Ընտրությունները Հայաստանում՝ որպես պատմական և քաղաքական հիշողության ստուգարք

Ընդամենը մեկ օր է մնում Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ լռության օրվան, որի ժամանակ կուսակցություններին և դաշինքներին արգելվում է քարոզչություն իրականացնել: Արգելքն ուժի մեջ կմտնի հունիսի 6-ին, այդ օրը ղեկավարներին ու ներկայացուցիչներին ընտրական սուբյեկտների չի կարելի անցկացնել հանդիպումներ համակիրների հետ, հրապարակել քարոզչական նյութեր լրատվամիջոցների և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հանդես գալ հեռուստատեսությամբ և ռադիոյով: Ընդ որում, պաստառները, որոնք արդեն տեղակայված են քաղաքների փողոցներում, կարող են մնալ, դրանց պարտադիր ապամոնտաժումն օրենքով նախատեսված չէ։

Հունիսի 7-ի քվեարկությունը ճակատագրական են համարում ողջ տարածաշրջանի համար՝ առաջիկա տարիների երկայնքով։ Քանի որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, ապա փաստացի հաղթողն առաջիկա հինգ տարիների համար կստանա թե օրենսդիր, թե գործադիր, թե զգալի չափով՝ դատական իշխանության թևեր: Ընտրությունների օրվա մոտենալուն պես քարոզչությունն ավելի կոշտ է դառնում։ Եթե ընդդիմադիր կուսակցությունները կենտրոնանում են սոցիալական օրակարգի վրա՝ աղքատություն, աշխատատեղեր, կենսաթոշակներ և տնտեսության աճ, ապա իշխանական կուսակցությունն ընտրել է վախեցնելու հռետորաբանությունը։

 «Ընդդիմության նախընտրական քարոզչությունը և հնարավոր դասավորվածությունները

Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության գլխավոր մրցակիցներ են համարվում միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստանն» իր քարոզարշավը կառուցել է աղքատության դեմ պայքարի և բնակչության թվաքանակի վերականգնման շուրջ։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն ընդգծել է՝ իշխանությունն ընտրողներին վերաբերվում է ոչ թե որպես արժանապատիվ քաղաքացիների, այլ «որպես անձայն ռեսուրսի, որին կարելի է անվերջ խաբել ու ահաբեկել՝ սեփական աթոռները պահպանելու համար»։ Կարապետյանն առաջարկել է պետության այլ մոդել՝ ուժեղ տնտեսություն, տեխնոլոգիական բանակ, պրոֆեսիոնալ դիվանագիտություն, հարգանք աշխատավոր մարդու հանդեպ և հրաժարում պարտվողականության հոգեբանությունից։ Նրա գիծը կառուցվում է մի պարզ գաղափարի շուրջ. փոքր պետությունը դատապարտված չէ լինել թույլ, եթե այն կառավարում են պրոֆեսիոնալները, այլ ոչ թե ««հեռուստատեսային աղմուկի» վարպետները»։

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» գիծը վերլուծաբանները գնահատում են որպես խաղադրույք սոցիալ-տնտեսական մոբիլիզացիայի վրա՝ բիզնես ռեսուրսի և կառավարման փորձի միջոցով: Կուսակցությունն արդեն դարձել է բողոքական ընտրազանգվածի գրավչության գլխավոր կենտրոններից մեկը։ Կուսակցությունը խոստանում է վերացնել աղքատությունը պետական հատվածի աշխատողների և երեխաներ ունեցող ընտանիքների շրջանում, ինչպես նաև 5 տարվա ընթացքում ստեղծել 300 հազար աշխատատեղ Հայաստանի քաղաքներում խոշոր գործարանների բացման հաշվին:

Ռ. Քոչարյանի «Հայաստան» դաշինքն իր հռետորաբանությունը կառուցում է Հայ Առաքելական եկեղեցու անվտանգության և պաշտպանության հարցերի շուրջ: Նախկին նախագահի ղեկավարած կուսակցությունների դաշինքը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից՝ հանուն Եվրամիության։ Նրա ուժեղ կողմը մնում է գործնականությունը, հղումը կառավարման փորձին և զգուշավոր սոցիալ-տնտեսական հռետորաբանությունը: Դաշինքը խոստանում է թոշակները բարձրացնել 50 տոկոսով՝ հետագա ինդեքսավորմամբ, կիսով չափ կրճատել գործազրկությունը և միայնակ թոշակառուներին փոխհատուցել ձմռանը գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը։

