Կովկասում խաղի ամերիկյան նոր պլանը. կհաջողվի՞ ստանալ Ադրբեջանն ու Հայաստանը և չկորցնել Թուրքիան

ԱՄՆ-ը Կովկասում սկսել է նոր ծրագիր ներդնել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության դեմ, գրում է Թուրքիայում լույս տեսնող Medya Günlüğü-ն: Սակայն հաջողության հասնելու շանսերը մեծ չեն, կարծում է հոդվածի հեղինակը։ Նահանգները չեն կարող միաժամանակ ստանալ Ադրբեջանն ու Հայաստանը և չկորցնել Թուրքիան։

Ամերիկյան դիվանագիտության չգրված կանոնների համաձայն՝ եթե այցը կենտրոնացած է «ազդանշանների» և «քաղաքականության» վրա, ապա փոխնախագահը, որպես կանոն, ավելի մեծ խորհրդանշական ազդեցություն է ունենում: Բայց եթե այցը կենտրոնացած է «բանակցությունների» և «արդյունքների» վրա, ապա առավել կարևոր դերը հաճախ պատկանում է ԱՄՆ պետքարտուղարին։

Այնուամենայնիվ, Ջեյ Դի Վենսի շփումները Հայաստանում և Ադրբեջանում 2026 թվականի փետրվարին դարձան «խաղարկող» քայլ, որը միավորում էր այս երկու սահմանումները, դուրս եկավ սիմվոլիզմի շրջանակներից և կենտրոնացավ կոնկրետ պարտավորությունների վրա: Վաշինգտոնն այս այցով սկսեց Հարավային Կովկասում ռուսական հեգեմոնիայի դեմ «փափուկ ուժի» կիրառմամբ ամենամասշտաբային գործողությունը։ Եվ դա հասկանալու բանալիները պետք է փնտրել ոչ թե դիվանագիտական քաղաքավարության արտահայտություններում, այլ ստորագրված միջուկային համաձայնագրերում, տվյալների կենտրոնների նախագծերում և TRIPP կոչվող նոր տրանսպորտային միջանցքում:

Էներգետիկ տեղաշարժ Երևանում. հրաժեշտ «Ռոսատոմին»

Կարդացեք նաև

Վենսի ամենայուրահատուկ և, թերևս, Մոսկվային առավել անհանգստացնող քայլը Երևանում Հայաստանի հետ քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին «123» համաձայնագրի ստորագրումն էր: Սա ոչ միայն ներդրում է էներգետիկայում, այլ փորձ է խզել Հայաստանի տեխնիկական և լոգիստիկ կապը Ռուսաստանի («Ռոսատոմի») հետ և կապել այն Միացյալ Նահանգների հետ: Ամերիկյան «փոքր մոդուլային ռեակտորները» (ММР/SMR), որոնք պետք է փոխարինեն Մեծամորի ԱԷԿ-ը, իրենցից ներկայացնում են ռազմավարական պարտավորություն, որը Հայաստանին կդատապարտի արևմտյան տեխնոլոգիաների հաջորդ 50 տարիների համար:

Փաշինյանի կողմից «պատմական» անվանված այցը դիվերսիֆիկացնում է նաև Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը. Փաշինյանի ԱՄՆ-ից ձեռք բերված V-BAT հետախուզական անօդաչու թռչող սարքերի և Nvidia չիպերի արտահանման լիցենզիաների տրամադրումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը ցանկանում է ոչ միայն պաշտպանել Երևանը, այլև միաժամանակ «զարգացնել» այն:

Վենսի շեշտադրումն այն մասին, որ Հայաստանն «աշխարհի հնագույն քրիստոնեական երկիրն է», թեև ծառայում է որպես ազդանշան ամերիկյան ներքին քաղաքականությանը (ավետարանական ընտրազանգված), իրականում նպատակ ունի խաթարել ռուսական ազդեցությունը՝ Հայաստանը տարածաշրջանում «տեխնոլոգիական» և «էներգետիկ» հանգույցի վերածելու միջոցով։ Սա հայտարարություն է այն մասին, որ Երևանի կողմից Ռուսաստանին պաշտպանական արտադրանքի այլընտրանքային մատակարարների որոնումներն այժմ վերաճում են կոնկրետ ռազմական գործընկերության։ Սակայն այն փաստը, որ Վենսը գրեթե անմիջապես ջնջել է Երևանում «Ցեղասպանության հուշահամալիրի» մասին իր գրառումը, հերթական անգամ հիշեցրել է այն մասին, թե իրականում որքան երերուն է Վաշինգտոնի այն հայտնի փխրուն հավասարակշռության քաղաքականությունը՝ «նվաճել Հայաստանը և չկորցնել Թուրքիան»։

«Ռազմավարական գործընկերությունը» և Կասպյան հավասարումը Բաքվում

Վենսի այցը Բաքու ավելի պրագմատիկ էր և հիմնված «փոխզիջումների» սկզբունքի վրա։  Բաքվի շփումները ցույց տվեցին՝ Միացյալ Նահանգները մտադիր է Ադրբեջանին դիրքավորել ոչ միայն՝ որպես «էներգետիկ հանգույց», այլև՝ որպես տարածաշրջանում տեխնոլոգիական և ռազմական ֆորպոստ: Ստորագրված «Ռազմավարական գործընկերության խարտիան» հարաբերությունները բարձրացրել է թղթի վրա ամենաբարձր մակարդակի։

Այստեղ առանձնանում են երկու հիմնական կետեր.

Նախ՝ Կասպից ծովում անվտանգությունը։ Նրա տարածքային ջրերը պաշտպանելու համար Ադրբեջան նավեր ուղարկելու ԱՄՆ պարտավորությունն ուղղակի «զսպող» քայլ է տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի ռազմական ներկայության դեմ:

Երկրորդ՝ թվային աշխարհաքաղաքականություն։ Ադրբեջանում ստեղծվելիք արհեստական բանականության ոլորտում տվյալների մշակման կենտրոնները ցույց են տալիս Վաշինգտոնի ձգտումը տարածաշրջանը  թվային ցանցի միջոցով կապել իր հետ: Վենսն Ալիևի մասին խոսել է՝ որպես «հազվագյուտ առաջնորդի, որը կարող է լավ հարաբերություններ պահպանել միաժամանակ Թուրքիայի և Իսրայելի հետ», իսկ դա ընդգծում է Ադրբեջանի առանցքային դերը Միացյալ Նահանգների տարածաշրջանային դաշինքների համակարգում: 

TRIPP «Զանգեզուրի միջանցքի» ամերիկյան տարբերակը

«Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP), որպես շրջագայության երկու փուլերի կենտրոնական տարր, ըստ էության, ներկայացնում է Միացյալ Նահանգների կողմից դրված վերջին կետը Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումներում: Վաշինգտոնն «իբր» մտադիր է տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների վերահսկողությունը չզիջել ոչ Ռուսաստանին, ոչ Չինաստանին («Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը)։ TRIPP-ը ներկայացվում է՝ որպես «խաղաղության նախագիծ», որը խոստանում է տարածաշրջանը կապել ամերիկյան կապիտալի և վերահսկողության հետ:

 Վերլուծություն. Խաղացո՞ղ, թե՞ ռիսկային գործընկեր

Վենսի այցը ցույց է տալիս՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-ը «հանդիսատեսի» դերից անցել է «փլեյմեյքերի» դերին։ Այժմ Վաշինգտոնը տարածաշրջանին մոտենում է ոչ միայն ժողովրդավարության մասին հռետորաբանությամբ, այլև միջուկային տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության, տրանսպորտային միջանցքների և թվային ենթակառուցվածքների փաթեթներով:

Այնուամենայնիվ, այս նոր ռազմավարությունը, որը կենտրոնացած է «բետոնի» և «տեխնոլոգիայի» վրա, բախվում է լուրջ խոչընդոտների: Ռուսաստանի արձագանքը միջուկային և ռազմական այս ակտիվությանն իր ետնամասում կարող է անկայունության նոր ալիք բարձրացնել Փաշինյանի վարչակազմի համար։ Մյուս կողմից՝ տեսանելի է «ջնջված թվիթի» առիթով, տարածաշրջանում ԱՄՆ-ի յուրաքանչյուր քայլ անխուսափելիորեն բախվելու է Անկարայի և Բաքվի զգայուն մտահոգություններին:

Այսպիսով, Վաշինգտոնը Կովկասում խաղի նոր պլան է մշակել։ Սակայն այդ ծրագրի հաջողությունը կախված կլինի այն բանից, թե տարածաշրջանի երկրները որքանով կկարողանան դիմակայել ռուսական ճնշմանը և որքան վճռականորեն ԱՄՆ-ը կպահպանի «ռազմավարական գործընկերության» մասին իր խոստումները: Կովկասում տեղի է ունենում խաղաքարտերի փոփոխություն, սակայն ռիսկերը, որոնք վտանգված են, նույնքան մեծ են, որքան խոստացված բարգավաճումը։

Այդին Սեզեր

Medya Günlüğü (Թուրքիա)

inosmi.ru

Թարգմանությունը՝  Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728