Սյունիքում քննարկվել են հատուկ պահպանվող տարածքների վերահսկողության հարցերը
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, կենսաբազմազանության մոնիտորինգի և պահպանման նոր գործիքակազմերի ներդրման հարցերը:
«Միջազգային գործընկերների աջակցությամբ ձեռք ենք բերել տեսանկարահանող նոր սարքավորումներ: Դրանք հնարավորություն կտան առավել արդյունավետ իրականացնել տարածքների մոնիտորինգը, կենսաբազմազանության պահպանությունն ու վերահսկողությունը», – նշել է Վ․ Կիրակոսյանը։
Ռ․ Ղուկասյանն իր հերթին ընդգծել է, որ մարզպետի աշխատակազմը շարունակելու է աջակցել պահպանվող տարածքների պատշաճ սպասարկմանը։ Նա նաև նշել է, որ չնայած բարդ ռելիեֆին և տարածքի առանձնահատկություններին, մարզն ունի էկոտուրիզմի և կենսաբազմազանության ցուցադրման մեծ ներուժ, և Սյունիքի հարուստ բնաշխարհն ու կենսաբազմազանությունը պետության կարևորագույն արժեքներից են:
Հանդիպման ավարտին կարևորվել են տեխնիկական հագեցվածության հետագա ավելացումը, նոր տեխնոլոգիաների կիրառումն ու ոլորտային համագործակցության խորացումը:

