիստ հակահայկական ուղղվածություն:

Ցավոք, մարդկային կյանքը այդ երկրում արժեք չէ, էլ ուր մնաց՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը»:

Ի դեպ, պատերազմի օրերին և դրանից հետո Ալիևը հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմի օրերին հայկական կողմը փորձել է հարվածել Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանին:

ՀՀ ՊՆ-ն դեռ պատերազմի օրերին՝ 2020թ. հոկտեմբերի 4-ին էր հերքել ադրբեջանական պնդումը:

«Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է»,- ասել էր ՀՀ ՊՆ խոսնակը:
Նշենք, որ գեներալ Արշավիր Ղարամյանը հոկտեմբերի 4-ին գրել էր՝ «նշանակետ թիվ 2՝ Մինգեչաուրի ՋԷԿ, չշփոթել ՀԷԿ-ի հետ»:

168.amգրել է Փաշինյանի «նվերների» մասին առ այն, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ ոչ միայն սեփական ռազմավարական օբյեկտների գրագետ պաշտպանություն չի կազմակերպվել, այլև չեն ոչնչացվել թշնամու ռազմավարական օբյեկտները։ 

Ի դեպ, այն բանից հետո, երբ Ադրբեջանը պնդել էր, թե «Հայաստանը երկու հրթիռային հարված է հասցրել Գյանջային», Արցախի պաշտպանության բանակը հրապարակել էր Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը.

ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա

ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,

ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,

ՊՆ մարտական կառավարման կենտրոն,

ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,

ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուքային նյութերի բազա,

Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:

Բնական է՝ այս օբյեկտները, ըստ էության, խնայվել են:

Հիշեցնենք, որ 2017-ի մարտի 26-ին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը՝ որպես Գլխավոր հրամանատար, հարկ եղած դեպքում աչքը չի թարթելու «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս»:

Իսկ երեկ իր՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է.

«44-օրյա պատերազմի ընթացքում մեր ամենահզոր զենքերն ուղղակի չեն օգտագործվել, ինձ համար անհասկանալի պատճառներով չեն օգտագործվել: Իսկ այդ զենքերը ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կլիներ: Խոսում են, որ զինամթերք չի եղել, զենք չի եղել, բա եթե հետևում եք ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, տեսնո՞ւմ եք, որ ռուսական կողմը, դեռ ուկրաինականի մասին չեմ ասում, օգտագործում է բոլոր այն զենքերը, որ մենք ունեինք: Զենքը նաև օգտագործող է պետք: Եթե դու չես օգտագործելու, եթե նույնիսկ ատոմային ռումբ էլ ունենայինք, ուրեմն՝ չենք օգտագործելու, չէ՞: Բացի դրանից՝ զինամթերքի և ոչ միայն զինամթերքի, այլ նաև անձնակազմի առումով մենք 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործել ենք 50 տոկոսի չափով, բա այն 50 տոկոսն ինչո՞ւ չենք օգտագործել: Դա արդեն մյուս հարցազրույցների ժամանակ»:

Հավելենք, որ 2020-ի սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցին՝ ինչո՞ւ մեր «Իսկանդերը» գործի չենք դնում, ինչո՞ւ չենք թիրախավորում հակառակորդի նավթահորերը, կոշտ պատասխանել էր.
 «Լավ ենք անում, երբ որ պետք լինի՝ գործի կդնենք: Դա թողեք զինվորական մասնագետներին: Կարծում եմ, որ դուք գոնե այս երկու օրերին ռազմական գործողությունների տրամաբանությունից չեք նկատում քաոսային, իրավիճակային որոշումներ: Դուք տեսնում եք քայլերի տրամաբանություն»:

Իսկ Մեծամորի ատոմակայանի գործունեության դեմ թուրք-ադրբեջանական պայքարը, ըստ էության, կշարունակվի՝ տնտեսական, աշխարհաքաղաքական տարբեր նպատակների և շահերի համատեքստում: Ժամանակը ցույց կտա նաև Նիկոլ Փաշինյանի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ այցի իրական շարժառիթները:

Ի դեպ, 2020-ին armeniasputnik.am-ը գրել էր, թե այնպես չէ, որ Մեծամորի ատոմակայանի վրա կարելի է այդքան հեշտությամբ հարձակվել, քանի որ այն ՀՀ հզոր հակաօդային պաշտպանության ներքո է։ Ավելին, կայանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի (սա տարիներ առաջ միասին կյանքի էին կոչել Հայաստանն ու Ռուսաստանը) պաշտպանության օբյեկտ է համարվում։

Այսինքն` ատոմակայանը պաշտպանում են Հայաստանի և Ռուսաստանի ՀՕՊ ուժերը միաժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս