«Իշխանությունը գիտի, որ արցախահայերի մեծ մասն իրենց ձայն չի տալու, սրանով էլ պայմանավորված՝ քաղաքացիություն տրամադրելու հարցը ձգձգում են». Նժդեհ Իսկանդարյան
Արդեն 2 տարի է՝ Արցախից բռնի տեղահանված արցախահայերը բողոքում են իրենց սոցիալական վիճակից, կան բազմաթիվ ծրագրեր, որոնցից նրանք չեն կարողանում օգտվել այն պատճառով, որ չունեն ՀՀ քաղաքացիություն։ Մեկ տարուց ավելի է՝ արցախյան տարբեր հասարակական կազմակերպություններ միավորվեցին և ընդհանուր առաջարկ ներկայացրեցին Կառավարությանը, որը միտված էր բարելավելու այն պայմանները, որով արցախահայերը պետք է բնակարան ձեռք բերեին, առաջարկը կապված էր նաև «40+10» աջակցման ծրագրի հետ։ Սակայն դրանք բոլորն անտեսվեցին։
Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ եթե դիտարկեն ՔՊ-ականների ու առհասարակ իշխանությունների հայտարարություններն արցախահայերի վերաբերյալ, ապա ըստ նրանց՝ ամեն ինչ լավ է, բայց այդպես չէ։
«Բնակարանների ձեռքբերման հետ կապված, բացի Երևանից, մնացած բնակավայրերում կարգը փոխվեց՝ բնակապահովման ծրագրով 3 միլիոնը դարձրեցին 4 մլն։ Սակայն փոքր կազմ ունեցող ընտանիքների հարցը շարունակում է բաց մնալ, ամենախոցելի խումբը հիմա այդ ընտանիքներն են՝ բնակապահովման ծրագրով։ Մինչև օրս այս հարցում որևէ դրական դինամիկա չի եղել։
Անկեղծ ասած՝ սպասելի էր, որ նախընտրական շրջանում նման զարգացումներ կլինեն։ Ինքս իրական փոփոխություն սպասում եմ, եթե Հայաստանում տեղի ունենան իրական փոփոխություններ, եթե այս իշխանությունը վերարտադրվի, ապա բոլորիս խնդիրները նույնն են մնալու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նժդեհ Իսկանդարյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե արցախահայերից շատե՞րն են հեռանում Հայաստանից՝ սոցիալական խնդիրներով պայմանավորված, Նժդեհ Իսկանդարյանը պատասխանեց՝ իրականում հեռացողների թիվը տատանվում է.
«Վերջին տվյալներով՝ հեռացողների թիվը 25 հազար է եղել, հիմա ասում են՝ մի մասը նորից հետ է եկել։
Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է արցախահայերն ինտեգրվեն Հայաստանում, բայց ամիսներ շարունակ բռնի տեղահանվածները չեն կարողանում ստանալ քաղաքացիություն։ Եթե այդքան ուզում են, որ արցախահայերն ինտեգրվեն Հայաստանում, պետք է նրանց հնարավորություն տան, որպեսզի քվեարկեն այն Հայաստանում, որտեղ իրենք ուզում են ապրել։ Մեծ հաշվով իշխանությունը գիտի, որ արցախահայերի մեծ մասն իրենց ձայն չի տալու, սրանով էլ պայմանավորված՝ իրենք քաղաքացիություն տրամադրելու հարցը ձգձգում են։ 2 ամիս է, ես սպասում եմ, կան մարդիկ, որ 5-6 ամիս սպասում են։ Այլընտրանք, որպես այդպիսին, այս փուլում դեռ չկա, սպասենք՝ տեսնենք»,- ընդգծեց Նժդեհ Իսկանդարյանը։




