ԵՄ-ն ձգտում է ՀՀ-ում ձևավորել տեղեկատվական պատկեր, որը կնպաստեր ընտրություններում արևմտամետ ուժերի հաջողությանը. Արեշև
Օրերս «Ազատություն» ռադիոկայանն ուշագրավ տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ»:
Լրատվամիջոցն իր հրապարակման մեջ չէր բացառել նաև ՀՀ-ում մշտական քաղաքացիական առաքելություն տեղակայելու հնարավորությունը։ Ռադիոկայանի տրամադրության տակ էր հայտնվել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել էր արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ ԵՄ-ն նմանատիպ՝ մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ աջակցելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության վաղ հայտնաբերման և հակազդման գործում։
Հարավային Կովկասի հարցերով ռուսաստանցի վերլուծաբան Անդրեյ Արեշևն այսօր տեսակամրջի ժամանակ անդրադարձավ շրջանառության մեջ դրված այս տեղեկությանը՝ ասելով, թե սա այն դեպքն է, երբ կարելի է վստահել տեղեկությանը, քանի որ Հայաստանի պարագայում խոսքը խորհրդարանական ընտրություններում, այսպես կոչված, մոլդովական սցենարի կրկնօրինակման մասին է։ Նրա խոսքով, Մայա Սանդուի ռեժիմի և Փաշինյանի կառավարության միջև բավականին սերտ կապեր կան ոչ միայն արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների, այլև հետախուզական ծառայությունների միջոցով, որոնք կենտրոնացած են այն բանի վրա, ինչն արևմտյան քարոզչությունն անվանում է պայքար ապատեղեկատվության, Կրեմլի մեքենայությունների և նմանօրինակ ամեն ինչի դեմ։
«Մենք գիտենք, որ զգալի միջոցներ են հատկացվում այս տեսակի տեղեկատվական գործողությունների համար։ Եթե չեմ սխալվում, Մոլդովայի դեպքում խոսքը 15 միլիոն եվրոյի մասին էր։ Կարծում եմ՝ Հայաստանի դեպքում, ընդհանուր առմամբ, նույնքան։ Ըստ էության, խոսքը հասարակական կարծիքը մանիպուլացնելու, ընտրությունների շեմին կարծիքը շփոթեցնելու, տեղեկատվական այնպիսի պատկեր ստեղծելու մասին է, որը հունիսի 7-ի քվեարկության ժամանակ կնպաստի արևմտամետ ուժերի հաջողությանը։ Այն, ինչպես հասկանում ենք, ի թիվս այլ գործոնների, ունի նաև աշխարհաքաղաքական բնույթ, որից առանց ամաչելու խոսում են նաև Հայաստանի իշխանական քարոզիչները»,- ասաց Արեշևը:
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական միտումներին ու հայկական երկաթուղային ցանցի կառավարումը Ռուսաստանից մեկ այլ երկրի հանձնելու մասին Փաշինյանի առաջարկին, Արեշևն ասաց, որ Հայաստանից տարբեր ազդանշաններ է լսում, որոնք կարելի է դիտարկել բազմավեկտորության, կամ, ինչպես նախկինում անվանում էին, կոմպլեմենտարիզմի տրամաբանության շրջանակներում, քանի որ, նրա խոսքով, անհնար է չարձագանքել Իրանից եկող ազդանշաններին։
Ըստ Արեշևի, թեև Իրանը ներկայումս բավականին դժվարին իրավիճակում է՝ ամերիկյան հարվածը չի բացառվում, Միացյալ Նահանգների հետ դժվար բանակցություններ են ընթանում, Իրանը մնում է նշանակալի խաղացող։
«Եվ մենք տեսնում ենք, որ պատահական չէ, որ Վենսի այցից անմիջապես հետո խոսակցություններ եղան այն մասին, որ Հայաստանն ու Իրանը կարող են ռազմավարական համաձայնագիր ստորագրել արդեն 2026 թվականին, այսինքն՝ այս տարի։ Կարծում եմ՝ սա լիովին կանխատեսելի գիծ է»,- ասաց Արեշևը:
Ռուս վերլուծաբանի տպավորությամբ, Ռուսաստանը նույնպես անընդհատ ստանում է հակասական ազդանշաններ, հնչում են անբարյացակամ հայտարարություններ Ռուսաստանից հիբրիդային պատերազմի, ինչպես նաև ԹՐԻՓՓ-ին ՌԴ-ի մասնակցության անհնարինության մասին, ինչպես նաև այնպիսի հայտարարություններ, ինչպիսին Փաշինյանի այն դիտարկումն է, թե քննարկում է բոլոր հարցերը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, որ Ռուսաստանն աջակցում է տարածաշրջանային նոր տրանսպորտային նախագծերին:
«Մենք լավ հասկանում ենք, որ այս նախագծերը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և գուցե անգամ աշխարհաքաղաքական բնույթ ունեն: Չեմ կարող ազատվել այն զգացումից, որ Կատարը, Ղազախստանը և Օմանը թվարկելիս՝ Փաշինյանը մտքում ունի նման գործընթացների ևս երկու հնարավոր մասնակից՝ Թուրքիան և Ադրբեջանը»,- ասաց Արեշևը՝ անդրադառնալով երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը փոխելու մասին Փաշինյանի հայտարարությանը։
Նա նկատեց, որ ներկայումս շատ է խոսվում Հարավային Կովկասում միասնական տրանսպորտային շրջանակի ձևավորման մասին, բայց միևնույն ժամանակ քաղաքական, աշխարհաքաղաքական հակասությունները չեն լուծվել։
Ավելին, նրա համոզմամբ, դրանք աճում են։ «Եվ չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունների մասնակի կարգավորմանը, մենք հասկանում ենք, որ տարբեր արտատարածաշրջանային ուժեր բավականին հստակ արտահայտում են իրենց շահագրգռությունը որոշակի տրանսպորտային ուղիների արգելափակումը շարունակելու հարցում։ Օրինակ, ավելի ու ավելի է խոսվում ապագա ԹՐԻՓՓ ճանապարհը՝ որպես հազվագյուտ մետաղների կամ այլ հանքանյութերի արտահանման կամ տեղափոխման երթուղի օգտագործելու մասին, ոչ միայն արտահանման, այլև տարանցման համար։ Մենք հասկանում ենք, որ այս ճանապարհը համարվում է, այսպես կոչված, Միջին միջանցքի անբաժանելի մասը, որը կապում է Թուրքիան Կենտրոնական Ասիային կովկասյան երկրների միջոցով: Մենք լավ գիտակցում ենք, որ այս օբյեկտը կարող է դառնալ ԱՄՆ-Չինաստան կամ ԱՄՆ-Իրան կամ այլ հետագա տարաձայնությունների հարթակ, ինչը բացասաբար կանդրադառնա դրա գործունեության վրա։ Սա չնայած այն հանգամանքին, որ, եթե նույնիսկ աշխատանքները սկսվել են, ապա ներկայումս գտնվում են իրենց ամենասկզբնական վիճակում։ Եվ մենք տեսնում ենք, որ նույնիսկ Իլհամ Ալիևը, ով այս հարցում ամենալավատեսն է, այս ճանապարհի լիարժեք շահագործման հնարավոր ամսաթիվ է նշում 2028 թվականը։ Եվ մինչև 2028 թվականը դեռ շատ բան կարող է տեղի ունենալ»,- նման կարծիք հայտնեց Արեշևը:
Արեշևն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այնտեղ, որտեղ կա լոգիստիկա, կարող է լինել նաև ռազմական ներկայություն, ինչը հետաքրքրություն է ներկայացնում՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ, ակնհայտորեն, այլ խաղացողների համար։
«Եվ այստեղ, իհարկե, ընդհանուր անվտանգության համակարգի բացակայության պայմաններում՝ չհամաձայնեցված և մասնատված վիճակում, ցանկացած սցենար հնարավոր է։ Եվ, հավանաբար, դրանք պետք է ինչ-որ կերպ ինտեգրվեն ցանկացած լոգիստիկ համակարգի, սխեմայի մեջ և հաշվի առնվեն»,- ասաց Արեշևը:



