Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են բանակցային երկրորդ փուլին․ ԱՄՆ-ը շարունակում է ճնշման քաղաքականությունը
Փետրվարի 6-ին Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունների բարդ առաջին փուլից հետո Իրանը և ԱՄՆ-ը պատրաստվում են բանակցային հաջորդ հանդիպմանը, որը կկայանա երեքշաբթի օրը Ժնևում։ Ամսաթիվը հայտնում են արևմտյան ԶԼՄ-ների անանուն աղբյուրները։
Նույն աղբյուրը նշել է, որ ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և փեսա Ջարեդ Քուշները, երեքշաբթի առավոտյան կհանդիպեն իրանցիների հետ, Օմանի ներկայացուցիչները ևս կլինեն տեղում և կմիջնորդեն ԱՄՆ-Իրան շփումները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասել է, որ ԱՄՆ-ը աշխատում է Իրանի հետ համաձայնագրի վրա։
Ուշագրավն այն է, որ AP-ի հրապարակման համաձայն, ԱՄՆ-ը աշխարհի ամենամեծ ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք՝ աջակցելու արդեն իսկ այնտեղ գտնվող մեկ այլ ավիակրի, և այն ավելի մեծ ուժ կհաղորդի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին՝ Իրանին միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բերելու համար։
Խոսքը USS Gerald R. Ford ավիակրի մասին է, որի փաստորեն Մերձավոր Արևելքում տեղակայումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Թրամփն ընդամենը մի քանի օր առաջ ակնարկել էր իրանցիների հետ բանակցությունների ևս մեկ փուլի մասին: Հայտնի է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի միջուկային ծրագրից բացի, բանակցություններում ներառել նաև Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցը սահմանափակելու հարցը, սակայն Թեհրանը բացառում է քննարկումներն այդ խնդրի շուրջ:
Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրանի հրթիռային համակարգերը Թեհրանի համար «կարմիր գիծ» են և բանակցությունների ժամանակ քննարկման առարկա չեն։
«Հրթիռային մեր համակարգերը մեր «կարմիր գծերից» մեկն են և քննարկման առարկա չեն բանակցություններում»,- հայտարարել է Շամխանին Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցների ընթացքում դրական էր գնահատել փետրվարի 6-ին Մասկատում ԱՄՆ-ի հետ կայացած բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
Ըստ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության՝ Արաղչին «բանակցություններն անվանել է լավ սկիզբ՝ միաժամանակ ընդգծելով ամերիկյան կողմի մտադրությունների և նպատակների նկատմամբ անվստահության վերացման անհրաժեշտությունը»:
ԱՄՆ-Իրան բանակցություններից օրեր անց Սպիտակ տանը հյուրընկալվել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ում հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Թրամփն իր Truth սոցցանցի էջում գրել էր, որ Նեթանյահուի հետ զրույցում պնդել է, որ պետք է շարունակել Իրանի հետ բանակցությունները՝ հասկանալու համար, թե հնարավո՞ր է արդյոք կնքել գործարք։ «Եթե դա հնարավոր լինի, ես վարչապետին կհասկացնեմ, որ դա կլինի նախընտրելի տարբերակ։ Եթե ոչ, ապա պարզապես պետք է տեսնենք, թե ինչ արդյունք կլինի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ քաղաքագիտական տեսանկյունից ներկայիս գործընթացը կարելի է բնութագրել որպես ուժի ցուցադրության և բանակցության զուգահեռ ռազմավարություն», որտեղ Թրամփ վարչակազմը փորձում է պահել ռազմական էսկալացիայի ռիսկը՝ որպես ճնշման միջոց Իրանի հետ դիվանագիտական լուծման հնարավորության համար։
Սա, նրա դիտարկմամբ, զսպման դասական մոդել է, իսկ թե որքանո՞վ արդյունավետ, հատկապես այս դեպքում դեռևս անկանխատեսելի է։ Այնուամենայնիվ, վերլուծաբանի խոսքով, կա ուժի կիրառման պատրաստակամություն, բայց նախապատվությունը տրվում է պայմանավորվածություններին, չնայած այն հանգամանքին, որ հաղորդվում է, թե Իսրայելն այլ՝ ավելի կոշտ կարծիք ունի իրավիճակի վերաբերյալ։
Կախա Գոգոլաշվիլին հիշեցրեց, որ վերջերս ԱՄՆ նախագահի արած գրառումը ցույց տվեց, որ իսրայելական ու ամերիկյան կողմերի միջև որոշակի տարաձայնություն առկա է։
«Բնականաբար, Իսրայելը փորձում է ընդլայնել բանակցությունների օրակարգը, ներառելով հրթիռային ծրագիրը, տարածաշրջանային դաշնակիցների չեզոքացում, Իրանի հնարավորությունների նվազեցում, սակայն բանակցություններն ունեն սահմանափակ օրակարգ։
Այս քաղաքականության հիմքում մի քանի ռազմավարական նպատակ կա՝ ԱՄՆ-ի համար կանխել Իրանի միջուկային զենքի ստեղծումը առանց լայն պատերազմի, պահել վերահսկողությունը տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության վրա, ցույց տալ ուժ՝ Չինաստանին և Ռուսաստանին ուղղված լայն մրցակցության շրջանակում, իսկ Իրանի դեպքում՝ պահպանել միջուկային շեմային պետության կարգավիճակը, հասնել պատժամիջոցների թուլացման, խուսափել լայնամասշտաբ պատերազմից։
Այնուամենայնիվ ներկայիս բանակցային մոդելը կարող է նվազեցնել անմիջական պատերազմի հավանականությունը, բայց նաև պահում է տարածաշրջանը մշտական լարվածության իրավիճակում։ Չի բացառվում, որ կողմերը ժամանակ են շահում, մինչ որոշակի քաղաքական, աշխարհաքաղաքական հաշվարկներ փոխվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կախա Գոգոլաշվիլին։



