Այսօր Ազատության հրապարակում Արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների և ՀՀԿ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խորհրդի անդամներին հարց ուղղեց, թե ինչպե՞ս են պատկերացնում ՀՀԿ-ի ներգրավվածությունն իրենց նախաձեռնած գործընթացում։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, «Արցախի երիտասարդական թև» ՀԿ նախագահ Նժդեհ Իսկանդարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրենց հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պատրաստ են Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող 50 հազար դրամ աջակցությունը մեկ ամսով երկարաձգել, այդ ընթացքում ձևավորել փորձագիտական խմբեր և ի մի բերել բոլոր այն խնդիրները, որոնց արցախցիները բախվում են՝ Ազատության հրապարակից տեղադրված վրանը դուրս բերելու պայմանով:
Մարտի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ արցախահայերի հրավիրած հանրահավաքը, որից հետո արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 12 պահանջ ներկայացրեց ՀՀ կառավարությանը՝ արցախահայերի հավաքական վերադարձի, իրենց հողում անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքն իրացնելու վերաբերյալ։ Հանրահավաքից հետո վրան տեղադրվեց Ազատության հրապարակում՝ սպասելով իշխանութունների արձագանքին։
«Արցախի երիտասարդական թև» հասարակական կազմակերպությունն արդեն ակտիվ սկսել է ներգրավվել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալ-կրթական տարբեր ծրագրերում։ Գարնանը հիմնադրված այս կազմակերպությունն արդեն ունի հասցե Երևանում․ Նաիրի Զարյան 19 հասցեում կազմակերպության անդամները պատրաստ են ընդունել Արցախի ու արցախահայության խնդրով մտահոգ հայրենակիցներին, իսկ հ/կ-ին անդամակցել կարող են 18 տարեկանը լրացած անձինք։