Չհավատա՛ք, թե վերադարձնելու են ձեր վարորդական իրավունքը
Պաշտոնական դիրքը չարաշահելով՝ Նիկոլ Փաշինյանն ընտրողներին ոչ միայն համատարած ընտրակաշառք, այլև խոստումներ է բաժանում։ Հիմա էլ որոշել է վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին, ընտրություններից հաշված օրեր առաջ, խոստանալ, թե՝ առանց քննությունների վերականգնելու ենք ձեր վարորդական իրավունքը։
Չպետք է մոռանալ, որ այլ բան է խոստանալը, այն էլ, երբ դա Նիկոլ Փաշինյանն է անում, այն էլ՝ ընտրություններից մի քանի օր առաջ, այլ բան՝ կատարել այդ խոստումը։
Մեկ անգամ չէ, որ տեսել ենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչքանով է կատարում իր տված խոսումները։ Մեկ անգամ չէ, որ տեսել ենք, թե ինչպես է խաբում քաղաքացիներին՝ ասում է մի բան, անում՝ ճիշտ հակառակը։
Այնպես որ, պետք չէ հույս դնել Նիկոլ Փաշինյանի խոստումների վրա ու սպասել, որ զրկված վարորդներին առանց քննությունների վերադարձնելու է վարորդական իրավունքը։ Սա ընդամենը նախընտրական ավանտյուրա է՝ այս մարդկանց ձայներն իրենով անելու համար։ Ընտրություններից հետո, եթե բախտը բերի անգամ վերարտադրվել, նրանց էլ է մոռանալու, մյուսներին էլ, որոնց այս օրերին հազար ու մի խոստումներ է շռայլում։
Վարորդական իրավունքը վերականգնող էր, ամիսներ առաջ կարող էր վերականգնել։ Հատկապես որ, խնդիրը նոր չէ, ու մարդիկ ամիսներ շարունակ բարձրացնում էին այդ հարցը, բայց լսող չկար։ Ընտրություններից մի քանի օր առաջ որոշել են, որ առանց քննությունների զրկված վարորդներին կվերադարձնեն վարորդական իրավունքը։
Վարորդական իրավունքից զրկելն արվել է օրենքով։ Այն օրենքով, որն ընդունել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը։ Ու եթե այսօր մարդիկ կորցրել են այդ իրավունքը, կորցրել են ՔՊ-ականների պատճառով։
Թե ինչո՞ւ են այդ նույն մարդիկ այսօր այդքան հոգատար դարձել վարորդական իրավունք կորցրած քաղաքացիների ու ոչ միայն՝ նրանց նկատմամբ, դժվար չէ հասկանալ։ Բայց այն, ինչ խոստանում են անել, անհնարին է անել մինչև ընտրությունները։ Հատուկ են ընտրություններից մի քանի օր առաջ վերադարձել դրան, որպեսզի մինչև ընտրություններ ոչինչ չանեն, ընտրություններից հետո արդեն կարևոր չէ։
Դրա համար նախ պետք է օրենք փոխեն։ Ընտրություններին 3 շաբաթից էլ պակաս ժամանակ է մնացել, ու մինչև ընտրություն այդ փոփոխությունները չեն հասցնի անել։ Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ ընտրություններից հետո, եթե անգամ վերարտադրվեն, անելու են։
Նիկոլ Փաշինյանն այսքան տարի ի՞նչ է ասել՝ արել, որ սա էլ անի։ Հետ նայեք ու կտեսնեք, թե ինչքանո՞վ է իր ասածներին տեր եղել։
Որպեսզի թեմային ավելի մոտ լինի, բերենք նույն արագաչափերի օրինակը։
Մինչև իշխանության գալը հայտարարում էր, որ արագաչափերը պետք է հանել։ Դրանց պատճառով մարդիկ դարձել են «տուգանքի մատերիալ»։ Բայց ի՞նչ արեց իշխանության գալուց հետո. Նույնիսկ հրաժարվեց, որ նման բան է ասել։ Հետո էլ սկսեց հիմնավորել արագաչափերի անհրաժեշտությունը։ Ու ոչ միայն չհանեց, մի բան էլ ավելացրեց։
«Կարմիր գծերն» էլ էր խոստանում վերացնել։ Ինչքանո՞վ կատարեց խոստումը։
Ոչ միայն չվերացրեցին, այլև տասնապատիկ թանկացրեցին «կարմիր գծերի» վճարները։ Ու եթե նախկինում 13 հազար դրամ էր՝ սարքեցին 160 հազար դրամ՝ դատարկելով քաղաքացիների գրպանները։ Թանկացումից հետո էլ ոչ մի հարց չլուծվեց։
Հիմա տուգանքները, նաև նույն ճանապարհատրանսպորտային տուգանքները. Ասում էին՝ քաղաքացուն սարքել են «տուգանքի մատերիալ», քաղաքացիներին ազատելու ենք տուգանքներից, քաղաքացին այլևս «տուգանքի մատերիալ» չի լինելու։ Հարցրեք ցանկացած քաղաքացու, հիմա՞ են քաղաքացիներն ավելի շատ «տուգանքի մատերիալ», թե՞ նախկինում։ Պատասխանը միանշանակ լինելու է՝ հիմա։
Չմոռանաք, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, թե քաղաքացին այլևս «տուգանքի մատերիալ» չի լինելու։ Ամեն քայլափոխի համատարած տուգանում են մարդկանց, որպեսզի ավելի շատ հնարավորություններ ունենան իրենց պարգևատրել ու խրախուսումների անվան տակ՝ քաղաքացիների հաշվին միլիոններ գրպանել։
Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե վարորդական իրավունքի տրամադրման պայմանները պետք է խստացնել, վարորդների առնվազն 70 տոկոսը վարելու կանոններին ու հմտություններին չի տիրապետում։ Ի՞նչ եղավ հիմա, որ այսպես մտքափոխվեցին։ Չէ՞ որ խնդիրը հենց վարելու կանոնների տիրապետման հետ է կապված։
Ինչո՞ւ վարորդական իրավունքը կորցրած քաղաքացիները չեն ուզում քննություն հանձնել, ինչպես մյուսները։ Այս ընթացքում հաստատ եղել են մարդիկ, ովքեր քննությունները վերահանձնելով՝ վերականգնել են իրենց իրավունքը։ Իսկ մի մասը չի ուզում անցնել դրա միջով կամ արդեն հասցրել է մի քանի անգամ ձախողել քննությունը։ Պատճառն այն է, որ այնքան անհարկի ծանրաբեռնել են տեսական քննությունը, որ շատերի համար խնդիր է այն վերահանձնելը։
Իհարկե, կա նաև այլ պատճառ՝ մի մասն էլ չտիրապետելով ճանապարհատրանսպորտային կանոններին, չի էլ ուզում կամ պարզապես չի կարողանում սովորել։ Մինչդեռ՝ դա երթևեկության անվտանգությունն ապահովելու համար առաջնային անհրաժեշտություններից մեկն է։
Հիմա ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ասում է՝ ոչինչ, որ դուք չեք տիրապետում այդ կանոններին, ձեզ վարորդական վկայական կտանք, գնացեք կրկին խախտումներ արեք ու վտանգեք մյուսների անվտանգությունը։
Եթե այդպես է, ինչո՞ւ են մյուսներից քննություններ պահանջում։ Ընդհանրապես հանեք, վերացրեք, թող նրանք էլ առանց քննության վարորդական վկայական ստանալու հնարավորություն ունենան։ Ի՞նչ տարբերություն՝ վարորդական իրավունքից զրկված վարո՞րդը չի տիրապետում ճանապարհատրանսպորտային կանոններին, թե՞ առաջին անգամ վկայական ստացողը։ Եթե վարորդական իրավունքը կորցրածների չտիրապետելը խնդիր չէ, ինչո՞ւ է մյուսների չտիրապետելը խնդիր։ Նրանց էլ ազատեք, թող ոչ մեկն էլ վարորդական իրավունք ստանալուց քննություն չհանձնի։
Որ կուզեք իմանալ, այս իրավիճակի պատճառը ոչ թե հանձնել-չհանձնելու, այլ վերջին տարիներին այդ պրոցեսն անհարկի բարդացնելու, անտեղի ծանրաբեռնելու մեջ է։ Հատուկ են այդպես արել, որպեսզի ավելի շատ փող «կթեն» քաղաքացիներից ու մարդկանց կանգնեցնեն անհաղթահարելի խոչընդոտների առաջ։ Հարկ եղած դեպքում էլ խոստանան վերացնել այդ խոչընդոտները՝ ընտրություններում նրանց ձայները ստանալու ակնկալիքով։
Այլ բան, կկատարե՞ն իրենց խոստումը, թե՞ չեն կատարի։ Ինչքան խոստումներ է մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը տվել, որ մնացել են թղթի վրա։ Նախորդ ընտրություններում էլ ինչեր ասես՝ չէր խոստանում։ Հետո տեսանք, թե ինչքանով կատարեց այդ խոստումները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



