Չի՛ կարելի կարճաժամկետ կայունությունը ներկայացնել որպես խաղաղություն, դա մեծագույն խաբկանք է․ Գոռ Գևորգյան

Իրանի շուրջ շարունակվող ռազմական գործողությունները և դրա հավանական էսկալացիան ուղիղ սպառնալիք է Հարավային Կովկասին, նաև Հայաստանին։ ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունները հավանաբար չեն հաշվարկել, որ բլիցկրիգային պատերազմ չէր ստացվելու, և փաստացի՝ մեկ ամիս է, ինչ պատերազմ է, երկուստեք ծախսվել են տասնյակ-միլիարդավոր դոլարներ։ Իրանական կողմը պատրաստ է եղել զարգացման այս սցենարին, և փորձ են արել յուրաքանչյուր չեզոքացված քաղաքական կամ ռազմական գործչի փոխարեն պատրաստելու այլ մեկին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, արևելագետ Գոռ Գևորգյանը:

«Պատերազմն ուղիղ սպառնալիք է տարածաշրջանային բոլոր նախագծերին։ Եթե Իրանի շուրջ իրավիճակն ավելի է բարդանում, ապա, օրինակ, ԹՐԻՓՓ-ի գործարկումը կդրվի հարցականի տակ։ Շատ լավ կլիներ, որ ԹՐԻՓՓ-ը Հայաստանի համար դառնար աշխարհաքաղաքական գործոն, բայց այն առաջին հերթին դիտարկվում է որպես տնտեսական գործոն՝ ըստ մասնաբաժինների։ Եթե ԹՐԻՓՓ-ի գործարկող կողմն ԱՄՆ-ն է և դրանով հատվածական կայունություն և խաղաղություն է ապահովում, ապա դա էլ կարող է ինչ-որ մի պահ դրվել հարցականի տակ»,- ասաց փորձագետը:

«ԱՄՆ հետախուզության՝ վերջերս գաղտնազերծված փաստաթղթում, օրինակ, բացակայում է այն դրույթը, որ Հայաստանը ԹՐԻՓՓ-ի շրջանակում օգտվելու է ԱՄՆ-ի կողմից երաշխավորված անվտանգության բաղադրիչից։ Պայմանական և կարճաժամկետ խաղաղությունն ու կայունությունը պետք չէ ներկայացնել որպես էժան դոֆամին։ Տարբեր հարցերի շուրջ մոլորված մեր հասարակության մի հատվածին չարժե ասել, թե սա տևական և հարատև խաղաղություն է։

Կարդացեք նաև

Սա մեծագույն խաբկանք է այն առումով, որ խաղաղության հարատևությամբ աչքի են ընկնում բացառապես այն տարածաշրջանները և երկրները, որոնց շուրջ որևէ պոտենցիալ հակամարտության օջախ չկա, ինչպես, օրինակ, մայրցամաքային Եվրոպայի առանձին երկրներ»,- նշեց Գոռ Գևորգյանը:

Հանրային գործչի կարծիքով՝ ցանկացած պետություն, մանավանդ մեր պայթյունավտանգ տարածաշրջանում, օրվա հրամայական պետք է դարձնի գաղափարական հենասյունի շուրջ ժողովրդի համախմբումը և ռազմական կարողությունների մեծացումը. «Մեր արեալը սա է՝ Հարավային Կովկասը, Մեծ Մերձավոր Արևելքը, որտեղ չես կարող զարգացումներին մոտենալ ռոմանտիկ և երազկոտ դիտակետից։

Պատմությունը ցույց տվեց, որ անգամ Ծոցի արաբական երկրներում խաղաղության հարատևությունը երաշխավորված չէ, և նույնիսկ այն պետության ռազմաբազաների առկայությունը, որը նրանց անվտանգային երաշխիք էր տվել, թույլ չտվեց, որ նրանք խուսափեն այդ հարվածներից։ Հոգեբանորեն մենք պետք է պատրաստ լինենք մեզ համար ոչ ցանկալի զարգացումների։ Պատերազմի ծավալները մեծանում են, ուրեմն՝ մարտահրավերներն էլ են ավելանալու»:

«Ցավալիորեն, ուժը՝ որպես գերակա գործիք և բանաձև, արցախյան 44-օրյա պատերազմից հետո շատ ավելի է տեղ գտնում միջազգային հարաբերություններում։ Իսկ եթե ուժի գործոնը դառնում է միջազգային իրավունքի շարժիչը, քաոսային իրավիճակ է ստեղծվում։ Փոքր պետությունները միշտ կարող են խուսանավել, եթե կան ուժի բևեռներ, որոնց շուրջ կարողանում ես ձևավորել քո արտաքին քաղաքական օրակարգը, քո անվտանգային բանաձևն ու միջավայրը»,- ասաց Գոռ Գևորգյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031