Լավ, ինչքա՞ն կարելի է մարդկանց բացատրել, որ մեզ ոչ ոք Եվրոպա չի հրավիրում, հենց ԵՄ-ից են դա ասում․ Վահե Հովհաննիսյան
2021-2026 թվականների պայքարի պատումները, բովանդակությունը, ձևակերպումներն ու հանրային ուղերձներն արդեն պատմություն են։ Այդ էջը փակվել է, և խնդիրը շատ ավելի խորքային է։ Ժամանակն է, որ մենք մեր մտածողության հորիզոնը երկարացնենք, քանի որ կարճաժամկետ մտածողությամբ մենք անընդհատ վթարի ենք ենթարկվելու և պարտվելու ենք։ 2021-26թթ․-ին հանրային-քաղաքական կյանքում ինչ հնարավոր է՝ ասվել է, մեկը՝ խելոք, մեկը՝ ագրեսիվ, մեկը՝ բարեկիրթ, մեկը՝ զուսպ ձևով։ Բոլոր ռիսկերը, սցենարները, սխալներն ու լուծումները բացատրվել են, շատ արժանի մարդիկ են խոսել այդ մասին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը:

«2021-26 թթ․ արդյունքը մենք տեսանք ընտրական ցիկլում, և սա նշանակում է, որ շարունակել նախկին ձևով՝ նշանակում է զբաղվել ժամավաճառությամբ և անիմաստ մի գործով։ Ի վերջո, ցանկացած ընտրություն կարող է լինել լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ։ Իսկ կարո՞ղ է ընտրությունը լինել լեգիտիմ, բայց ոչ բանական։ Իսկ արդյո՞ք մեր հանրային մթնոլորտը բանականության շեղումներ չունի։ Մի հասարակություն, որն արդեն ութ տարի կատարյալ ինֆոտեռորի ազդեցությամբ է ապրում, արդյո՞ք այդ ութ տարին բավարար չէր՝ սկսելու շատ բաներ ինքնուրույն մտածել և դուրս գալ ինֆորմացիոն տեռորիզմի ճիրաններից։ Թերևս բավարար էր»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
«Օրեր առաջ հրապարակվեց միջազգային կրթական մի հայտնի թեստ, որից պարզվեց, որ Հայաստանը 15 տարեկանների շրջանում ունի ահռելի կրթական խնդիր։ Մենք հետ ենք աշխարհի բազմաթիվ երկրներից բնագիտության և մաթեմատիկայի ուսուցման, ինչպես նաև՝ տեքստ կարդալու, հասկանալու, վերարտադրելու, այսինքն՝ վերացական և ինքնուրույն մտածողության հարցում։ Մենք այս ցուցանիշով խայտառակ վատ արդյունք ունենք միջազգային ասպարեզում։ Կրթական այդ ցածր ցենզն ու ինտելեկտի պրոբլեմն է, որ այսօր մենք քաղաքակրթական խնդիր ունենք»,- նշեց հանրային գործիչը:
Վահե Հովհաննիսյանը զարմանում է՝ դեռևս ինչքա՞ն կարելի է մարդկանց բացատրել, որ մեզ ոչ ոք Եվրոպա չի հրավիրում.

«Պարտադիր չէ, որ դրանք լինեն հեռավոր գյուղերի՝ իրենց հոգսերով ապրող մարդիկ։ Շատ կրթված, երևանյան մասնագիտական էլիտաներում ինչպե՞ս խոսել ու բացատրել, երբ շատերը վստահ են կամ իրենց համոզում են, որ մենք գնում ենք դեպի ԵՄ։ Հնարավոր չէ մարդկանց բացատրել, ինչ հակափաստարկ էլ բերես, նրանք չեն ընդունում։
Որքա՞ն կարող ես մարդուն ասել, որ հենց նոր ԵՄ-ից ասացին, թե վիզաների ազատականացման գործընթացը յոթ սարի հետևում է՝ կլինի կամ չի լինի։ Դուրս գանք Երևանի փողոցներ, և կպարզվի, որ շատերը սպասում են՝ շատ շուտով, եթե ոչ՝ շաբաթներ, ապա՝ ամիսներ անց լինելու է։ Բազմաթիվ նման օրինակներ կան»:

«Որքա՞ն կարելի է բացատրել, որ ռուսական տնտեսական շուկաների կորուստը բերելու է Հայաստանում լուրջ տնտեսական ճգնաժամի։ Փաստը կատարվում է, մենք նոր ենք հասկանում։ Ինչպես 15 տարեկան դպրոցականը չի կարողանում տեքստը կարդալ և այն ընկալել ու վերարտադրել իր բառերով, փաստը կարծիքից չի տարբերում, այնպես էլ մենք՝ որպես հասարակություն»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում


