Ադրբեջանը զգուշանում է Իրանից և փորձում է իրանական հայացքը սևեռել Հայաստանի վրա
Հուլիսի 24-ին Iran International կայքը տեղեկություն էր տարածել, թե Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել։
Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված էր որակել այդ տեղեկությունը:
Իրանը ևս հերքել էր Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները: Մասնավորապես, Mehr գործակալության փոխանցմամբ, ՀՀ-ում Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ նման լուրերի հրապարակման նպատակն է ազդել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա:
Բայց այս ամբողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ Հայաստանին Հնդկաստանի և Ֆրանսիայի զենքի մատակարարման լուրերը բուռն ընդունող Ադրբեջանը ևս ապատեղեկատվություն էր համարել նշված տեղեկությունը:
Մասնավորապես, caliber.az-ը, հղում անելով իր հավաստի աղբյուրներին, Իրան-Հայաստան զենքի մատակարարման գաղտնի պայմանագրի մասին տեղեկությունը համարել էր ֆեյք:
Ավելին, այս մասին համապատասխան հոդվածը վերնագրել էր՝ «Վիրտուալ զենք՝ ընդդեմ Բաքվի և Իրանի դեմ», և ակնարկել, որ փորձ է արվում նման լուրերով լարվածություն մտցնել Թեհրանի և Բաքվի հարաբերություններում:
«Ադրբեջանը գնահատում է Իրանի հետ հարաբերությունների վերականգնումը, հետևաբար՝ նպատակ չունի էժանագին պրովոկացիաներին տրվելու: Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանը չի հետևում Թեհրանի գործողություններին՝ հիպոթետիկ թշնամանք կարող է լինել իր հասցեին»,- նշվում է ադրբեջանական հոդվածում:
Մյուս կողմից, ադրբեջանական կողմը չէր բացառել, որ Իրանը ցանկանում է իր անհամաձայնությունը հայտնել Ադրբեջանին, քանի որ վերջինը հանդիսանում է իսրայելական զենքի հիմնական պատվիրատուն, Ադրբեջանը և Իսրայելը ռազմավարական հարաբերություններ են պահպանում:
«Ես կարծում եմ, որ նման պայմանագրի միջոցով Իրանն Ադրբեջանին հասկացնում է, որ Ադրբեջանի՝ Իսրայելի հետ ունեցող հարաբերությունները կարող են Իրանին «մերձեցնել» Հայաստանի հետ»,- Caliber.az-ի հետ զրույցում նկատել է վերլուծաբան Ֆազիմ Նադիմին:
Արդեն օգոստոսին բրիտանական The Telegraph-ը գրել էր, թե Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է հարվածներ հասցնել Իրանի հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաներին, այդ թվում՝ Ադրբեջանին:
Բաքուն պարզաբանում էր պահանջել Թեհրանից այս հրապարակման առնչությամբ:
Բայց արի ու տես, որ հետո էլ իսրայելական Kan news-ն է գրում, որ Իսրայելը հրահանգել է Վրաստանում ու Ադրբեջանում գտնվող իր զինվորներին վերադառնալ երկիր, հատկապես, երբ մտահոգություններ կան, որ Իրանը կարող է հարվածել այդ երկրներում առկա թիրախներին՝ որպես «Համաս»-ի ահաբեկչական խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության դիմաց պատասխան գործողությունների մի մաս:
Ադրբեջանը, բնականաբար, ապատեղեկատվություն է համարել Ադրբեջանում իսրայելական զինվորների առկայության փաստը:
Իսկ ադրբեջանական minval.az-ը նկատել է, որ Իրան-Իսրայել լարվածության աճի ֆոնին այս պատահական «արտահոսքերը», օրինակ, որ Ադրբեջանում իսրայելական ռազմական օբյեկտներ կան, հուշում են՝ ինչ-որ մեկին դուր չի գալիս կառուցողական կապերն Ադրբեջանի և Իսրայելի միջև, և ինչ-որ մեկն էլ փորձում է Ադրբեջանի և այլ երկրների հետ հարաբերություններում սեպ խրել, որտեղ հակաիսրայելական տրամադրություններ կան:
«Իսկ խոսքը միայն խոհանոցային քննարկումների մասին չէ, արդեն հարձակում է եղել Թուրքիայում SOCAR-ի գրասենյակի վրա: Հաջորդը կարող են լինել դեսպանատունը, Ադրբեջանի բիզնես-օբյեկտները, կոմերցիոն ներկայացուցչությունները»,- շարունակել է minval.az-ը:
Ո՞ւմ նկատի ունի Ադրբեջանը՝ ասելով, թե ինչ-որ մեկի սրտով չեն Ադրբեջան-Իսրայել կառուցողական հարաբերությունները, կարող ենք միայն ենթադրել:
Մի բան փաստ է՝ Ադրբեջանը, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմը հաղթել է նաև Իսրայելի շնորհիվ և պարտքեր ունի մարելու, որը հանդիսանում է Իսրայելի զենքի գլխավոր պատվիրատուն, և առնվազն այս տրամաբանության մեջ Ադրբեջանում կարող են լինել Իսրայելից զինվորականներ, այս փուլում փորձում է Իրանի հետ հարաբերություններ չվատացնել:
Այսինքն՝ «աշխարհաքաղաքական ֆեյքերի» դեմ պայքարող և դրանք քննադատող Ադրբեջանն «աշխարհաքաղաքական տեղեկատվական արշա՞վ է սկսել Հայաստանի դեմ, գուցե Ադրբեջա՞նն է փորձում վատացնել Իրանի և Հայաստանի հետ հարաբերությունները, որտեղ առանց այն էլ հարցեր կան՝ կապված ՀՀ իշխանությունների արևմտյան որոշ քայլերի հետ:
Օրերս 168.am-ն անդրադարձել էր ադրբեջանական caliber.az-ի՝ «ԱՄՆ-ի բանակը մտել է Զանգեզուր» վերտառությամբ հոդվածին, որտեղ նշվել էր՝ իբր օգոստոսի 2-ին և 3-ին Ռումինիայում և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաներից ռազմական երկու ինքնաթիռ է մտել Հայաստան: Կամ՝ որ Հայաստան են բերվել հատուկ սարքավորումներ՝ արձանագրելու կամ հսկելու թռչող սարքերի, հրթիռների հետագիծը՝ Իրանի սահմանից բաց թողնվող, դրանք տեղադրվելու են հայ-իրանական սահմանին (հայ-իրանական սահմանը պահում են ռուս սահմանապահները, ՌԴ-ն Մեղրիից չի հեռացել): Եվ ԱՄՆ դեսպանատան արձագանքը չէր բավարարել ադրբեջանական կողմին:
168.am-ն իր հոդվածում նկատել էր, որ մի կողմից՝ Ադրբեջանը հնարավոր նոր սպառնալիքի քարոզչական հիմքեր է փորձում ստեղծել՝ ԱՄՆ-ին կամ Արևմուտքին պատասխանատու դարձնելով, մյուս կողմից՝ փորձ է արվում Իրանի հայացքը սևեռել Հայաստանի վրա: Ըստ էության, չենք սխալվել: Օգոստոսի 12-ին ադրբեջանական caliber.az-ը հերթական հոդվածն է այս թեմայով գրել՝ պնդելով, թե փաստեր է գտել, և սպառնացել, որ դրանք մաս-մաս են հրապարակելու:
Այնուհետև ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցը հռետորական հարց է բարձրացրել, թե հետաքրքիր է «կարմիր գծերից» անընդհատ խոսող Իրանի դեսպանի արձագանքը, նաև Իրանի օրենսդիրների, հասարակական և քաղաքական գործիչների, որոնք «Ադրբեջանում իսրայելական ռազմական բազաներ են փնտրում»:
Միգուցե ՀՀ իշխանությունը ևս սկսի վերջապես պատասխանել ՀՀ-ի դեմ ադրբեջանական տեղեկատվական պատերազմին և Իրանի հետ ՀՀ հարաբերությունները սրելու նպատակ հետապնդող արշավին, ինչո՞ւ չէ՝ Ադրբեջանի՝ Իսրայելի շահերի հարթակ լինելու վերաբերյալ փաստեր գտնել և ջրի երես հանել: