Երբ երկիրն ունի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագիր, ԱՄՆ-ը փորձում է սատարել դրան. ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հետքերով, երբ և ինչ նպատակով կառուցվեց «Զառ» կենտրոնը

Հուլիսի 15-ից Հայաստանում մեկնարկել է «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որին ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը տևելու է մինչև հուլիսի 24-ը: Ցանկացած զորավարժության անցկացումը կամ դրան մասնակցությունը՝ լինի խաղաղապահ թե ոչ խաղաղապահ, ՀՀ զինված ուժերի համար օգտակար է: Այլ հարց է, որ իշխանամերձ փորձագետները չափազանցնում են դրանց դերակատարությունը, բացառիկության ֆոն հաղորդում:

Մասնավորապես, «Ազատության» հետ զրույցում «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ հետազոտող, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը նշել է.

«Ամենակարևորն այն է, որ Հայաստանի տարածքում ԱՄՆ-ը առաջ զորավարժություններ չէր անցկացնում, չէր մասնակցում, հիմա դա բավականին լուրջ քայլ է, ու եթե օրինակ՝ Հայաստանն ուզում է շարժվել դեպի ավելի լուրջ զորավարժությունների ԱՄՆ-ի հետ, օրինակ՝ ցամաքային ուժերի զորավարժություններ, այստեղ մենք մի քայլ մոտեցանք դրան, ու կարող է մյուս տարի կամ երկու տարուց տեսնենք, որ արդեն ուրիշ ձևաչափով էլ մենք ուրիշ զորավարաժությունների տեսակ էլ կավելացնենք այս ցանկի մեջ»:

Իսկ այն, թե ո՞ր թվականից է Հայաստանը միացել խաղաղապահ միջազգային առաքելությանը, ո՞ր թվականից է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը համագործակցում Կանզասի ազգային գվարդիայի հետ, ի՞նչ պատմություն ունի Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցությունը, ովքեր ունեն իրենց զգալի ներդրումը, մոռանում ենք:

Կարդացեք նաև

168.am-ը մեկ անգամ չէ, որ մանրամասն անդրադարձել է այս թեմաներին, ՀՀ-ում անցկացված ՆԱՏՕ-ի լրջագույն զորավարժություններին, ուստի տվյալ դեպքում այդ մասին չենք խոսի: Փոխարենը՝ կհիշեցնենք 2010 թվականին «Մեդիամաքսին» տված ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Սելեստա Ուոլանդերի հարցազրույցը, որտեղ նա, մասնավորապես, շեշտել էր.

«Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանին նա հայտնել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության օրակարգն ընդլայնելու մտադրության մասին:

Իմ այցը հնարավորություն տվեց կենտրոնանալ հենց պաշտպանական համագործակցության վրա: Նախագահ Սարգսյանի և պաշտպանության նախարար Օհանյանի հետ ես քննարկել եմ հայ զինծառայողների ուսուցման և նախապատրաստման գործում մեր աջակցության ընդլայնման հարցը: Կան այլ բնագավառներ ևս, որտեղ առկա է համագործակցության ընդլայնման ներուժ. խոսքը, մասնավորապես, միջազգային առաքելություններին մասնակցելու ՀՀ հնարավորությունների ընդլայնման մասին է:

Հայաստանն արդեն մասնակցում է առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում, և միջազգային առաքելություններում ավանդ ներմուծելու հնարավորությունը միշտ առկա է:

Պաշտպանական համագործակցությունը մեծամասամբ կախված է կազմակերպչական ունակություններից. պլանավորում, գործընթացների կազմակերպում, բյուջետավորում և աշխատանք անձնակազմի հետ:

Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք SDR-ը (Strategic Defense Review- Պաշտպանության ռազմավարական վերանայում): ԱՄՆ-ը և մյուս երկրներն օժանդակում են այդ գործընթացին, և այն շատ լավ է առաջ ընթանում:

Պաշտպանության ռազմավարական վերանայումը պաշտպանական բարեփոխումների անցկացման հիմքն է, որի ընթացքում գնահատական է տրվում համակարգի ներկայիս վիճակին, նախանշվում են առաջնահերթությունները, որից հետո արդեն կարելի է կազմել գործողությունների ծրագիրը և կիրառել այն:

Այդ գործընթացը շատ լավ է առաջ գնում` հիմք ստեղծելով պաշտպանական բարեփոխումների այլ բաղադրիչների համար: Մենք համագործակցում ենք Հայաստանի հետ Զինված ուժերի սերժանտական կազմի զարգացման հարցում (non-commission officer, NCO): Սերժանտական կազմն ամերիկյան և եվրոպական զինված ուժերի գործունեության արդյունավետության գրավականն է:

Մյուս երկրներին օգտակար կլիներ ունենալ Զինված ուժերի նման մոդել, քանզի դա կհեշտացնի նրանց փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մասնակցությունը Դաշինքի գործունեությանն ու ծրագրերին: Մենք ուսումնասիրում ենք նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներքին բարեփոխումների մյուս ուղղություններին սատարելու հնարավորությունը, որոնք վերաբերում են կադրային հարցերին:

Երբ երկրներն ունեն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագիր, Միացյալ Նահանգները փորձում են սատարել դրան` երկկողմ հարաբերություններում սիներգիա որոնելու եղանակով»:

Այսինքն, այն, ինչի մասին խոսում են կամ չեն խոսում գործող իշխանությունները, շատ վաղուց քննարկել են ՀՀ նախկին իշխանությունները և կոնկրետ արդյունքներ են գրանցել:

Ի դեպ, Պաշտպանական ռազմական վերանայման գործընթացը, ինչպես տեսանք, կարևորել են ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնյաները, այն կարևորել են նաև ՀՀ նախկին իշխանությունները:

2023 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը փաստաբանական թիմի միջոցով հարցազրույց էր տվել 168.am-ին, որտեղ դարձյալ կարևորվել էր Պաշտպանական վերանայման գործընթացը:

168.am-ը ծավալուն ուսումնասիրություն էր ներկայացրել տարբեր շրջափուլերում ՊՌՎ գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ Փաշինյանի իշխանությունը նման գործընթաց չի իրականացրել:

Վերադառնանք «Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան զորավարժությանը, որը ՀՀ-ում անցկացվել է նաև 2023 թվականին, և որի շրջանակում միջոցառումներն իրականացվել են «Զառ» ուսումնական կենտրոնում:

Ըստ էության, «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան զորավարժության միջոցառումները ևս չեն շրջանցելու է «Զառ» կենտրոնը, որը հենց այս նպատակի համար է կառուցված:

Այստեղ հետ գնանք և հիշենք իրադարձությունների հաջորդականությունը՝ կապված «Զառ» կենտրոնի կառուցման հետ:

Եվ այսպես: 2017 թվականի մարտի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մարտի 3-ին մասնակցել են ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել էր, որ այս ծրագիրը հայ-ամերիկյան երկարամյա սերտ բարեկամության վերջին դրսևորումներից մեկն է:

«Այս տարի մենք տոնում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս բարեկամության առանցքային անկյունաքարերից մեկը մեր ռազմական համագործակցությունն է և մեր պաշտպանական կառույցների միջև վստահության հիմքի վրա ձևավորված կապերը, որոնք նշանավորելու համար մենք այսօր հավաքվել ենք այստեղ»,- ասել էր դեսպանը:

Իր հերթին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել էր հայ-ամերիկյան հարաբերություններին՝ շեշտելով, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների պայմաններում այս տարիների ընթացքում պաշտպանական բնագավառում համագործակցության շրջանակներում հաջողությամբ իրականացվել են և շարունակում են իրականացվել տարբեր ծրագրեր:

«Հայկական խաղաղապահ ուժերի ուսումնական կենտրոնը մեր ամերիկյան գործընկերների օժանդակության շնորհիվ առաջիկա ամիսների ընթացքում ամբողջովին կվերակառուցվի և նոր տեսք կստանա: Սա պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան ակտիվ և արդյունավետ համագործակցության հերթական վկայություններից մեկն է: Մեր խաղաղապահները «Զառ» ուսումնական կենտրոնի հիմնավերանորոգումից և տեխնիկական վերազինումից հետո հնարավորություն կունենան իրենց վարժանքները և առաքելություններին նախապատրաստությունն իրականացնել բարելավված և ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում»,- շեշտել էր նախարարը՝ երախտագիտություն հայտնելով ամերիկյան կառավարությանը, ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության ինժեներական կորպուսին, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը պաշտպանական համագործակցության, ռազմական կցորդի գրասենյակներին, որոնց անմնացորդ ջանքերի շնորհիվ իրականություն է դարձել նախագիծը:

Արդեն 2017 թվականի հոկտեմբերի վերջին Կոտայքի մարզում ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ վերանորոգվելուց հետո բացվել էր ՀՀ ՊՆ «Զառ» խաղաղապահների ուսումնական կենտրոնը, ամերիկյան կողմը 3 միլիոն դոլարի ներդրում էր կատարել այս ծրագիրը կյանքի կոչելու համար:

