5500 փակված ընկերություն և 26 տոկոս հարկային աճ. փոքր բիզնեսի «ջարդը» Հայաստանում
Փոքր բիզնեսը Հայաստանում հայտնվել է հարկային ուժեղ ճնշման տակ։ Իրականացվող հարկային քաղաքականությունը բերել է նրան, որ մանր ու միջին բիզնեսի հազարավոր ընկերություններ դադարեցրել են գործունեությունը։
Թե կոնկրետ քանի՞ ընկերություն է փակվել իշխանությունների նախաձեռնած շրջանառության հարկի բեռի կրկնապատկումից հետո, որը սկսեց գործել անցած տարվա սկզբից, հստակ տվյալներ չկան։ Սակայն հայտնի է ու դա պաշտոնական վիճակագրությունն է հաստատել, որ Հայաստանում գործող փոքր բիզնեսի թիվն անցած տարի գրեթե 5.5 հազարով կրճատվել է։
Փակվածները, բնականաբար, ավելի շատ են եղել, որովհետև եղել են նաև նոր գրանցվածներ։ Բայց դրանք անհամեմատ ավելի քիչ են, քան փակվածները։
Արդյունքում՝ փոքր բիզնեսի գործող ընկերությունների քանակը նախորդ տարի, շրջանառության հարկի բեռի կրկնապատկումից հետո, մի քանի հազարով կրճատվել է։
Պաշտոնական տվյալներով, 2024թ. այդպիսի ընկերությունների թիվն անցնում էր 59.000-ից։ Արդեն անցած տարվա վերջին մնացել էր 53.500-ը։
Թե ինչո՞ւ են մանր ու միջին բիզնեսի հազարավոր ընկերություններ փակվել կամ դադարեցրել իրենց գործունեությունը, երբեք իշխանությունները չեն անդրադարձել։ Բայց պարզ է, որ դրանք փակվել են ոչ լավ օրից։ Փակվել են այն պատճառով, որ չեն կարողացել դիմանալ հարկային ճնշմանը։ Հատկապես այն բանից հետո, երբ իշխանությունները գնացին փոքր բիզնեսի հարկային բեռի կրկնապատկմանը։ Շրջանառության հարկը կրկնակի բարձրացրեցին՝ շատերին կանգնեցնելով փաստի առաջ։
Դրա հետևանքով էլ հարկային բեռը փոքր բիզնեսի վրա կտրուկ ավելացել է։ Մի բան, ինչն ակնհայտ է նաև նրանց կողմից վճարված հարկերի տեսքով։
Անցած տարի 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելացել են 9.7 տոկոսով, մինչդեռ՝ խոշորներից դուրս գտնվողներինը, որոնց մեծ մասը մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն են, անցնում է 26.2 տոկոսից։
1000 խոշորներից դուրս գտնվող կամ մանր ու միջին բիզնեսի վճարած հարկերի աճի տեմպը գրեթե 2.7 անգամով ավելի է։
Հարկային բեռի այս ճնշումն էլ հանգեցրել է մեծ թվով ընկերությունների գործունեության դադարեցման՝ իր սոցիալական հետևանքներով։ Գաղտնիք չէ, որ մանր ու միջին բիզնեսը շատ հաճախ հենց սոցիալական նշանակություն ունի, ու դրանում զբաղվածները փորձում են լուծել՝ ինչպես իրենց զբաղվածության, այնպես էլ՝ սոցիալական խնդիրները։ Բայց հարկային բեռի ու հարկային ճնշման կտրուկ մեծացումից հետո շատերը ստիպված են եղել դադարեցնել գործունեությունը։
Ինչքան էլ իշխանությունները փորձեն մանևրել, սա իրենց իրականացրած հարկային քաղաքականության ուղղակի հետևանքն է։ Պատահական չէ, որ երբ սպասվող ընտրություններից առաջ հայտնվել է քաղաքական ուժ, ով պատրաստակամություն է հայտնում փոքր բիզնեսին ազատել շրջանառության հարկից, դա լրջորեն անհանգստացրել է իշխանություններին։ Խոսքը խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր Ձևով» շարժման մասին է, որի տնտեսական ծրագրի 5 առանցքային կետերից մեկը վերաբերում է փոքր բիզնեսի նկատմամբ զրո տոկոս շրջանառության հարկի կիրառմանը։
Այդ մասին հայտարարելուց հետո, ՔՊ-ականները՝ մեծով ու փոքրով, լծվեցին նախաձեռնության վարկաբեկմանը։ Արձագանքել էր նաև ֆինանսների նախարարը, որի գլխավորած նախարարությունն էր փոքր բիզնեսի նկատմամբ շրջանառության հարկի բեռի կրկնապատկման ջատագովներից մեկը, հայտնվելով անհեթեթ վիճակում։
«Ի գիտություն. 2020 թվականից Հայաստանում գործող մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունները հարկվում են 0% շրջհարկով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Վահե Հովհաննիսյանը՝ միտումնավոր խեղաթյուրելով փաստերը։ Նրան արձագանքել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը՝ հորդորելով սխալ տեղեկատվություն չտարածել։
«Խնդրում եմ Ձեր գրառումը խմբագրել այնպես, որպեսզի պարզ հասկացվի, որ խոսքը վերաբերվում է բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին: Մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհամարվող ոչ մի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր 0 տոկոս շրջանառության հարկով չի կարող հարկվել և առհասարակ շրջանառության հարկի 0 տոկոս դրույքաչափ ՀՀ հարկային օրենսդրությամբ գոյություն չունի:
Ընդ որում՝ մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող ոչ բոլոր կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կարող են լինեն միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ (օրինակ՝ ամբողջ առևտուրը, ծառայությունների գերակշիռ մասը և այլն):
Միաժամանակ տեղեկացնեմ, որ Ձեր այս գրառումը բազմաթիվ տնտեսվարողների մոտ խուճապ է առաջացրել, իսկ երբ նրանց ասում են` նման բան չկա, բոլորը հղում են անում Ձեր հրապարակմանը»,- գրել էր գործատուների հանրապետական միության նախագահը:
Ինչքան էլ ֆինանսների նախարարը կամ մյուս ՔՊ-ականները փորձեն մոլորեցնել, թե փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը միայն առաջին հայացքից է կրկնապատկվել, փոխարենը՝ հնարավորություն են տվել նվազեցնել հարկերն այնքան, որ դրա ազդեցությունը լինի ընդամենը 1-1.5 տոկոսի չափով, փաստն այն է, որ իրականության մեջ փոքր բիզնեսի հարկային բեռը կտրուկ ավելացել է։ Անցած տարի 1000 խոշորներից դուրս գտնվող մյուս ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել 779 մլրդ դրամ, ինչը 162 միլիարդով կամ 26.2 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի վճարած հարկերն են եղել։
Միամտություն է կարծել, թե նրանց գործունեությունն այնքան է ընդլայնվել ու շրջանառություններն այնքան են աճել, որ 26.2 տոկոսով ավելացել են նաև հարկային պարտավորությունները։ Պարզ է, որ սա, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ մեծամասամբ եղել է հարկային բեռի ավելացման հետևանքով։
Մանրերի հարկային վճարներն ավելացել են 26.2 տոկոսով, խոշորներինը՝ 9.7 տոկոսով։ Ու այսքանից հետո, ժամանակին հիմնավորում էին, թե շրջանառության հարկի կրկնապատկումն ուղղված է ոչ թե փոքր, այլ խոշոր բիզնեսի դեմ, որ դա անում են՝ խոշորների մոտ ստվերը բացահայտելու համար։ Տեսնում ենք, թե դա ինչքանով էր ճիշտ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