Գ.Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» խոստանում է վարկային համաներում, պարտքերի դուրսգրում և արդյունաբերության վերականգնում: Որոշ հավաստիացումներ, օրինակ՝ հինգ տարվա ընթացքում ՀՆԱ-ի եռապատկումը, փորձագետները համարում են, որ չեն համապատասխանում տնտեսական իրողություններին։ Կուսակցությունը նաև խոստանում է նվազագույն կենսաթոշակը հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղի հետ, ինչը պահանջում է վճարումների առնվազն 60% աճ, և տարեկան ստեղծել 35-45 հազար աշխատատեղ:

Եթե իշխող կուսակցությունը կարողանա քվեարկության արդյունքում ձևականորեն զբաղեցնել առաջին տեղը, իսկ ընդդիմադիր կուսակցությունները հավաքականորեն հավաքեն ձայների 50%-ից մի փոքր ավելին և կարողանան կոալիցիա կազմել խորհրդարանում, նրանք հնարավորություն կունենան առաջադրել իրենց վարչապետին և հեռացնել Փաշինյանին իշխանությունից:

Եթե առաջին փուլի արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» չստանա ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, իսկ նրա հակառակորդները չկարողանան իշխող կոալիցիա կազմել, ապա կլինի երկրորդ փուլ։ Դրա հաղթողն ավտոմատ կերպով կստանա անհրաժեշտ թվով պատգամավորական մանդատներ՝ կառավարություն ձևավորելու համար։

 Գործող իշխանության ագրեսիվ քարոզարշավը

Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնական վախեցնող թեզն արդեն սեպտեմբերին «աղետալի պատերազմի» անխուսափելիության մասին պնդումն էր, եթե նրա գլխավորած ՔՊ-ն չստանա սահմանադրական մեծամասնություն: Երկրորդը՝ գործող իշխանության պահպանման դեպքում Եվրամիությանն անդամակցելու հույսն է։ Փորձագետները միակարծիք են տեսանելի ապագայում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անիրականության հարցում, բայց դա չի խանգարում Փաշինյանին շահարկել այդ գաղափարը։

Փորձելով գոնե պահպանել նվազող վարկանիշը՝ Փաշինյանն իր ակցիաների ժամանակ հաճախակիացրել է ժողովրդի մեջ քայլելը, բայց բախվել է զանգվածային մերժման։ Իր համաքաղաքացիների քննադատության տարափի տակ Փաշինյանը բաց թողեց իր խնամքով թաքցված «ներքին դևերին», որոնք չեն հարգում այդ նույն ժողովրդին։

Նրա գրեթե յուրաքանչյուր հանդիպում պոտենցիալ ընտրողների հետ ավարտվում էր աղմկահարույց սկանդալով։ Փաշինյանին չեն փրկել անգամ թիկնազորի բազմաթիվ պատնեշները, որոնք հեռացրել են բոլոր նրանց, ովքեր փորձել են անհարմար հարցեր տալ։ «Դուք փախած վիժվածքներ եք, հանեք դիմակները։ Ես ձեզ բոլորիդ ծնկի կբերեմ և կկործանեմ, ձեր դիմակները կխոթեմ համապատասխան տեղը»:

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես է մեկնաբանել Փաշինյանի նախընտրական պահվածքը. «Մարդն իրեն շրջապատել է թիկնազորով, շրջում է փողոցներով ու անպատիժ վիրավորում քաղաքացիներին, հարձակվում ու ահաբեկում մարդկանց։ Եվ սա այն մարդն է, ով չի համարձակվում անգամ ծպտուն հանել՝ Ալիևի վիրավորանքներին ի պատասխան … Նիկոլ Փաշինյանը, դատելով նախընտրական քարոզարշավի ընթացքում նրա պահվածքից, վերածվել է ոչ մի այլակարծություն չհանդուրժող բռնապետի»:

Կնոջը, որը Փաշինյանի մասնակցությամբ բողոքի ակցիայի ժամանակ վերջինիս մեղադրել էր երկրի շահերը դավաճանելու մեջ, կառավարության ղեկավարն ու գլխավոր հրամանատարը սկսել է քաշքշել ձեռքից և սպառնալ. «Շնորհակալություն հայտնիր, որ հենց հիմա մոտակա զուգարանում գլուխդ չեն ջարդել»։ Սրան դժվար է հավատալ, բայց դա, ցավոք, այդպես է։

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ս.Բաղդասարովի կարծիքով՝ ընտրական աջակցության անվստահությունը պատճառ է դարձել գործող վարչապետի խիստ հուզական, ագրեսիվ պահվածքի: Քվեարկության նախօրեին դժվար է կանխատեսել իրական ընտրական նախապատվությունները, քանի որ մարդկանց վախեցրել է այն ագրեսիան, որով «Քաղաքացիական պայմանագիրը» քարոզարշավ է իրականացնում: Շատերը պարզապես հրաժարվում են պատասխանել արևմտյան և իշխանամետ սոցիոլոգների հարցերին կամ թաքցնում են իրենց իրական կարծիքը՝ վախենալով հետապնդումներից։ Սոցիոլոգիայում այն կոչվում է «նախապատվության ճնշված բացահայտում»:

Այսպես, միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute-IRI), որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ից, վերջերս դժվարությամբ է հարցում անցկացրել.1512 պատասխան ստանալու համար կազմակերպիչները ստիպված են եղել մոտ 10 հազար հեռախոսազանգ կատարել: Այսպիսով, հարցմանը մասնակցելու համաձայնության մակարդակը կազմել է ընդամենը 16%, մինչդեռ հարցվածների 84%-ը հրաժարվել է պատասխանել։

Իշխանություններն ամենից հաճախ որպես ընդդիմության վրա ճնշում գործադրելու գործիքներ՝ կիրառում են ձերբակալությունները, խուզարկությունները և քրեական գործերի հարուցումն այնպիսի մեղադրանքներով, որոնք ընդդիմությունն ու մի շարք փորձագետներ համարում են քաղաքականապես մոտիվացված։ Դատարանները պատրաստ են զիջել իրավական սկզբունքներն ու նորմերը՝ ի հաճոյություն իշխանության։ Կալանավորումները հաճախ տեղի են ունենում դեռևս մինչև դատական որոշումների կայացումը, ինչը դրանք դարձնում է քաղաքական ճնշման գործիք, այլ ոչ թե արդարադատություն։

ՔՊ-ի մերձավոր մրցակցի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ձերբակալված և կալանավորված ներկայացուցիչների ընդհանուր թիվն արդեն անցել է 300-ը։ «ՔՊ-ի վարքագիծը ցույց է տալիս, որ իշխանությունները կորցրել են կապը՝ ինչպես օրենքի, այնպես էլ՝ ժողովրդի հետ։ Արդյունքում՝ նրանք կստանան համապատասխան գնահատական, և հենց դա կդառնա նրանց պարտության պատճառը»,- համարում է «Ուժեղ Հայաստանի» անդամ Գոհար Մելոյանը։ Նա համոզված է, որ բռնաճնշումները միայն հանգեցնում են ընտրությունների նախօրեին իր կուսակցության վարկանիշի բարձրացմանը։

Հենց ինքը՝ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, շարունակում է գտնվել քննության տակ, սակայն իշխանությունները չհամարձակվեցին փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքից մեկուսարան (ՔԿՀ) տեղափոխելուն։ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նաև «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի դեմ, ով իր վրա էր վերցրել ընտրարշավի վարման գործառույթների մեծ մասը։

Մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը նույնպես չեն խուսափել հետապնդումներից։ Այսպես, Երևանի դատարանը կալանավորել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին, ում Նիկոլ Փաշինյանը մեղադրել է լրտեսության մեջ (ավելի վաղ Թևանյանը քննադատել էր Եվրոպական միությանը երկրի գործերին միջամտելու համար) և խոստացել «ոչնչացնել ռուսական գործակալական ցանցը»։

Զուգահեռաբար իշխանությունը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին պատկանող «Արարատցեմենտ» ընկերության ազգայնացման գործընթացը՝ գլխավոր դատախազության կողմից սեփականաշնորհման ժամանակ իբր հայտնաբերված խախտումների պատճառով։ Նմանատիպ մոդել նախկինում կիրառվել էր Սամվել Կարապետյանի նկատմամբ, ումից իշխանությունները նույնանման ձևով խլում են «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։ Այլ խոսքերով՝ Հայաստանում խոշոր բիզնեսը ստացել է ուղիղ ազդանշան. սեփականությունը պաշտպանված է ուղիղ այնքան ժամանակ, քանի դեռ դրա սեփականատերը չի դարձել քաղաքական ընդդիմախոս իշխանության համար։

The Foreign Policy-ն՝ Հայաստանում գործող իշխանության կողմից ժողովրդավարական սկզբունքների ոտնահարման մասին

Գործող իշխանության ամենևին ոչ ժողովրդավարական բնույթին ուշադրություն է դարձրել նույնիսկ ամերիկյան հեղինակավոր «The Foreign Policy» ամսագիրը։ «Կարո՞ղ է արդյոք դիմակայել հայաստանյան ժողովրդավարությունը» հոդվածում «Human Rights Watch»-ի նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը պնդում է, որ աջակցելով ոչ թե ժողովրդավարական ընթացակարգերին, այլ կոնկրետ հարմար թեկնածուների, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է Հայաստանում, Արևմուտքը վարկաբեկում է թե՛ իրեն, թե՛ ժողովրդավարության գաղափարը։

Հեղինակն օբյեկտիվորեն, հիմնվելով Երևան կատարած իր մարտյան այցի տպավորությունների վրա, արձանագրում է, որ «Փաշինյանն արդեն իսկ գերիշխում է Հայաստանի պետական լրատվամիջոցների լուսաբանումներում և ավելի ու ավելի ակտիվորեն է օգտագործում պետական ռեսուրսներն ընդդիմությանը հետևելու և նրա վրա ճնշում գործադրելու համար։ Այնպիսի անորոշ մեղադրանքներ, ինչպիսին է «խուլիգանությունը» (որը խորհրդային դասական գործիք է), կրկին օգտագործվում են քննադատներին լռեցնելու համար։ Պետական ծառայողներին, ուսուցիչներին և նույնիսկ ուսանողներին մոբիլիզացնում են իշխող կուսակցությանն աջակցություն ցուցադրելու նպատակով»։ Ընդ որում, Քենեթ Ռոթը Փաշինյանին մեղադրում է ոչ միայն վարչական ռեսուրսի չարաշահման, այլև ժողովրդավարության հիմքերի խարխլման մեջ՝ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններ, քննադատաբար տրամադրված լրագրողների բերման ենթարկում (կալանավորում), ճնշումներ դատական համակարգի նկատմամբ և միջամտություն Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) գործերին։

Ամերիկյան պարբերականը մատնանշում է Արևմուտքի, հատկապես՝ Եվրոպական միության ցինիկ և կարճատես քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որտեղ ԵՄ-ին առաջին հերթին հետաքրքրում է Ռուսաստանին հակազդելը՝ նույնիսկ ի վնաս ժողովրդավարական սկզբունքների։

Ք. Ռոթի կարծիքով՝ Արևմուտքը փորձում է չնկատել հայաստանյան ժողովրդավարության վրա Փաշինյանի հարձակումները. նրա նպատակը ոչ թե ազատ և արդար ընտրություններն են, այլ քվեարկության որոշակի արդյունքը՝ հօգուտ Փաշինյանի։

Եվրոպական կառավարությունները պետք է հասկանային, նշում է The Foreign Policy-ն, որ Փաշինյանի արևմտամետ հռետորաբանությունը չի կարելի նույնացնել ժողովրդավարության հանդեպ հարգանքի հետ. ԵՄ-ն, «ըստ ամենայնի, պատրաստ է երկիրն էլ ավելի հրել արևմտամետ ուղղությամբ՝ առանց առանձնակի ուշադրություն դարձնելու այն բանին, թե ինչպես է նրա առաջնորդը խարխլում այն, ինչի օգտին, ըստ գաղափարի, պետք է հանդես գա Արևմուտքը… Եթե ժողովրդավարությանն Արևմուտքի հավատարմությունն ընկալվի՝ որպես զուտ հռետորաբանություն, որից հեշտ է հրաժարվել հանուն աշխարհաքաղաքական հաշվարկների, ապա դա միայն կխրախուսի ողջ աշխարհի առաջնորդներին՝ հորինել սեփական արդարացումները ժողովրդավարությունից հրաժարվելու համար»։

Այլ կերպ ասած՝ Արևմուտքը խաղագումար է դնում ընտրական կոնկրետ արդյունքի, այլ ոչ թե խաղի հավասար կանոնների վրա, և նրա ժողովրդավարական օրակարգը սկսում է ընկալվել՝ որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք։ Եվրոպական միությունը, դեպի ուր Հայաստանի գործող իշխանությունը համառորեն տանում է երկիրը, ռիսկի է դիմում ստանալ հերթական «ընտրված ավտոկրատին» և վերջնականապես վարկաբեկել այն արժեքները, որոնք նա հռչակում է միջազգային ասպարեզում։

 Իշխանության վերարտադրությունը Հայաստանը կտանի ուկրաինական սցենարի հունով

Մայիսի սկզբին Երևանում տեղի ունեցան Եվրոպական քաղաքական ընկերակցության (ԵՀՔ) 8-րդ և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովները: ԵՀՔ գագաթնաժողովը նման մասշտաբի առաջին միջոցառումն էր նախկին Խորհրդային Անդրկովկասի տարածքում։ Եվրոպական միությունը խրախուսել է Հայաստանի՝ դեպի ԵՄ ձգտումը, որն ավելի վաղ ամրագրված էր հայկական օրենսդրությունում, ընդգծել է երկրում ժողովրդավարության կարևորությունը, բայց ոչ մի բառով չի հիշատակել ժողովրդավարական սկզբունքներին սպառնացող վտանգը, որը բխում է հենց Փաշինյանից։

Ընդդիմության առաջնորդներն ընտրությունների նախօրեին գագաթնաժողովի անցկացումն ընկալել են՝ որպես Փաշինյանի փաստացի աջակցություն։ Մակրոնը միայն ուժեղացրեց այդ տպավորությունը՝ Փաշինյանին անվանելով «շատ տպավորիչ»։

Խորհրդանշական է, որ գագաթնաժողովի մասնակիցների թվում էին նաև Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկին: Առաջինը՝ Կանադայի բանկի նախկին կառավարիչը, իսկ ավելի ուշ՝ Անգլիայի բանկի կառավարիչը, այսինքն՝ համաշխարհային ֆինանսական համակարգի միսն ու արյունը, այս տարվա հունվարին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում փաստացի մերկացրեց արևմտյան արժեքային համակարգը. «համակարգի ուժը կայանում է ոչ թե դրա ճշմարտության մեջ, այլ յուրաքանչյուրի պատրաստակամության մեջ՝ գործելու այնպես, կարծես այն ճշմարիտ է»: Երկրորդը դարձավ ակնառու օրինակ այն բանի, թե ինչի  կարող է հանգեցնել նման կեղծավորությունը։ Դրա հետ մեկտեղ, հենց այս համակարգին է մտադիր Հայաստանին միացնել երկրի ղեկավարությունը. եվրաինտեգրումը Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզչության առանցքային կետերից մեկն է:

Հայաստանի ղեկավարության պահվածքը ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն անազնիվ է անվանել.

«ԵԱՏՄ-ում մնալու (Փաշինյանի) ցանկությունը եվրասիական տարածքը ֆինանսական նպատակներով օգտագործելու փորձ է, ինչն արդեն Հայաստանին տվել է ՀՆԱ-ի 2,5 անգամ ավելացում… Այս ամենը, բազմիցս ասել ենք, մենք տեսել ենք Ուկրաինայի օրինակով։ Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Երևանը փորձում է կրկնել Կիևի կողմից չսերտած դասերը. «Մենք հիմա վերապրում ենք այն ամենը, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ։ Իսկ ինչի՞ց սկսվեց։ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու կամ անդամակցելու փորձից»։ «Երկու աթոռին նստելու փորձը կարող է չար կատակ խաղալ ՀՀ վարչապետի հետ. մեծ է Յանուկովիչի ճակատագիրը կրկնելու ռիսկը, ով տատանվում էր, փորձում էր «յուրային» դառնալ Արևմուտքում՝ չկորցնելով կապերը Ռուսաստանի հետ, և լիովին կորցրեց վերահսկողությունն իրավիճակի նկատմամբ»։

«Եվրոպայի» համար նոր երկրներ իր կառույցի մեջ ներքաշելու իմաստը ոչ թե գործընկեր ձեռք բերելն է, այլ ֆինանսական բուրգի մեջ նոր ավանդատուների ներգրավմանը նմանվող մի սխեմա։ Առաջին ավանդատուների եկամուտը ձևավորվում է միացողների փողերի հաշվին։ Երբ նոր մասնակիցների հոսքը դանդաղում է կամ սպառվում, բուրգը փլուզվում է։ ԵՄ-ի գործունեության մեջ ամենաեկամտաբեր ժամանակահատվածն այն է, երբ անդամակցության հավակնորդներն ամեն կերպ ջանում են ստանալ Եվրոպական միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ՝ չստանալով ոչ մի արտոնություն։ Նոր թեկնածուներ ներգրավելու համար լայնորեն կիրառվում է եվրոպական բարգավաճման, սոցիալական բարեկեցության և անվտանգության երաշխիքների քարոզչությունը: 13 տարի առաջ, երբ Ուկրաինան պատրաստվում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, նման «յուղաներկը» մասամբ համապատասխանում էր իրականությանը։ Այն ժամանակ ԵՄ-ն ներկայացվում էր որպես «դրախտային այգի՝ ջունգլիներով շրջապատված», ինչպես 2022 թվականին կարոտով պատմեց Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

2013 թվականին Ուկրաինային պահանջվում էր 160 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 10 տարվա ընթացքում, որպեսզի փոխհատուցեր ԱՊՀ ազատ տնտեսական գոտուց դեպի ԵՄ ազատ տնտեսական գոտի անցումից կրած կորուստները։ Սակայն նույնիսկ ԵՄ-ի համար այդ բարենպաստ տարիներին նա չգնաց նման ծախսերի։ Այդ ժամանակ Ուկրաինայի ղեկավարությունն առաջարկեց տնտեսական և մաքսային ասպեկտները քննարկել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Ռուսաստանը համաձայնեց, սակայն ԵՄ-ն կտրուկ ձևով մերժեց այդ գաղափարը։ Բանակցությունների փոխարեն՝ արևմտյան հատուկ ծառայությունները հրահրեցին զինված հեղաշրջում։

Կիևում Արևմուտքին ուղղված ռեժիմի հաստատումը չի բերել տնտեսական բարգավաճում և սոցիալական բարեկեցություն: Արևմուտքի ֆինանսական ինֆուզիոն հակասահմանադրական հեղաշրջումից հետո բոլոր 12 տարիները գրեթե բացառապես ռազմական նպատակներով էին։ Ուկրաինական արտադրանքի արտահանման ընդլայնում դեպի ԵՄ շուկաներ չի հետևել։ Այսպես, Եվրոպական միության կողմից տվյալ երկրի նկատմամբ գործում են գյուղատնտեսական քվոտաներ։ Սա նշանակում է, որ ուկրաինացի ֆերմերները կարող են անմաքս արտահանել ԵՄ միայն սահմանափակ քանակությամբ հացահատիկ, եգիպտացորեն, շաքարավազ կամ թռչնամիս։ Որոշակի սահմանաչափերը գերազանցելու դեպքում ԵՄ-ն գանձում է բարձրացված մաքսատուրքեր՝ հաշվի առնելով տեղական ֆերմերների կատաղի դիմադրությունը ներեվրոպական շուկա ուկրաինական արտադրանքի մուտքին։ Եվրոպացի ֆերմերները ևս մեկ մրցակցի կարիք չունեն։

Հայաստանի տնտեսական և քաղաքական հեռանկարներն իշխանության վերարտադրության պայմաններում

Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ն նույն կերպ կվերաբերվի հայկական գյուղմթերքին։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի առևտրաշրջանառության գրեթե 40%-ը։ Սակայն սկզբում Հայաստանի Հանրապետությունը կհայտնվի էներգետիկ շրջափակման մեջ, որին կհաջորդի տնտեսական շրջափակումը։ ԵԱՏՄ-ից դուրս գալը և եվրոպական շուկաների հետ կապերի բացակայությունը կնշանակի տեղական արտադրանքի արտահանման լճացում։ Իսկ էներգակիրների գների անխուսափելի աճը՝ այն բանից հետո, երբ ռուսական գազի ներկայիս բացառիկ գները կփոխարինեն բարձր «եվրոպական սակագներին», և ընդհանրապես խաչ կդնի իր արտադրանքով եվրոպական վաճառասեղանները լցնելու հեռանկարի վրա։ Նման հեռանկարի խորապատկերին ակնհայտ նախընտրական բլեֆ են թվում Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանը չպետք է վախենա գազի հնարավոր բարձր գներից, քանի որ շուտով մեծ գումարներ կունենա. «Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը լինելու է ոչ թե հազարավոր կամ միլիոնների, այլ միլիարդների ու տրիլիոնների երկիր»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կասկածի տակ է դրել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հայկական տարածքով գազի նոր տրանզիտի հնարավոր կազմակերպման վերաբերյալ։ Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հասկանում, թե որ գազամուղների մասին է խոսքը։ «Ժողովուրդը, մարդիկ չէ՞ որ չեն խորանում մանրամասների մեջ։ Որտեղի՞ց, ի՞նչ խողովակներ են անցկացվելու։ Այ, կցանկանայի իմանալ՝ ինչո՞ւ է նա ստում իր ժողովրդին։ Ի՞նչ խողովակներ, որտեղի՞ց են անցնելու այդ խողովակները, և ո՞վ է նրանց այդ գազը տալու, ու ի՞նչ փողեր են լինելու»,– հայտարարել է Լուկաշենկոն։ Նույնիսկ տնտեսապես հզոր Գերմանիան ստիպված է փակել արտադրությունները ռուսական էժան էներգակիրների կորստից հետո»։

Հայաստանի տարանցիկ հնարավորություններից գերշահույթների վերաբերյալ փորձագետների բացարձակ մեծամասնության մոտ մեծ կասկածներ կան, քանի որ TRIPP-ը մնում է տնտեսապես և ինստիտուցիոնալ առումով անավարտ նախագիծ, ինչի մասին վկայում են նաև արևմտյան հեղինակավոր պարբերականները։ Դրա թույլ կողմը փակ ֆինանսական մոդելի բացակայությունն է, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից նախագծի բացասական ընկալումը, հաստատված մասնավոր ներդրումային բազայի սահմանափակությունը և երթուղու հիմնական քաղաքական և իրավական հարցերի չլուծվածությունը։ Հայաստանի տարածքով երթուղու 43 կիլոմետրանոց հատվածում ներդրումների ներգրավմանը խոչընդոտում են զգալի ռիսկերը՝ ներառյալ Իրանին մոտ լինելը և երրորդ երկրների ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու Թեհրանի ցուցաբերած պատրաստակամությունը, ինչը Հարավային Կովկասով կայուն տրանսպորտային միջանցքը քաղաքականապես և ռազմական առումով խոցելի է դարձնում:

ԱՄՆ պետքարտուղար Մ. Ռուբիոյի կողմից օդանավակայանում անցնելիս ստորագրված հազվագյուտ մետաղների շրջանակային համաձայնագիրը նույնպես դժվար թե հարստացնի Հայաստանն առաջիկա տարիներին: Եթե արժեքավոր մետաղներն իսկապես մեծ քանակությամբ լինեին, դրանք վաղուց կսկսեին արդյունահանվել՝ հաշվի առնելով տեղական օգտակար հանածոների նկատմամբ գիշատիչ մոտեցումը՝ լինի դա մոլիբդեն թե ոսկի: Ամենայն հավանականությամբ, համաձայնագիրը կազմված է Ուկրաինայի հետ ընդերքի մասին գաղութային գործարքի ձևանմուշով, որը ենթադրում է ոչ թե հանքավայրերի շուտափույթ մշակում, այլ նպատակ ունի կանխել կրիտիկական կարևորություն ունեցող ռեսուրսների հայտնվելն օտար ձեռքերում։

Միացյալ Նահանգները կդառնա Հայաստանի տնտեսության մեծամասնական բաժնետերը, կկարողանա շահարկել ընդերքօգտագործման լիցենզիաների տրամադրումն ու հետկանչումը, կկարողանա արգելել օգտակար հանածոների հետ կապված ցանկացած գործարք և կստանա դրանց իրացումից պարտադիր մասնաբաժին: Մասնավորապես, ԱՄՆ-ը պետք է անպայման ներկայացված լինի հայկական ռեսուրսների արդյունահանման շուրջ ցանկացած բանակցություններում։ Բացի այդ, ոչ մի երրորդ կողմ չպետք է ավելի շատ օգուտ ստանա ընդերքի մշակումից, քան ամերիկյան ընկերությունները։

Այսպիսով, հիպոթետիկ արևմտյան ինտեգրման տնտեսական առավելությունների հույսերն իրական եվրասիական ինտեգրման համեմատ բացարձակ անհիմն են, քանի որ հենց Հայաստանն է ԵԱՏՄ հիմնական բենիֆիցիարը: Անդամակցությունն այդ միությանը, այն է՝ մաքսատան բացակայությունը, արգելապատնեշ միջավայրը, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը, մուտքը դեպի խոշոր շուկա, այս ամենը դեռևս հսկայական առավելություն է տալիս Հայաստանին և պատճառ է հանդիսացել այն տնտեսական թռիչքին, որն այսօր նկատվում է երկրում։ Հայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության աճով երկրորդ տեղում է։

Թերևս Հայաստանի ղեկավարությունն իր ժողովրդին առաջարկում է դեպի Արևմուտք տանող ուղին՝ ակնկալելով առավել արդար իրավական համակա՞րգ։

Ահա թե ինչ է ասել արևմտյան ինտեգրման և ինքնիշխանության մասին Կանադայի վարչապետ Մարկ Քարնին իր վերը նշված խոստովանական ելույթում. «կանոնների վրա հիմնված կարգը մարում է։ Ուժեղները վարվում են այնպես, ինչպես ուզում են, իսկ թույլերը տառապում են այնպես, ինչպես պետք է… մենք հիմա չենք նստում բանակցությունների սեղանի շուրջ, մենք դառնում ենք ճաշացանկի մի մասը… անհնար է ապրել փոխադարձ շահի ստի մեջ ինտեգրման միջոցով, երբ ինտեգրումը դառնում է ձեր ենթակայության աղբյուրը… դա ինքնիշխանություն չէ: Դա ինքնիշխանության իմիտացիա է՝ միաժամանակ ենթարկվելու ճանաչման դեպքում»։

Հարկ է ընդգծել, որ վերը նշվածը ոչ թե ռուսական քարոզչություն է, այլ արևմտյան երկրներից մեկի առաջնորդի խոսքը։

Ահա թե ինչպիսի աշխարհ է իրականում Փաշինյանը պատրաստվում ներքաշել Հայաստանը, եթե մնա հանրապետության գլխին։

Պատմության մեջ առաջին անգամ չէ, որ Հայաստանի ղեկավարության արևմտյան նկրտումները հարևան երկրների հետ կոնֆլիկտների են վերածվել և ազգին հասցրել ոչնչացման եզրին։ Արդյո՞ք պատմական և քաղաքական հիշողությունը թույլ կտա այս անգամ խուսափել քվեարկության ընթացքում հերթական սխալից՝ ցույց կտան ընտրությունների արդյունքները։

Ալեքսանդր Անանև

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական 

interaffairs.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930