Հիքմեթ Հաջիևի ՆԱՏՕ-ական ձախողումների մասին, ինչո՞ւ է նա ուզում պատժված տեսնել Դավիթ Տոնոյանին, ինչո՞ւ է ատում հայկական բանակը

ՀՀ-ում հետընտրական իրադարձությունների ֆոնին հունիսի 14-ին ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով Հայաստան էր ժամանել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Դիլիջանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին նրանք պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում: Իսկ հաջորդ օրը՝ հունիսի 15-ին, օկուպացված Շուշիում Բաքուն նշել է Շուշիի հռչակագրի ստորագրման 5-ամյակը:

Թե որքանով է Արմեն Գրիգորյանը հիշում իր արցախյան արմատների մասին (նա օկուպացված Մարտունիից է), բայց Հիքմեթ Հաջիևը չի մոռանում, որ ինքը ծնվել է Գյանջայում (Գանձակ), և այդ մասին հատկապես հիշում է հոկտեմբերին, երբ գրառումներ է անում 44-օրյա պատերազմի օրերին «ՀՀ զինված ուժերի կողմից Գյանջան թիրախավորելու մասին»:

Ավելին, 2024 թվականի հոկտեմբերին Հաջիևը ՀՀ իշխանություններից պահանջել էր հետաքննել Գյանջայի դեպքերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Կարդացեք նաև

«2020թ. հոկտեմբերի 17-ին երկրորդ ամենամահաբեր բալիստիկ հրթիռն է արձակվել Գյանջայի ուղղությամբ։ «Հայաստանի կողմից բալիստիկ հրթիռի կիրառմամբ խաղաղ բնակչության սպանությունը պատահական գործողություն չէր, այլ ահաբեկչության կանխամտածված քաղաքականություն (չակերտները.- Մ.Պ.)»: Եվ Հայաստանը, որպես Միջազգային քրեական դատարանի անդամ, պետք է հետաքննի Գյանջայի (Գանձակի) հրթիռային հարձակումները»,- 2024թ. հոկտեմբերի 17-ին X սոցիալական ցանցի իր էջում գրել էր Ալիևի օգնականը:

Արդյո՞ք Հիքմեթ Հաջիևին պատվող ՀՀ իշխանության ներկայացուցիչները վստահ են, որ Գյանջայում (Գանձակ) ծնված Հիքմեթ Հաջիևն ինչ-որ պահի Հայաստանից նորից չի պահանջելու հետաքննել 44-օրյա պատերազմին առնչվող «Գյանջայի դեպքերը»,ինչպես դա արել է 2024թ. հոկտեմբերին, եթե հաշվի չառնենք, որ Հաջիևի պահանջներն ինչ-որ առումով տեղավորվել են Բաքվի «դատավարության» օրակարգում և նաև դրա համար է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել, թեև նրան վերագրվող ցուցմունքներում Բաքվի դատարանում սլաքն ուղղվել էր ՀՀ զինված ուժերի և 44-օրյայի ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղղությամբ:

Իհարկե, Հաջիևն իր համար վաղուց որոշել է միակ մեղավորին: 44-օրյա պատերազմից գրեթե անմիջապես հետո նա հայտարարել էր. «Դավիթ Տոնոյանը պետք է «որպես ռազմական հանցագործ»՝ պատասխան տա իր հանցագործությունների համար, եթե անգամ պաշտոնից հեռացվել է»:

Մասնավորապես, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, 2020թ. հոկտեմբերի 3-4-ին Թերթեր քաղաքի հրթիռակոծության համար և ոչ միայն՝ նաև «Գյանջայի դեպքերի»։ 

Հաջիևը ոչ կոռեկտ է արտահայտվել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի հասցեին դեռ պատերազմից առաջ՝ 2018 թվականի հուլիսին:

Իսկ 2019թ. հունիսին էլ vzglyad.az-ը մի հոդված էր հրապարակել՝ «Տոնոյանը պետք է պատասխան տա Էլշան Խալիլովի սպանության համար»: Խոսքն ադրբեջանցի զինծառայողի մասին է, որի չեզոքացմանը նախորդել էր հայ զինվորի սպանությունը՝ Սիփան Մելքոնյանի: Եվ հայկական կողմը պատժիչ գործողություններ էր ձեռնարկել, ավելին, Դավիթ Տոնոյանը պարգևատրել էր գործողության մասնակիցներին:

Ալիևի օգնականի վրեժխնդրությունը Դավիթ Տոնոյանի և, ինչո՞ւ չէ՝ ՀՀ զինված ուժերի նկատմամբ իր պատմությունն ունի, որին այս հոդվածում անդրադառնալու ենք:

Բայց մինչ այդ հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն առաջարկել էր սահմանափակումներ կիրառել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ այնպես, ինչպես «Իրաքի և Քուվեյթի միջև պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ կիրառվեցին՝ կապված Իրաքի զինված ուժերի զարգացման հետ»:

Անդրադառնանք Հաջիևի՝ Պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի նկատմամբ վերաբերմունքի պատճառներին: Ալիևի օգնական Հաջիևը 2003-ից մի քանի տարի եղել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը: Նույն ժամանակում՝ 2004-2007-ը ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչն էլ եղել է Դավիթ Տոնոյանը, ով 1998-2004թթ. ծառայել էր ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։

Եվ այն դեպքում, երբ 2003թ. Ադրբեջանի ղեկավարությունը՝ նախագահի մակարդակով, բարձր հայտարարություններ էր անում ՆԱՏՕ-ի հետ մերձենալու և անգամ անդամակցության մասին մտածելու, նույնիսկ խոսակցություններ էին շրջանառվում Ադրբեջանում ՆԱՏՕ-ին պատկանող ուժեր կամ օբյեկտներ տեղակայելու շուրջ, բայց բոլոր այս պլանները ձախողվում են:

Ավելին, Հաջիևի՝ ՆԱՏՕ-ում լինելու ժամանակահատվածը համարվում է Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններում ճգնաժամային և ձախողումների ժամանակաշրջան, եթե չասենք՝ հետքայլի:

2004թ. չեղարկվում է Բաքվում նախատեսված Cooperative Best Effort-2004 ՆԱՏՕ-ական զորավարժությունները: Եվ սա միայն նրա համար, որ Ադրբեջանը հրաժարվում է ապահովել հայ սպաների մասնակցությունը ռազմական այդ միջոցառմանը: Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի ներկայացուցիչը Մեդիամաքսին տված հեռախոսային հարցազրույցում ասել էր, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված միացյալ ուժերի գերագույն հրամանատար, ամերիկացի գեներալ Ջեյմս Ջոնսը որոշել է չեղարկել զորավարժությունները, «քանի որ Ադրբեջանի կողմից հայ սպաներին թույլտվություն տրամադրելու մերժումը խախտում է «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում զորավարժությունների անցկացման հիմնարար սկզբունքը, ըստ որի՝ դրանք պետք է բաց լինեն բոլոր գործընկեր երկրների համար»։

Եվ սա այն դեպքում, երբ, ինչպես մի առիթով գրել ենք՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք 2003 թվականին առաջին անգամ Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվում: Խոսքը «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «Լավագույն համատեղ ջանք-2003» զորավարժությունների մասին է, որին մասնակցել է 400 զինվորական՝ ՆԱՏՕ-ի անդամ 8 և «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրում ընդգրկված 11 երկրներից:

Ընդ որում, «Մեդիամաքսի» փոխանցմամբ, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը խոսել էր Ռուսաստանին հրավիրելու մտադրության մասին:

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակված հարցազրույցում նա ասել էր, որ Հայաստանում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում զորավարժությունների անցկացումը չպետք է մտահոգի Ռուսաստանին:

«Ռուս զինվորականները կարող են անմիջականորեն մասնակցել այդ զորավարժություններին, համենայնդեպս, մենք անպայման կուղարկենք համապատասխան հրավեր ռուսաստանյան ռազմական ղեկավարությանը»,- նշել էր Սերժ Սարգսյանը:

Ավելին, դեռևս 2002թ. հուլիսին Սերժ Սարգսյանն ասել էր, որ՝ «եթե թուրք զինվորականները մասնակցեն զորավարժություններին, դրանում ոչ մի սարսափելի բան չի լինի»։

Այսինքն, նախկին իշխանությունների օրոք ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը բավականին ակտիվ էր, և դա չէր արվում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հաշվին, կամ այնպես էր արվում, որ կողմերն ընդունեին այդ հավասարակշռված քաղաքականության փաստը: Այլ կերպ ասած՝ Հայաստանը վստահելի գործընկեր էր դիտվում կողմերի համար, և ասված խոսքը կասկածներ չէր հարցում: Ւսկ Հաջիևի նատօ-ական տարբեր ծրագրերի խափանման հարցում իր դերն է ունեցել ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ Դավիթ Տոնոյանը, ինչը մինչ այսօր Հաջիևը չի կարողանում մոռանալ:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարվում է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրին մասնակցող ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանը։ Եվ սա դարձյալ համընկնում է ՆԱՏՕ-ում Հիքմեթ Հաջիևի՝ որպես Ադրբեջանի ներկայացուցիչ լինելու ժամանակաշրջանի հետ: Այսինքն, ՆԱՏՕ-ի հեղինակությանը հերթական հարվածն է հասցվում Բաքվի կողմից:

Բաքվի և Հիքմեթ Հաջիևի ՆԱՏՕ-ական ամբիցիաների ձախողման շարքը վերը նշված ժամանակաշրջանում կարելի է շարունակել: Իսկ նույն ժամանակում Հայաստանը հաջողություններ էր գրանցում:

2002թ. Հայաստանը դարձել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ, նաև՝ միացել է ՆԱՏՕ-ի Պլանավորման և վերանայման գործընթացին (PARP):

Արդեն նշեցինք, որ 2003թ. ամռանը Հայաստանը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք 2003» զորավարժությունը:

– 2004թ. Հայաստանի 35 հոգանոց խաղաղապահ դասակը սկսել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող Կոսովոյի Ուժեր (KFOR) խաղաղության հաստատման գործողությանը: Բացի այս, Հայաստանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հիմնել է մշտական դիվանագիտական առաքելություն:

– 2005թ. հունիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Հյուսիսատլանտյան խորհրդին ներկայացրել է Հայաստանի առաջին Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ), որը դեկտեմբերի 18-ին հաստատվեց ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի և Հայաստանի կողմից:

-2006թ. հուլիսին Հայաստանում անցկացվել է «Rescuer 2006» ՆԱՏՕ/ԳհԽ վարժանքը: Ավելին, ՆԱՏՕ-ն նշանակել է Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության առաջին սպային, իսկ ավելի ուշ մեկնարկել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում գրանցված հաջողությունների շարքը ևս կարելի է շարունակել, թերևս, սահմանափակվենք այսքանով:

Ի դեպ, այլ առիթով անդրադարձել ենք Հայաստան-ԱՄՆ պաշտպանական հարաբերություններին, և Հայաստանի մասնակցությանը միջազգային տարբեր զորավարժություններին:

Այս համատեքստում, թերևս, հարկ է հիշեցնել 2010թ. «Մեդիամաքսին» տված ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Սելեստա Ուոլանդերի հարցազրույցը, որտեղ նա, մասնավորապես, շեշտել էր.

«Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանին նա հայտնել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության օրակարգն ընդլայնելու մտադրության մասին: Իմ այցը հնարավորություն տվեց կենտրոնանալ հենց պաշտպանական համագործակցության վրա: Նախագահ Սարգսյանի և պաշտպանության նախարար Օհանյանի հետ ես քննարկել եմ հայ զինծառայողների ուսուցման և նախապատրաստման գործում մեր աջակցության ընդլայնման հարցը: Կան այլ բնագավառներ ևս, որտեղ առկա է համագործակցության ընդլայնման ներուժ. խոսքը, մասնավորապես, միջազգային առաքելություններին մասնակցելու ՀՀ հնարավորությունների ընդլայնման մասին է:

Հայաստանն արդեն մասնակցում է առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում, և միջազգային առաքելություններում ավանդ ներմուծելու հնարավորությունը միշտ առկա է:

Պաշտպանական համագործակցությունը մեծամասամբ կախված է կազմակերպչական ունակություններից. պլանավորում, գործընթացների կազմակերպում, բյուջետավորում և աշխատանք անձնակազմի հետ:

Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք SDR-ը (Strategic Defense Review- Պաշտպանության ռազմավարական վերանայում): ԱՄՆ-ը և մյուս երկրներն օժանդակում են այդ գործընթացին, և այն շատ լավ է առաջ ընթանում:

Պաշտպանության ռազմավարական վերանայումը պաշտպանական բարեփոխումների անցկացման հիմքն է, որի ընթացքում գնահատական է տրվում համակարգի ներկայիս վիճակին, նախանշվում են առաջնահերթությունները, որից հետո արդեն կարելի է կազմել գործողությունների ծրագիրը և կիրառել այն:

Այդ գործընթացը շատ լավ է առաջ գնում` հիմք ստեղծելով պաշտպանական բարեփոխումների այլ բաղադրիչների համար: Մենք համագործակցում ենք Հայաստանի հետ Զինված ուժերի սերժանտական կազմի զարգացման հարցում (non-commission officer, NCO): Սերժանտական կազմն ամերիկյան և եվրոպական զինված ուժերի գործունեության արդյունավետության գրավականն է:

Մյուս երկրներին օգտակար կլիներ ունենալ Զինված ուժերի նման մոդել, քանզի դա կհեշտացնի նրանց փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մասնակցությունը Դաշինքի գործունեությանն ու ծրագրերին: Մենք ուսումնասիրում ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներքին բարեփոխումների մյուս ուղղություններին սատարելու հնարավորությունը, որոնք վերաբերում են կադրային հարցերին:

Երբ երկրներն ունեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագիր, Միացյալ Նահանգները փորձում են սատարել դրան` երկկողմ հարաբերություններում սիներգիա որոնելու եղանակով»:

Ի դեպ, Պաշտպանական ռազմական վերանայման գործընթացը, ինչպես տեսանք, կարևորել են ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնյաները, այն կարևորել են նաև ՀՀ նախկին իշխանությունները:

2023թ. նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը փաստաբանական թիմի միջոցով հարցազրույց էր տվել 168.am-ին, որտեղ դարձյալ կարևորվել էր Պաշտպանական վերանայման գործընթացը:

168.am-ը ծավալուն ուսումնասիրություն էր ներկայացրել տարբեր շրջափուլերում ՊՌՎ գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ Փաշինյանի իշխանությունը նման գործընթաց չի իրականացրել: Մենք ներկայացրել ենք նաև Զինված ուժերում սերժանտական համակարգի ներդրման նախապատմությունը:

Այսինքն, այն, ինչի մասին խոսում են կամ չեն խոսում գործող իշխանությունները, շատ վաղուց քննարկել են ՀՀ նախկին իշխանությունները և կոնկրետ արդյունքներ են գրանցել ՀՀ պաշտպանության նախարարության այդ ժամանակվա պատասխանատու պաշտոններ զբաղեցնողները: Իհարկե, ողջունելի է գործող իշխանությունների օրոք «Արծիվ գործընկեր» զորավարժությունների անցկացումը, որին այս տարի, բացի ՀՀ զինված ուժերի և ԱՄՆ զորքերի զինծառայողներից, մասնակցելու են նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինծառայողները, բայց չենք կարող չնկատել, որ ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ է մասնակցություն այլ որակի, բովանդակության, կալիբրի զորավարժությունների:

Այժմ վերադառնանք Հիքմեթ Հաջիևին և հավելենք, որ գործող իշխանությունների օրոք ևս նա «պրետենզիաներ» է ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ կապված:

Նա 2023թ. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին մեղադրել էր Հայաստանի օգտին գործելու մեջ:

Խնդիրն այն է, թե այսօրվա իշխանությունները որքանո՞վ են կարողանում ամուր պաշտպանական հարաբերություններ ստեղծել ՆԱՏՕ-ի հետ, զորավարժություններ հյուրընկալել կամ մասնակցել, ձախողել Բաքվի նմանօրինակ պլանները կամ հետ թողնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների համատեքստում առաջխաղացումներից և ոչ միայն, և այն էլ՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի «սառեցված» անդամակցության պայմաններում: Պատասխանը, թերևս, պարզ է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930