Եթե Իրանը պատերազմի մեջ մտնի ԱՄՆ-ի հետ, Հայաստանը կբախվի մի շարք ռիսկերի․ իրանցի վերլուծաբան

Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան վերջին բանակցությունները հերթական փորձն էին վերակենդանացնել դիվանագիտական գործընթացը, որը տարիներ շարունակ տատանվում է լարվածության և բանակցային փորձերի միջև։ Այս փուլը, թեև պաշտոնապես բնութագրվեց «կառուցողական» և «առաջընթացային», իրականում առավելապես փորձարկում էր կողմերի ռազմավարական համբերությունն ու փոխզիջման պատրաստակամությունը, քան վերջնական համաձայնության հասնելու հնարավորությունը։

Ինչպես հայտնի է, բանակցությունները կենտրոնացած էին Իրանի միջուկային ծրագրի շուրջ սահմանափակումների և դրանց դիմաց պատժամիջոցների թուլացման կամ վերացման հնարավորությունների վրա։ Կողմերը հայտարարեցին, որ համաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ, սակայն հրապարակային մակարդակում չհստակեցվեցին այդ սկզբունքների բովանդակությունն ու խորությունը։

Բանակցություններից հետո արված հայտարարությունները ցույց տվեցին երկակի միտում։ Մի կողմից՝ երկուստեք շեշտվեց դիվանագիտական ճանապարհի կարևորությունը։ Մյուս կողմից՝ հռետորաբանությունը պահպանեց կոշտ երանգներ։ Թեհրանը հիշեցրեց, որ պատրաստ է դիմակայել ցանկացած ճնշման, իսկ Վաշինգտոնն ակնարկեց, որ ռազմական տարբերակը շարունակում է մնալ օրակարգում՝ որպես ծայրահեղ միջոց։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Իրանը որոշակի առաջընթաց են գրանցել բանակցություններում, սակայն նրանց դիրքորոշումները դեռևս շատ տարբեր են։

Կարդացեք նաև

«Որոշակի առաջընթաց է գրանցվել։ Այնուամենայնիվ, մենք դեռևս շատ հեռու ենք որոշ հարցերում»,- ասել է նա՝ անդրադառնալով Ժնևում Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցություններին։ «Ես հասկանում եմ, որ Իրանի ներկայացուցիչները մեզ կպատասխանեն որոշ մանրամասներով առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Այսպիսով, նախագահը կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը»,- նշել է Լևիտը։

Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկվել են միայն միջուկային հարցեր, և կողմերը համաձայնել են շարունակել շփումները։ «Բանակցությունները կենտրոնացած էին բացառապես միջուկային հարցերի վրա»,- ասել է Արաղչին։ Նա նշել է, որ «բանակցությունները կշարունակվեն, բայց ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ»։ Արաղչիի խոսքով՝ «նախորդ հանդիպման համեմատ լավ առաջընթաց է գրանցվել»։ «Սակայն, երբ խոսքը գնում է համաձայնագրի մշակման մասին, աշխատանքն ավելի դժվար է դառնում»,- ընդգծել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Նա նաև նշել է, որ երկու կողմերն էլ հասկանում են, որ իրենց դիրքորոշումները մերձեցնելու համար «որոշ ժամանակ» կպահանջվի։ «(Համաձայնագրի հասնելու ճանապարհը – ԵԹԵ) սկսվել է, և այս գործընթացը կարող է ավարտվել համաձայնագրով»,- եզրափակել է Արաղչին։

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են դա անել արդեն այս շաբաթավերջին։ Հրապարակման համաձայն, մի աղբյուրի համաձայն, նախագահը, ի թիվս այլ բաների, մասնավոր զրույցներում արտահայտել է ինչպես Իրանին հարվածելուն իր աջակցությունը, այնպես էլ՝ դեմ լինելը, և հարցրել է իր խորհրդականների և ԱՄՆ դաշնակիցների կարծիքը: Հեռուստաալիքը հաղորդում է, որ փետրվարի 18-ին Սպիտակ տանն այս թեմայով հանդիպում է տեղի ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ավելին, նույն օրն ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը և ձեռնարկատեր Ջարեդ Քուշները Թրամփին տեղեկացրել են փետրվարի 17-ին Իրանի հետ տեղի ունեցած անուղղակի բանակցությունների մասին: Ավելի վաղ CBS-ը նույնպես հաղորդել էր, որ ԱՄՆ վարչակազմը քննարկում է Իրանին հարված հասցնելու հարցն այս գալիք շաբաթավերջին:

Axios-ը ևս նշում է, որ ԱՄՆ-ը կարող է «շատ շուտով» Իրանի դեմ գործողություն սկսել, որը կարող է լինել նաև Իսրայելի հետ համատեղ:

«Times of Israel»-ն էլ գրում է, որ ԱՄՆ պաշտոնյան հաստատել է Ռուբիոյի այցը Իսրայել: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 28-ին կայցելի Իսրայել՝ քննարկելու Իրանի հետ ստեղծված իրավիճակը՝ շարունակվող բանակցությունների և շարունակական լարվածության պայմաններում: Իր այցի ընթացքում Ռուբիոն նախատեսում է հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու իրանական հարցը:

The New York Times-ը ևս անդրադարձել է թեմային, արձանագրելով՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի արագ կուտակումն առաջընթաց է ապրել այնքանով, որ նախագահ Թրամփը հնարավորություն ունի ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ արդեն այս հանգստյան օրերին

Իրանցի վերլուծաբան Էհսան Մոհավեդիանը 168am-ի հետ զրույցում ասաց, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների շարունակությունը կախված է Թրամփի և նրա գործընկերների որոշումից: Նա նշեց, որ Իրանը միշտ ցույց է տվել իր ազնվությունը միջուկային հարցում, հետևել է իր պարտավորություննենին և ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստուգումները: Սակայն, ըստ նրա, ԱՄՆ-ը ռմբակոծել է Իրանի միջուկային օբյեկտները:

«Իրանը նաև այժմ ընդունում է ուրանի հարստացման մակարդակի նվազեցումը: Եթե ԱՄՆ-ը ընդունի Իրանի ողջամիտ խնդրանքը՝ Իրանում հարստացումը լիովին դադարեցնելու փորձի փոխարեն, հնարավոր է շարունակել բանակցությունները: Սակայն եթե այն պահանջի զրոյական հարստացում և փորձի ճնշում գործադրել Իրանի վրա՝ իր հրթիռային կարողությունների և տարածաշրջանային դաշնակիցների վերաբերյալ, բանակցությունների հաջողության ոչ մի շանս չկա: Իրանը չի վախենում ԱՄՆ-ի ագրեսիվ վարքից և պատրաստ է կոշտ արձագանքել»,- գտնում է Մոհավեդիանը։

Իրանցի վերլուծաբանը գտնում է, որ եթե ​​Իրանը պատերազմի մեջ մտնի Միացյալ Նահանգների հետ, ապա Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը նույնպես կհայտնվեն սպառնալիքի տակ։

«Որովհետև Միացյալ Նահանգները, Թուրքիան և Բաքուն իրենց ավելի հարմարավետ կզգան Հայաստանի դեմ իրենց ծրագրերն իրականացնելիս։ Այս երկրների գաղափարն է ոչնչացնել Իրան-Հայաստան սահմանը՝ ստեղծելով Թրամփի ուղին, շրջափակել Հայաստանը և ինտեգրել այն թյուրքական երկրներին, նվազեցնել Հայաստանի կախվածությունն ու համագործակցությունը Իրանի և Ռուսաստանի հետ, ինչպես նաև ոչնչացնել Հայաստանի անկախ ինքնությունը և այն վերածել անկախությունից զուրկ և բոլոր ոլորտներում Բաքվից ու Թուրքիայից կախված երկրի։ Այս իրավիճակում Միացյալ Նահանգներն ավելի հեշտությամբ կհաստատվեն Կովկասում և Կենտրոնական Ասիայում և կարող են Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, ապա սրել իրենց առճակատումը Չինաստանի հետ»,-նման կարծիքի է վերլուծաբանը։

Ըստ Մոհավեդիանի, եթե պատերազմ սկսվի և այն երկարաձգվի, իրանական ապրանքների և արտադրանքի արտահանումը Հայաստան նույնպես կարող է խափանումների ենթարկվել։ Սակայն եթե պատերազմը արագ ավարտվի,նրախոսքով, բնականաբար, այդ խնդիրները կլինեն ավելի քիչ։

Իրանցի քաղաքագետը նշեց, որ Բաքուն 12-օրյա պատերազմում օգնեց Իսրայելի ագրեսիային, և իսրայելական անօդաչու թռչող սարքերն ու կործանիչները մտան Իրան Բաքվի տարածքից, սպանեցին իրանցիների և հարձակվեցին որոշ զգայուն ռազմական, տնտեսական և քաղաքական ենթակառուցվածքների վրա։ «Այս անգամ Իրանը զգուշացրել է բոլոր հարևան երկրներին, որ եթե իրենց հողը օգտագործվի Իրանի դեմ, ապա ինքը կթիրախավորի այդ կետը, ուստի այս անգամ իրավիճակը այլ կլինի»,- ասաց Մոհավեդիան։

Տեսանյութեր

Լրահոս