Հերթական ձախողումը. Ինչքա՞ն փող է կորցրել բյուջեն դրա պատճառով
Այս օրերին Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկվում է անցած տարվա պետական բյուջեի կատարողականը։ Քննարկումները մեկնարկեցին խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո։ Ու չնայած ընտրություններից հետո բյուջեի կատարողականի քննարկումները կորցրել են իրենց քաղաքական նշանակությունը, այնուհանդերձ դրանք ցույց են տալիս, թե ինչպես է իշխող քաղաքական ուժը տապալել իր նախորդ խոստումներից շատերը, այդ թվում՝ բյուջեի հետ կապված։
Թողնես օրերով ճառեր կասեն ստվերում պտտվող հարկային եկամուտների, նախկինում արվող թալանը բյուջե բերելու մասին, հարկերի հավաքագրման մակարդակը կարողացել են բարելավել ընդամենը 1.1 տոկոսային կետով։
«Կարողացել ենք 2021թ. համեմատությամբ ունենալ 1.1 տոկոսային կետով հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում, որից 0.6 տոկոսային կետն արձանագրել ենք 2025թ.»,- ասում է ֆինանսների նախարարը։
Սա այն ցուցանիշն է, որը բնութագրում է ստվերի դեմ պայքարը։ Այն ստվերում պտտվող գումարները բյուջե բերելու ու թալանը կանխելու մասին է։ Բայց, ինչպես տեսնում եք, ցուցանիշը շոշափելի փոփոխություն չի կրել։ Երբ տնտեսությունն աճում է, իսկ իշխանությունը չի կարողանում այդ աճից համարժեք հարկեր հավաքել, նշանակում է՝ աճի մի մասը մնում է ստվերում, հարկային վարչարարությունը թերի է, իսկ պետական բյուջեի բեռն ընկնում է այն մարդկանց ու բիզնեսների ուսերին, որոնք արդեն իսկ աշխատում են օրինական դաշտում։
Վերջին 4 տարիներին Հայաստանում հարկային եկամուտների հավաքման միջին տարեկան ընդամենը 0.27 տոկոսային կետի բարելավում է տեղի ունեցել, որը ցածր է նույնիսկ նախկին «թալանչի» իշխանությունների ժամանակ արձանագրվող ցուցանիշից։ Պարտավորվել էին, որ այս ընթացքում հարկեր-ՀՆԱ-ն պիտի հասցնեն 25 տոկոսի։ Բայց 24.1 տոկոսի հազիվ են հասցրել՝ 0.9 տոկոսային կետով թերակատարել են։ Դրա հետևանքով տասնյակ-միլիարդավոր դրամներ բյուջե չեն մտել։ Բայց դրա համար այդպես էլ որևէ մեկը պատասխանատվություն չի կրում։
Նորություն չէ, որ հարկերի հավաքագրման արդյունավետությունը որոշվում է ոչ թե նրանով, թե անվանական արտահայտությամբ ինչքա՞ն հարկ է հավաքում, այլ նրանով, թե ՀՆԱ նկատմամբ ինչքա՞ն հարկ է հաջողվում գեներացնել։
Այստեղ է, որ կառավարության «առաջադիմությունը» ցածր է. 4 տարում ընդամենը 1.1 տոկոսային կետի բարելավում է եղել, որից 0.6 տոկոսային կետը՝ անցած տարի։ Դրան նախորդած 3 տարիներին հարկերի հավաքագրումը ՀՆԱ-ում ընդամենը 0.5 տոկոսային կետով է ավելացել։ Առանձին տարիներին հավաքագրման արդյունավետությունը նույնիսկ նվազել է, ստվերի ավելացում է տեղի ունեցել։ Ասենք՝ 2024թ. բյուջեով շուրջ 0.75 տոկոսային կետի բարելավում էին խոստանում, փաստացի նվազում տեղի ունեցավ։
Հարկ եղած դեպքում հազար պատճառ կբերեն արդարացնելու համար, թե նման «անմեղ» ձախողումներն ինչի հետևանք են, բայց դա արդարացում չէ և դրանով սոցիալապես անապահով քաղաքացու գրպանի պարունակությունը չի ավելանում։
Նույնիսկ իրենց դրած տարեկան նվազագույն 0.3 տոկոսային կետին չեն կարողացել հասնել, սակայն թողնես ժամերով գլուխ կտանեն՝ բյուջեի հարկային եկամուտների աննախադեպ կատարողականների վերաբերյալ ճառելով։
Հարկային եկամուտներն այս տարիներին անվանական արտահայտությամբ, իհարկե, ավելացել են, բայց ավելացել են առաջին հերթին այն պատճառով, որ հայտնի արտաքին գործոններով պայմանավորված, իշխանությունների կամքից անկախ, Հայաստանում բարձր տնտեսական աճեր են գրանցվել։ Այդ աճերի արդյունքում ՀՆԱ-ն մեծացել է՝ նպաստելով հավաքվող հարկերի ավելացմանը։ Մինչդեռ՝ ստերի դեմ պայքարի ու վարչարարության արդյունքները հեռու են եղել գոհացուցիչ լինելուց։
Ընդ որում՝այս ընթացքում ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հավաքագրման ցուցանիշի արձանագրված բարելավումն էլ եղել է ոչ միայն վարչարարության, այլև հարկատուների վրա հարկային բեռի ավելացումների հաշվին։
Վերջին տարիներին համատարած հարկային բեռ են ավելացրել ու հատկապես՝ փոքր բիզնեսի վրա։
Շրջանառության հարկի բեռն են կրկնապատկել։ Բազմաթիվ բիզնեսներ հանել են շրջանառության հարկի դաշտից ու տեղափոխել անգամներով ավելի ծանր՝ ընդհանուր հարկման դաշտ։ Անգամներով, երբեմն՝ տասնյակ անգամներով տույժ-տուգանքներն են բարձրացել։ Այլ ծանրացումների մասին էլ չենք խոսում։ Ու այդքանից հետո ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրման արդյունավետությունը 4 տարում ընդամենը 1.1 տոկոսային կետով է բարելավվել։
Սա նշանակում է, որ ձախողել են ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հավաքման իրենց ստանձնած պարտավորությունը։ Բայց դրա մասին խուսափում են խոսել։ Ու փորձում են հարկերի անվանական ցուցանիշների հետևում թաքցնել այդ փաստը։ Այն պարագայում, երբ առավել կարևոր է, թե ինչպիսի՞ն է եղել ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրման մակարդակը։
Այդ ցուցանիշն է, որ 4 տարում ընդամենը 1.1 տոկոսային կետով հազիվ են կարողացել ավելացնել։ Եվ դա տեղի է ունեցել մի իրավիճակում, երբ տնտեսության մեջ բարձր աճեր են արձանագրվել։ Եղել է տնտեսական ակտիվություն, շրջանառությունների՝ երբեմն նույնիսկ շատ կտրուկ աճեր, իրացման ու սպառման ծավալների ավելացում։ Բայց հարկային համակարգը չի կարողացել այդ աճերը լիարժեք վերածել բյուջեի եկամուտների ու դրանից հարկեր գեներացնել։ Սա նշանակում է, որ իշխանության խոստացած վարչարարական բարեփոխումները չեն արվել, ուշացել են կամ չեն աշխատում իրական տնտեսության մեջ։
Երբ իշխանությունները չեն կարողանում բարելավել հարկահավաքման որակը, սովորաբար գնում են ավելի հեշտ լուծումների՝ ավելացնում են պարտքերը, կամ բարձրացնում են հարկային ճնշումը տնտեսության տեսանելի հատվածի վրա։ Այն, ինչ արել են Հայաստանի իշխանությունները։ Մինչ խոստացած հարկային բարելավումները չեն կարողացել կատարել, պարտքերն են լի ու բոլ ավելացրել։
Վերջին 5 տարում կառավարության պարտքն աճեցրել են շուրջ 6.4 մլրդ դոլարով։
Պարտքի ամբողջ պատմության ընթացքում այն 7.5 մլրդ էր, անցած 5 տարում հասցրել են 13.9 միլիարդի։ Նաև բիզնեսի վրա հարկային բեռն են ծանրացրել։
Ու այդ ամենի գինը վճարում է քաղաքացին և պարտաճանաչ հարկատուն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

