Ադրբեջանն օկուպացված տարածքներում Իրանի հետ զորավարժությունը գնահատեց աշխարհաքաղաքական հարված ՀՀ-ին. Իրանի պատասխանը չուշացավ

2024 թվականի փետրվարին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի Հայաստան այցից հետո մարտի սկզբին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն, որի ընթացքում հանդիպել էր ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի և Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ: Ձեռք էին բերվել մի շարք պայմանավորվածություններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Այցի ժամանակ Սուրեն Պապիկյանը փորձել է իրանական կողմին վստահեցնել, որ հայ-ֆրանսիական ռազմական հարաբերություններն ուղղված չեն որևէ երկրի, մասնավորապես՝ Իրանի դեմ, ուստի մտահոգվելու առիթ չկա:

Արդեն 2025 թվականի ապրիլի 9-10-ը ՀՀ-ի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ անցկացրեցին, որի ժամանակ խաղարկվել են Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:

Իհարկե, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացրել է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:

Բայց Նորդուզի շրջանում Իրանի և Հայաստանի՝ երկու օր տևած համատեղ զորավարժությունների ժամանակ, իրանական կողմի հաղորդմամբ, կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ, իրականացվել են հատուկ նշանակության ջոկատների դիպուկահարների հմտությունների ցուցադրում, պայթեցման գործողություններ, կրակային աջակցություն և այլն:

Կարդացեք նաև

Եվ որքան էլ որոշ փորձագետներ այդ ժամանակ իրականությունից դուրս գնահատականներ հնչեցրին զորավարժությունների անցկացման ժամկետի և շարժառիթի վերաբերյալ, պետք է հաշվի առնել, որ երկկողմ զորավարժությունների կազմակերպումը մեկ օրվա բան չէ: Իսկ Հայաստան-Իրան զորավարժությունների անցկացման, հատկապես դրա բնույթի շուրջ, մեր տեղեկություններով, տևական ժամանակ քննարկում է ընթացել:

Նշենք, որ ընթացիկ տարվա փետրվարին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել էր. 

«Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում մեր համագործակցությունը տրամաբանական շրջանակում է առաջ գնում: Եվ այդ ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ մենք փոխադարձ ընկալում ունենք, այն ունի տարբեր բաժիններ: Եվ մենք փորձում ենք հետամուտ լինել այն բաժինների ուղղությամբ, որոնք բխում են երկու երկրների շահերից»: Եվ անհրաժեշտ չհամարելով նշված թեմաների շուրջ զրույցը, ընդգծել էր՝ «եթե զորավարժություն կանցկացվի, ուրեմն՝ պայմանավորվածություն կա»:

Իսկ ապրիլի 9-10-ն անցկացված զորավարժությունների մեսիջը շատ ավելի քաղաքական էր, և ադրբեջանական կողմի արձագանքից պարզվեց, որ այն ընկալելի է եղել նրանց համար, հատկապես, երբ Իրանը որդեգրել է հարևանների հետ հարաբերություններում հավասարակշռման քաղաքականություն:

Այս օրերին Հայաստանում էր ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն, որը հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի: Դրանից առաջ Իրան էր մեկնել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Սրան զուգահեռ՝ անցկացվել են Ադրբեջան-Իրան «Արազ-2025» զորավարժությունները, որն այս անգամ անցկացվել է օկուպացված Արցախի տարածքներում՝ հարավային ուղղությամբ, ինչը, իհարկե, ադրբեջանական կողմից փորձել են ներկայացնել ոչ միայն երկու երկրների զինված ուժերի ամրապնդմանը միտված և դրանց նոր որակ հաղորդելու ռազմական քայլ, այլ աշխարհաքաղաքական հարված Հայաստանին, հատկապես, երբ 2024 թվականին Իրանը և Ադրբեջանն Իրանի Արդաբիլ նահանգում էին անցկացրել «Արազ-2024» քառօրյա համատեղ զորավարժությունները, որին մասնակցել էին ադրբեջանական բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները:

Թե որքանո՞վ է օկուպացված Արցախում ադրբեջանա-իրանական զորավարժությունների անցկացումն աշխարհաքաղաքական հարված Հայաստանին, կամ՝ արդյո՞ք Իրանը դրա տակ այսօրինակ մեսիջ է դրել՝ ժամանակը ցույց կտա, բայց փաստ է՝ Իրանը շարունակում է պնդել իր դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, թեև գուցե 44-օրյա պատերազմի օրերին իրանական կողմը բավարար քայլեր չի ձեռնարկել հայկական կողմի օգտին, գուցե նաև հայկական կողմի թերացումների պատճառով:

Բայց այս համատեքստում հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից առաջ, մասնավորապես, 2019 թվականին Բաքու էր մեկնել Իրանի ԶՈՒ ԳՇ պետը, և ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Մոհամմադ Բաղերին հայտարարել էր, թե հետայսու էլ սատարելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և, որ Արցախի հողերն «ադրբեջանական» են: Սրանից հետո Իրանի ռազմական կցորդը ՀՀ պաշտպանության նախարարություն էր գնացել և պարզաբանում ներկայացրել:

«Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի 16-ին ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերիի՝ Ադրբեջան կատարած այցին և վերջինիս՝ ԼՂ հիմնահարցի շուրջ արտահայտած դիրքորոշման վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությանը:

ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է բազմիցս արտահայտած Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ընդգծել է, որ այն որևէ փոփոխությունների չի ենթարկվել և մամուլում ներկայացվող տեղեկատվությունն ու դրա զանազան մեկնաբանություններն աղավաղում են այն: Շեշտելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում բարձրաստիճան փոխայցելությունների և դրանց ընթացքում տարբեր հարցերի շուրջ պաշտոնական դիրքորոշումներ արտահայտելու բազմաթիվ առիթներ կլինեն:

Այս առումով Լևոն Այվազյանն ու Մահդի Վեջդանին կարևորել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացումն՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության, խաղաղության և անվտանգության ամրապնդման»,- նշվում էր ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Իսկ 2017 թվականին Արցախում պաշտոնական մակարդակում անբնական էին համարում Արցախ-Իրան սահմանի փակ լինելը:

«Մենք գնահատում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, որը հավասարակշռված է և հիմնականում չեզոք բնույթ է կրում: Հատկանշական է, որ Իրանը 1992 թվականի առաջին կեսին այս հակամարտության կարգավորման հարցում հանդես է եկել որպես միջնորդ, որը խոսում է այն մասին, որ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Այդ մասին է վկայում նաև այն, որ այսօր պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնում կրկին միջնորդական առաքելություն իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Հարկ է նշել, որ Իրանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի ընդհանուր սահմաններ բոլոր երեք հակամարտ կողմերի՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ), Արցախի Հանրապետության և Ադրբեջանի հետ:

Հայաստանի Հանրապետության հետ սահմանները բաց են, ընդ որում, ՀՀ միջոցով է ապահովվում արտաքին աշխարհի հետ կապի միակ ճանապարհը։ Ադրբեջանի հետ սահմանն ավելի շուտ կարելի է անվանել ռազմաճակատ։ Չնայած մեր երկու ժողովուրդների կողմից միմյանց հանդեպ բարիդրացիական տրամադրվածությանը՝ Արցախի և Իրանի միջև սահմանը մնում է փակ, ինչն անբնական է:

Մենք շահագրգռված ենք գործող սահմաններ և բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևան բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Իրանի հետ։ Համոզված եմ, որ նաև Իրանի շահերից է բխում Արցախի հետ պահպանել ընդհանուր սահմանը։ Կարծում եմ, որ դա համահունչ է նաև տարածաշրջանում հետաքրքրված այլ դերակատարների շահերին»,- 2017-ին իրանցի քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆօլդինի հետ հարցազրույցում նշել էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Որքան էլ այսօր Արցախն օկուպացված է, բայց սա կարևոր հարց է, որի պատասխանը պետք է իմանալ՝ ինչ խնդիրների առկայություն էր Արցախ-Իրանը փակ պահում:

Իսկ Ադրբեջանն արդեն հասցրել է դժգոհություն հայտնել ՀՀ-ում Իրանի դեսպանի հերթական՝ «ոչ մի «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, ոչ մի բան չի կարելի լուծել զոռով» հայտարարության առնչությամբ:

Այսինքն, մինչ Ադրբեջանն օկուպացված Արցախում Իրանի հետ զորավարժությունները համարում է աշխարհաքաղաքական հարված Հայաստանին, Հայաստանից իրանական կողմը հստակ և կոշտ պատասխանում է այդ վստահեցմանը:

168.am-ի հետ զրույցում Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը նշել էր, որ Թեհրան-Բաքու հարաբերություններում առկա խնդիրներն այնքան խորքային ու համակարգային են, որ դրանք հնարավոր չէ կարգավորել բարձր մակարդակի այցերով, քանի որ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական հիմնահարցերի հետ կապված՝ կողմերի մոտեցումները տրամագծորեն տարբերվում են։

Տեսանյութեր

Լրահոս