Սուրեն Պապիկյանի Իրան կատարած այցի ռազմաքաղաքական և ռազմական տողատակերը
Փետրվարի 23-ից ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրանում է: Այս օրերին նա հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ, ինչպես նաև՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի: Եվ սա՝ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական ուժ կուտակել համապատասխան բազաներում, որը տեղավորվում է Իրանի դեմ հնարավոր ռազմական օպերացիայի տրամաբանության մեջ, իսկ Թուրքիան հայտարարում, որ Իրանի դեմ ռազմական օպերացիայի դեպքում տարածաշրջանը պարտվելու է և կորցնելու բաներ ունի:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 9-ին Հայաստան էր այցելել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ օրակարգում «Թրամփի ուղի» նախագծից բխող գործողություններն էին և Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցությունը:
Ավելին, որոշ շրջանակներ նույնիսկ խոսակցություններ էին շրջանառում, թե ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքը կարող է օգտագործվել Իրանի դեմ:
Բնականաբար, Հայաստանի մասնակցության կամ կողմից ցանկացած քայլ մտահոգում է Իրանին, հատկապես, եթե այդտեղ երևում է ԱՄՆ-ի, Արևմուտքի՝ Իրանի համար ոչ բարեկամ երկրների «հետքը», ուստի դրանք հերքվում են իրանական կողմից, երբ անձամբ են համոզվում դրա ոչ ճշմարտացիության մեջ:
Օրինակ, 2024 թվականին Ադրբեջանը հայ-ամերիկյան զորավարժությունների ֆոնին փորձել էր իրանական հայացքը սևեռել Հայաստանի վրա: Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մերձակա caliber.az-ն «ԱՄՆ-ի բանակը մտել է Զանգեզուր» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշվել էր, իբր Ռումինիայում և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաներից ռազմական երկու ինքնաթիռ է մտել Հայաստան: Կամ՝ որ Հայաստան են բերվել հատուկ սարքավորումներ՝ արձանագրելու կամ հսկելու թռչող սարքերի, հրթիռների հետագիծը՝ Իրանի սահմանից բաց թողնվող, դրանք տեղադրվելու են հայ-իրանական սահմանին:
Եվ նույնիսկ ԱՄՆ դեսպանատան արձագանք-հերքումը, իրանական կողմից այդ տեղեկությունը չհաստատելը չէր բավարարել Ադրբեջանին, և այս շեշտադրումներով հոդվածների հրապարակումը որոշ ժամանակ շարունակվել էր: Այդ ժամանակ սրանով Բաքուն, ըստ էության, փորձել էր շեղել ուշադրությունն իր վրայից, քանի որ ակտիվ խոսակցություններ կային Ադրբեջանում տեղակայված իսրայելական գաղտնի բազաների առկայության մասին, ինչն իր արդիականությունը դեռ չի կորցրել:
Ինչ վերաբերում է ԱՄՆ զորքի՝ Սյունիք մտնելուն, նման բան գոնե այս պահին չկա, թե ինչ զարգացումներ կլինեն հեռու ապագայում, չենք կարող ասել արագ փոփոխվող այսօրվա աշխարհում: Բայց մյուս կողմից՝ «Թրամփի ուղի» նախագծի միջոցով ամերիկյան որոշակի ներկայություն ապահովվում է Սյունիքում, ինչը շարունակում է մտահոգել հարևան Իրանին և անգամ երբեմն ստիպում ասել, որ ԱՄՆ-ի դեպքում ամեն ինչ սկսվում է հենց նման «անմեղ» ներկայությունից, ուստի տարբեր առիթներով Իրանը զգուշացնում է, որ դեմ է արտաքին ցանկացած միջամտության և ներկայության տարածաշրջանում: Այս համատեքստում հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին Հայաստան էր այցելել այդ ժամանակ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համատեղ ասուլիսի ժամանակ 168.am-ը վերջինից փորձել էր պարզել՝ հայ-ֆրանսիական համագործակցության խորացումն արդյոք չի՞ հակադրվում ՀՀ-ՌԴ հարաբերությունների և ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության շրջանակում դե յուրե առկա պարտավորություններին, հատկապես որ, չպետք է մոռանալ նաև Իրանի մասին, որը մեր հարևանն է և աշխարհագրորեն ավելի մոտ է, քան Ֆրանսիան: Ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանն ասել էր.
«ՀՀ սուվերեն իրավունքն է, և ՀՀ-ն իրավասու է որոշել՝ ում հետ ինչ աստիճանի համագործակցություն ունենալ։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի և ՀՀ պետականության շահերից։ Մենք այս հարցում շատ հստակ ենք, պարզ ու անթաքույց: Ինչ վերաբերում է մեր հարևաններին, դաշնակիցներին, բարեկամներին, նույն Իրանի մասով կարող եմ ասել, որ հայ–ֆրանսիական համագործակցությունը հանուն ՀՀ–ի է և որևէ մեկի դեմ չէ: Մեր իրավունքն է համագործակցել և՛ Ֆրանսիայի, և՛ Իրանի հետ, և դա ի գիտություն պետք է լինի բոլորին: Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են համագործակցությունն այդ գործընկերների հետ, իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը և, կարծում եմ, նույնը պետք է անեն մեր ռուսաստանցի գործընկերները: ՀՀ-ն չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ ՀՀ-ի։ Սա որևէ երկրի դեմ ուղղված չէ, որևէ մեկը չպետք է մտահոգվի»։
Սրանից օրեր հետո Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն։ Նույն ժամանակ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, մասնավորապես, ասել էր.
«Մենք մտածում ենք յուրաքանչյուր պետության՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի տեսանկյունից: Եվ դա իրականում ոչ միայն Ֆրանսիայի համար է մտահոգիչ: Նախորդ մի քանի տարիներին Հայաստանի հարևան պետությունը՝ Իրանը, ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով: Մենք Իրանի հետ անհամաձայնություն ունենք շատ հարցերում, բայց սա այն հարցն է, որ համաձայն ենք»:
Հիմա Իրանի համար լարված այս օրերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը և՛ մեսիջ է պարունակում, և՛ հերթական անգամ առիթ՝ հավաստիացնելու, որ Հայաստանը երբեք վտանգի աղբյուր չի լինելու իր պատմական հարևանի համար:
Ի դեպ, ըստ իրանական աղբյուրների, Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ հանդիպմանը, երբ խոսք է եղել երկու երկրների ընդհանուր սահմանների անվտանգության մասին, և երբ հերթական անգամ Հայաստանին հիշեցվել է իրանական դիրքորոշումը, որ դեմ են արտատարածաշրջանային միջամտություններին, Սուրեն Պապիկյանն ուղիղ տեքստով ընդգծել է, որ Հայաստանը երբեք վտանգի աղբյուր չի լինելու իր պատմական հարևանի համար:
Իսկ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպմանն էլ Սուրեն Պապիկյանը շեշտել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:
Այսինքն, առաջին հերթին ՀՀ պաշտպանության նախարարի այցը քաղաքական նշանակություն ուներ, այնպես, ինչպես 2025 թվականի ապրիլի 9-10-ը ՀՀ-ի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժությունները, որի ժամանակ խաղարկվել են Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ: Իհարկե, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացրել է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:
Ի դեպ, 2026 թվականի հունվարի 13-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ հայ-իրանական զորավարժություններ պլանավորված չեն: Իսկ արդեն երեկ՝ փետրվարի 24-ին, ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին չի բացառել ապագայում հայ-իրանական զորավարժությունների անցկացումը։
«Հաշվի առնելով մեր երկու երկրների հարաբերություններն ու կապերը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում, նմանօրինակ միջոցառումներն ընթացիկ, առօրյա միջոցառումներ են, որոնք, հնարավոր է՝ ապագայում ևս տեղի ունենան, և հնարավոր է` ապագայում ավելի մասշտաբային լինեն»,- ընդգծել է դեսպանը։
Ենթադրվում է, որ Սուրեն Պապիկյանի՝ Իրան այցի ընթացքում նաև նման հարցեր են քննարկվել, հնարավոր է նույնիսկ՝ ռազմատեխնիկական բնույթի, եթե հաշվի առնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հետ Իրան է մեկնել Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը, ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ Գոռ Նիկոյանը, ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը:
Իսկ թե այցի ընթացքում արդյոք քննարկվե՞լ են Հայաստան-Իրան ռազմատեխնիկական հնարավոր պայմանագրի մասին հարցեր՝ հայտնի չէ։ Սակայն հիշեցնենք, որ հատկապես հնդկական զենքն Իրանի օդային և ցամաքային տարածքով է առաքվել Հայաստան։
Առհասարակ, Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրում Իրանը կարևոր դերակատարում ունի, ուստի պատահական չէ, որ Իրանում իր պաշտոնական այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդականը լինելու փորձառությունն ունեցող ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ և քննարկել Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին առնչվող հարցեր:
Այլ հարց է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում Իրանի հետ կապված ևս հարցեր և վերապահումներ կան: Իսկ այն, որ տարածաշրջանում Իրանի դիրքերի թուլացումը չի բխում Հայաստանի շահերից, միանշանակ է: Այսինքն, Սուրեն Պապիկյանի այս այցը կարևոր նշանակություն ունի քաղաքական, անվտանգային և ռազմական առումով, և որպեսզի Իրան-Հայաստան ռազմավարական հարաբերություններ լինեն, կամ՝ ընդլայնվի ռազմական համագործակցությունը, պետք է լինի լիակատար վստահության մթնոլորտ: Հենց այս նկատի ունեինք՝ մի առիթով գրելով, թե Նիկոլ Փաշինյանի վտանգավոր խոստովանությունները, որ՝ այսինչ պետությունը կասկածներ է ունեցել, որ Հայաստանին զենքերի հնարավոր մատակարարման դեպքում դրանց գաղտնի պարամետրերը կարող էին հասանելի լինել ոչ բարեկամական կամ հակառակորդ երկրի, որքան խոցելի կարող են լինել:
Հ.Գ. Հավելենք, որ 2025 թվականի մայիսին Հայաստան էր այցելել Իրանի պաշտպանության նախարար և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն, իսկ նույն տարվա օգոստոսին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Իսկ նախքան Սուրեն Պապիկյանի Իրան այցը, Բաքու էր մեկնել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը:



