ՀԵՆՑ ԱՅՆՊԵ՞Ս Է ԱԼԻԵՎԸ ԽՈՍՈՒՄ ՍԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԻՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ. ԱՌՋԵՎՈՒՄ՝ ԲԼՈԿԱԴԱՅԻ ՎՏԱՆԳ ԵՎ ՋՐԻ ՀԱՐՑ. ՍԵՐԳԵՅ ՄԵԼՔՈՆՅԱՆ

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «APRI-Հայաստան» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Կա երկու կարևոր հայտարարություն. 1-ին՝ երբ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսն ասաց՝ հետաքրքրված են Իրանի բալիստիկ հրթիռներով: Սա նշանակում է, որ ամերիկյան էլիտայի մեջ Իրանի համար կան բացասական տրամադրություններ: Մյուսը Թրամփի հայտարարությունն է իրանական բալիստիկ հրթիռների մասին: Թրամփը կրկնում է այն հայտարարությունը, որը 3 ամիս առաջ Իսրայելը դրեց հայտարարության մեջ: Դրականն այն է, որ կոնկրետ փաստաթղթի շուրջ են ընթանում բանակցություններն այս պահին:
  • Այսօր արդեն լուրջ էսկալացիա է սկսվել նաև Աֆղանստանի և Պակիստանի միջև: Սա խնդիր է Իրանի համար, որովհետև վերջինս փորձում է իր սահմանների մոտ լարվածությունը թուլացնել: Իրանը մի կողմից՝ ունի բանակցային գործընթաց, ճնշում՝ ԱՄՆ-ի կողմից և ճնշում ներսից, բայց ոչ թե ցույցերի տեսքով, այլ երկիր ներթափանցած զինված խմբավորումների կողմից:
  • Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ը կցանկանա Իրանի դեմ լայնածավալ պատերազմ սկսել: Իրանը կորցնելու բան չունի, ԱՄՆ-ը՝ ունի: Այո, ցանկանում են մասնատել Իրանը, բայց չկա հաջողված որևէ քեյս, հաջողված որևէ պատմություն, երբ Ամերիկան որևէ երկիր մասնատել է ու հաջողությամբ է դուրս եկել դրանից: Իսրայելի համար լավագույն սցենարը հարևան երկրները պառակտելն ու ազդեցության գոտիներն ընդարձակելն է, բայց ես չեմ կարծում, որ սա ԱՄՆ-ի համար է լավագույն սցենար:

Կարդացեք նաև

  • Այո՛, եթե կարիք կա գետնի վրա ինչ-որ գործողություններ անել, պետք է ունենաս դաշնակիցներ: ԱՄՆ-ի համար տվյալ իրավիճակում դա կարող է լինել Իրանի ընդդիմությունը, քրդերը կամ այլ զինյալներ և ահաբեկիչներ:
  • Մենք չգիտենք՝ Հայաստանի հանձնած 2 ահաբեկիչները, որոնք իբր Թուրքիայով Սիրիա են գնացել, ո՞ր երկրում և ո՞ր բանտում են պահվում:
  • Հունիս, 2025թ.՝ լայնածավալ հարձակում Իրանի դեմ Իսրայելի կողմից՝ ԱՄՆ-ի աջակցությամբ: Դրանից 2 ամիս անց Հայաստանն ու Ադրբեջանը գնում են ԱՄՆ, փաստաթուղթ են ստորագրում Իրանի թշնամու հետ: Իրանում ի՞նչ պիտի մտածեին: Դրանից հետո Իրանում լայնածավալ ցույցեր են ընթանում, ինչից հետո Հայաստան է գալիս իր համար թշնամի երկրի՝ ԱՄՆ-ի փոխնախագահը: Սա խնդիր է Իրանի համար, ու դրանից Իրանում հետևություններ են արել:
  • Իրանի կարմիր գծերը շատ հստակ են՝ Հայաստան-Իրան սահմանում փոփոխություն չի կարող լինել, անցակետն ինչպես աշխատում էր, այնպես էլ պիտի աշխատի, TRIPP-ի որևէ հատուկ ռեժիմ այնտեղ չպետք է լինի: Որևէ ամերիկյան ռազմական ներկայություն Իրանի սահմանի մոտ չպետք է լինի:

  • Սուրեն Պապիկյանն Իրանում քննարկել է հայ-իրանական համատեղ զորավարժության ու Հնդկաստանից զենքի մատակարարումների խնդիրները, եթե հանկարծ հնարավոր էսկալացիայի ժամանակ ճանապարհները փակվեն:
  • Բոլոր գործընթացները պտտվում են մեր շուրջ, որովհետև Ադրբեջանի ու Վրաստանի վրա ճնշում մենք չենք նկատում: TRIPP-ը, միջուկային հարցերը վերաբերում են Հայաստանին, ու բոլորը ռազմավարական նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար: Մենք դառնում ենք Արևմուտք-Ռուսաստան ուժային կենտրոնների բախման կետ:
  • Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չէր կիրառում, ու Ռուսաստանը դա գնահատում էր ու համագործակցում Թուրքիայի հետ: Բայց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունից հետո ամեն ինչ փոխվեց: Ես առաջին անգամ Ռուսաստանում այդ հայտարարությունից հետո անհանգստություն նկատեցի:

Հիշեցնենք. վերջերս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդիպել էին Անկարայում. Եվրամիությունը Թուրքիային անվանել էր Հարավային Կովկասի Կենտրոնական աշխարհաքաղաքական խաղացող՝ վերահաստատելով Թուրքիայի՝ որպես թեկնածու երկրի կարգավիճակը։  Նրանք ընդգծել էին Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ռազմավարական արժեքը՝ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական դիմակայունությանը նպաստելու գործում։

Ըստ Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության՝ կողմերը խոստովանել են, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության և տրանսպորտային հասանելիության հարցերում համագործակցության ամրապնդումը ռազմավարական նշանակություն ունի՝ հաշվի առնելով ներկայիս տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Նրանք ընդգծել են ավելի սերտ համակարգման կարևորությունը՝ տրանսպորտային հասանելիության ոլորտում տարածաշրջանային օրակարգ ձևավորելու համար, որն ընդգրկում է էներգետիկան, տրանսպորտը, թվայնացումն ու առևտուրը՝ նպատակ ունենալով խթանել կայունությունը, դիմակայունությունը և շարունակական աճը Սևծովյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

Այս համատեքստում երկու կողմերն էլ ընդգծել էին Թուրքիայի՝ որպես տարածաշրջանի կենտրոնական աշխարհաքաղաքական դերակատարի նշանակությունը։

  • Երբ Հայաստանի ատոմակայանի, ՀԷՑ-ի, TRIPP-ի շուրջ զարգացումներ եղան, Ռուսաստանից անհանգստություն չնկատվեց, բայց երբ հարցը հասավ երկաթուղուն, ռուսները լարվեցին:
  • Վախը և հարգանքը կարևոր գործոններ են: Հայաստանում և Ադրբեջանում Ռուսաստանի նկատմամբ վախն ու հարգանքը թուլացել են: Միևնույն ժամնակ այսօր սաստկացել է հարգանքն ԱՄՆ-ի նկատմամբ: Հարավային Կովկասում գերակայության տեսանկյունից սա կարևոր է հասկանալ:
  • Խոսում են խաղաղության մասին, բայց բոլոր կոմունիկացիաները դեռ փակ են: Եվ երբ խոսում են ապաշրջափակման մասին, խոսում են միայն TRIPP-ի 42 կմ-ի մասին: Դա լուրջ խնդիր է մեզ համար, պետք է ապաշրջափակվեն բոլոր կոմունիկացիաները: Ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանից եկող ցորենը չի կարող Աղստաֆայով Ադրբեջանից ուղիղ Հայաստան գալ… Իրավիճակը կարող է այնպես զարգանալ, որ մեզ բլոկադայի ենթարկեն, իսկ մենք չունենք որևէ լծակ՝ նույնն անելու համար: Մենք ետքայլ չենք կարող անել, նման զարգացումների դեպքում մենք պարտադրված ենք լինելու տալ այդ ճանապարհը: Ադրբեջանը ետքայլ կարող է անել՝ մի օր բացել ճանապարհը, մի օր՝ փակել:
  • Արդեն կա կոնսենսուս, որ TRIPP-ը ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական նախագիծ է, հետևաբար՝ տնտեսական օգուտների մասին խոսելն իզուր է, դատարկ խոսակցություն է: Հետևաբար, եթե բացի TRIPP-ից՝ այլ ճանապարհներ չբացվեն, մենք մեզ համար բացելու ենք բլոկադայի ճանապարհ, եթե այդ նախագիծն իրականություն դառնա:
  • Արցախի ժամանակավոր ոչնչացումից հետո Ադրբեջանում հակահայկական սենտիմենտները չեն թուլացել: Հետևաբար՝ Ադրբեջանը զինվում է Հայաստանի դեմ: Իրանի դեմ Ադրբեջանը միայն մի դեպքում կկարողանա ռիսկ անել որևէ քայլ անել. երբ տեսնի, որ Իրանը քայքայվել, պառակտվել է, և հակազդեցություն չի լինելու:
  • Թրամփն առավելագույնը 2.5 տարուց այլևս իշխանության չի լինելու, դրանից հետո չի լինելու նաև TRIPP-ը: TRIPP-ի կնքմամբ Իրանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացել է, բայց միայն ժամանակավորապես:
  • Դժվարանում եմ պատկերացնել, որ այսօրվա Հայաստանը որոշ հարցերում կարողանա «ո՛չ» ասել Ամերիկային կամ Թուրքիային:
  • Թուրքիան և Ադրբեջանը շատ լավ հասկանում են, որ Մեծամորի ատոմակայանը Հայաստանի անվտանգության երաշխիքներից է, և ամեն ինչ անում են ճնշելու համար այդ հարցով: Շուտով առաջ կգա ջրի հարցը: Ադրբեջանում օրերս քննարկման ժամանակ ասացին, որ քաղցրահամ ջրի պաշարներն իրենց շատ կարճ ժամանակ կբավականացնեն: Կարծում եք՝ հենց այնպե՞ս են խոսում Սևանի մասին: Չի բացառվում, որ մեզ ճնշեն ամբարտակներ կառուցել:

  • «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին հանեցին, որ Ռուսաստանը չիմանա՝ Արևմուտքից ովքեր են գալիս ու գնում Հայաստան:
  • Ադրբեջանը մեկ տարվա կտրվածքով հասավ իր կարևորագույն նպատակին՝ ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի փաստաթուղթ՝ խարտիա ստորագրեց ԱՄՆ-ի հետ: Հենց դրան էլ ձգտում էր: Բիզնես տեսանկյունից Ադրբեջանում ավելի շատ կորպորացիաներից ներկայացուցիչներ կային Վենսի հետ հանդիպմանը: Մեզ մոտ այդպիսի հանդիպում չեղավ: Ադրբեջանն իր կախվածությունը նավթից ու գազից փորձում է դիվերսֆիկացնել այլ ճանապարհով՝ համաշխարհային ֆինանսա-տնտեսական կորպորացիաներին միանալով (BlackRock, և այլն):
  • Ես ակնկալում էի, որ Վենսը նախ կգնա Ադրբեջան, հետո կգա Հայաստան, որպեսզի հետը գերիներ բերի: Ակնկալում էի նաև, որ Վենսը՝ որպես հավատացյալ մարդ, կխոսի Արցախում Հայ Առաքելական եկեղեցիների ու առհասարակ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Դա տեղի չունեցավ, բայց Փաշինյանը հասավ նրան, որ Վենսը հայտարարեց, որ հունիսի ընտրություններում աջակցում է իրեն:
  • Եթե Վենսն իրեն նման բան թույլ տար հրեաների ցեղասպանության հետ կապված, ինչպես արեց Երևանում, երբ ջնջեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու մասին սոցիալական ցանցում իր գրառումը, առնվազն կարճ ժամանակ անց կդադարեր լինել թիվ 2 մարդն ԱՄՆ-ում: Ու նրան այդուհետ շատ դժվարին կյանք կսպասեր:
  • Մենք կարող էինք Ռուսաստան-Ադրբեջան տարաձայնությունների ընթացքում Հայաստանի համար շատ ավելի մեծ օգուտներ ստանալ: Բայց դա տեղի չունեցավ, և սա կասկածի առիթ է տալիս առ այն, որ սինխրոնացում կա Հայաստանի և Ադրբեջանի գործողություններում՝ մեկս մյուսի թուլանալուց չենք օգտվում: Բայց հավատացնում եմ՝ եթե նման բան տեղի ունենար մեզ հետ, և Ռուսաստանում հայկական սփյուռքը ճնշումների ենթարկվեր, ինչպես դա եղավ ադրբեջանցիների հետ, նրանք անհապաղ կօգտվեին այդ հնարավորությունից:
  • Գաղտնիք չէ, որ ողջ աշխարհում հայկական սփյուռքն Ադրբեջանի և Թուրքիայի համար մեծագույն սպառնալիք է: Այդ մասին նրանց ղեկավարները բազմիցս հայտարարել են:

Հիշեցնենք. 2024թ. Իզմիրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է գիտակցի, որ «իր ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ», և առաջին հերթին պետք է ձերբազատվի երրորդ երկրների և արտերկրի հայկական սփյուռքի «վատ ազդեցությունից»:

Թուրքիայի ղեկավարն ընդգծել էր, որ «Ղարաբաղի ազատագրումից» հետո տարածաշրջանում ձևավորվել է «կայուն խաղաղություն հաստատելու իսկապես պատմական հնարավորություն»։

«Այս հնարավորությունը չպետք է բաց թողնել։ Հայաստանը պետք է ձերբազատվի արտերկրում երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից, դա էլ ավելի կմոտեցնի խաղաղությանն Ադրբեջանի հետ: Բացի այդ, հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ ապագան կապված է տարածաշրջանի երկրների հետ, հարևանների հետ, որոնց հետ գոյատևել է դարեր շարունակ և շարունակելու է գոյակցել ապագայում։ Հայաստանը նաև պետք է քաջություն ունենա՝ անելու ամեն ինչ այդ նպատակներին հասնելու համար»,- նշել էր Էրդողանը։

Նիկոլ Փաշինյանը 2018-ի գունավոր հեղափոխության առաջին իսկ օրից փակեց ՀՀ Սփյուռքի նախարարությունը և զարեհսինանյանների հետ միասին սկսեց պառակտել հայկական սփյուռքը:

  • Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները միայն ներքին հայաստանյան ընտրություններ չեն: Դրանք առնվազն աշխարհաքաղաքականացված են: Սրանք ճակատագրական ընտրություններ են մեզ համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս