Արդարացվա՞ծ է Սուրեն Պապիկյանի վստահությունը, թե՞ Իրանը հարգում է ՀՀ-ի՝ առանց տաբուների համագործակցությունը Ֆրանսիայի հետ. Ի՞նչ առաջնահերթություն է դրվել Փաշինյան-Մակրոն հանդիպմանը

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի համատեղ ասուլիսի ժամանակ 168.am-ը Սուրեն Պապիկյանից փորձել էր պարզել՝  հայ-ֆրանսիական համագործակցության խորացումն արդյոք չի՞ հակադրվում ՀՀ-ՌԴ հարաբերությունների և ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության շրջանակում դե յուրե առկա պարտավորություններին, ինչո՞ւ չէ՝ չպետք է մոռանալ նաև Իրանի մասին, որը մեր հարևանն է և աշխարհագրորեն ավելի մոտ է, քան Ֆրանսիան:

Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել էր, որ Հայաստանը 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո է ռազմատեխնիկական ոլորտը դիվերսիֆիկացնելու խնդիր դրել, երբ ՀՀ սուվերեն տարածքը ենթարկվեց ագրեսիայի և օկուպացվեցին ՀՀ սուվերեն տարածքներ:

«ՀՀ սուվերեն իրավունքն է, և ՀՀ-ն իրավասու է որոշել՝ ում հետ ինչ աստիճանի համագործակցություն ունենալ։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի և ՀՀ պետականության շահերից։ Մենք այս հարցում շատ հստակ ենք, պարզ ու անթաքույց: Ինչ վերաբերում է մեր հարևաններին, դաշնակիցներին, բարեկամներին, նույն Իրանի մասով կարող եմ ասել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն ՀՀ-ի է և որևէ մեկի դեմ չէ: Մեր իրավունքն է համագործակցել և՛ Ֆրանսիայի, և՛ Իրանի հետ, և դա ի գիտություն պետք է լինի բոլորին: Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են համագործակցությունն այդ գործընկերների հետ, իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը և, կարծում եմ, նույնը պետք է անեն մեր ռուսաստանցի գործընկերները: ՀՀ-ն չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ ՀՀ-ի։ Սա որևէ երկրի դեմ ուղղված չէ, որևէ մեկը չպետք է մտահոգվի»,- շեշտել էր ՀՀ պաշտպանության նախարարը:

Կարդացեք նաև

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, մասնավորապես, ասել է.

«Մենք մտածում ենք յուրաքանչյուր պետության՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի տեսանկյունից: Եվ դա իրականում ոչ միայն Ֆրանսիայի համար է մտահոգիչ: Նախորդ մի քանի տարիներին Հայաստանի հարևան պետությունը՝ Իրանը, ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով: Մենք Իրանի հետ անհամաձայնություն ունենք շատ հարցերում, բայց սա այն հարցն է, որ համաձայն ենք: Եվ իրականում ՄԱԿ բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնեն այս հարցում, որովհետև ՄԱԿ-ի կանոնադրության ներքո` ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները ճանաչում են և պետք է աջակցեն անդամ մյուս երկրների ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»:

Մի կողմ թողնենք, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը վաղուց խախտված է՝ 2021-2022 թվականներին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումների արդյունքում, բայց, ըստ էության, Իրանը և Ֆրանսիան ՀՀ տարածքային ամբողջականության պահպանումը տարբեր կերպ ու ձևաչափերով են տեսնում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում որոշ առանցքային տարրերի ձեռքբերման հարցում, մասնավորապես՝ Պրահայում 2022-ի հոկտեմբերին երկու կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ և Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանային հարցերը լուծելու: Սա մեր՝ արդեն ունեցած նպաստն է: Այժմ մենք աջակցում ենք բոլոր ջանքերին՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հովանու ներքո՝ հասնելու տևական, կայուն և արդար խաղաղության պայմանագրին: Սա մեր դիրքորոշումն է, և այն, ինչ կարող է տեղի ունենալ այդ ուղղությամբ, նույնպես կստանա մեր աջակցությունը»,- «Արմենպրեսին» ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

Այսինքն, ամեն ինչ այնքան էլ հեշտ ու պարզ չէ, ինչպես ներկայացնում էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, և ոչինչ, որ իշխանամերձ փորձագետներն ակտիվացրել են պարզունակ պնդումները, թե ՀՀ պաշտպանության նախարարի այցն ապացուցում է, որ «Հայաստանի արևմտյան ձգտումները և, մասնավորապես, հայ-ֆրանսիական հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի դեմ են, զրկվելու են բոլոր փաստարկներից»:

«Հայաստանի վերջին մեկ տարվա դիվանագիտական և անվտանգային հարաբերությունների հետագիծն այսպիսին է՝ Ֆրանսիա, Հնդկաստան, Հունաստան, Կիպրոս, Վրաստան, Եգիպտոս: Բաց էր մնում այս շղթայի վերջին օղակը՝ ի դեմս Իրանի։ ՀՀ ՊՆ պաշտոնական այցն Իրան այս շղթան կամբողջացնի»,- «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Առաքելյանը:

Իսկ «Արմենպրեսի» հետ զրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցությունը չի սահմանափակվում ռազմական հարցերով:

«Ամեն ինչ տեղին է, օգտակար է, ազդեցիկ է, քանի դեռ դա մտածված է ռազմավարական առումով: Այսպիսով` այս առումով մի առաջնահերթություն, որ դրվել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի ու մեր նախագահի հանդիպման ընթացքում Փարիզում 2 շաբաթ առաջ, ենթակառուցվածքներն են՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի ոլորտներում: Հայաստանին ուժեղացնելը, աջակցելը նաև նշանակում է ուժեղացնել ենթակառուցվածքները: Եվ դրան մենք մեծ ուշադրություն ենք դարձնում»,- մանրամասնել է ֆրանսիացի դիվանագետը:

Իսկ մենք չգիտենք, թե Իրանում Սուրեն Պապիկյանն ինչ հարցեր է քննարկելու և ինչ խնդիրներ է  փորձելու լուծել:

Բացի այդ, գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո և այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում ենթակառուցվածքների և կոմունիկացիաների վերահսկողություն սահմանելու հարցում գլխավոր խաղացողների կողմից լուրջ մրցակցություն կա, որը գնալով սրվում է, և հաշվի առնելով, որ Ֆրանսիան հայտարարում է, որ աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հովանու ներքո, այսինքն, ամերիկյան և եվրոպական միջնորդություններն է ամենահուսալի երաշխիքները համարում, այստեղ չեն կարող Իրանի հետ խնդրահարույց հարցեր չլինել:

Հավելենք, որ 168.amի հետ զրույցում ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանն ասել էր, որ թեպետ Հայաստանին ռազմական օգնությունը պայմանավորված է հայ-ֆրանսիական հարաբերությունների պատմական հիմքով ու դարավոր բարեկամության փաստով, որը Ֆրանսիան երբեք չի անտեսում: Բայց, անշուշտ, ինչպես ասում են, քաղաքականության մեջ հենց այնպես ոչինչ չի կատարվում, կան նաև այլ շարժառիթներ:

«Ֆրանսիան Հարավային Կովկաս թափանցելու փորձ է կատարում՝ Եվրոպական միության իր գործընկերների համաձայնությամբ, ինչպես նաև՝ իր դաշնակից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ համադրաբար: Սակայն գաղտնիք չէ, և միամիտ պետք է լինես, որ չտեսնես՝ այս ամենը նաև Ռուսաստանի դեմ իրենց արշավի մաս է կազմում և ուղղված է ուղղակիորեն Ռուսաստանի դեմ»,- շեշտել էր նա՝ հավելելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Ֆրանսիայի լարված հարաբերությունների պատճառը պետք է դիտարկել ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում, հաշվի պետք է առնել նաև վերջին շրջանում թուրք-ադրբեջանական հոխորտացող քաղաքականությունը Եվրոպայի նկատմամբ, գազի և նավթի մատակարարման առումով իրենց աշխարհագրական դիրքն օգտագործելու և ԵՄ-ին բավական նեղ կացության մատնելու փաստը և այլն:

Հիշեցնենք, որ Փաշինյանն իր «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ու դրա սկզբունքներում նշել էր, որ «բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են»: Բայց մենք խնդիր ունենք նախ ապացուցելու, թե ում տարածքով են դրանք անցնում և ում վերահսկողության տակ պիտի մնան: Արդյո՞ք Ֆրանսիան օգնելու է ՀՀ-ին այս հարցում, և որքանո՞վ նրանց դիրքորոշումը կհամընկնի Իրանի հետ:

Իսկ վերևում հիշատակված հարցազրույցում Ֆրանսիայի դեսպանը, պատեհ առիթն օգտագործելով, հանգստացրել է Ադրբեջանին, որ սարքավորումների տեսակները, որոնք Հայաստանին տրամադրում են, զուտ պաշտպանական են:

«Եվ դա հենց սկզբից հստակ նշվել է՝ այն ամենը, ինչ մենք մատակարարում ենք՝ զենք, սարքավորումներ, վերապատրաստումներ, համապատասխանում են այդ նպատակին»,- ընդգծել է Օլիվիե Դըկոտինյին:

Ֆրանսիան այն կարծիքին է, որ եթե ՀՀ օդային տարածքը պաշտպանված լինի, ամեն ինչ լավ կլինի: Իրենց հերթին՝ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր գրել էին, որ Ադրբեջանը գնել է իսրայելական արտադրության Sky Dew օդապարիկ (աերոստատ), որի հիմնական խնդիրը թևավոր հրթիռների, անօդաչու սարքերի և այլ առաջադեմ օդային սպառնալիքների հայտնաբերումն է՝ ցածր բարձության վրա թռչող, ապահովելով վաղ նախազգուշացում: Դրա համար Sky Dew-ն «զինված» է AESA (Active Electronically Scanned Array) ռադարով, որն ունակ է օբյեկտներ հայտնաբերել մեծ հեռավորության վրա: Օդապարիկը կարող է մի քանի օր անդադար հսկողություն իրականացնել և ունակ է հետևել մինչև 500 թիրախի՝ ավելի քան 250 կմ հայտնաբերման հեռահարությամբ։

Տեսանյութեր

Լրահոս