Ճակատամարտում պարտված ՀՀ-ին Ֆրանսիան կօգնի՞ հաղթել նոր պատերազմում. որտե՞ղ է թաքնված Ֆրանսիայի շահը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր, որից հետո նախարարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, այնուհետև Սուրեն Պապիկյանը և Սեբաստիան Լըկորնյուն պատասխանեցին հայաստանյան և ֆրանսիական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Նախ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի հետ ՀՀ ռազմական համագործակցությունը համակարգային ու հեռահար բնույթ ունի:

Իր հերթին՝ Սեբաստիան Լըկորնյուն հայտնեց, որ գիշերային տեսանելիության սարքերի առաջին խմբաքանակն արդեն ՀՀ-ում է, իսկ «Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակն առաջիկայում կլինի:

«Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու Հայաստան, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են, որովհետև այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը: Ոչ ոք չի կարող Հայաստանին քննադատել բանակի հզորացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, ինչը թույլ կտա բարելավել սահմանների պաշտպանությունը: ՀՕՊ-երի մասին նույնպես ասեմ, եթե Հայաստանը կարիքն ունենա, կարճ, միջին և այլ հեռահարության հրթիռները նույնպես կդրվեն ձեր տրամադրության ներքո»,- մանրամասնեց Ֆրանսիայի ԶՈւ նախարարը՝ հավելելով, որ ամեն անգամ ՀՀ-ի կողմից առաջադրված օպերատիվ կարիքներից ելնելով են գործելու:

Կարդացեք նաև

Այս համատեքստում Ֆրասիայի զինված ուժերի նախարարը հիշեց Շառլ Դը Գոլին:

«Պատմականորեն Ֆրանսիայի բանակի մոդելը, որը Դը Գոլն է ձևավորել, սուվերեն բազա ունի: Եվ այն ամենը, ինչը մենք սպառում ենք, գնում ենք, Ֆրանսիայում է արտադրվում: Սա առանձնահատուկ մոդել է Եվրոպայում, մենք այս արդյունաբերական ինքնավարության և ռազմավարության մեջ ենք, և կարող ենք որոշել արտահանումը, ունենալ ինքնավար դիվանագիտություն: Սա գալիս է մեր պատմությունից»,- շարունակել է Սեբաստիան Լըկորնյուն՝ նշելով, որ այսօր իրենց համար առաջնահերթ է ՀՀ-ին պաշտպանական նպատակներով սպառազինության տրամադրումը:

«Բոլոր հակամարտություններից հետևությունն այն է, որ պաշտպանությունը կարևոր կետերից է՝ պաշտպանություն մարտի դաշտում, քաղաքացիական բնակչության և էներգետիկ ենթակառուցվածքների, օդանավակայանի պաշտպանություն, հատկապես՝ ԱԹՍ-ների և հարձակողական ինքնաթիռների կիրառման պարագայում»,- ընդգծեց ֆրանսիացի պաշտոնյան՝ միաժամանակ նշելով, որ Ֆրանսիան իր հրթիռների բազայի վերակազմավորման ուղղությամբ լուրջ աշխատանքներ է տանում, ինչը հնարավորություն կտա գործընկերներին նոր բաներ առաջարկել, և, որ արդեն խոսել են ՀՀ-ին Mistral հրթիռներ մատակարարելու մտադրության մասին:

Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավարն ընդունում է՝ ՀՀ-ի դեմ կան սպառնալիքներ, այլապես սպառազինության մատակարարման շուրջ թեմաների անհրաժեշտություն չէր լինի:

Այսինքն, եթե ոչ ոք չհարձակվի, բնական է՝ ՀՕՊ միջոցների կիրառման անհրաժեշտություն էլ չի լինի: Բայց այստեղ ամեն ինչ այնքան էլ այնպես չի, ինչպես ներկայացվում է:

Ֆրանսիական ռազմական պաշտպանական օգնությունը ՀՀ-ի համար չի ապահովում լիակատար պաշտպանություն, դեռ մի կողմ ենք դնում, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը վաղուց խաթարված է, և եթե սրա պատասխանատվությունն ինչ-որ առումով ՀՀ իշխանությունները կարող են դնել ՌԴ-ի վրա, ապա մի օր ստիպված են բացատրություն տալու՝ ինչպես էին, օրինակ, հատուկ նշանակության ուժերի համար նախատեսված զրահամեքենաները կամ ֆրանսիական ՀՕՊ միջոցներն Ադրբեջանի հարձակողական սպառազինության ձեռքբերումներին համարժեք համարում՝ նման բան անելու լեգիտիմ իրավունք վերապահելով նաև Ադրբեջանին:

Բնականաբար, 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն ցանկացած տեսակի սպառազինության կարիքն ունի,  պետք է, որ մեր հատուկ նշանակության ուժերն ունենան անհրաժեշտ զինվածություն, զրահամեքենա: Սակայն չպետք է դրանց տալ անհամաչափ հնչեղություն, հատկապես, երբ իրականում այդքան էլ գործ չունենք դիվերսիֆիկացիայի կամ փոխլրացնող քաղաքականության հետ:

Ի դեպ, Սեբաստիան Լըկորնյուն ասում է, որ եթե ՀՀ-ն հրթիռների կարիքն ունենա, դրանք կմատակարարեն, այսինքն՝ մինչև հիմա նման պահանջ չի՞ դրվել, դեռ նո՞ր պիտի որոշեն ՀՀ կարիքները: Սա՝ առաջին:

Երկրորդ՝ Ադրբեջանն արդեն արձագանքել է՝ ի դեմս Ադրբեջանի նախկին արտաքին գործերի նախարար Թոֆիկ Զուլֆուգարովի։ Նա պնդել է, որ Ֆրանսիան ունի միջազգային պարտավորություններ և չի կարող ավելի քան 300 կմ հեռահարության հրթիռներ արտահանել, իսկ հստակ սպառնալիքի դեպքում Ադրբեջանը կոչնչացնի ՀՀ տարածքում այդ օջախները: Սա չի նշանակում, որ հայկական կողմը չպետք է զինվի, սա նշանակում է՝ պետք է ճիշտ զինվի և ունենա ուժեղ դիվանագիտություն:

Երրորդ՝ 168.am-ը Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավարին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ գոյություն ունի ՀՀ-ՌԴ ՀՕՊ միացյալ համակարգի մասին համաձայնագիր, արդյո՞ք հաշվի է առնվել այս փաստը և ֆրանսիական ՀՕՊ միջոցների կիրառման հնարավոր բարդությունները և ներդաշնակեցման խնդիրները:

Մեր հարցին ի պատասխան՝ Սեբաստիան Լըկորնյուն ասաց, որ կան պարտավորություններ, որոնց մասին բոլորը գիտեն, որոնք ընդունվում են բոլորի կողմից, բայց պաշտոնական Երևանն իրավունք ունի  թեքվել դեպի վստահելի գործընկերներ:

Իր հերթին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ խոսքը ՀՀ երկնքի անվտանգության ապահովման մասին է:

«ՀՀ ՀՕՊ համալրումը ՀՀ-ի երկնքի անվտանգության համար է, ոչ մի դաշնակցի, բարեկամի կամ գործընկերոջ համար չէ, որ մենք սպառազինություն ենք գնում»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը:

168.am-ը Սուրեն Պապիկյանից փորձեց պարզել՝ հայ-ֆրանսիական համագործակցության խորացումն արդյո՞ք չի հակադրվում ՀՀ-ՌԴ հարաբերությունների և ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության շրջանակում դե յուրե առկա պարտավորություններին, ինչո՞ւ չէ՝ չպետք է մոռանալ նաև Իրանի մասին, որը մեր հարևանն է և աշխարհագրորեն ավելի մոտ է, քան Ֆրանսիան:

Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Հայաստանը 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո է ռազմատեխնիկական ոլորտը դիվերսիֆիկացնելու խնդիր դրել, երբ ՀՀ սուվերեն տարածքը ենթարկվեց ագրեսիայի և օկուպացվեցին ՀՀ սուվերեն տարածքներ:

«ՀՀ սուվերեն իրավունքն է, և ՀՀ-ն իրավասու է որոշել՝ ում հետ ինչ աստիճանի համագործակցություն ունենալ։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի և ՀՀ պետականության շահերից։ Մենք այս հարցում շատ հստակ ենք, պարզ ու անթաքույց: Ինչ վերաբերում է մեր հարևաններին, դաշնակիցներին, բարեկամներին, նույն Իրանի մասով կարող եմ ասել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն ՀՀ-ի է և որևէ մեկի դեմ չէ:

Մեր իրավունքն է համագործակցել և՛ Ֆրանսիայի, և՛ Իրանի հետ, և դա ի գիտություն պետք է լինի բոլորին: Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են համագործակցությունն այդ գործընկերների հետ, իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը և, կարծում եմ, նույնը պետք է անեն մեր ռուսաստանցի գործընկերները: ՀՀ-ն չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ ՀՀ-ի։ Սա որևէ երկրի դեմ ուղղված չէ, որևէ մեկը չպետք է մտահոգվի»,- շեշտեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Իսկ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, ով ավելի վաղ հայտարարեց, թե Երևանն իրավունք ունի թեքվելու դեպի վստահելի գործընկերներ, խուսափեց պատասխանել լրագրողներից մեկի հարցին՝ «արդյո՞ք Հայաստանի հետ համագործակցությունը՝ Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքների ֆոնին, Ֆրանսիային հնարավորություն է տալիս իր տեղը զբաղեցնել պատմականորեն ռուսական ազդեցության տակ գտնվող տարածքում»:

Նա ավելորդ համարեց աշխարհաքաղաքական մեծ խնդիրների մասին խոսելը: Բայց չխոսելը դեռ չի նշանակում, որ ՀՀ-ի բարեկամ Ֆրանսիան ՀՀ-ին պաշտպանական միջոցներ է վաճառում՝ առանց որևէ տեսակ շահի հետապնդման՝ լինի դա բիզնես, թե քաղաքական ու աշխարհաքաղաքական, այլ հարց է, ֆրանսիացի պաշտոնյան զգուշավոր էր ՌԴ-ի և Իրանի մասին արտահայտվելիս, և որոշակի «տաքարյունություն» դրսևորեց Թուրքիայի մասին խոսելիս:

Հետաքրքիր է՝ ի՞նչ դերակատարում ունեն Ֆրանսիա-Թուրքիա և Ֆրանսիա-Ադրբեջան ներկա հարաբերությունները ՀՀ-ին ֆրանսիական զենքի մատակարարման հարցում: Չի բացառվում, որ դրանք ևս որոշակի ազդեցություն ունեն, չնայած որ Ֆրանսիան միշտ էլ ՀՀ-ի բարեկամն է եղել:

Ի դեպ, քանի որ խոսք եղավ ֆրանսիական գիշերային տեսանելիության սարքերի մասին, հարկ է հիշեցնել, որ ժամանակին Ադրբեջանի պաշտպանության նախարարը դժգոհում էր և արձանագրում, որ նախկին իշխանությունների օրոք հայերն ԱՄՆ-ում իրենց հովանավորների շնորհիվ ոչ ռուսական՝ ամերիկյան ռազմական նշանակության սարքավորումներ են ձեռք բերել և տեղադրել Արցախի ուղղությամբ ռազմաճակատի գծի երկայնքով, ինչը դժվարացնում էր հայկական դիրքերի թիրախավորումը:

Ֆրանսիայում լավ գիտեն՝ ինչ ասել է՝ պարտվել ճակատամարտում, բայց՝ ոչ պատերազմում: Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը պարտվել է 44-օրյա պատերազմում, կամ գուցե՝ ճակատամարտում, իսկ նոր պատերազմի հավանականությունը մեծ է, այս անգամ՝ ՀՀ-ի դեմ, ինչը չեն թաքցնում ՀՀ իշխանությունները, արդյո՞ք Ֆրանսիան վստահելի գործընկերություն կդրսևորի այդ դեպքում, ցույց կտա ժամանակը, թեպետ ենթադրություններ հիմա էլ կարելի է անել:

Բայց միևնույն է՝ հիմնական խնդիրն ու պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, և նրանք են լինելու, որոնք արկածախնդիր են և ի զորու չեն ապահովել ՀՀ անվտանգությունը, և ժամանակ առ ժամանակ այն դնում են օտարի ուսերին:

Ու չի բացառվում, որ մի օր էլի Նիկոլ Փաշինյանից լսենք 44-օրյայից առաջ արված այս արտահայտությունը. «Պատերազմը հրահրող ամենամեծ գործոնը եղել է այն, որ մեր հակառակորդը տեսել է, որ Հայաստանը դառնում է որակապես այլ կարգի պետություն: 2019թ. մենակ մենք չենք տեսել, իրանք էլ են, չէ՞, տեսել: Պատերազմի ամենամեծ հրձիգը եղել են ՀՀ-ում տեղի ունեցող խորը բովանդակային և համակարգային փոփոխությունները: Եվրոպայի տարածաշրջանում ՀՀ-ն ամենամեծ տնտեսական աճն է ունեցել 2019-ին: Եթե տեսնեին, որ Հայաստանի անկումը շարունակվում է, էլի կսպասեին, պատերազմ չէին անի, որովհետև որքան անկումը շարունակվեր, այնքան ավելի հեշտ կլիներ: Թռիչքի պահին ա պետք հարվածել, որ այդ երկիրը հնարավորություն չունենա ավելի դիմակայելու, ռեսուրսներ կուտակելու»:

Տեսանյութեր

Լրահոս