Բանակի ղեկավարումը այսօր՝ «առողջ ապրելակերպի» պատկերացումներով. Բանակը՝ նախկինում և հիմա
Հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացվելու է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որին ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Այսինքն, նպատակն է՝ բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:
Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի դիտարկմամբ, ««Արծիվ գործընկերը» թույլ է տալիս մեծացնել վստահությունն ու բարեկամությունը մեր երկրների և մեր զինված ուժերում ծառայող կանանց և տղամարդկանց միջև»:
Նշենք, որ ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն ՀՀ-ում անցկացվել է նաև 2023 թվականին:
Իսկ Կանզասի Ազգային գվարդիայի հետ Հայաստանն արդյունավետ փոխգործակցություն է սկսել 2003թ․-ից՝ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Նահանգային գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։
Նախորդ տարի հայտնի էր դարձել նաև Հայաստանը մասնակցելու էր Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին»:
Իսկ Հայաստանը, որը միջազգային խաղաղապահ առաքելությանն անմիջական մասնակցություն է ապահովել 2004թ. փետրվարից, երբ հայ խաղաղապահ զորախումբը մեկնել էր Կոսովո` սկզբում հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու, իսկ 2012թ. հուլիսից՝ արդեն ամերիկյան հրամանատարության ներքո, նմանօրինակ զորավարժություններին առաջին անգամ չէ, որ մասնակցել է:
Մասնավորապես, 2014 թվականի հունվարի 13-ից փետրվարի 2-ը ՀՀ զինված ուժերի 75 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը ԳԴՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում մասնակցել էր «Կոսովոյի ուժեր» հերթական բազմազգ զորավարժությանը։
Զորավարժության նպատակն էր Կոսովոյին նմանեցված պայմաններում իրականացնել մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղարար, կայունացման գործողությունների, ամբոխի կառավարման, պարեկային ծառայության իրականացման և այլ վարժանքներ ու բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի խաղաղապահ կարողությունների և փոխգործակցելիության մակարդակը: Առաջին անգամ նշված զորավարժության շրջանակներում անցկացվել էր նաև կրակի հաղթահարման վարժանք:
«Կոսովոյի ուժեր» զորավարժությանը ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները մասնակցել են նաև 2020-ին՝ Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում: Հայ խաղաղապահներն այստեղ աչքի էին ընկել հմուտ և կազմակերպված գործողություններով և արժանացել զորավարժության կազմակերպիչների բարձր գնահատականներին: Այս զորավարժության շրջանակում տարբեր միջոցառումներին ՀՀ մասնակցության մասին կարելի է շարունակել:
Ինչ վերաբերում է Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին, ապա դրան ևս Հայաստանը տարբեր տարիների մասնակցել է: Մասնավորապես, 2015թ. ապրիլին այս նպատակով Գերմանիա էր մեկնել Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի՝ 36 հոգուց բաղկացած ստորաբաժանումը:
Ավելին, այդ օրերին նախագահ Սերժ Սարգսյանը Russia Today-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ Ծիծեռնակաբերդում ասել էր, որ ՆԱՏՕ-ի կազմակերպած այս զորավարժությանը ՀՀ ԶՈւ խաղաղապահների մասնակցությունը չի խանգարում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելուն:
2016-ին ևս ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը գերմանական Հոհենֆելսում տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում մասնակցել է «Միաձուլված սուր-2016» (Saber Junction 2016) բազմազգ զորավարժությանը:
Նշված զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովել էր ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն: Գործարկվել էր ՀՀ զինված ուժերի ամերիկյան EMEDS համակարգի շարժական դաշտային հոսպիտալը:
Հավելենք, որ 2015թ. սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել էր ՀՀ ԶՈւ խաղաղապահների առաջիկա ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանը ստանձնել է նոր հանձնառություններ:
«Բոլորովին վերջերս ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մեր ապագա մասնակցության և համապատասխան կարողությունների զարգացման ու տրամադրման առումով մենք ստանձնել ենք նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը:
Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման և զարգացման պարագայում առանցքային է եղել ԱՄՆ-ի, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կառույցների և մյուս անդամ պետությունների դերակատարությունը, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում:
Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ, թե՛ փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահությունը՝ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը: Այսօր մեզ դեռևս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր` այն առավել ամրապնդելու համար: Ակնհայտ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ և ապահով աշխարհ»,- հայտարարել էր ՀՀ երրորդ նախագահը:
ՀՀ ՊՆ առաջարկած առաջին ստորաբաժանումը կամ միջազգային չափորոշիչներով ԴԵՐ-2 (Role 2) մակարդակի դաշտային հոսպիտալն իրենից ներկայացնում էր շարժական արագ տեղափոխվող հոսպիտալային համակարգ, որը տեղակայվելու էր վտանգավոր գոտու անմիջական հարևանությամբ, ունենալու էր առաջին մասնագիտական բժշկական օժանդակություն տրամադրելու կարողություն:
Այսինքն, խնդիր էր դրված հիվանդ կամ մարտի դաշտից դուրս բերված վիրավոր անձնակազմի վիճակը կայունացնել, անհրաժեշտության դեպքում իրականացնել անհետաձգելի վիրահատական միջամտություն, և ապահովել նրա ապահով էվակուացիան դեպի հոսպիտալներ` հետագա բուժումն անցնելու նպատակով:
Համակարգն ունենալու էր վիրահատական և կարճատև հոսպիտալացման հնարավորություններ:
«Մեր այս ստորաբաժանումը ստեղծվելու է ԱՄՆ-ի կողմից 2007 թվականին տրամադրված ԻՄԵԴՍ դաշտային հոսպիտալի հիման վրա: Երկրորդ ստորաբաժանումը դա ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորական գումարտակն է, որն այժմ Հայաստանի տարածքում իրականացնում է հումանիտար ականազերծում: Գումարտակը համալրվելու է վերջին տարիներին ահաբեկչական խմբավորումների կողմից լայնորեն կիրառվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման տեխնիկայով, անձնակազմն անցնելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստում և տեղակայման դեպքում ապահովելու է միջազգային ուժերի կամ տարածաշրջանի բնակչության անվտանգ տեղաշարժը:
Ստորաբաժանումների պատրաստման համար մենք պլանավորել ենք բավականին հավակնոտ ծրագիր, նախատեսում ենք աշխատանքներն ավարտել 2-3 տարվա ընթացքում: Սակայն ոչ բոլոր հարցերն են կախված հայկական կողմից:
Անձնակազմի պատրաստումը պետք է իրականացվի մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, ունենք նաև տեխնիկական վերազինման խնդիր, որի լուծման հարցում նույնպես ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը:
Առաջին փուլում նախատեսում ենք վերապատրաստել գնահատող անձնակազմին, այնուհետև մինչև հիմնական գնահատման զորավարժությունը, ստորաբաժանումները կմասնակցեն մի քանի միջազգային զորավարժությունների:
Նշված երկու ստորաբաժանումներն էլ զուգահեռ հավաստագրում են անցնելու թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՄԱԿ-ի կողմից: Ստորաբաժանումների պատրաստումից և հավաստագրումից հետո դրանք կհամալրեն ՄԱԿ-ի, այսպես կոչված, «Խաղաղապահ կարողությունների պահեստային ուժերը», այսինքն` ՄԱԿ-ը նման ստորաբաժանումների անհրաժեշտության դեպքում կդիմի Հայաստանին՝ դրանք այս կամ այն առաքելության շրջանակներում տեղակայելու խնդրանքով, ինչին Հայաստանը կարձագանքի համաձայն ներպետական ընթացակարգերի: Ստորաբաժանումները կլինեն ճկուն և պատրաստ կլինեն տարածաշրջանային յուրահատկությունների առկայության դեպքում հատուկ նախատեղակայման վարժանք անցնելուց հետո` տեղակայվել ցանկացած տարածաշրջանում»,- 2015-ին Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնել էր այդ ժամանակ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Այս համատեքստում հավելենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից, քանի որ Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը: Իսկ արգելք էր դրվել Ադրբեջանի պահանջով. Հունգարիան վետո էր դրել նախագծի վրա՝ պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։
Արգելքը, ըստ էության, հանվել է դարձյալ փոխզիջումային տարբերակով. Բաքվին գումար կտրամադրվի ոչ թե այս հիմնադրամից, այլ՝ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար։
Այսինքն, ամեն դեպքում Ադրբեջանը ֆինանսական աջակցություն կստանա:
Իսկ ավելի վաղ «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։
Այսինքն, ժամանակին Հայաստանն ինքն էր առաջարկում հավակնոտ ծրագրեր, իսկ հիմա ստիպված ենք ընդունել այն, ինչ կառաջարկվի, այն էլ՝ Ադրբեջանին ևս աջակցություն ցուցաբերելու պայմանով:
Ի դեպ, նախկին իշխանությունների օրոք ՀՀ խաղաղապահները մասնակցել են նաև Saber Guardian զորավարժություններին, օրինակ՝ 2013, 2014 թվականներին:
Այս զորավարժությունների նպատակն էր բարձրացնել զինվորական ստորաբաժանումների համատեղելիությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, ամրապնդել ռազմավարական տարածաշրջանային գործընկերությունը, ընդլայնել և ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության ոլորտում:
Հայաստանը մասնակցություն է ապահովել նաև Noble Partner զորավարժություններին, օրինակ՝ 2017-ին, որն անցկացվել է Վրաստանում:
Քանի որ անդրադարձանք Noble Partner զորավարժություններին, ապա հավելենք, որ այս տարի Վրաստանում համանուն զորավարժությունները չեն կայանա: Նման որոշում է կայացվել ԱՄՆ-ի կողմից՝ հաշվի առնելով այն, որ ամերիկյան կողմը որոշել է վերանայել Վրաստանի հետ հարաբերությունների ողջ կոմպլեքսը։
Ավելին՝ ՀՀ նախկին իշխանությունների ժամանակահատվածում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հետ կապված նշենք, որ առաջին անգամ Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացվել են 2003 թվականին:
Խոսքը «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «Լավագույն համատեղ ջանք-2003» զորավարժությունների մասին է, որին մասնակցել է 400 զինվորական՝ ՆԱՏՕ-ի անդամ 8 և «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրում ընդգրկված 11 երկրներից:
Ընդ որում, «Մեդիամաքսի» փոխանցմամբ, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը խոսել էր Ռուսաստանին հրավիրելու մտադրության մասին:
Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակված հարցազրույցում նա ասել էր, որ Հայաստանում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում զորավարժությունների անցկացումը չպետք է մտահոգի Ռուսաստանին:
«Ռուս զինվորականները կարող են անմիջականորեն մասնակցել այդ զորավարժություններին, համենայնդեպս մենք անպայման կուղարկենք համապատասխան հրավեր ռուսաստանյան ռազմական ղեկավարությանը»,- նշել էր Սերժ Սարգսյանը:
Այսինքն, նախկին իշխանությունների օրոք ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը բավականին ակտիվ էր, և դա չէր արվում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հաշվին, կամ այնպես էր արվում, որ կողմերն ընդունեին այդ հավասարակշռված քաղաքականության փաստը: Այլ կերպ ասած՝ Հայաստանը վստահելի գործընկեր էր դիտվում կողմերի համար, և ասված խոսքը կասկածներ չէր հարցում:
Այսօր ՀՀ իշխանություններն ամեն առիթի դեպում խոսում են անվտանգային ոլորտում դիվերսիֆիկացիայի մասին, որն իրականում գոյություն չունի: Երկրորդ՝ Հայաստանը գործընկերների և դաշնակիցների հարաբերությունների հաշվին է փորձում նոր դաշնակիցներ և գործընկերներ ձեռք բերել՝ երբեմն առանց սառը հաշվարկի, առանց խորանալու նոր դաշնակիցների մտադրությունների մեջ: Օրինակ, եթե վաղը Ֆրանսիան հարաբերությունները հարթի ՌԴ-ի հետ, ի՞նչ է անելու Հայաստանը, որի միջոցով Ֆրանսիան փորձում էր ընդդեմ ՌԴ-ի քայլեր անել:
Մյուս կողմից, սառը հաշվարկով գործելու մասին խոսելը գործող իշխանությունների դեպքում անշնորհակալ և ավելորդ գործ է, քանի որ Նիկոլ Փաշինյանի անվտանգային պատկերացումները սահմանափակվում են սահմանային սյուների տեղադրմամբ, իսկ բանակի հզորացման մասին խոսակցությունները սահմանափակվում են ֆիզիկական պատրաստվածությամբ կամ սպորտային կարողությունների զարգացմամբ, ինչի վկայությունը ՀՀ-ում անցկացվող «Բանակային խաղերն են», որի շրջանակում անցկացվում են նաև մրցումներ «Կողմնորոշում» մրցաձևից, ինչպես նաև՝ ինքնաձիգից և դիպուկահար հրացանից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ, բայց Նիկոլ Փաշինյանին հասու են միայն առողջ ապրելակերպ հիշեցնող մրցումները:
Օրերս Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին և զինվորականներին նրա տրված հարցերը տպավորություն ստեղծեցին, որ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերից նա տեղյակ չէ՝ ինչ մրցումներ է այն ներառում, ինչ չափանիշներով են դրանք անցկացվում, և այլն: Ավելին, համապատասխան բացատրությունից հետո Փաշինյանը ձեռքն է վերցրել թերթիկը և սկսել կարդալ.
««Քառամարտ», «Կողմնորոշում», «Կրոսավազք», ԴԴՀ, ԴԴՀ-ն…»։ Նա հարցականներով է կարդում, այսինքն՝ չի հասկանում՝ ի՞նչ է նշանակում, ինչին զինվորականներից մեկը միջամտում է և բացատրում, որ խոսքը դիպուկահար հրացանից հրաձգության մասին է (ԴԴՀ-СВД):
Սա ողբերգություն է: Այս տեսակ գերագույնի հետ հնարավո՞ր է պատերազմ հաղթել, ով չի տիրապետում ռազմական տարրական բաների: Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել, որ ԶՈՒ զարգացման պլան է հաստատել՝ առանց կարդալու և հասկանալու:
«Կամ՝ ես ասում եմ՝ առաջին անգամ պատերազմը մեկնարկելուց հետո եմ իմացել, որ մեր բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր: Ինձ արձագանքում են և ասում՝ ՍՌՏ չգիտեմ որերորդ ծրագրի որերորդ էջում գրված է՝ սաղավարտ և բան: Կներեք, բայց վարչապետը պարտավոր չի հարյուր քանի էջանոց փաստաթուղթը կարդա տողերով և ասի՝ վայ, էս ի՞նչ է գրած»,- 2022թ. ԱԺ-ում հայտարարել էր Փաշինյանը:
Իսկ մեկ այլ առիթով էլ նա խոստովանել է. «44-օրյա պատերազմի ժամանակ հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարողանում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես»:
Ի դեպ, անցած տարի «Բանակային խաղերի» համատեքստում գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի անձնակազմը հրապարակել է ԶՈՒ հատուկ նշանակության զինծառայողի և ԱԱԾ ծառայողների տվյալներն ու դեմքերը: Մինչդեռ ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն բանակային խաղերի փակման արարողության մասին հաղորդագրությանը կից լուսանկարներում փակել էր ԱԱԾ ծառայողների և հատուկ առաջադրանք կատարողների դեմքերը, կամ չէր էլ հրապարակել:
Իսկ Նիկոլ Փաշինյանը և նրա անձնակազմը շարունակում են հրապարակել ԱԱԾ հատուկ նշանակության ուժերի հրամանատարի, զինծառայողների դեմքերն ու տվյալները: Գուցե խաղաղության օրակարգի և փշալարերով պետական սահմանի առկայության դեպքում այլևս կարիք չկա՞ հատուկ նշանակության ուժերը ներկայացնողներին «գաղտնի» պահել:
Գուցե հատուկ գործողությունների կարիք չկա՞ արդեն… Այս ամենն ի մի բերելով՝ մի բան հստակ է՝ Փաշինյանը միայն վտանգում է երկրի, բանակի անվտանգությունը, և ոչինչ, որ այսօր՝ հուլիսի 8-ին, Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր: