
«Եռաբլուր»-ից դուրս փաշինյանական մեկ դերասանի թատրոնը և Ալիևի հարգանքի տուրքը Գյանջայի հուշահամալիրում

Այսօր 2020 թվականի 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է, և Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը «Եռաբլուր» չայցելեց: Խաղաղության օրակարգն է այդպես թելադրում, մարտակոչերն այլևս ակտուալ չեն, խնդիրը կատարված է, առաքելությունը՝ ավարտված:
Գուցե որոշ պաշտոնյաներ պաշտոնական ծաղկեպսակներ են ուղարկել, իսկ բարձրաստիճան որոշ զինվորականներ էլ ոչ ի պաշտոնե այցելել են կամ գաղտնի կայցելեն «Եռաբլուր»՝ ընկերների, ծանոթ, մտերիմ հրամանատարների, սպաների շիրիմներին: Բայց, ինչպես ասում են՝ դա հաշիվ չէ:
Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հարգել է իրենց շեհիդների հիշատակը: Ընդ որում, Ալիևն այցելել է 44-օրյայից հետո կառուցված Գյանջայի հուշահամալիր, որի նպատակն է՝ հիշեցնել «Գյանջայի դեպքերի» և «ՀՀ զինված ուժերի հրթիռային հարվածների մասին Հայաստանի տարածքից»:
Հիշեցնենք, որ այս հարցը Բաքվի «դատավարության» օրակարգում է, և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներից և դատարան գործուղված «տուժողներից» ցուցմունքներ են կորզվել՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի: Հենց 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Ալիևի՝ Գյանջա այցը վկայում է, որ այդ թեման դեռ փակված չէ:
Ի դեպ, փակ չէ նաև Արցախյան առաջին պատերազմին վերագրվող «Խոջալուի ցեղասպանության» թեման. այն ևս ոչ միայն Բաքվի «դատավարության» քննության առարկաներից է, այլև Ադրբեջանը որոշել է Խոջալուում՝ Իվանյանում, կառուցել «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիր, որտեղ հետագայում տանելու են նաև երկիր այցելած բարձրաստիճան հյուրերին՝ նպաստելով ադրբեջանական թեզի տարածմանը:
Այսինքն, մինչ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը հորդորում է մեր նահատակներին խնկարկելու, սրբացնելու ձևը կաթիլ-կաթիլ փոխել, ինչն ինքն արդեն սկսել է, նա այսօր արդեն ոչ թե «Եռաբլուր»-ում տղաների շիրիմներին ծնկի չի գալիս, այլ՝ դահլիճներում՝ փոխելով մեկ դերասանի թատրոնի «ներկայացման» վայրը:
Իսկ Ալիևը շարունակում է Հայաստանի դեմ իրավաքաղաքական պայքարը, եթե անհրաժեշտ լինի նաև՝ ռազմական բռնկում կլինի, իսկ մինչ այդ պետք է զբաղվել արդեն կատարվածի լեգիտիմացմամբ՝ միջազգային իրավունքի համատեքստում: Այն միջազգային իրավունքի, որի անգործությունից մի ժամանակ դժգոհում էր ինքը՝ Ալիևը: