Բա եթե «ժող ջան»-ի ազնիվ վարչապետն ես, կանգնեիր, ասեիր՝ ժողովո՛ւրդ, Ռուսաստանը վստահություն չի ներշնչում… Մետաքսե Հակոբյան

Արցախցիներն այս իշխանությունների հետևից չեն գնալու, նրանք չեն ընտրելու Նիկոլ   Փաշինյանի իշխանությանը։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Ազգային ժողովի ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայության մասնակցության հարցի մասին։

Պատգամավորը հաստատում է այն տեղեկությունները, որ Հայաստանի գործող իշխանությունները փաստացի խոչընդոտում են հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին արցախահայերի մասնակցությանը։ Հակոբյանի տվյալներով՝ 2020-2023 թթ.  ադրբեջանական ռազմական ագրեսիաների հետևանքով օկուպացված Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների և բռնի տեղահանության ենթարկված ավելի քան 120 հազար արցախահայությունից մոտ 35 հազարն է ստացել ՀՀ քաղաքացիություն, իսկ նրանցից 22-23 հազարն են չափահաս։

«Ընտրելու իրավունք փաստացի ունեն այդքանը։ Այո՛, խոչընդոտներ առաջացնում են, որովհետև վերջերս իրենք փորձում են պարզաբանումներ տալ, որ իբրև թե տեխնիկական խնդիրներ են, ծավալն է մեծ։ Չկա այդպիսի բան։ Դրանք միտումնավոր խոչընդոտներ են, որովհետև եթե մինչև հունվարի 1-ն առցանց չէր հերթագրումը՝ մարդիկ գնում, անձնագրային բաժիններում էին հերթագրվում, կան մարդիկ, որ դեռ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին են գրանցվել, բայց առ այսօր պատասխան չունեն պատկան մարմիններից՝ այն էլ այն դեպքում, որ արցախցիների համար արագացված պետք է լիներ ընթացակարգը։ Հունվարի 1-ից դարձավ առցանց, և սկսվեց քաոսը, որովհետև արցախցիների մի մասը՝ հեռավոր, սահմանամերձ գյուղերում բնակվող տարեց մարդիկ, ընդհանրապես չեն էլ կարողանում գրանցվել»,- պարզաբանեց Մետաքսե Հակոբյանը։

Կարդացեք նաև

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորը շեշտում է՝ խոչընդոտները միանշանակ են. «Ինչքան էլ որ իրենք փորձեն ցույց տալ, որ արցախցիներն իրենց շարքերում են, այդպես չէ. արցախցիներն իրենց չեն ընտրելու»։

Մետաքսե Հակոբյանը նաև իր դժգոհությունը հայտնեց, որ վերջերս ընդդիմադիր դաշտում սկսել են տուրք տալ «նախկիններ-ներկաներ» կամ «հներ-նորեր» խոսույթին.

«Ժողովուրդ, այսի՞նքն։ Հիմա ես ուզում եմ հարց տալ այդպիսի մտքեր արտահայտողներին՝ ես նախկի՞ն եմ, թե՞ ներկա։ Ես 2020 թվականին ընտրվել եմ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, մինչ այդ եղել եմ Արցախի ԿԳՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն և երբևէ քաղաքականությամբ չեմ զբաղվել։ Քաղաքականությամբ սկսել եմ զբաղվել այն ժամանակ, երբ արդեն վտանգ եմ տեսել։ Իրենց պատկերացրած «հներին» սկսել եմ կամաց-կամաց ճանաչել պատերազմի ընթացքից, շատ-շատերին կենդանի տեսել եմ 2023 թվականի տեղահանումից հետո։

Հիմա հարց՝ ես հի՞ն եմ, թե՞ ներկա, ինչպե՞ս են իրենք այդ ամենը պատկերացնում։ Տարօրինակ է, որ այդպիսի բան են ասում առնվազն 50-60 տարեկանները, որովհետև իրենք միշտ եղել են քաղաքական դաշտում։ Ես 2018-ից ասել եմ, որ այս իշխանությունները եկել են հանձնելու Արցախը, ու պետք է պայքարել այս իշխանությունների դեմ, և առ այսօր հետևում եմ այդ գաղափարին։ Շատ կարևոր է, որ այսօր նաև ընդդիմադիր դաշտը ֆիքսի, որ արցախցիներն այս իշխանությունների հետևից չեն գնալու։ Եկեք 10-20 հոգուն դնենք մի կողմ. ցավոք, այդպիսի արցախցիներ էլ կան։ Բայց մի՛ պառակտեք արցախցիներին»։

Այս համատեքստում խոսելով նախորդ շաբաթ կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման և Կրեմլում նրանց միջև տեղի ունեցած հայտնի խոսակցության, մասնավորապես՝ Պուտինի կողմից Արցախի թեման հիշատակելու մասին՝ Մետաքսե Հակոբյանը նշում է, որ 2020 թ. Քառասունչորսօրյա պատերազմի ավարտին ընդունված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ երեք կողմերն էլ ունեին ստանձնած պարտավորություններ՝ Հայաստանը, Ադրբեջանը և ռուսական խաղաղապահ զորախումբը։

«Ինչ է ասում Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ դա էլ թողնենք մի կողմ։ Կոնկրետ մեզ ռուս խաղաղապահներն Արցախում էին ասում, որ 2022 թվականից հետո իրենք ընդհանրապես չգիտեին՝ ինչ պիտի անեն։ Տեղից էլ իրենց մանդատը հստակեցված չէր ցանկացած իրավիճակում։

Մենք բազմաթիվ հարցեր ունենք ռուսական կողմին, որի պատասխանը դեռևս չենք ստացել, քանի որ երկխոսություն չի էլ եղել այդ առումով։ Կան այդ հարցերը, և պիտի մի օր ստանանք դրանց պատասխանները, բայց չէ՞ որ գլխավոր դերակատարը և շահառուն, ըստ էության, այն ժամանակ Հայաստանի իշխանություններն էին, Հայաստանն էր, Արցախն էր։ Կարևոր էր դետալ առ դետալ հստակեցումը հենց մեր կողմի համար։ Մենք պիտի հստակեցնեինք դա։ Արվե՞լ էր այդ հստակեցումը՝ ոչ։ Բա եթե դու «ժող ջան»-ի ազնիվ, անկեղծ վարչապետն ես, բա կանգնեիր, ասեիր.

«Ժողովո՛ւրդ, գիտեք, մի տեսակ Ռուսաստանը վստահություն ինձ չի ներշնչում, մի տեսակ Ռուսաստանը չի գնում հստակեցման. ի՞նչ անենք, ժողովո՛ւրդ, ընդունե՞նք սենց, թե՞ չընդունենք»։ Այն ժամանակ միգուցե Արցախը կարձագանքեր, միգուցե այլ կլիներ որոշումը, կամ միգուցե այդ հայտարարությունից հետո Ռուսաստանն արդեն կհստակեցնե՞ր մանդատը, ու մենք կհասկանայինք՝ ինչ է լինելու հետագայում։ Այնպես որ, շատ հեշտ է մեղադրանքներ բարդելը, բայց երբ քո տանը խնդիր կա, երբ քո տանն իրար գլուխ են կոտրում, դու չես գնում, հարևանին բերում, որ քեզ բաժանի։ Այդ խնդիրը մեր տան մեջ էր, և ըստ էության, Հայաստանի իշխանություններն ուզում էին մեր գլուխը ջարդել։ Այդպես է ստացվում։ Եվ դրա համար պիտի բերեին հարևանի՞ն, որ ուղղակի պիտի կողքից նայեր, հետո որ տեսներ՝ չէ, հնարավոր չէ այս ամենը կարգավորել, թողներ ու գնար»,- այսպես մեկնաբանեց Մետաքսե Հակոբյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930