Այդ ժամանակ խոսակցություններ կային, որ հիմնական վերանորոգումներից հետո նախատեսվում է նաև շենքում լսարանների ստեղծում, և, որ «Զառ» ուսումնական համալիրում օգտագործվելու է նաև ամերիկյան կողմի տրամադրած «Մալս» իմիտացիոն համակարգը, որը թույլ է տալիս զինծառայողներին մարզվել իրական ռազմական գործողություններին առավել նմանեցված պայմաններում:

Բացման արարողությանը ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանը (այսօր ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր) նշել էր, որ վերանորոգված ուսումնական կենտրոնը կօգնի հայ խաղաղապահներին էլ ավելի լավ պատրաստվել առաքելությունների մեկնելուց առաջ.

«Բոլոր առաքելություններից առաջ այստեղ իրականացվելու են նախատեղակայման վարժանքներ: Ըստ երկրների, որտեղ մեկնելու են մեր խաղաղապահ ստորաբաժանումները, ստեղծվելու է համապատասխան իրավիճակ»,- հավելել էր նա:

Կենտրոնի բացման արարողությունից առաջ էլ ՀՀ ԶՈւ մայոր Դավիթ Ալեքսանյանը (այսօր ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ) Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ներկայացնում էր «Զառ» ռազմական ուսումնական կենտրոնը, որը պիտի ծառայեր՝ որպես հայ խաղաղապահների միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստելու հիմնական կենտրոն:

Ի դեպ, 2017-ին այդ ժամանակ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը (այսօր վարչության անունը վերափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտ­պա­­նա­կան քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչու­թյան, որը դարձյալ ղեկավարում է Լևոն Այվազյանը) հայտարարել էր, որ Հայաստանի ՊՆ-ն նպատակ ունի ԱՄՆ-ի օգնությամբ Կոտայքի մարզում կառուցվող «Զառ» ուսումնավարժական կենտրոնը դարձնել միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն:

«Մենք հեռահար նպատակ ունենք այդ ուսումնական կենտրոնի վերջնական կառուցումից հետո, միգուցե սերտիֆիկացնենք, և այն դառնա միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն»,- ընդգծել էր նա:

Այս փաստերը կարելի է լրացնել, որոնք չէին հիշվել նաև, երբ 2022 թվականին Փաշինյանի իշխանությունը «Զառ» ուսումնական կենտրոնում վերակառուցված մասնաշենքի բացման արարողության էր մասնակցում:

Բանակը կենդանի օրգանիզմ է, եթե որևէ նոր բան արվում է, որևէ բան վերակառուցվում է, չպետք է ջնջել հիմքը:

Իսկ «Ազատությանը» տված վերևում հիշատակված հարցազրույցում ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը նշել էր. «Որոշում կա, որ ամերիկական բանակի ներկայացուցիչ կաշխատի Պաշտպանության նախարարությունում, որը, ինձ թվում է, շատ կարևոր է»։

Նման ցանկություն, տեղեկություններ իշխանամերձ այլ փորձագետներ էլ են հայտնել, ինչի առնչությամբ մենք հարցում էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, ինչին ի պատասխան՝ ՊՆ-ն չի հերքել իշխանամերձ փորձագետի՝ արևմտյան երկրներից Զինված ուժերին տրամադրվող խորհրդատվության փաստը:

ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում և օգտագործում է միջազգային գործընկերների փորձը, ստանում փորձագիտական և խորհրդատվական օժանդակություն»,- հայտնել էին ՊՆ-ից:

Հուլիսի 17-ին «Հետքի» հետ հարցազրույցում Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերոԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հաստատել է՝ ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցչի աշխատելու մասին տեղեկությունը:

Այն, որ անվտանգային կարևոր փաստաթղթի կամ բարեփոխումների շրջանակում Հայաստանը հաշվի է առել միջազգային փորձը, ստացել խորհրդատվական օժանդակություն, դա նոր բան չէ: Եվ բոլորովին այլ բան է, եթե ԱՄՆ կամ մեկ այլ երկրի ներկայացուցիչ աշխատի ՀՀ ՊՆ-ում: Այստեղ, ըստ էության, ՀՀ ԶՈՒ սուբյեկտայնության խնդիր կարող է լինել, եթե մի կողմ թողնենք գաղտնիության սկզբունքի խախտման հնարավորության հարցը:

Իսկ այն, որ ՀՀ զինված ուժերն իրենց պատրաստվածությամբ պետք է համահունչ լինեն արդի անվտանգային մարտահրավերներին, միանշանակ է:

Տեսանյութեր

Լրահոս