Համայնքապետերի և համայնքապետարանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան

Համայնքապետերի աշխատավարձերը կբարձրանան։ Այսօր կառավարությունը հավանություն տվեց ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։

«Մենք անընդհատ գործում ենք կեղծիքի միջավայրում։ Երբ անընդհատ օդում կախված է լինում հարցը, թե այս կամ այն պաշտոնյան ոնց ա ապրում, ոնց ա կոստյում առնում, մենք դրա նեգատիվ ազդեցությունը մեր պետության զարգացման համար չենք գնահատում, բայց դա շատ նեգատիվ ազդեցություն է ունենալու։ ՏԻՄ մակարդակում այս խնդիրները չլուծելու դեպքում բերելու է աղետների»,- կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կարևորեց նախագծի հակակոռուպցիոն բնույթը։ Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ում հասել են այն կետին, որ պետական պաշտոնյան նվեր ստանալու իրավունք չունի։

Համակարգը գործարկվելու է 2027 թ․ հունվարի 1-ից, նախատեսվում է, որ դրա գործարկումից հետո պետբյուջեից 25 միլիարդով ավելի դրամական միջոցներ կներգրավվեն աշխատավարձերի համար, քան 2026 թվականին էր։

Ինչպես նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ չմիավորված համայնքների դեպքում համայնքապետերի աշխատավարձերը սկսելու են մոտ 700 հազար դրամից, միջինում համայնքապետերը ստանալու են շուրջ 1 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ 75 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ղեկավարների աշխատավարձերը հասնելու են շուրջ 1,2 միլիոնի։ Խուդաթյանը նշեց, որ նախագծով աշխատավարձի բարձրացում է նախատեսված նաև համայնքապետերի տեղակալների, համայնքապետարանների աշխատակիցների համար։ Ըստ նրա՝ առնվազն կրկնակի, որոշ դեպքերում՝ եռակի բարձրացված աշխատավարձ է տրվելու։

Փաշինյանը շեշտեց, որ համակարգը գործելու է կատարողականի հիման վրա։

«Կա արդյունք, կա վարձատրություն, եթե չկա արդյունք, ուրեմն վարձատրությունը համապատասխանաբար ոչ միայն պակաս է, այլև դրանից հետագայում բխելու են կոնկրետ հետևանքներ»,- հայտարարեց նա։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ընդգծեց, որ օրենսդրական կարգավորումները վերաբերելու են ոչ միայն համայնքային աշխատակիցներին, այլև պետական համակարգի ծառայողներին, մասնավորապես՝ մասնագիտական և միջին օղակի պաշտոններ զբաղեցնողներին։

«Այսօր մեր բազմաթիվ նախարարություններում մասնագիտական պաշտոններ զբաղեցնող անձանց միջին ամսական աշխատավարձը տատանվում է 250-350 հազար դրամի միջակայքում։ Այս փոփոխության արդյունքում, եթե գրանցվեն 80 և ավելի բարձր տոկոս կատարողական արդյունքներ, այդ մարդկանց աշխատավարձը կլինի 400-500 հազար դրամի միջակայքում»,- նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ բաժինների պետերի աշխատավարձերը կարող են հասնել ավելի քան 700 հազար դրամի, վարչության պետերի դեպքում՝ 800-900 հազար դրամի։

Գործադիրը նպատակ ունի նվազեցնել պետական և մասնավոր ոլորտներում վարձատրության չափերի միջև առկա ճեղքը, միաժամանակ բարձրացնել պետական, համայնքային ծառայության գրավչությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930