Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ

Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարարները դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պահանջելով գործուն և հետևողական քայլեր ձեռնարկել Արցախում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության, փաստագրման և միջազգային ներկայացման ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի մշակույթի նախարարության պաշտոնական էջից։

Դիմումի հեղինակները նշում են, որ իրենց նախաձեռնությունը պայմանավորված է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ինքնության փոփոխման և յուրացման շարունակվող քաղաքականությամբ, ինչպես նաև այդ գործընթացը միջազգային մակարդակում ներկայացնելու և լեգիտիմացնելու փորձերով։

Նախկին նախարարները ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պահանջում են հրապարակային և հստակ գնահատական տալ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականությանը և ստեղծել ժառանգության վիճակի մշտադիտարկման ու փաստագրման գործուն պետական մեխանիզմներ։

Նրանք նաև պահանջում են հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցը հետևողականորեն բարձրացնել միջազգային մասնագիտական և միջպետական հարթակներում։

Դիմումում առանձին անդրադարձ կա Արցախի թանգարանային հավաքածուներին։ Նախկին նախարարները պահանջում են քայլեր ձեռնարկել դրանց պահպանության ուղղությամբ, փաստագրել հավաքածուների իրավական կարգավիճակը և դրանց վերադարձի հարցը բարձրացնել միջազգային օրակարգում՝ տեղահանված արցախահայության մշակութային իրավունքների համատեքստում։

«Մշակութային ժառանգության պաշտպանությունը չի կարող սահմանափակվել փաստերի արձանագրմամբ։ Այն պահանջում է հստակ պետական դիրքորոշում և գործուն քայլեր»,– նշված է հաղորդագրությունում։
Նախկին նախարարները պահանջի 7 կետ են առանձնացրել.

• Տալ պաշտոնական հրապարակային գնահատական պաշտոնական Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ջնջման և յուրացման քաղաքականությանը և այդ դիրքորոշումը դարձնել Հայաստանի միջազգային մշակութային ու դիվանագիտական օրակարգի մաս։

• Ինստիտուցիոնալ հիմունքներով կազմակերպել Ադրբեջանի տարածքում հայկական մշակութային ժառանգության մշտական մոնիթորինգ, ներառյալ Արցախը, Նախիջևանը և հայկական պատմական ներկայություն ունեցած այլ տարածքները՝ կիրառելով արբանյակային տեխնոլոգիաներ, արխիվային նյութեր, հեռահար զննման և փորձագիտական փաստագրման մեթոդներ։

• Ստեղծել հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանոցների, պատմական քաղաքային միջավայրի, հուշարձանների և այլ օբյեկտների վիճակի համակարգված փաստագրման և տվյալների պարբերական թարմացման պետական մեխանիզմ՝ արդյունքները փոխանցելով միջազգային մասնագիտացված կազմակերպություններին։

• Ստեղծել Արցախի թանգարանային հավաքածուների առանձին ռեգիստր՝ փաստագրելով դրանց կազմը, ծագումը, գտնվելու վայրը և իրավական կարգավիճակը, և միջազգային մակարդակով բարձրացնել դրանց վերադարձի հարցը՝ տեղահանված հայ բնակչության մշակութային իրավունքների վերականգնման համատեքստում։

• Պարբերաբար տեղեկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին, ICOMOS-ին և այլ միջազգային կազմակերպություններին հայկական ժառանգության ոչնչացման, վնասման, պատմական վերագրանցման կամ յուրացման փաստերի վերաբերյալ։

• Հասնել Արցախի մշակութային ժառանգության վիճակի նկատմամբ միջազգային անկախ մոնիթորինգի իրականացմանը և միջազգային մասնագետների հասանելիության ապահովմանը։

• Մշակութային ժառանգության պաշտպանությունը, տեղահանված բնակչության մշակութային իրավունքների և նրա ժառանգության հետ կապի պահպանման հարցերը ներառել միջազգային խաղաղության օրակարգում։

Հիշեցնենք, որ Հիքմեթ Հաջիևը Արցախում օտարերկրյա դիվանագետների հետ այցելել էր Գանձասար և Դադիվանք։ Այցին մասնակցել է 150 ներկայացուցիչ՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից։ Հաջիևը հայտարարել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը «հին աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են»։ Նա նաև պնդել էր, թե Գանձասարը XIII դարում կառուցել է «Կովկասյան Աղվանքի տիրակալ» Հասան Ջալալ Դոլան, իսկ վանքը Կովկասյան Աղվանքի բազմադարյա քրիստոնեական ժառանգության վկայություններից է։ Ադրբեջանի նախագահի օգնականը նաև պնդել էր, թե հայկական կողմը «վերականգնման» անվան տակ միջամտություններ է կատարել հուշարձաններին՝ վնասելով դրանց «ճարտարապետական իսկությունն ու սկզբնական տեսքը»։

Նշենք նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վնասման բազմաթիվ դեպքեր։ Caucasus Heritage Watch-ի արբանյակային մոնիթորինգով, մասնավորապես, փաստագրվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ՝ Կանաչ ժամ եկեղեցու և Ղազանչեցոց հին գերեզմանոցի ոչնչացումը, ինչպես նաև Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցու ոչնչացումը։ 2026 թվականին նույն կազմակերպությունը հաստատել է նաև Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի, Սուրբ Հակոբ եկեղեցու և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ոչնչացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930