Ի՞նչ ցույց տվեցին Մոսկվայում կայացած Ալեն Սիմոնյան-Սերգեյ Լավրով բանակցությունները․ Սերգեյ Մարկեդոնով
«Ռուսաստան-Հայաստան․ օպտիմալ հաղորդակցության մոդելի որոնում» վերտառությամբ թելեգրամյան գրառմամբ ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի փետրվարի 5-ին Մոսկվա կատարած պաշտոնական այցին։
Մարկեդոնովը գտնում է, որ այցի «կարևոր առանձնահատկությունը» դարձավ Սիմոնյանի բանակցությունները ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Նրա որակմամբ, դրանք հետաքրքիր են, առաջին հերթին՝ որպես կողմերի միջև երկխոսության կառուցման մոդել։
Մարկեդոնովը նշում է, որ 2026 թվականի հունիսին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնք մեծապես կորոշեն ոչ միայն երկրի ներքաղաքական զարգացման ուղին, այլև կազդեն ամբողջ Կովկասյան տարածաշրջանի անվտանգության համակարգի ձևավորման վրա։ Ուստի, նրա կարծիքով, այս համատեքստում ցանկացած բանակցություն և այց առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում։
«Երկու կողմերն էլ բանակցությունների ընթացքում կառուցողական տրամադրվածություն էին ցուցաբերում և ընդգծում փոխշահավետ երկկողմ հարաբերությունների կարևորությունը։ Սակայն դիվանագիտական ձևակերպումների «տողատակերում» նկատվում է որոշակի անհամաչափություն։ Հայաստանի խորհրդարանի խոսնակը ողջ ուժով փորձում էր ցույց տալ, որ Երևանի և Մոսկվայի հարաբերություններում «ոչ մի արտառոց բան չկա», ամեն ինչ սովորական է, իբր Հայաստանում ոչ ոք Ռուսաստանի դեմ վատ մտադրություններ չունի, ամեն ինչ կառուցողական է, հանրապետությունը կամավոր չի դուրս գա ԵԱՏՄ-ից, իսկ ՀԱՊԿ-ի հարցում «կան որոշ հարցեր»»,- նշում է Մարկեդոնովը։
Սակայն, նրա խոսքով, այլ էր Սերգեյ Լավրովի հռետորաբանությունը. ի տարբերություն Սիմոնյանի՝ ոչ մի թուլացում, հակառակը՝ սեփական օրակարգի առաջմղման հարցում ավելի կոշտ մոտեցում։
«Կան խնդիրներ, Երևանի կողմից ՀԱՊԿ-ին ներկայացվող դժգոհություններն անհասկանալի են և չհիմնավորված, չի կարելի մոռանալ նաև ԵՄ գործոնի մասին, որը խնդիրներ է ստեղծում ռուս-հայկական հարաբերություններում։ Նույնիսկ մամուլի համար հրապարակված կարճ հաղորդագրության մեջ ՌԴ ԱԳՆ-ն նշել էր․ «Բացատրվել է Արևմուտքի հետ մերձեցման վտանգը՝ ավանդական դաշնակիցների հետ համագործակցության հաշվին»»,- Սերգեյ Մարկեդոնովն ընդհանուր առմամբ այսպես էր ձևակերպել Լավրովի ուղերձների գլխավոր իմաստը։
Ռուս վերլուծաբանը հիշեցնում է, որ երբ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ի հայտ եկան լուրջ խնդիրներ, Երևանի «ֆիրմային» ոճը դարձավ հանգստացնող հռետորաբանությունը․ «Մի անհանգստացեք, ռուս գործընկերներ, մենք շարունակում ենք մնալ դաշնակիցներ», սակայն միաժամանակ զարգանում են հարաբերությունները ԵՄ-ի հետ։
«Խորհրդարանական ընտրություններից առաջ հենց Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի ֆորումը։ Պետք չէ Կասանդրա լինել՝ պատկերացնելու համար, թե ինչպիսին կլինի այնտեղ հնչող ելույթների և քննարկումների տոնը։ Հայաստանի բարձրագույն պաշտոնյաները փորձում են բացահայտ չխոսել Ռուսաստանի մասին, սակայն արտաքին «հիբրիդային սպառնալիքների» մասին ակնարկները բավական հստակ են։
Միաժամանակ արդեն բավական հասցեական են դարձել հիշատակումները ԿԳԲ-ի և ԽՄԿԿ-ի դերակատարության մասին՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հակամարտությունների սրման հարցում։ Դեռ չենք խոսում «Թրամփի երթուղու» մասին։ Շուտով դրա մասին հետաքրքիր մանրամասներ կարող է ներկայացնել ամերիկացի հյուրը․ սպասվում է Ջեյ Դի Վենսի այցը Երևան և Բաքու»,- ընդգծում է Սերգեյ Մարկեդոնովը։
Այնուամենայնիվ, ըստ նրա, ինչպես ցույց տվեցին Մոսկվայում կայացած բանակցությունները, հայ քաղաքական գործիչների հանգստացնող հռետորաբանությունն այնքան էլ չի հանգստացնում ռուս գործընկերներին։
«Ռուս նախարարի կողմից Հայաստանում առկա՝ Հյուսիսից սպառնալիքի մասին «առասպելական նարատիվների» հիշատակումը դրա վառ օրինակն է։ Սակայն մի շարք պատճառներով նաև Ռուսաստանն է փորձում չսրել իրավիճակը։ Մոսկվան մի կողմից ցույց է տալիս Հայաստանի հետ համագործակցության հետաքրքրությունը, մյուս կողմից՝ մտահոգություն որոշ միտումների վերաբերյալ։
Ընդհանուր առմամբ՝ օպտիմալ հաղորդակցության մոդելի որոնումը շարունակվում է։ Բայց արդյո՞ք հաղորդակցությունը կարող է ընդհանուր քաղաքական դինամիկայից առանձին լինել»,- այսպես է ավարտել թեմայի վերաբերյալ իր միտքը Մարկեդոնովը։
