Փաշինյանի ուշագրավ խոստովանությունները

2020 թվականի 44-օրյա պատերազմից մոտ 6 տարի հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանկարծ որոշեց հայկական բանակի տոնի նախօրեն՝ հունվարի 27-ը, հռչակել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր: Այն դեպքում, երբ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի», իսկ հետո մեզ սովորեցնում էին, թե պետք չէ սգալ:

Ոչինչ, որ ռազմական լայնածավալ բախումների ժամանակ չի հայտարարվել ռազմական դրություն և սգո օր: Եվ մինչ այսօր հրապարակված չեն 44-օրյա պատերազմում զոհվածների և անհայտ կորածների անունները, այն, ինչ արել է Ադրբեջանը։ Բնականաբար, Ադրբեջանն իրական թիվը չի հրապարակել, բայց խոսքը դրա մասին չէ: Ի դեպ, Ալիևը սեպտեմբերի 27-ը հռչակել է 44-օրյայում իրենց շեհիդների հիշատակման օր:

Իսկ Նիկոլ Փաշինյանը որոշել է հերթական անգամ տարբերվել և Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի համընդհանուր օր սահմանել, այնպես, ինչպես որոշեց, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի ունենա կենդանի Ազգային հերոս՝ Ռուբեն Սանամյանը, և մոտ 7 տասնյակ զինծառայող հուլիսյան հաղթանակի համար մեդալներ ստացան: Այն, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենար նաև կենդանի Ազգային հերոս, այն էլ՝ ինչպիսին Ռուբեն Սանամյանն է, շատ լավ է, բայց այստեղ խնդիրը քաղաքական մոտիվացիայի մեջ է:

Քանի՞ անգամ է Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում հիշել Ազգային հերոսի սխրագործությունը հուլիսյան մարտերի և 44-օրյա պատերազմի ժամանակ: Ոչ մի անգամ, որովհետև խնդիր կար նախկիններից տարբերվելու, քայլը հանունի չէր:

Կարդացեք նաև

Նույնը նաև Հիշատակի օրվա դեպքում է: Մեղմ ասած՝ դա քաղաքական մանիպուլյացիա է:

Արդյո՞ք պատահական կամ գուցե ոչ պատահական է ընտրված Հիշատակի օրը, որը ոչ մի ասոցիացիա չի առաջացնում, արդյո՞ք դա նրա համար չէ, որ այլևս պահանջներ չլինեն՝ ինչու Ապրիլյան պատերազմի քառօրյայի օրը, 44-օրյա պատերազմի օրը, սեպտեմբերյան մարտերի օրը և այլն չգնացիք «Եռաբլուր»: Բացի այս, սա, բնականաբար, ոչ ճիշտ վերաբերմունք է Հայոց բանակի, ՀՀ զինված ուժերի ստեղծման ակունքներում լինողների՝ մարտերում զոհված, հանդեպ…

Հունվարի 28-ը համընդհանուր այն օրն է, երբ հիշում ենք Հայրենիքի համար ընկածներին, ՀՀ ԶՈւ ստեղծման ակունքներում լինողներին, Հայոց բանակում ծառայած զինվորներին, սպաներին և հրամանատարներին, որոնք մեզ հետ չեն, և շնորհակալություն հայտնում նրանց, որոնք ներդրում են ունեցել բանակի զարգացման գործում:

Հունվարի 28-ը նաև հպարտության օր է, այս օրը ցավի մեջ նաև հպարտություն կա:

Իսկ «երկնային բանակ» և «երկրային բանակ» հասկացություններով Հիշատակի օր սահմանելը և այն  հիմնավորելը, գործող իշխանությունների օրոք, ակամա հիշեցնում է «իրական Հայաստանն» ու «պատմական Հայաստանը»:

Այսինքն, էլի ինչ-որ անարդար բան կա այստեղ, հատկապես, երբ «երկրային բանակի» օրվա նշանավորում, մեծ հաշվով, չտեսանք: Արդյո՞ք ներկա իշխանությունը բարոյական իրավունք ունի 44-օրյա պատերազմից 6 տարի հետո քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ Հիշատակի օր սահմանել բանակի տոնի նախօրեն, խոսել «երկնային բանակից», երբ փորձում է մոռացության տալ և մոռացության է տվել զոհված հերոսների արածը, իսկ «երկրային բանակին» էլ չի ոգևորել գոնե մեկ զորահանդեսով, այլ անընդհատ փորձել է կաշկանդել և համոզել, որ հաղթելու ունակ չէ, և 44-օրյայում էլ պարտվել է բանակը, թեև բանակը կարողացել է պահել ամենաբարդ տարածքները, ստիպել է պատերազմի ժամանակ Բաքվին ռազմական օպերացիաների պլաններ փոխել, ինչպես նաև՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կանգնեցնել պատերազմը: Սրա մասին անձամբ Ալիևն է խոստովանել, և ոչ մեկ անգամ:

Բայց Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե ոչ միայն Բանակի օրը չստվերեր քաղաքական «էմոցիոնալ» որոշումներով, այլև հենց Բանակի օրն իր ուղերձում չսադրեր դաշնակիցներին և թույլ չտար վտանգավոր ձևակերպումներ:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված իր ուղերձում Փաշինյանը հերթական անգամ անդրադարձել է սպառազինության ձեռքբերման խնդրին և նախկինում իբր դրանց հետ կապված խնդիրներին:

«Սպառազինություն և տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառել՝ երկու հիմնական պատճառաբանությամբ․

1․ Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։

2․ Վստահ չէին, որ այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿին, որին ՀՀի անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար։

Իսկ ՀԱՊԿ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։

Հրաժարվում էին նաև մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարի սպառազինություն և տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանի Հանրապետությունն արդեն կատարել էր։

Սա գոյաբանական սպառնալիք էր Հայաստանի Հանրապետության համար և ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու, մեր ինքնիշխանությունը զրոյացնելու որոշում է կայացված»,- ասել է նա:

Այս ոըղերձում տեղ գտած որոշ ձևակերպումներ առաջին անգամ չեն հնչեցվում, ինչին մենք անդրադարձել ենք և դարձյալ՝ ոչ մեկ անգամ:

Առաջին՝ փաստորեն Փաշինյանը խոստովանում է, որ Արևմուտքը կամ Եվրոպան սպասել են, որ Արցախը հայաթափվի, նոր զենք վաճառեն, քանի որ այսօր Հայաստանը քառակուսի կիլոմետրով ՀՀ տարածքային ամբողջականությունը չի ճանաչել:

Երկրորդ՝ ՀՀ նախկին ռազմական և քաղաքական ղեկավարությունը երբևէ չի շեշտադրել, որ ՀԱՊԿ անդամակցությունը լրջագույն խնդիր է եղել, որ այլ երկրները Հայաստանին զենք վաճառեն:

Երրորդ՝ Նիկոլ Փաշինյանը սպառազինության մատակարարման խոչընդոտներին ավելացնում է ևս մեկը, որը, ըստ էության, իր դեմ խոստովանություն է:

Նա խոստովանում է, որ արևմտյան գործընկերները չեն վստահել իրեն, իր ղեկավարած երկրին և պաշտպանական գերատեսչությանը, և կասկածել են, որ մատակարարվող զենքի պարամետրերը «կվաճառի» ՀԱՊԿ-ին: Կարո՞ղ էր ինչ-որ փուլում նույն կասկածներն ունենալ նաև ՀԱՊԿ-ը: Ինչպես ասում են՝ մենք չենք ասում, Փաշինյանն է ակնարկում: Եվ երբ Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցներում հիբրիդային պատերազմի համատեքստում խոսում է դաշնակիցների և գործընկերների մոտ Հայաստանի նկատմամբ վստահությունը նվազեցնելու մասին, արդյո՞ք հենց Փաշինյանը դա չի անում նմանատիպ ձևակերպումներով:

Այստեղ հիշեցնենք մի ուշագրավ դրվագ: 2024 թվականի փետրվարի 27-ին armtimes.com-ը՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին, գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի Փարիզ կատարած այցի ավարտին Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս երկրներում՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:

«Փարիզը Երևան կփոխանցի արբանյակային տվյալներ, որոնք տեղեկատվություն կպարունակեն Հայաստանի սահմանների պարագծով ռազմաքաղաքական իրավիճակի մասին»,- գրել էր «Հայկական ժամանակը»:

Ավելի ուշ armtimes.com-ը հեռացրել էր կայքից այս տեղեկությունը։

Ավելին, այս տեղեկությունը հերքել էր նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Պարզվել էր, որ ֆրանսալեզու Agoravox բլոգերային պլատֆորմի միջոցով էր տարածվել այդ տեղեկությունը, երբ նման բան հենց իշխանական լրատվամիջոցը թույլ չպետք է տար, քանի որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հաստատ լավ կիմանար, չէ՞, ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել նրա Ֆրանսիա կատարած այցի ժամանակ: Եվ հենց այս տրամաբանությամբ էլ մի շարք լրատվամիջոցներ տարածել էին այս տեղեկությունը, քանի որ այն Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցն էր տարածել։

Եվ ինչպես մենք էինք նկատել մեր հոդվածում, տարբեր լրատվամիջոցներին ապատեղեկատվության մեջ մեղադրող Փաշինյանի ընտանեկան թերթը նման անհեթեթ տեղեկություն էր շրջանառել, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը, տևական ժամանակ է, ֆրանսիական «շպիոնների» դեմ գործողություններ էր իրականացնում այդ ժամանակ, երբ Ադրբեջանը և Ռուսաստանը Հայաստանին մեղադրում էր ԵՄ դիտորդների տեսքով «գործակալներ» սահմանին տեղակայելու համար, և այլն: Կամ, ինչո՞ւ չէ, այն ֆոնին, որ թուրք-ադրբեջանական տանդեմը դժգոհում էր Ֆրանսիայի՝ Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունից:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հայտարարության ֆոնին հավելենք ևս մեկ դրվագ:

2022 թվականին Հայաստանի դեմ ադրբեջանական տեղեկատվական-քարոզչական պատերազմի տրամաբանության մեջ Ադրբեջանի լրատվամիջոցները Փաշինյանին մեղադրել էին Արևմուտքին ՀԱՊԿ-ի վերաբերյալ կոնֆիդենցիալ տեղեկություններ փոխանցելու մեջ:

«Օրինակ, հայկական կողմն Արևմուտքին է փոխանցել ՀԱՊԿ շրջանակում ռազմական պլանավորման և ՀՕՊ միացյալ համակարգի հետ կապված նրբությունները կամ տեխնիկական փաստաթղթերը: Հայաստանն արևմտյան խաղացողներին է փոխանցել նաև տեղեկություններ ռուսական սպառազինության համակարգերի տեխնիկական բնութագրերի և ռուսական ռազմական պլանների, ռուսական զինծառայողների պատրաստման մեթոդոլոգիայի մասին, որոնց «դոստուպ» ուներ՝ որպես դաշնակից: Բանը հասել է նրան, որ ռուսական ռազմական բուհերում սովորող հայ սպաներն իրենց արևմտյան «կուրատորներին» են փոխանցել ոչ միայն այն ամենը, ինչ սովորել են, այլև, անգամ իրենց համակուրսեցիների անձնական գործերը՝ ռուս սպաներից»:

Ընդ որում, սա արվել էր Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ֆոնին, երբ կազմակերպության անդամ երկրների ղեկավարներ էին ժամանել Հայաստան: Սա լուրջ մեղադրանք էր, որին իշխանություններից ոչ մի արձագանք չէր եղել, և հիմա Փաշինյանը խոստովանում է, որ Արևմուտքն էլ իր հերթին է կասկածել, որ ՀԱՊԿ-ին իրենց ռազմական տեխնիկայի հետ կապված տվյալներ կփոխանցեն ՀՀ իշխանությունները:

Ինչ վերաբերում է բանակի՝ որպես անվտանգության կարևորագույն գործոնի և պատերազմի հավանականությանը, ապա այս առումով Փաշինյանի ուղերձում ևս ուշագրավ բաներ կան:

Մի կողմից նա ասում է՝ «պատերազմի չենք պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու, «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված», մյուս կողմից էլ, թե՝ «չափազանց կարևոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ՝ ապագայի պայմանական սպառնալիքներին դիմակայելու համար, այն դեպքերում, երբ դիվանագիտությունն ի վիճակի չի լինի դա անել»:

«Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է և կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսին չպիտի լինի երբեք»,- եզրափակել է Փաշինյանը:

Այսինքն, ասում է այն, ինչի մասին մշտապես զգուշացնում են ընդդիմախոսները, ռազմական փորձագետները: Արդյո՞ք սա ևս պահի տակ արված խոստովանություն է, եթե այո, ապա մտածելու տեղիք է տալիս, քանի որ այն հնչում է երկրի ղեկավարի շուրթերով:

Հ.Գ. Երբ արդեն ավարտել էինք հոդվածը, հաղորդագրություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և այնտեղ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության առաջնային օրակարգում միշտ պետք է լինի ուժեղ և պաշտպանունակ բանակի գոյությունը, երբ օրեր առաջ Կիրանցի պատն անվտանգային առումով ավելի էր կարևորում:

Տեսանյութեր

Լրահոս