«ՆԵՄԵՍԻՍԻ» ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՆՄԵՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՉԵՆ ՍՊԱՆԵԼ, ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՈՐ ԲԱՆ ՉԻ ԱՍՈՒՄ, ՆԱ ԿՐԿՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԵԶԵՐԸ. ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Հայոց պատմության» ամբիոնի դոցենտ Հովիկ Գրիգորյանն է։

Պատմաբանի հետ զրույցով անդրադարձ ենք կատարել նաև Հայոց ցեղասպանության, Մեծ Թուրանի և առհասարակ՝ պանթուրքիզմի մասին թուրքական, ադրբեջանական այն բոլոր թեզերին, որոնք այսօր ՀՀ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և մերձիշխանական շրջանակները՝ 2018-ից սկսած, առավոտից երեկո տարածում են՝ մոլորեցնելով հայ հասարակությանը:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Կարդացեք նաև

  • Հայոց ցեղասպանությունն ընդգրկուն ժամանակահատված է եղել, և Մեծ եղեռնը դրա դաժան, սակայն ընդամենը մեկ հատվածն էր: Օսմանյան կայսրությունը, որն ապրում էր իր վերջին շրջանը, ուներ կայսրությունը պահպանելու խնդիր, իսկ դրա եղանակը պետության միատարրությունն էր: Հայերի ոչնչացման ծրագիրն առաջին անգամ քննարկվել է 1890թ. հուլիսի 15-ին Կոստանդնուպոլսի Գում Գափու թաղամասում տեղի ունեցած հայտնի Գում-Գափուի ցույցից հետո, երբ Սուլթանի պալատում դրվել է հայերի վերացման հարցը: Դրանից հետո սուլթան Համիդը ստեղծեց իր աբդուլհամիդյան պանիսլամիզմի մոդելը, որի հիմքում ընկած էր քրիստոնյա հայերին ոչնչացնելու ծրագիրը՝ 300.000 զոհ, 100.000 ձուլված հայեր, 300.000 տարագիրներ… Սա առաջին փուլն էր: Հաջորդ փուլում Կիլիկիայի կոտորածներն էին, որին զոհ դարձան 30.000 հայեր: Իհարկե, այդտեղ կար թուրքական պետության միջամտությունը: 

Գում Գափուի ցույցը (1890թ. հուլիսի 15) Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կողմից Կ.Պոլսում կազմակերպված առաջին զանգվածային բողոքի ակցիան էր։ Նպատակն էր եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել հայկական հարցի վրա և պահանջել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի իրագործումը։ Ցույցը դաժանորեն ճնշվել է թուրքական իշխանությունների կողմից։ Այդ թաղամասում էր գտնվում հայոց պատրիարքարանը։

  • Հակոբ Պապիկյանը թուրքական մեջլիսի հայազգի պատգամավոր էր, իթթիհատական, որն ավելի թուրքասեր էր, քան իրենք՝ թուրքերը: Կիլիկիայի ջարդերից հետո, երբ մեծ դժգոհություն եղավ, թուրքական մեջլիսի հանձնաժողով ուղարկեցին Կիլիկիա՝ քննելու այդ իրադարձությունները: 4 հոգի էին. երկու հայ՝ Հակոբ Պապիկյան և Հովհաննես Մոստիշյան, և երկու մահմեդական: Երբ հասան Կիլիկիա, ազնիվ գտնվեց, և հետվերադարձին հայտնեց ճշմարտությունը՝ ասելով, որ այդ դեպքերին մասնակցություն են ունեցել Իթթիհատի տեղական կազմակերպության անդամները՝ հաստատելով երիտթուրքերի անմիջական մասնակցությունը: Մեջլիսում 1909-ի Ադանայի ջարդերի տեղեկագիրը ներկայացնելու նախօրեին Հակոբ Պապիկյանն անհասկանալի հանգամանքներում մահացավ, բայց տեղեկագիրը կա: Սա Հայոց ցեղասպանության 2-րդ փուլն է: 3-րդ փուլը Մեծ եղեռնն է, ամենածանր փուլը, որին զոհ գնաց 1.5 միլիոն հայ:
  • Օրերս՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը, Էրդողանը հերթական մանիպուլյացիան կատարեց, ու Պոլսի պատրիարքը դա ներկայացրեց: Հայերի ոչնչացման ծրագիրը հստակ ուրվագծվել է արդեն 1910-12 թվականներին: Այդ ժամանակ Իթթիհատը շատ արագ անցում կատարեց համաթուրքականությանը՝ պանթուրքիզմին: Իսկ որ Սալոնիկի ժողովներում հստակ քննարկվել է հայկական տարրը ոչնչացնելու խնդիրը, բազմաթիվ վկայություններ կան: Որպես առաջին փուլ՝ Արևմտյան Հայաստանի հայերի կոտորածն էր, հաջորդը կլիներ օղուզականությունը, որը ներառում է արևելահայության բնաջնջումը, և վերջինը՝ պանթուրքիզմ: Հայաստանն այսօր էլ է խոչընդոտ, և այդ խոչընդոտը վերացնելու տարբեր ծրագրեր են մշակվում: Թուրքիայի ծրագրերում ոչինչ չի փոխվել:

(Պանթուրքիզմ-թուրքալեզու ժողովուրդների ազգային, ռասայական գաղափարախոսությունն է: Այդ գաղափարախոսության նպատակը եղել է Ադրիատիկ ծովից մինչև Չինաստան թուրքալեզու ժողովուրդների համախմբումը մի պետական միավորման մեջ: 

Պանթուքիզմը պետք է կենսագործվի 3 փուլով. 

1-ին փուլ. Պանթուրքիզմի գաղափարախոսությունը կարող է իրականացվել միայն ուժեղ Թուրքիայի միջոցով, որին հասնելու համար հարկավոր էր թրքացնել կամ ոչնչացնել կայսրության (հետագայում՝ պետության) մյուս ոչ թուրք ժողովուրդներին: 

2-րդ փուլ. Օղուզականություն: Թուրքիան, Ադրբեջանը և Իրանի հյուսիսային շրջանները պետք է միավորվեն մեկ պետության մեջ: 

3-րդ փուլ. Վերը նշված խնդիրները հաջողությամբ կատարելուց հետո միայն Թուրքիան պետք է սկսի Մեծ Թուրանի (պանթուրանիզմ) ստեղծումը: Այն պետք է տարածվի Միջերկրական ծովից մինչև Խաղաղ օվկիանոս, Չինաստանից մինչև Հյուսիսային Կովկաս:):

  • Անդրանիկ Քոչարյանը կարող է գնալ ու տեսնել թուրքական աղբյուրները, որոնցում հաշվված են 3 միլիոն հայ զոհերի անուններ: Եթե իշխանության մեջ գտնվող մարդիկ ժամանակին սիստեմատիկ կրթություն չեն ստացել, գոնե թող հիմա կարդան, սովորեն, որ ջուր չլցնեն թշնամու ծրագրին…
  • Սա դեռ ամենը չէ: Մենք ունենք Հայերի ցեղասպանության 4-րդ փուլ, որը ներառում է 1918-1920 թթ. արևելահայերի ոչնչացումը, երբ թուրքական բանակը ներխուժեց Արևելյան Հայաստան, ինչին զոհ գնացին հարյուր-հազարավոր հայեր: Այս փուլն առնչվում է քեմալականների հետ, այսօրվա Հանրապետական Թուրքիայի հիմնադիրների հետ: Այսօրվա Թուրքիայի հայրերը շարունակում են Հայոց ցեղասպանությունը: Էրդողանը շարունակում է Մուստաֆա Քեմալի գիծը, իսկ Մուստաֆա Քեմալը, բացի 1.5 միլիոնից, վերացրել է ևս 200-300 000 հայ: Կան նաև Զմյուռնիայի հայերի կոտորածը, պոլսահայերի ու կիլիկիահայերի ոչնչացումները նույն քեմալականների ձեռքով: Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում իրականացվել է ավելի քան 30 տարի: Մենք քննարկում ենք հաճախ Ցեղասպանության 3-րդ փուլի՝ առանցքային Մեծ եղեռնի շրջանը, երբ հայերը հայրենազրկվեցին, բայց Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք բոլոր 4 փուլերի զոհերին:
  • Ցավալի է, բայց Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտն այսօր շատ ավելի հայ է, քան շատ հայեր:
  • Չմոռանանք նաև Սումգայիթի, Բաքվի հայերի ջարդերը, Արցախի ցեղասպանական իրադարձությունները… Սրանց մասին ոնց որ թե մոռացել են, իսկ ժամանակին դա հիշվում էր… Հիշենք, հիշեցնենք և պահանջենք… Սա երեկ Արամ Առաջինի բանաձևումն էր, կարծում եմ՝ տեղին է այսօր: Սա պետք է դառնա էս թեմայի հետ կապված մեր գլխավոր կարգախոսը:
  • Անկեղծ ասած, ես վաղուց իր (Նիկոլ Փաշինյանի,- հեղ.) ասածները չեմ լսում, բայց հիմա որ կարդում եք Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը նրա ուղերձից այդ հատվածները, ես հասկանում եմ՝ ինչ է ուզում ասել, ում պատվերով՝ ինչ խնդիր է ուզում լուծել… Օսմանյան կայսրությունում թեզ կար, որ հայերն այնտեղ ապրում էին ապահով ու երջանիկ, բայց ընկան ռուսների ու բրիտանացիների խելքին, ու եղավ այդպես: Սա հայտնի թուրքական պաշտոնական թեզ է, ինչը կրկնում է Փաշինյանը: Սա հեքիաթ է. հայերը Օսմանյան կայսրությունում դրախտի մեջ չեն ապրել: Խորհուրդ կտամ կարդալ Մկրտիչ Խրիմյանի երկու գործերը՝ «Վան գույժը» և «Հայ գույժը» Վանի շուկայի այրման ու Բայազետի հայերի կոտորածի մասին: Վերջինս ընկավ Րաֆֆու հայերի «Խենթի» հիմքում: Եթե սա է դրախտը, ի՞նչ ասեմ… Հայերը դրախտում չեն ապրել, և բնական է, որ հայերը, ինչպես եվրոպական շատ ազգեր, ձգտեցին դուրս գալ նման միջավայրից ու ստեղծել իրենց ազգային պետությունները: Եվ սրա վրա դնել հայերի կոտորածի մեղքը, անթույլատրելի՛ է: Փաշինյանը նոր բան չի ասում. սա թուրքական պաշտոնական թեզն է, որը շատ չեմ ուզում քննարկել՝ չտարածելու համար:

Հիշեցնենք, Փաշինյանն իր ուղերձում ասել էր. 

«…Այս մտածումների և հաստատակամության վրա է հիմնված մեր՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և կառավարող մեծամասնության վերջին տարիների քաղաքականությունը։

Ձեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատգամով մենք վճռականություն ենք դրսևորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը՝ ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու, մեր այսօրը և գալիքը լավը դարձնելու համար։

Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում՝ նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։

…Այն ուժերը, որոնք հանդես են գալիս «կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների և արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է, որովհետև աշխարհում յուրաքանչյուրն ունի ի՛ր պատմությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր արդարությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր կորուսյալ հայրենիքը։ Մենք, ի վերջո, դուրս ենք եկել այս թակարդից, և Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրավեր են դեպի կառափնարան…»: 

  • Էսօրվա Հայաստանի միջավայրը Ռուսաստանի ընկալման առումով ամենաանբարենպաստ միջավայրն է, այդ թվում նաև՝ ռուսական ոչ խելամիտ քաղաքականության պատճառով: Հիշենք անցյալ ժամանակահատվածը նույնպես, երբ Մուշի և Սասունի հայությունը 1915թ. գարնանից մինչև ամառ դիմադրեց ու չփրկվեց, ինչը շատ ցավալի է, որովհետև դիմադրողը պետք է փրկվեր: Իհարկե, ռուսական հրամանատարության նահանջի հրամանը դեր խաղաց, կամավորների ժամանակին չհասնելը՝ նույնպես: Սա մեր պատմության ցավալի էջերից է, բայց ասել, որ Ռուսաստանը կազմակերպեց Հայոց ցեղասպանությունը՝ ճիշտ չէ: Հիմա հակառուսականությունը Հայաստանում ակտիվացել է, որովհետև Ռուսաստանի իշխանություններն իրենց այդքան ճիշտ չպահեցին Արցախի հարցում՝ չհասկանալով, որ տարածաշրջանում Արցախի կորստով իրենց համար ծանր խնդիրներ են ստեղծում: Երբ դու զիջում ես, փոխարենը գալիս է նա, ով չի մոռացել, որ դու սեպ ես: Պանթուրքիզմը մոռացված չէ, ինչպես ժամանակին պնդում էր ՀՀՇ-ն, որի պատճառով սուր քննադատության ենթարկվեց: Երբ դու զոհից վերածվում ես քեզ մեղադրողի, թույլ ես տալիս, որ քո նկատմամբ կրկնեն նույնը: Մենք չպետք է թույլ տանք մեզ մեղադրել նրանում, ինչում մենք մեղավոր չենք: Այլապես ՀՀ գործող իշխանությունների կողմից թուրքական թեզերի նմանօրինակ տարածման և այսպես շարունակվելու դեպքում թուրքերը մեղավորից կվերածվեն մեղադրողի:
  • Երեք տասնյակից ավելի պետությունների միջավայրում հասել էինք մեր խնդրի ճանաչմանը, որոշ երկրներում՝ Ցեղասպանության ժխտման քրեականացմանը, այսօր Ցեղասպանությունը կասկածի տակ դնելը նշանակում է, որ դաշույն ես խրում նաև այդ պետությունների թիկունքին: Այդ պետությունները մեղավոր են դուրս գալիս, իսկ մյուսները մեսիջ են ստանում հայերի հետ գործ չունենալ:
  • 1988թ. երբ Մոսկվայում քննարկվում էր Ղարաբաղի հարցը, ԵՊՀ ռեկտոր Սերգեյ Համբարձումյանն ունեցավ իր հայտնի ելույթը, և ես մինչև այժմ Ռուսաստանում շատ եմ լսում, որ ձեր ռեկտորը բարձր պահեց հայերի անունը: Այսպիսի մտավորականները պետք է առաջին պլանում լինեն:

  • «Նեմեսիսի» անդամներն անմեղ մարդկանց չեն սպանել: Երբ երիտթուրքերը դեռ 1918թ. դեկտեմբերին փախել էին, նոր սուլթանական իշխանության ներկայացուցիչներն ընդունեցին, որ հայերի նկատմամբ հանցագործություն է կատարվել: Ի դեպ, Թուրքիայի վերջին սուլթան Վահիդեդդինը Հայոց ցեղասպանությանը դեմ էր, համակրում էր հայերին: Ռազմական ատյաններ բացվեցին, և պաշտոնական թուրքական դատարանն է երիտթուրքերին մեղավոր ճանաչել Հայոց ցեղասպանության հարցում: Հենց թուրքական դատարանն է փաստերի ճնշմամբ հեռակա կարգով դատապարտել Թալեաթին, Էնվերին, Ջեմալին, մյուսներին… Այդ դատարանը կազմված էր թուրքերից ու քրդերից, թեպետ ձևավորվել էր Անտանտի պետությունների դրդմամբ: Թուրքական դատարանի վճռով փոքր կերպարների Թուրքիայում մահապատժի ենթարկեցին, բայց խոշորները փախան: Թուրքական դատարանն այլ բան չէր կարող անել. հսկայական փաստեր կային: Ի դեպ, այդ թուրքական դատարանի դատավորները հետագայում դատապարտվեցին: Մեկը քուրդ Մուստաֆա փաշան էր, որը հայերին ինֆորմացնում էր Էնվերի տեղաշարժերի մասին: Այդ դատավորներից մեկն էլ Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի մայրական նախապապերից մեկն է: Բորիս Ջոնսոնը մայրական կողմով թուրք է: Այդ Ջոնսոնի պապին Թուրքիայում մահապաժի ենթարկեցին, ընտանիքն էլ տարան Անգլիա:

«Նեմեսիսի» առնչակցությունն Ադրբեջանին և, թե ինչու են ադրբեջանցիները հայտարարում, թե «Նեմեսիսի» և Գարեգին Նժդեհի արձանները պետք է ապամոնտաժվեն Երևանում: «Նեմեսիսը» գործի դրվեց, որովհետև կար կայացված պատիժ, բայց չկային այդ պատիժը գործի դնողներ: Ի դեպ, «Նեմեսիսի» առաջին գործողություններից մեկը Մուսավաթական Ադրբեջանի դեմ էր, առաջին զոհերից մեկը՝ Բեհբութ Խան Ջևանշիրը՝ հայերի կոտորածի կազմակերպիչներից մեկը, 1918թ. Բաքվում սեպտեմբերին, որին զոհ գնաց 30.000 հայ: Միսաք Թոռլակյանը Պոլսում ոչնչացրեց Մուսավաթական Ադրբեջանի ՆԳ նախարար Բեհբութ Խան Ջևանշիրին, և նա էլ, ինչպես Սողոմոն Թեհլերյանը, ազատ արձակվեց դատավարության արդյունքում: Հետագայում այլ ղեկավարներ նույնպես ոչնչացվեցին: Ոչնչացվեցին նաև դավաճան-մատնիչ հայեր, ինչպես, օրինակ՝ Հարություն Մկրտչյանը, ով կազմել էր հայ մտավորականների ցուցակները: Այլ դավաճաններ նույնպես ոչնչացվեցին: Հայոց ցեղասպանության կազմակերպման խոշոր դերակատարները՝ թաքնված, տեղից տեղ փախչող, ուրիշի անվան տակ հանդես եկողներին դժվար էր հայտնաբերել: Մարդիկ ամիսներով հետևել են, հայտնաբերել են երթուղիները, նոր իրականացրել պատիժները: Եվ դա էր «Նեմեսիս» գործողության վերջին փուլը՝ Թալեաթի, Էնվերի, Ջեմալի չեզոքացումը: Դա երկարատև պրոցես էր, շատերը ստվերում են մնացել, հայտնի են միայն ատրճանակից գնդակ արձակողների անունները, բայց շատ նվիրյալներ հայտնի չեն: Եթե հայ ժողովուրդը չաներ դա, երկրի վրա ապրելու արժանի չէր:

1918 թ. դեկտեմբերին Ս. Թեհլերյանը ժամանում է Կ. Պոլիս` գտնելու մատնիչ Հարություն Մկրտչյանին, որի կազմած «սև ցուցակի» համաձայն՝ Թալեաթը հրամայեց 1915 թ. ապրիլի 24-ին աքսորել Կ. Պոլսի հայ քաղաքական և մշակութային վերնախավին: 1919թ. փետրվարին նա գնդակահարում է հայազգի մատնիչին Կ. Պոլսում: Ինքը՝ Սողոմոն Թեհլերյանը, անդրադառնալով հայ մատնիչ-դավաճան Հարություն Մկրտչյանի սպանությանը, գրում է, որ նրան մահապատժի ենթարկելն իր սեփական նախաձեռնությունն է եղել. «Երկար ճանապարհին միակ միտքս այդ նոր հրէշն էր՝ մատնիչ Յարությունը. անհրաժեշտ չէ՞ր վրէժխնդրութեան առաքելութիւնս, որ վաղուց դարձել էր գոյութեանս նպատակ, նրանից սկսել…»:

  • Ստվերում է մնացել, օրինակ՝ հետախույզ, հերոս Հրաչ Փափազյանը, որը մտել էր թուրքերի շրջանակ, մտերմացել նրանց հետ ու մեծագույն նպաստ բերել գործի՝ «Նեմեսիսի» հաջողությանը։ Նա հանուն իր ժողովրդի խնդիրների լուծման՝ երկար ժամանակ ապրել է թուրքական միջավայրում, լսել իր ժողովրդի հասցեին սպառնալիքներ, հայհոյանքներ, բայց հանդես է եկել՝ որպես թուրք կալվածատիրոջ զավակ, հանուն գործի անգամ թլպատվել է, որպեսզի վստահություն ձեռք բերի, ու հասել է նրան, որ մեծ հանցագործներից մեկի՝ Ջեմալ Ազմիի տղայի հետ է ընկերացել: Նա իսկական խոնարհ հերոս էր, ու միայն իր կյանքի վերջին տասնամյակում է հայտնի դարձել այն, ինչ նա արել է հայ ժողովրդի համար:

  • Մենք մեր պատմությունից ոնց որ թե դասեր չենք քաղում: Մենք մեր հաջորդ քայլը չենք մտածում… Ոչ մի ժողովուրդ անսխալական չէ, բայց վերլուծելու, սեփական սխալները հասկանալու կարողություն է պետք:
  • Անգամ 1%-ի վստահություն չկա, որ Ադրբեջանը նույնը չի անելու, Թուրքիայից եկող վտանգը նույնպես չի վերացել, ծրագրերը չեն փոխվել: Բայց ես վստահ եմ, որ ցանկացած հանցագործություն վաղ թե ուշ պատժվելու է:
  • Ռուսաստանը և որևէ այլ երկիր մեր ազատարարը չէ, ամեն ժողովուրդ ինքն է իր ազատության ու փրկության գլխավոր երաշխավորը: Բայց մեզ բացարձակապես ձեռք չի տալիս Ռուսաստանի հետ ծայրահեղ վատացնել մեր հարաբերությունները: Ի վերջո, երկու պետություն կա, որ խոչընդոտ են պանթուրքիզմին, որոնց շահերից է բխում Հայաստան պետության լինելը: Դրանք Իրանն ու Ռուսաստանն են: Այս հարցում մեր շահերը համընկնում են, և սա չի կարելի հաշվի չառնել:
  • Համաթուրքականության երկրորդ փուլն, ինչպես ասացի, օղուզականությունն է, որը բոլոր թուրքերին, այդ թվում՝ Կովկասի թուրքերին միավորելու խնդիր է լուծում: Հայաստանն այն սեպն է, որը խանգարում է օղուզականության իրականացմանը: Ես էլի եմ ասել՝ եթե Նախիջևանը մնար Հայաստանին, կարող է մեզ Զանգեզուրը չտային: Բայց քանի որ Նախիջևանը տվեցին Ադրբեջանին, Խորհրդային Ռուսաստանին ձեռք չէր տալիս Զանգեզուրն էլ հանձնել ու միավորել թուրքերին: 
  • Մեծ Թուրանի ծրագիրը, ոչինչ չի փոխվել, անունն է փոխվել: TRIPP կասեն թե «Զանգեզուրի միջանցք», նույն բանն է ու մեզ համար՝ անթույլատրելի: Ես հավատ չունեմ, որ դա բացվելու է, որովհետև թղթի վրա գրված բան է, իսկ պատմության մեջ բազմաթիվ թղթեր կան, որոնք կյանքի չեն կոչվել:

Խաղաղության պայմանագիրն էլ է միֆ, դա էլ չի լինելու: Այդպիսի հեքիաթներ շատ ենք լսել: Հիմա էլ ժողովրդին պատերազմով են վախեցնում: Իսկ ո՞վ է իրեն՝ Նիկոլ Փաշինյանին ասել, որ պատերազմ է լինելու: Ինչ-որ ակնարկնե՞ր է անում, բա՞ն են ասել… Այդքան հեշտ չէ պատերազմ սկսելը, ուղղակի պարզ է, որ նա իշխանություն պահելու խնդիր ունի, որովհետև իրենք գիտեն՝ իշխանություն չունենալուց հետո որտեղ են հայտնվելու… Բառերն էլ են ափսոս:

  • Աստված մի արասցե, եթե «Զանգեզուրի միջանցքը» կամ TRIPP-ն իրականանա, դա նշանակում է օղուզականության իրականացում:
  • 19-20-րդ դարերում իր ազատության համար պայքարող ոչ մի ժողովուրդ այնքան չի պայքարել, պայքարի այնքան եղանակներ չի կիրառել, որքան դա հայության պատմության ընթացքում և միջավայրում ենք տեսնում: Մեր պայքարն այդ առումով իսկական Գողգոթա է եղել, որը տարբեր պատճառներ է ունեցել… Մեր ժողովրդի ազատագրական պայքարը դժվար է եղել, բայց մեր ժողովուրդն անատամ չի եղել: Մեր պատմության մեջ մենք ունենք բազմաթիվ հերոսական դրվագներ: 
  • Արցախում մի քանի ամսվա բլոկադան որ տեսանք, արդյո՞ք Հայաաստանը ներկայացնող իշխանությունն ինչ-որ բան արեց այդ վիճակը փոխելու համար: Այդքան դժվա՞ր էր այդ Լաչինի միջանցքը բացելը, առավել ևս, որ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում դրա մասին գրված էր: Եվ հիմա էլ այդ Միջանցքը փակած ադրբեջանցի կեղծ «էկոլոգներին» այսօր բերում են Հայաստան՝ կոնֆերանսների… Այստեղ Ռուսաստանն էլ ունի մեղքի բաժին: Բայց երբ Հայաստանը ոչինչ չի անում ու մեղադրում է արցախցիներին, դա բարոյական չէ:
  • Երբ զինվորն իր թիկունքին չի զգում հարազատ ժողովրդի շնչառությունը, լավ չի կռվում: Սարդարապատում, Բաշ-Ապարանում զինվորն այդ շունչը զգում էր, զգում էր նաև 1991-94թթ. Արցախում… 2020 թվականի պատերազմում դա չկար…

  • Մեծ չարիք է, երբ ազգի հատվածները հակադրում ես միմյանց, բաժանում ես միմյանց: 1918-1920թթ. մենք այդ երևույթին արդեն բախվել էինք՝ արևմտահայերի ու արևելահայերի խոսույթով: Հետագայում դա չկար, հիմա նորից ազգն արհեստականորեն բաժանել են, միմյանց դեմ հանել: Սա ամենամեծ խնդիրն է և պատահական չի արվում: 1988թ.-ի ժողովուրդը բացառիկ ժողովուրդ էր, միասնական ոգով…
  • Ապրիլի 24-ին, երբ թոռնիկիս հետ Ծիծեռնակաբերդ էի բարձրանում, տեսա, որ շատ մեծ է երիտասարդների ու երեխաների քանակը: Շատ ուշ ժամի նույն վիճակն էր: Սա նշանակում է, որ մարդկանց մեջ փոփոխություն կատարվել է: Երբ երիտասարդը Ծիծեռնակաբերդ է գնում, ձևի համար չի գնում, նշանակում է՝ իր մեջ արժեք է փոխվել: Իրավիճակը պարտադրում է, հասկանում են՝ իրականում ինչ է կատարվում: Սա 10 տարի առաջվա երիտասարդը չէ, որակական փոփոխությունը ես տեսնում եմ… Ես դա զգում եմ նաև երիտասարդների կողմից տրված հարցերի որակից: Սա հույս է ներշնչում: Առաջիկա տարիներին մենք այլ սերունդ կունենանք:
  • Հայոց եկեղեցու ու Վեհափառի կեցվածքը դուր չի գալիս այս իշխանությանը: Ի տարբերություն օրվա իշխանությունների, որոնք ամենուրեք ազգային շահերը հետին պլան են մղում, Վեհափառ Հայրապետի՝ հատկապես արտաքին աշխարհում արված հայտարարությունները՝ կապված Արցախի, մեր մշակութային հուշարձանների ոչնչացման, ազգային այլ հարցերի հետ, հարված է Ադրբեջանին: Վեհափառը հետևողական ազգային գործիչ է, ոչինչ չի մոռանում, մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ: Իր որդեգրած հաստատակամ դիրքը նրա դեմ հարձակումների պատճառն է: Հայոց եկեղեցին իր անդամների մեծագույն մասով ցույց տվեց, որ ինքը մնում է համազգային կառույց՝ նվիրված ազգային ու համազգային արժեքներին: Անգամ Օսմանյան իշխանություններն այս կերպ չէին վարվում ազդեցիկ հեղինակավոր հայ հոգևորականների հետ: Երբ լսեցի, որ Եկեղեցուն ուզում են հարկել, ակամայից հիշեցի միջնադարը, երբ պարսից Դենշապուհն առաջին անգամ Հայոց եկեղեցուն հարկի տակ դրեց, հետո դա արեցին արաբները: Հայկական միջավայրում եկեղեցուն հարկի տակ դնելն աբսուրդ է: Ես պարզապես չեմ ընկալում՝ ում ուղեղում է սա ծագել: Այսօրվա իրավիճակը հիշեցնում է 1920-ական թվականների բոլշևիկյան քաղաքական գիծը: Հիմա ոչ ոք չի հիշում Բենիկ Վարդապետին: Այն ժամանակ քարոզչության համար պետությունը փող էր տալիս, սա էլ ստեղծել էր Ազատ եկեղեցի ասվածն ու հակաքարոզչություն էր անում Հայոց եկեղեցու դեմ: Բայց անգամ բոլշևիկները չէին հարկում եկեղեցուն: Դրսից ստացված պատվերի հոտ է գալիս:

  • Եկեղեցում մի քանի անգամ ականատես եմ եղել, որ մկրտվելու կամ ամուսնության նպատակով եկեղեցի եկած մարդիկ հետաքրքրվել են՝ ո՞վ է իրականացնելու իրենց արարողությունը՝ տիրադա՞վ է, թե՞ Հայ եկեղեցուն հավատարիմ քահանա: Սա շատ կարևոր բան է:
  • Մեր եկեղեցու սահմանադրական իրավունքները պետք է պահպանվեն: Եթե այն, ինչ ակնկալում են, անեն ու Սահմանադրություն փոխեն, դա կլինի Հայաստան պետության դամբանականը: 
  • Ես կարծում եմ՝ մենք հունիսին կունենանք այլ իրավիճակ: Երևի ավելի խելամիտ կլիներ, եթե քաղաքական բլոկները միավորվեին 3-4 բլոկների մեջ: ՀՀԿ-ն խելամիտ որոշում կայացրեց՝ չմասնակցելով ընտրություններին, որովհետև այն մարդիկ, ովքեր պիտի ձայն տային հանրապետականներին, ձայն կտան ընդդիմադիր ուժերից որևէ մեկին: Բայց ինձ զարմացրեց որոշ ուժերի չափից ավելի, չպատճառաբանված ինքնավստահությունը: Այսօր ավելի կարևոր բան, քան ազգային իշխանության՝ պետության գլխին կանգնելն է, չկա:

  • Մեզնից ավելի հին ժողովուրդ չկա: Երևի թե մենք առաքելություն ունենք, ու պատահական չէ, որ մենք այս աշխարհագրական տարածքում ենք ձևավորվել: Դարերի ընթացքում մեզ շատ օգնել է մեր բնակչության միատարր լինելը. հայությունը կազմել է բնակչության ճնշող մեծամասնությունը: Այսօր էլ է մեր ազգային միատարրությունը մեր առավելությունը: Դրսից այլ տարր բերելը հատուկ ծրագիր է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930