«2022 թվականից համապատասխանում եմ նաև այլ պաշտոնների». հնարավոր նոր պաշտոնից առաջ անհարմար հարցեր՝ Արմեն Գրիգորյանի համար

Սեպտեմբերի 2-ի նախօրեին, երբ ժամանակին նշվում էր Արցախի Հանրապետության հռչակման օրը, ՀՀ անվտանգության նախկին քարտուղար, օկուպացված Արցախի Մարտունի քաղաքում ծնված Արմեն Գրիգորյանն ազդարարել է.

«Քայլ արա, մերժիր Սերժին» վերտառությամբ իր գիրքը, որի շնորհանդեսն անելու է Ազգային պատկերասրահում: Իշխանական լրատվամիջոցին տված հարցազրույցում պատմել է, որ գրքի վրա սկսել է աշխատել 2019 թվականին, որը պիտի շարունակվեր 2020 թվականին և հնարավորինս շուտ լույս տեսներ, բայց հետո դադարներ են եղել՝ պատերազմ, հետպատերազմյան շրջան, և միայն 2026 թվականի օգոստոսին վաշինգտոնյան հանդիպումներից և փաստաթղթերի հաստատումից հետո տրամադրություն է փոխվել և անցել է գիրքն ավարտին հասցնելու աշխատանքներին:

Թե որքանով է արցախցի և հարսանիքը Շուշիում արած Արմեն Գրիգորյանն իր գրքում անդրադարձել ղարաբաղյան հակամարտությանը և 44-օրյա պատերազմին, առնվազն խոհերի տեսքով, չենք կարող ասել, փոխարենը՝ մի քանի հիշեցում ինքներս կանենք:

Մի առիթով ««Քարվաճառյան սկզբունքներից» մինչև Խաղաղության պայմանագիր, կամ՝ «Քարվաճառյան սկզբունքներ vs Մադրիդյան սկզբունքներ». Արմեն Գրիգորյանի գաղափարական ռևոլյուցիան» վերտառությամբ հոդվածում հիշեցրել ենք, թե ինչպես էր Արմեն Գրիգորյանը դեմ արտահայտվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներին:

Կարդացեք նաև

«Ներկայիս քաղաքական վերնախավը բանակցային գործընթացը վարում է «Աղդամը մեր հայրենիքը չէ» տրամաբանության շրջանակներում, որի արդյունքում էլ ծնվել են Մադրիդյան սկզբունքները… Քարվաճառյան սկզբունքների իրացման փուլում պետք է մեկուսացվեն Մադրիդյան սկզբունքները և նման քաղաքական գործիչները, քանի որ թե մոտեցումը, թե նրա կրողները մեծ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար:

90-ականներին Հայաստանը կանգնած էր պատմության լուսանցք անցնելու վտանգի առաջ, սակայն հայ ժողովուրդը ոչ միայն կարողացավ չեզոքացնել այդ վտանգը, այլ նաև կենսական նշանակության տարածքներ ազատագրեց Հայոց պետականության կայացման համար: Այսօրվա գլխավոր մարտահրավերներից են 42 հազ. քկմ տարածքի անձեռնմխելիության և անսակարկելիության հաստատումը, ինչպես նաև Սահմանադրական կարգի հաստատումը այդ տարածքումը:

Վերջիններիս իրականացման հիմքերից մեկը կլինի Քարվաճառյան Հռչակագիրը»,- 2012 թվականին սեպտեմբերի 27-ին այդ ժամանակ «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Արմեն Գրիգորյանը նշել է «Մեդիամաքսում» հրապարակած իր հոդվածում, որտեղ անդրադարձ էր կատարել Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի օրը մի խումբ քաղաքացիների հրապարակած Քարվաճառյան Հռչակագրին:

Արդեն 2018 թվականի իշխանափոխությունից հետո՝ 2019 թվականի հունվարի 28-ին, ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանն այցելել էր N զորամաս, որտեղ կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում նա իր ելույթում մասնավորապես նշել էր.

«Ազատությունը և ինքնիշխանությունը դարեր շարունակ եղել են մեր նախնիների և մեր երազանքը: Այսօր այդ երազանքների մի զգալի մասն արդեն իրականացվել է: Մեր ազատություններն ու միասնական երազանքները պաշտպանված են 42.000 քկմ տարածքի վրա:

Մենք ուժեղ ենք, երբ գործում ենք մեր դավանած արժեքների տրամաբանության շրջանակներում: Բայց եթե մենք մեր դավանած արժեքների պաշտպանության հարցում զիջման գնանք, մենք կբռնենք պարտության ուղին, որովհետև մեր ուժը գալիս է ոչ միայն մեր բանակի հզորությունից ու սպառազինությունից, այլ նաև մեր դավանած արժեքներից, դրանք են` ազատությունը, անկախությունը և ժողովրդավարությունը»:

Թե ինչպես 42.000քկմ-ն նախ դարձավ 29.800 քկմ, այնուհետ՝ 29.743, լավ ենք հիշում, և դեռ հարց է՝ արդյո՞ք ներկա դրությամբ ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքը գետնի վրա 29.743 քկմ է, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» վերտառությամբ հոդվածում առկա մի ձևակերպում:

Ի դեպ, հետաքրքիր է՝ վերևում հիշատակված «Քարվաճառյան սկզբունքների» ջատագով և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գոնե ինչ-որ պահի դեմ կարծիք հայտնե՞լ է, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին էր հանձնում Քարվաճառը, որը բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ կարողացել էր պահել, իսկ Ալիևն էլ ոչ մեկ անգամ խոստավանել, որ այն ուժով ի զորու չէին վերցնել:

Բայց պատերազմի ժամանակ ԱԽ քարտուղար եղած Արմեն Գրիգորյանը միայն այս հարցին չէ, որ պետք է պատասխանի, այլև հետևյալներին՝

-Ի՞նչը հանգեցրեց նրան, որ պատերազմն Արցախում սկսվեց 2020 թ. սեպտեմբերին (հարցազրույցներից մեկում ասել էր, որ այն կարող էր սկսվել 2020 թվականի ամռանը՝ հուլիսյան մարտերի ֆոնին), ինչպե՞ս այն մի քանի ամիս հետ գցվեց, ինչո՞ւ այն չհաջողվեց կանխել, ինչո՞ւ պատերազմը չի կանգնեցվել պատերազմի սկզբում,

– ինչո՞ւ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը որոշեց հերքել միայն 2021 թվականի ապրիլին, երբ այդ մասին հայտարարություն եղել էր 2020 թվականի նոյեմբերին, ի՞նչ է իրականում տեղի ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստերում,

– արդյո՞ք պատերազմից հետո Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի վերաբերյալ վերլուծությունը ներկայացվել է ԱԽ նիստում որևէ ԳՇ պետի կողմից,

– ինչո՞ւ իրեն չեն հրավիրել 44-օրյայի քննիչ հանձնաժողով,

– չպե՞տք է ժողովրդավարական երկրում հանրայնացվի քննիչ հանձնաժողովի զեկույցը,

– արդյո՞ք 44-օրյա պատերազմից առաջ ՀՀ ԶՈւ ծավալման կամ կիրառման պլանում փոփոխություններ են եղել,

– արդյո՞ք ԶՈւ կիրառման պլանով պիտի ՊԲ-ն 2023 թվականի սեպտեմբերին աջակցություն ստանար և այլն:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանի ղեկավարած ԱԽ-ն չի կատարել իր կարևորագույն գործառույթներից մեկը և չի իրականացրել Պաշտպանական ռազմավարական վերանայում՝ ՊՌՎ, ինչի մասին 168.am-ը վերլուծություն էր ներկայացրել:

Իսկ ՀՀ պաշտպանական ռազմավարական վերանայումը երկրի պաշտպանական համակարգի և դրա գործունեության ռազմավարության վերանայմանն ուղղված միջոցառումների ամբողջություն է, որի նպատակն է գնահատել ՀՀ պաշտպանական համակարգն առկա և երկարաժամկետ հեռանկարում ակնկալվող սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու կարողությունների տեսակետից, բացահայտելով այդ առումով համակարգի համապատասխանելիությունը /ոչ համապատասխանելիությունը/: 

Պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինով, իսկ այդ գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում սկսած 2008թ.-ից:

Այսինքն, Արմեն Գրիգորյանը լուրջ պատասխանատվություն է կրում Արցախի և ՀՀ շուրջ հետպատերազմյան իրադարձությունների և ՀՀ-ին առնչվող այսօրվա անվտանգային միջավայրի համար:

Իսկ թե ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց Արմեն Գրիգորյանին հեռացնել ԱԽ քարտուղարի պաշտոնից, կամ՝ ինչ հարցերում է դժգոհություն ունեցել, չենք կարող ասել: Իսկ թե ինչու է 2018 թվականի իշխանափոխությունից հետո նրան բաժին հասել հենց ԱԽ քարտուղարի պաշտոնը, իշխանական լրատվամիջոցին տված հարցազրույցում Գրիգորյանը մանրամասնել է.

«Երբ վարչապետին հանդիպել եմ քննարկելու, թե ես ինչ եմ անելու, այդ ժամանակ առաջարկություն է արել և ասել է, որ ուզում է ինձ նշանակել ԱԽ քարտուղար: Ես մի քանի վայրկյան մտածելուց հետո պատասխանել եմ, որ ընդունում եմ այդ առաջարկը: Ի դեպ, ավելի լայն կոնտեքստում, երբ քննարկում էր գնում, թե ինչ պաշտոնի է հնարավոր ես նշանակվեմ, քանի որ ես ՀՀ քաղաքացի չէի, գրանցված էի Լեռնային Ղարաբաղում, ՀՀ քաղաքացի դարձել եմ 2018 թվականի հեղափոխությունից հետո և գրանցումս տեղափոխել եմ ՀՀ:

Այսինքն, 4 տարվա ցենզին չէի համապատասխանում այլ պաշտոնի համար: 2015 թվականին Սահմանադրություն էր փոխվել, ԱԽ-ին սահմանադրական կարգավիճակ էր տրվել, օրենքով ստեղծվել էր ԱԽ քարտուղարի պաշտոնը, բայց, կարծում եմ, ժամանակ չի եղել մտածելու այդ պաշտոնի համար…, դա միակ պաշտոնն էր, որին ես իմ քաղաքացիությամբ համապատասխանում էի: 2022 թվականից այլևս համապատասխանում եմ»:

Այսինքն, Արմեն Գրիգորյանն այլ պաշտոնների նշանակվելու սահմանափակում չունի:

Թե ինչ պաշտոն կցանկանար զբաղեցնել, երևի միայն ինքը գիտի՝ գուցե որևէ եվրոպական երկրում դեսպան կցանկանար լինել, գուցե այլ պաշտոնի կցանկանար նշանակվել:

Ի դեպ, նշենք, որ այն օրերին, երբ բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի ֆոնին տարբեր շրջանակներ պահանջում էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը, Ֆեյսբուքում ձևավորվեց մի խումբ, որը միացավ այս պահանջին՝ առաջարկով, որ Արմեն Գրիգորյանը նշանակվի նախարար, նրանց մեջ կան մարդիկ, որոնք մինչև այսօր առաջ են մղում այս պահանջը:

Արդյո՞ք տեղյակ է Արմեն Գրիգորյանը հանուն իրեն մղվող և Սուրեն Պապիկյանի դեմ այս պայքարից:

Մի բան պարզ է՝ Պաշտպանության նախարարի պաշտոնը հերթական քաղաքական պաշտոնը չէ։ Այն պաշտոն է, որի պատասխանատուն երկրի պաշտպանության, բանակի և անվտանգային համակարգի համար կրում է ոչ միայն ընթացիկ, այլև քաղաքական պատասխանատվություն։

Ուստի, եթե Արմեն Գրիգորյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելու հարցն իսկապես քննարկվում է, ինքը տեղյակ է դրանից և դեմ չէր լինի ինչ-որ պահի զբաղեցնել այդ պաշտոնը, ապա դրան զուգահեռ՝ պետք է հնչեն նաև մի շարք անհարմար, բայց անհրաժեշտ հարցեր, որոնցից մի մասը արդեն նշեցինք:

Ի՞նչ գնահատական ունի նա իր՝ ԱԽ քարտուղարի պաշտոնավարման տարիներին ընդունված անվտանգային որոշումներին։ Ի՞նչ պատասխաններ ունի 44-օրյա պատերազմի նախապատրաստման, ընթացքի և դրա հետևանքների վերաբերյալ։ Ի՞նչ է արել այն պաշտոնում, որի առանցքային առաքելություններից մեկը Հայաստանի պաշտպանական համակարգի ռազմավարական վերանայումն էր։

Ի վերջո, կարելի՞ է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում դիտարկել մի մարդու, որի նախորդ պաշտոնավարման շրջանը կապված է Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգի ամենածանր փորձությունների հետ, առանց այդ շրջանի վերաբերյալ նրա ամբողջական և հանրային հաշվետվողականության։

Թերևս, այս բոլոր հարցերի պատասխանները պետք է ստանալ ոչ թե նոր պաշտոն ստանալուց հետո, այլ՝ դրանից առաջ:

Հ.Գ. Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանի քեռին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, ժամանակին ողջունել է Սուրեն Պապիկյանի նշանակումը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, և, մեծ հաշվով, այս տարիներին նրա վերաբերմունքը չի փոխվել Պապիկյանի նկատմամբ:

Եվ անգամ, երբ լրագրողների հետ հանդիպումներից մեկում Սուրեն Պապիկյանը 44-օրյա պատերազմի պարտության պատճառների համատեքստում Մովսես Հակոբյանին հորդորել է՝ ամոթ, պատիվ ունենալ ու լռել, գեներալը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում վերջերս անդրադառնալով Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջին՝ նշել է՝ «որ հրաժարական տա, նոր եկածը լա՞վն ա լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930