Կարող եք հայհոյել, պարոնայք

Խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Հայաստանում արձանագրվել է քաղաքականության կլինիկական մահ, որի մասին դեռևս չի հայտարարվում ու, ըստ ամենայնի, չի էլ հայտարարվելու։ Քաղաքականությունը սպանածներին ու սպանողներին ձեռնտու չլինելու պատճառով։

Խոսքը քաղաքականության բովանդակության, ֆունկցիայի մահվան մասին է, որը ժամանակի մեջ հանգեցնում է պետության վախճանին։

Քաղաքականությունը՝ որպես պետական ու հանրային կյանքի կազմակերպման հիմնական գործիք, գոյություն ունի, երբ հանրային կառավարման համակարգի բոլոր ենթահամակարգերի՝ իշխանության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների աշխատանքը գոնե ինչ-որ չափով ազդեցություն ունի որոշումների կայացման վրա։ Բոլոր թվարկված ենթահամակարգերից Հայաստանում գործում է միայն իշխանությունը՝ առանց հակակշռման, զսպման որևէ միջոցի։ Մնացած բոլոր ենթահամակարգերն աշխատում են նոմինալ իմաստով, դրանք կան, կա դրանց աշխատանքի կամ աշխատանքի իմիտացիայի տպավորություն/աղմուկ, բայց դա զրոյական ազդեցություն ունի որոշումների կայացման վրա։

 Իշխանությունը որոշո՞ւմ է հանձնել Հայաստանի որևէ տարածք. Ո՛չ մի խնդիր, այն հանձնվում է։ Ուզո՞ւմ է փոխել սահմանադրությունը. Կրկին՝ հարց չկա՝ փոխելու է այնպես և երբ պետք կլինի, երկրում «երջանիկ կյանքի» պատրանքը շարունակելու համար անհրաժե՞շտ է  արտաքին պարտքն ավելացնել ևս մի քանի տասնյակ միլիոն դոլարով, կառավարությունը կընդունի համապատասխան որոշումը, ԱԺ-ն կդակի պետք եղած արագությամբ։

Կարդացեք նաև

 Իրավիճակի ողջ նրբությունն այն է, որ բոլոր թվարկված և էլի հակապետական անհաշիվ օրինակներում հնչում է անսպառ և օբյեկտիվ քննադատություն, անարգանք, հայհոյանք՝ ընդդիմությունից՝ մինչև ԶԼՄ-ներ ու սոցիալական ցանցեր։ Բայց դրանք որևէ ազդեցություն չեն ունենում իշխանության գործունեության վրա, ավելին՝ դեպքերի մեծ մասում իշխանությունն իրեն ուղղված քննադատության աղմուկը հմտորեն ծառայեցնում է իր իսկ շահերին՝ անարգել իրականացնելով իր ծրագիրը։

Այս իրավիճակը նման է արատավոր շրջանի՝ իշխանությունն անում է այն, ինչ ցանկանում է, մնացած ենթահամակարգերը գրեթե իներցիայով կատարում են իրենց դերը՝ ամեն օրվա հետ խորացնելով փակուղային դարձող հայկական իրականությունը։

Բովանդակային առումով սա դասական ավտորիտար ռեժիմին հատուկ իրականություն է, այն տարբերությամբ, որ «ժողովրդավարական բաստիոնի» ապրանքանիշ ստացած իշխանության համար իր հասցեին հնչող քննադատությունն ու հայհոյանքն իսկական նվեր է՝ ապրանքանիշ հատկացնող աշխարհաքաղաքական բևեռների շրջանում «ծառայությունների մատուցման» պատվերը շարունակելու համար։

Հայաստանում գործնական քաղաքականության վախճանը հնարավոր է դարձել նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ այն պատճառով, որ վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ ու դրանից հետո քաղաքական կյանքից դուրս է մղվել փողոցը՝ որպես հանրային մոբիլիզացիայի ու քաղաքական գործընթացների վրա ազդելու գործոն։ Այն դեպքում, երբ ավտորիտար համակարգերում առանց փողոցի՝ առանց հանրային համախմբման արտահամակարգային հնարավորության, քաղաքականության փոխարեն մատուցվող ամեն ինչ ծառայում է իշխանության ամրապնդմանը։ Եթե անգամ մատուցվողն ուղեկցվում է տիեզերական հայհյանքներով ու անեծքներով։

 Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930