Ալիևի «Նյուրնբերգը». Ինչպե՞ս է Բաքուն ՀՀ իշխանությունների լռությամբ «սրբագրում» փաստերը ու լեգիտիմացնում ոճրագործությունը

22 տարի առաջ այս օրը՝ 2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացներին մասնակցող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին:

Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006-ի ապրիլին Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի։ Սակայն 2012թ․ օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում էր շնորհվել, նա ստացել էր մայորի զինվորական կոչում, և այլն:

Նույն ժամանակ՝ 2012թ. օգոստոսի 31-ին, ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին, որոնք վերականգնվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 2022թ․ դեկտեմբերին:

Կարդացեք նաև

Նշենք, որ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը բռնի ուժով ճնշելու նպատակով 1988թ․ փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում կազմակերպվում են ջարդեր՝ թիրախավորելով բացառապես հայ բնակչությանը: Այսինքն, Սաֆարովի 2004 թվականի փետրվարին կատարած ոճրագործության մեջ սիմվոլիկա կար:

2025 թվականի դեկտեմբերին 168.am-ը` «Սաֆարովների ընտանիքի հետ կապված՝ միանգամից երկու նորություն. Ալիևը նրանց է վստահել բանակն ու կրթական համակարգը» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ հայտնել ենք, որ 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը գնդապետի զինվորական կոչում է ստացել, իսկ նրա կնոջն էլ՝ Շաբնամ Սաֆարովային, վստահվել է երկրի Կրթության և գիտության նախարարության «Study in Azerbaijan» նախագծի ղեկավարումը:

Իսկ վերևում նշված սիմվոլիկայից Ադրբեջանը չի հրաժարվել անգամ 2026 թվականին, երբ իբրև   Հայաստանի հետ խաղաղության է գնում, պարզապես գործողություններն են որոշակի փոփոխության ենթարկվում: Մասնավորապես, փետրվարի 5-ին Բաքվի դատարանը հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դատավճիռները, իսկ փետրվարի 17-ին հայտնի է դարձել նաև Ռուբեն Վարդանյանի դատավճիռը:

Եվ այսօր, երբ, ինչպես նշեցինք, լրանում է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և Ռուբեն Վարդանյանի դատավճիռներին՝ նշելով, որ իբր տեղի է ունեցել արդարության վերականգնում, և, որ այն հարգանքի տուրք է «1992 թվականի փետրվարի 26-ին տեղի ունեցած «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին»:

«Առաջ քաշելով հակամարտությունների լուծման եզակի ռազմաքաղաքական մոդել և նախաձեռնելով հետկոնֆլիկտյան խաղաղության օրակարգ, Ադրբեջանը նաև ապահովեց «պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների» (չակերտները.- Մ.Պ.) մեջ մեղադրվողների, այդ թվում՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Եվ «Խոջալուի ցեղասպանության» հերթական տարելիցի նախօրեին դատական այդ բոլոր որոշումների հրապարակումը հարգանքի տուրք էր այդ ողբերգության անմեղ զոհերի հիշատակին, առհասարակ ամբողջ կոնֆլիկտի: Մենք ակնկալում էինք, որ կլինեն միջազգային դատեր, նյուրնբերգյան պրոցեսներ, կստեղծվեն տրիբունալներ, սակայն ժամանակակից ոչ արդար միջազգային միջավայրում օրենքի կիրառումը նույնիսկ դարձել է ավելի ու ավելի քաղաքականացված և ենթարկվում է երկակի ստանդարտների։ Ուստի Ադրբեջանն ինքը կազմակերպեց դատական պրոցեսները և սեփական իրավական համակարգի միջոցով ապահովեց «արդարադատություն»»,- հայտարարել է Հաջիևը՝ դարձյալ, այսպես ասած, տրվելով սիմվոլիկային:

Բնականաբար, իր գրառման մեջ նա չի մոռացել հիշեցնել օրերս France 24-ին տված հարցազրույցում Ալիևի հայտարարությունները, որ նա չի պատրաստվում ներում շնորհել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին և Ռուբեն Վարդանյանին, քանի որ «մարդկության դեմ նրանց կատարած հանցագործությունը նույնիսկ ավելի ծանր ու վատն էր, քան Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստների կատարածը»:

«Պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձի արդարացումը հավասարազոր է այդ հանցագործությունների լեգիտիմացմանը և պատասխանատվության խաթարմանը մեղսակից լինելուն»,- X սոցիալական ցանցի իր էջում վերևում հիշատակված գրառման մեջ հավելել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նկատելով, թե չի կարող լինել էթնիկ հաշտեցում և կայուն խաղաղություն՝ առանց արդարադատության, և, որ Ադրբեջանը շարունակելու է Հարավային Կովկասում առաջ տանել խաղաղության օրակարգը և ջանքեր գործադրել դրա ամրապնդման համար:

Անամոթ ձևակերպումներ, քաղաքականություն, ինչը, սակայն, ՀՀ իշխանությունների նման «պարտնյորի» դեպքում զարմանք չի հարուցում: Մի իշխանության, որը պատրաստ է հետ կանչել միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը, երբ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական «դատավարությունը» չի ավարտվել. Բաքուն «իրավական բազա» է ստեղծել, որը չի ոչնչացվել, երբ ռազմական հանցագործ Ադրբեջանը պատասխան չի տվել Բաքվի, Սումգայիթյան ջարդերի, 2023 թվականին Արցախում իրականացրած էթնիկ զտման, 30 տարվա ընթացքում ռազմական տարաբնույթ հանցագործությունների, հայ զինծառայողների գլխատումների և հենց Գուրգեն Մարգարյանի կացնահարման համար, բայց ստացել է Արցախում և ՀՀ-ում դատապարտված իր հանցագործներին և ահաբեկիչներին:

Ավելին, այս իշխանությունները ՀՀ-ում գրկաբաց ընդունում են Հայկական բանակին «հանցագործ» հռչակած, նախկին նախագահներին «Խոջալուի ցեղասպանության» մեջ մեղադրած ու «արևմտյան Ադրբեջան» պահանջող Ալիևի վստահելիներին: Արդյո՞ք բացատրվում է նրանց, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ում պատասխանատվության գոտում են «Խոջալուի դեպքերը», որոնք իրականությունից դուրս «ամրագրված են» կամ ամրագրվելու են Խոջալուում՝ Իվանյանում կառուցվող «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիրում, որտեղ հետագայում տանելու են նաև երկիր այցելած բարձրաստիճան հյուրերին՝ նպաստելով ադրբեջանական թեզի տարածմանը:

Սակայն մի բանում Հաջիևն իրավացի է՝ չի կարող խոսք լինել հաշտեցման մասին, երբ չի իրականացվել արդարադատություն, և, որ անպատժելիությունն օրինական միջավայր է ստեղծում նոր հանցագործությունների համար:

Նշենք, որ սա նույն Հաջիևն է, ով, ինչպես գրել է 168.am-ը՝ ՀՀ իշխանություններից նախքան Բաքվի «դատավարությունը» պահանջում էր հետաքննել «Գյանջայի դեպքերը» և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Արդյոք կարո՞ղ ենք ասել, որ Հաջիևը Բաքվի դատավարությամբ իր «արդար պահանջը» համարում է բավարարված, թե՞ ինչ-որ պահի կարող է դրան վերադարձ լինել:

Հավելենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ալիևը կառուցել է տվել նաև «Գյանջայի դեպքերին» և 2020 թվականի պատերազմում ադրբեջանական հաղթանակին նվիրված հուշահամալիրներ:

Տեսանյութեր

Լրահոս