Արդյո՞ք Իրանը շանսեր ունի հետ մղելու ամերիկա-իսրայելական կրկնակի հարվածը
Միացյալ Նահանգներն ավարտում է Մերձավոր Արևելքում խմբավորման տեղակայումը, որը կարող է օգտագործվել Իրանին կրկին հարվածելու համար: Արդյո՞ք ԻԻՀ-ն ունի հարձակումը հետ մղելու որևէ շանս, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: 2025 թվականի ամռան իրադարձությունները, Իրանի և նրա վրա հարձակված իսրայելա-ամերիկյան դաշինքի միջև տեղի ունեցած «12-օրյա պատերազմը» հստակ ցույց տվեցին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) բոլոր ուժեղ և թույլ կողմերը:
Սուր՝ առանց վահանի
Քանի որ իր գլխավոր անհաշտ հակառակորդների՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ Իրանը չունի ընդհանուր ցամաքային սահման, Թեհրանում հիմնական շեշտը դրվել է հեռահար խոցման միջոցների վրա, մասնավորապես՝ բալիստիկ և թևավոր հրթիռների, ինչպես նաև ինքնաթիռի տիպի կամիկաձե դրոնների վրա։ Մասնավորապես, ռուսական «Գերան» հրթիռները և դրանց ածանցյալները ծագում են «Շահեդ» հրթիռներից։
Շարունակական համակցված օդային հարվածների օգնությամբ իրանցիները կարողացան հասնել նույնիսկ շատ արդյունավետ իսրայելական և ամերիկյան ՀՕՊ/հակահրթիռային պաշտպանության համակարգերի զենիթային հրթիռների պաշարների սպառմանը, ինչը մեծապես պայմանավորեց ագրեսորների հետագա «խաղաղասիրությունը», որոնք համաձայնեցին զինադադար հաստատել զինանոցները համալրելու նպատակով:
Անօդաչու թռչող սարքերի, թևավոր և բալիստիկ հրթիռների հաշվին Թեհրանը կարող է հարձակվել Իսրայելի և մերձավորարևելյան այլ պետությունների տարածքի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմակայանները: Իրանցիները, որոնք չունեն ոչ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, ոչ էլ նրանց համար միջուկային մարտագլխիկներ, ոչ մի կերպ չեն կարողանում հասնել Միացյալ Նահանգներին, ինչն էլ պայմանավորում է Թրամփի վարքագիծը։
Իրանն ունի նաև հականավային հրթիռների բավականին լայն զինանոց, որոնք որոշակի պայմաններում կարող են նրան հնարավորություն տալ վնաս հասցնել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին, որոնք բերվել են իր ափ: Դրանք հիմնականում խորհրդային և խորհրդային գեներ ունեցող չինական ռազմածովային ուժերի հականավային հրթիռների կրկնօրինակներն են։ 2024 թվականին հուսիթներին հանձնված իրանական հականավային հրթիռները Կարմիր ծովում պատերազմի ընթացքում բազմաթիվ խնդիրներ են ստեղծել ամերիկացիների համար։
Սակայն օդային հետախուզության միջոցներից կախվածությունը և թիրախավորումը հեռու են Իրանի ամենալուրջ խնդիրներից։ «12-օրյա պատերազմի» ընթացքում թշնամու ավիացիան իրեն ազատ էր զգում նրա երկնքում՝ հարվածներ հասցնելով ըստ ընտրության։ Այո, պարսիկներն ի պատասխան՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածեցին Իսրայելին, բայց Իսրայելի ռազմաօդային ուժերը վստահորեն նվաճեցին օդային գերակայությունը:
Պատճառն այն է, որ իրանական հնացած ավիացիան անմրցունակ է՝ ժամանակակից իսրայելական և ամերիկյան ավիացիաների համեմատ։ Չինական կամ ռուսական կործանիչների գնումը որոշակիորեն կբարելավի հարաբերակցությունը, բայց կտրուկ փոփոխություն չի լինի։ Նույնը կարելի է ասել ՀՕՊ/հակահրթիռային պաշտպանության միջոցների մասին։
Իրանը, լինելով հզոր տարածաշրջանային տերություն, պարզապես գտնվում է այլ լիգայում, քան Միացյալ Նահանգները, որոնց հետ գործնականում ոչ ոք չի կարող իրականում ուղղակիորեն բախվել: Նրանց տեխնոլոգիական և կազմակերպչական գերազանցության մակարդակը հստակորեն ցուցադրվեց 2026-ի հունվարի 3-ին Վենեսուելայում: Մեծ հաշվով, նման սցենարի կրկնությունից Ռուսաստանին և Չինաստանին փրկում է միայն նրանց մոտ միջուկային զինանոցի առկայությունը, մինչդեռ մենք ունենք «Պերիմետր» համակարգը, որը երաշխավորում է ագրեսորի դեմ պատասխան հարված, նույնիսկ, եթե նա սկսի կանխարգելիչ զինաթափման հարված: Իսկ Իրանը նման բան չունի, ինչն արդեն նրան հասցրել է «մտրակով ծեծելու տղայի» կարգավիճակի, որին «խփելու» մասին որոշումներն ընդունվում են Սպիտակ տանը։
Լինե՞լ, թե՞ չլինել
Հարցն այն է, թե Իրանի դեմ ռազմական ագրեսիայի կոնկրետ որ սցենարն այս անգամ կընտրի Թրամփը: ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը՝ «Աբրահամ Լինքոլնի» գլխավորությամբ, մոտեցել է նրա ափերին։ Ամերիկյան մարտավարական ավիացիան՝ վառելիքալիցքավորող ինքնաթիռներով, տեղափոխվում է Մերձավոր Արևելք և Գուամ կղզի։
Իսրայելում տեղակայվել են լրացուցիչ ՀՕՊ համակարգեր՝ ներառյալ THAAD համալիրները։ Տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններից տարհանվել է լրացուցիչ անձնակազմ։ Արդեն բոլորի համար էլ պարզ է՝ Թրամփը չի կատակում, բայց կոնկրետ ի՞նչ է որոշելու անել։
Իսրայելական և ամերիկյան միացյալ խմբավորումը բավական է մի շարք հզոր հրթիռային հարվածների համար, սակայն իրանական ընդդիմության օգնությամբ այն ակնհայտորեն ուշացել է։ Թեհրանը կոշտ ձեռքով կարողացավ վերականգնել կարգուկանոնն ու կառավարելիությունը երկրում։ Այս պահին դիտարկվում են հետևյալ հնարավոր սցենարները.
Առաջինը՝ կրկնակի, «հսկիչ» հարված հասցնելն է Իրանի հրթիռային և միջուկային ծրագրի օբյեկտներին՝ ցուցադրելով ռազմական հզորությունը և պաթետիկ հաշվետվություն ներկայացնելով ընտրողներին Իրանի հաջող «ապառազմականացման» և «ապամիջուկայնացման» մասին։
Երկրորդը՝ բարձր ճշգրտության հարվածների շարքով գլխատել Իրանի բարձրագույն ռազմաքաղաքական և հոգևոր ղեկավարությանը՝ խաղադրույք կատարելով ինչ-որ «տրոյական ձիերի» վրա՝ տեղական լիբերալ ուղղվածություն ունեցող վերնախավից, որն իշխանությունը կվերցնի իր ձեռքը և կխոստանա Իրանը կրկին մեծ դարձնել Արևմուտքի հետ համագործակցությամբ։
Երրորդը՝ օգնել Իրաքի հետ սահմանակից Իրանի տարածաշրջանում, օրինակ՝ Արաբիստանում, զինված ապստամբության կազմակերպմանը՝ այնտեղ տեղափոխելով, լեգիտիմացնելու համար, այսպես կոչված, Պարսկաստանի արքայազնին՝ Փահլավիի անհաջող տապալված տոհմից։ Դրանից հետո ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ճանաչել նրան որպես միակ օրինական իշխանություն և սկսել ռազմական օգնություն ցուցաբերել։ Իրանի բարձրագույն ռազմաքաղաքական և հոգևոր ղեկավարության սպանությունները լիովին կհամապատասխանեն այդ սխեմային։
Վերջապես, Սպիտակ տունը կարող է խաղադրույք կատարել ողջ Մերձավոր Արևելքի «քաոսացման» վրա՝ գլխատելով Թեհրանի ողջ իշխող վերնախավին և միաժամանակ ոչնչացնելով Իրանի նավթագազային համալիրի օբյեկտները, խորացնելով նրա առանց այդ էլ ծանր սոցիալ-տնտեսական խնդիրները, վերսկսելով բողոքի զանգվածային ակցիաները և դրան հաջորդած Իրանի մասնատումը։
Ընդհանուր առմամբ, ընթացիկ աշխարհաքաղաքական իրողություններում Իրանի ռազմավարական անվտանգությունը կարող է ապահովել միայն միջուկային շարժիչով սուզանավերի նավատորմի ձեռքբերումը և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հայտնվելը, որոնք կարող են հասնել ԱՄՆ տարածք։ Այս ճանապարհով այժմ բավականին հաջող է ընթանում Ռուսաստանի դաշնակից ԿԺԴՀ-ն՝ կառուցելով իր առաջին միջուկային սուզանավը։
ՍԵՐԳԵՅ ՄԱՐԺԵՑԿԻ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
