Սաֆարովների ընտանիքի հետ կապված՝ միանգամից երկու նորություն. Ալիևը նրանց է վստահել բանակն ու կրթական համակարգը
Մոտ մեկ շաբաթ է՝ հայկական սոցցանցերում քննարկվում է 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի՝ գնդապետի զինվորական կոչում ստանալու փաստը, թե այն հակասում է խաղաղության օրակարգին: Իսկ տեղեկությունը շրջանառության էին դրել ադրբեջանական սոցցանցային և լրատվական ոչ այնքան հայտնի աղբյուրները, ինչը Բաքվի առաջատար քարոզչական լրատվամիջոցներում տեղ չէր գտել:
Սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի պետական «Ազերթաջ» տեղեկատվական գործակալությունը տարածում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ զինված ուժերում մի շարք միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված Հեյդար Ալիևի մահվան 22-րդ տարելիցին: Իսկ պաշտոնական հաղորդագրությանը կից լուսանկարներից մեկում առաջին շարքում կանգնած է հենց Ռամիլ Սաֆարովը՝ գնդապետական ուսադիրներով:

Թե կոնկրետ ե՞րբ է նա ստացել զինվորական այդ կոչումը, հայտնի չէ, միգուցե 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի 5-րդ տարվա առիթո՞վ, իսկ փոխգնդապետի կոչումը Սաֆարովը ստացել էր 2017 թվականին: Բնականաբար, այստեղ որոշակի մեսիջ կա՝ ուղղված Երևանին, և հատկապես՝ խաղաղության բանակցությունների ֆոնին:
Մյուս կողմից, քնած ժամանակ մարդ սպանող զինվորականին բանակում պահող երկրի դեպքում չպետք է զարմացնի զինվորական նոր կոչում շնորհելու փաստը: Այսինքն, ամեն ինչ տրամաբանական է. եթե Սաֆարովը շարունակում է իր զինվորական ծառայությունը, ուրեմն՝ մի օր նա պետք է փոխգնդապետից դառնար գնդապետ: Հարցն այն է, որ այս փաստը պաշտոնական Երևանին բնավ չի հուզում: Նիկոլ Փաշինյանը հայ հանրության մոտ է թափահարում վաշինգտոնյան փաստաթղթերը և հրահանգում փակել թշնամանքի էջը, մինչդեռ կարելի էր գոնե մեկ անգամ հիշեցնել, թե ովքեր են Ալիևի բանակի սպաները:
Հանուն արդարության չպետք է մոռանալ, որ ՆԱՏՕ-ն պատասխանատվության իր որոշակի չափն ունի հայ սպայի սպանության մեջ, այնպես, ինչպես 44-օրյա պատերազմում Թուրքիայի ուղիղ մասնակցության հարցում, որի մասին պատերազմի օրերին հաճախ էր հիշում Նիկոլ Փաշինյանը:
168.am-ը գրել է, որ Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին: Այսինքն, ՀՀ իշխանությունները խորքային հարցերը մոռացել են և այսօր խոսում են հետևանքի մասին, որ այս դեպքում Սաֆարովին գնդապետի կոչում տալն է:
Ի դեպ, նախքան մարդասպանությունը նա մեկամյա վերապատրաստում էր անցել Թուրքիայի զինված ուժերում, որի գեներալները պատերազմի ժամանակ ղեկավարել են ադրբեջանական բանակի գլխավոր շտաբը, և պատերազմից հետո և մինչ այսօր փորձում են Բաքվի զինված ուժերից ստանալ նատօական չափանիշներով և թուրքական մոդելով առաջնորդվող բանակ:
Ի դեպ, մինչև սոցիալական ցանցերում քննարկվում է Սաֆարովի զինվորական նոր կոչումը, ադրբեջանական աղբյուրներից հայտնի է դառնում, որ Սաֆարովի կնոջն էլ՝ Շաբնամ Սաֆարովային, վստահվել է երկրի Կրթության և գիտության նախարարության «Study in Azerbaijan» նախագծի ղեկավարումը:
Նախագծի հիմնական նպատակն է՝ բարձրացնել Ադրբեջանի կրթական հնարավորությունների գրավչությունը միջազգային ուսանողների համար և ընդլայնել այս առումով միջազգային համագործակցությունը։ Այսինքն, Սաֆարովների ընտանիքը գտնվում է ալիևյան ռեժիմի հովանավորության ներքո:
Այս համատեքստում հետաքրքիր համեմատություն կարելի է անել. Նիկոլ Փաշինյանի ընտանիքը սկսել էր «Կրթվելը նորաձև է» շարժումը, և դրա անվան տակ, ըստ էության, քաղաքական միջոցառումներ են իրականացվել՝ «իրական Հայաստանի» գաղափարախոսության մեջ, իսկ Ադրբեջանում պետական մակարդակով փորձում են այնպես անել, որ տարբեր երկրներից գան և Ադրբեջանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորեն, այսինքն՝ փորձ է արվում ապահովել ադրբեջանական կրթական համակարգի միջազգային առաջխաղացումը:
Այլ հարց է, որ նախագծի ղեկավարումը վստահվել է մարդասպանի կնոջը, ով Սաֆարովի հետ ամուսնացել է 2012 թվականին:

