TRIPP-Ը ԼԻՆԵԼՈՒ Է ՍՅՈՒՆԻՔԻ ԴԵՐ ԶՈՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ. ԳԱՌՆԻԿ ՔԵՐՔՈՆՅԱՆ
«1915թ. 2-րդ կամ 3-րդ շաբաթն էր, և Այնթափում բնակվող 12-ամյա մեծ հայրս տեսնում է, որ Մարաշից ընտանիքներ են գալիս. 100 ընտանիք, 200 ընտանիք, 1000 ընտանիք… Մեծ հորս հայրը կոշկակար էր, և կոշկակարներով միավորվում են ու սկսում ջրի համար կաշվից տոպրակներ սարքել ու բաժանել մարաշցի ընտանիքներին…
Ինչո՞ւ է այս պատմությունն այս պահին կարևոր, որովհետև 12 տարեկան մեծ հայրս նայում էր Ցեղասպանության հետևանքով անապատ քշվող մարաշցի ընտանիքներին և այն սոսկ իբր մի առանձին դեպք էր ընկալում: Դժբախտաբար, Ցեղասպանությունը դեպք չէ, գործընթաց է, և ինքը, լինելով այնթափցի հայ, չէր հասկանում ու այն ժամանակ ինձ ասում էր՝ չէինք երևակայում, որ մենք հաջորդն ենք լինելու: Չէր հավատում, որովհետև երբ մարդը փորձառություն է ունեում, դա ընկալում է՝ որպես դեպք, այլ ոչ՝ գործընթաց: Դժբախտաբար, Ցեղասպանության ծրագիրը դեպք չէ, այլ գործընթաց»,- Փարիզում ապրիլի 11-12-ը կայացած Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովում ասել է ամերիկահայ հայտնի փաստաբան, «Քերքոնյան & Դաջանի» (Kerkonian Dajani) ընկերության գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, Հայ փաստաբանների միության (Armenian Bar Association) ներկայացուցիչ Գառնիկ Քերքոնյանը (Karnig Kerkonian):
Նրա խոսքով՝ երբ պատմաբանները վերադառնան 100 տարվա պատմության սկզբին, Ցեղասպանության գործընթացի շարանը պետք է տեսնեն՝ սկսած Համիդյան ջարդերից, ավարտած Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերով և, անշուշտ, Արցախով:
«Բայց պատմությունն այդտեղ չի ավարտվում: Դա է կարևոր: Եվ զոհը այդ ծրագրի ծավալն այդ պահին չի հասկանում, թե որքան հսկայական ծրագիր է: Մենք այդ ծրագրի մեջ ենք: Մենք Արցախի հարցը չպետք է հասկանանք իբրև 2023թ. կատարված դեպք: Դա ծրագրի վերջին հատորն է: Եվ ծրագիրը շարունակվում է… Սահմանադրության հարցով, Ստեփանակերտի եկեղեցիների քանդման, TRIPP-ի հարցն անգամ այդ Ցեղասպանության մաս է կազմում: TRIPP-ը լինելու է Սյունիքի Դեր Զորի միջանցքը»,- ասաց Գառնիկ Քերքոնյանը:
Վերջինս նկատեց՝ մենք արդեն մոռացել ենք, թե որոնք էին Ադրբեջանի առաջին քայլերը Բերձորի միջանցքի վերաբերյալ՝ Արցախի հոսանքը, գազը Հայաստանից կտրեցին, որ արցախցիները ստիպված լինեն Ադրբեջանի գազն ու հոսանքն օգտագործել:
«Հենց այս համատեքստում է կարևոր հասկանալ, թե ինչու է կարևոր արցախցիների վերադարձը: Գլխավոր դասերը, որ Աշխարհը քաղել էր Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո, նույն աշխարհը հեշտությամբ մոռացավ: Զիջումներով հանցագործը չի հանդարտվում: Հիշենք, թե ինչպես այն ժամանակ Անգլիայի վարչապետ Չեմբեռլենը 1939թ. վազելով հասնում Մյունխեն, հանդիպում Հիտլերին, հետը թուղթ բերում՝ ասելով՝ մենք ունենք խաղաղություն, բայց դրանից հետո ոչ միայն պատերազմ եղավ, այլև Ցեղասպանություն: Ուրեմն զիջումների շարքը մեզ ոչ թե պատերազմի առաջ է կանգնեցնելու, այլ Ցեղասպանության շարունակության: Դժբախտաբար, 35 տարվա դասը մենք դեռ չենք սովորել»,- ասաց փաստաբանը:
Կարևորելու արցախցիների վերադարձի հարցը՝ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամը նկատեց՝ վերադարձի իրավունքն Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներից մեկն է:
«Բայց վերադարձը հայ ժողովրդի անվտանգության համար գլխավոր խոչընդոտ է՝ Ցեղասպանության ծրագրին հակառակ: Եթե մենք չկարողանանք այդ նարատիվն առաջ տանել միջազգային հանրության մոտ, իրավաբանական ու դիվանագիտական քննարկումների ժամանակ, այդ Ցեղասպանության շարքը կշարունակվի: Մենք ենք, որ պետք է հասկանանք, որ Համիդյան ջարդերը, Բաքվի, Սումգայիթի ու Արցախի ջարդերը միևնույն պատմությունն են, և եթե մենք այդ պատմությունը չկարողանանք պատմել միջազգային հանրությանը, ի վերջո, մենք տուժելու ենք»,- ասաց Գառնիկ Քերքոնյանը:
Բանախոսի խոսքով՝ երբ պատերազմից հետո Ալիևը ռազմական շքերթ էր անում, ու նրա կողքին կանգնած Էրդողանը Նուրի փաշայի անունն էր տալիս՝ ասելով՝ նրա հոգին հիմա հանդարտվեց, նշանակում է՝ հանցագործը գիտի, թե իր հաջորդ քայլը որն է:
«Ոչ թե միայն Արցախն ու Սյունիքն է նրա նպատակը, այլ մենք բոլորս: Մենք զոհ ենք: Ես դա իմ մաշկի վրա զգալու կարիք չունեմ, արցախցին դա շատ լավ արդեն հասկացել է: Եվ եթե մենք առաջ տանենք այս գաղափարախոսությունը, կհասկանանք, որ մեզ հետ կատարվողը նույն պատմությունն է, որը ծրագրված է այդպես: Եթե դու Ալիևն ես կամ Էրդողանը ու տեսնում ես, որ հասել ես վերջին 25 կմ-ին, ի՞նչ պիտի անես…»,- ասաց Գառնիկ Քերքոնյանը՝ հավելելով, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում Հարավային Կովկասում ամեն բան շատ արագ է փոխվում:
Եզրափակելով՝ վերջինս նշեց՝ վերադարձի իրավունքը միայն մեզ համար չէ սահմանված, դա միջազգային իրավունքն է, և դրա մասին պետք է խոսեն նաև ուկրաինացիները, պաղեստտինցիները, Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդը:
«Արցախցիների վերադարձի իրավունքը հայերին անվտանգ պահելու գլխավոր սյուներից է»,- ասաց Գառնիկ Քերքոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:



