Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ այս պահի դրությամբ իր աջակցությունն ընդդիմության աջակցությունից ավելի ցածր է. Հրանտ Միքայելյան
Նախօրեին Փաշինյանը հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ և վստահեցրել, որ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ։ Ավելին, նա շարունակել է TRIPP նախագծի գործարկման հեռանկարներին անդրադառնալ՝ խոսելով Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումների մասին։
Արդյո՞ք նման առաջարկներն իսկապես հեռանկարային են, թե՞ ՌԴ վերջին հայտարարությունների ֆոնին՝ գործարարներին ուղղված մխիթարող քվազի այլընտրանք․ 168․am-ը հետաքրքրվեց քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյանից։
«Թե ինչպես գործարար համայնքը կվերաբերվի Փաշինյանի սուտ խոստումներին, մի քիչ կդժվարանամ պարզաբանել, որովհետև, իհարկե, կան մարդիկ, ովքեր շատ էլ դրական են նայում Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման հեռանկարներին` անկախ բոլոր հանգամանքներից։
Այստեղ կարող է նրա հաշվարկը մասամբ աշխատել, բայց միևնույն ժամանակ՝ գործարար համայնքում էլ արդեն գիտակցում են, որ Ռուսաստանի ուղղությամբ Փաշինյանի քաղաքականությունն իրենց դիրքերն էականորեն վատթարացնելու է, և բացի այդ՝ Թուրքիայի ուղղությամբ, եթե խոստումների լեզվից վերանանք և անցնենք իրական կյանք, ապա իրատեսական, շոշափելի առաջընթաց չի նկատվում։
Դրա համար, կարծում եմ, որ այս PR քայլը, այն էֆեկտը, որն ինքն ուզում է ունենալ, չի տա։ Այսինքն՝ լրացուցիչ ձայներ և լրացուցիչ աջակցություն այդ համայնքում ձեռք չի բերելու»,- մանրամասնեց Հրանտ Միքայելյանը։
Հարցին՝ Փաշինյանի տնտեսական երկարաժամկետ հեռանկարների մասին խոսույթն արդյո՞ք վկայում է այն մասին, որ նա վստահ է իր ու իր թիմի վերընտրության հեռանկարի վրա, քաղաքագետը պատասխանեց, որ իշխանությունների առկա վարքագիծը հակառակի մասին է վկայում։
«Ես չեմ տեսնում վստահությունը, թե իրենք համոզված են իրենց վերարտադրման մեջ։ Այսինքն` իշխանությունների քայլերը, քարոզչությունը, որ իրենք վարում են, ձերբակալությունների նոր շղթան, երեկ անհաջող փորձը Գոհար Ղումաշյանին ձերբակալելու, նոր բռնաճնշումների փորձերը ցույց են տալիս իրենց անվստահությունը։ Փաշինյանի անճաշակ հայտարարությունները․․․ այս ամեն ինչը վկայում է, որ որևէ վստահություն չկա։
Այն, որ նրանք ուզում են այդպես ներկայացնել իրավիճակը, այլ հարց է, բայց գերագնահատել վերարտադրության հնարավորությունը պետք չէ»,- հավելեց նա։
Հրանտ Միքայելյանը թվարկեց մի քանի գործոններ, որոնք ամեն դեպքում էական նշանակություն են ունենալու ընտրական խճանկարում՝ ինչպես, օրինակ, ուր է գնալու այն կուսակցությունների և ուժերի ընտրազանգվածը, որոնք չեն մասնակցելու ընտրություններին, կամ՝ արդյո՞ք Փաշինյանը կարող է փորձել ինչ-որ ոչ կոնվենցիոնալ քայլերի դիմել՝ արտակարգ դրություն մտցնել և այլն, ՀՀ-ում Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի՝ ներքաղաքական երանգները․․․։
«Այստեղ բազմաթիվ հարցեր կան, բայց Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ այս պահի դրությամբ իր աջակցությունն ընդդիմության աջակցությունից ավելի ցածր է, ինչը հարցումներով ևս հաստատվում է։ Ուրիշ բան, որ տարբեր մանիպուլյացիաներով, օրինակ` Երևանի ընտրությունների սցենարով, նա կարող է փորձել հաղթել, և դա բացառված չէ»,- ամփոփեց մասնագետը։



